[ARM]     [RUS]     [ENG]

ԻՐԱՆՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿՈՎԿԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻԾՆ ԱՎԵԼԻ Է ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ

altՀայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ վերջերս  Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում անցկացվեց ՙՀայ Դատն այսօր՚ խորագրով ամենամյա խորհրդաժողով։ Հանձնախումբն այնտեղ հանդես է գալիս ՀՈՒՍԿ  (Հայկական հարցերի ուսումնասիրման կենտրոն) անունով։ 
Խորհրդաժողովը  բաղկացած էր երկու մասից. առաջինն անցկացվեց նոյեմբերի 18-ին, ՙԿովկասի աշխարհագրական սահմանները պատմության հորձանուտում՚ խորագրով՝ հայ և պարսիկ քաղաքագետների, պատմաբանների ու վերլուծաբանների մասնակցությամբ, Իրան-Եվրասիա ուսումնասիրությունների կենտրոնի՝ ՙԻռասի՚ համագործակցությամբ։ 
Խորհրդաժողովի երկրորդ մասն սկսվել է նոյեմբերի 20-ին և տևել  երկու օր. զեկուցումներն ու քննարկումները ծավալվել են ՙՀայ Դատն այսօր. միացյալ Հայաստան. հնարավորություններ և հեռանկարներ՚ թեմայի շուրջ։  
Խորհրդաժողովի մանրամասները ՙԱԱ՚-ին է փոխանցում ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ ԻՇԽԱՆՅԱՆԸ։ 
Թեհրանում նման խորհրդաժողովներ անցկացվում են  ամեն տարի և, որպես կանոն, դրանց աշխատանքներին մասնակցում են նախկին պետական պաշտոնյաներ, դիվանագետներ և պետական քաղաքականությունն ուղղորդող անձինք։  
Խորհրդաժողովի կարևորությունը ՀՅԴ Արցախի կառույցի ղեկավարը դիտարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում՝ որպես  Թուրքիայի և Ադրբեջանի գաղափարաքարոզչական տանդեմին հակազդող միջոցառում։ Նա առանձնահատուկ նշանակություն տվեց ՙԻռաս՚ հասարակական կազմակերպության մասնակցությանը, որը գործում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության հովանու ներքո,  Իրան-Եվրոպա-Եվրասիա, Իրան-Ռուսաստան համագործակցության շրջանակներում։ Հրավիրված էին Թեհրանի պետական համալսարանի անվանի դասախոսներ, հայտնի քաղաքական վերլուծաբաններ։   
Խորհրդաժողովի առաջին մասում ներկայացված զեկուցումներում, Դ. Իշխանյանի գնահատմամբ,   բավականին բարձր մակարդակով վերլուծության ենթարկվեցին տարածաշրջանային իրողությունները՝ տեղիք տալով հետաքրքիր քննարկումների և վիճաբանությունների։ Քննարկվեցին Կովկասի,  Հայաստանի և Իրանի պատմական անցյալը, ներկա աշխարհաքաղաքական զարգացումները, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից պատմությունը նենգափոխելու քաղաքականությունը։ Ուշադրության կենտրոնում էին տարածաշրջանի ներկա իրավիճակը, Իրանի դրական դերակատարությունը հայ ժողովրդի հետ ունեցած հարաբերություններում՝ ինչպես ներկայում, այնպես էլ անցյալում, արդի ժամանակաշրջանի մարտահրավերները և դրանց դիմակայելու հնարավորությունները։ Դասախոսություններում անդրադարձ եղավ նաև Նախիջևանի, Իրան-Ռուսաստան-Թուրքիա սահմանային հարցերին։ 
Հայկական կողմից մասնակցում էին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Մարուքյանը, ով ներկայացրեց Ռուսաստանի քաղաքականությունը հայկական հարցում 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմից մինչև Առաջին աշխարհամարտն ընկած ժամանակաշրջանը, քաղաքագետ, ՙՄոդուս վիվենդի՚ կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ հանդես գալով  ՙԿովկասը 1918-1921 թվականներին՚ թեմայով բանախոսությամբ։ Նա անդրադարձավ հայ-թուրքական սահմանին վերաբերող պայմանագրերին և դրանց կարգավիճակին՝ դրանք քննարկելով  միջազգային իրավունքի տեսանկյունից։ 
Առանձնահատուկ ուշադրության արժանացան քարտեզագետ-պատմաբան Ռուբեն Գալչյանի  ընդարձակ բացատրություններն այն ամենահին քարտեզների վերաբերյալ, որոնցում նշված են Հայաստանն ու Իրանը, և որոնք այսօր պարբերաբար խեղաթյուրվում են Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից։ Ռ. Գալչյանը ծնվել է Իրանում, ուսանել Մեծ Բրիտանիայում։ Նա աշխատել է տարբեր երկրների՝ Գերմանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և  Իրանի արխիվներում, որոնցից հանել է Հայաստանին առնչվող նյութերը։ Եվ քանի որ խորհրդաժողովի ուշադրության առանցքում Կովկասի աշխարհագրական սահմաններն էին, քարտեզագետ-պատմաբանը ներկայացրեց Կովկասին վերաբերող իր ուսումնասիրությունները՝ սկսած ուշ միջնադարից մինչև նորագույն ժամանակաշրջան։ 
Պարսիկ մասնագետները հիմնականում հանդես են եկել Կովկասին վերաբերող թեմաներով՝ մանրամասն կանգ առնելով նախախորհրդային, խորհրդային և հետխորհրդային ժամանակահատվածների վրա։ 
Խորհրդաժողովի առաջին մասի էությունը, մեր զրուցակցի խոսքով, կայանում էր նրանում,  որ ՀՈՒՍԿԻ-ի և իրանցի պատմաբանների ու քաղաքագետների քննարկումների արդյունքում ի հայտ եկան իրանական կողմի դիրքորոշումները Կովկասի, Հայաստանի ու նաև Արցախի վերաբերյալ։ Պարսկական կողմն, ընդհանրապես, զգուշավորությամբ է մոտենում ղարաբաղյան խնդրին. ակնհայտ էր, սակայն, որ նրանք չեն ողջունում պաշտոնական Թեհրանի՝ ինչ-ինչ հարցերի առնչությամբ արտահայտած ադրբեջանամետ տեսակետները։ Ուշագրավ էր խորհրդաժողովի իրանցի մասնակիցների՝ հայ-իրանական համագործակցությանը տված գնահատականը, ըստ որի ներկա մակարդակը չի կարելի բավարար համարել, հետևաբար, անհրաժեշտ է քաղաքական, սոցիալ-տնտեսական և մյուս ուղղություններով խորացնել երկկողմ հարաբերությունները։ Կովկասյան տարածաշրջանում, նրանց համոզմամբ, Իրանն ամենասերտ հարաբերություններ պետք է ունենա Հայաստանի Հանրապետության հետ։ Ադրբեջանի մասով նրանք ուղղակի մատնացույց են արել Թուրքիա-Իրան հարաբերություններում առկա լարվածությունը։
Խորհրդաժողովի երկրորդ բաժինը, որը տևել է նոյեմբերի 20-21-ը, գլխավորապես հայկական խնդիրներին էր վերաբերում, և անց է կացվել ՙՀայ Դատն այսօր. միացյալ Հայաստան. հնարավորություններ և հեռանկարներ՚ խորագրի ներքո։ Զեկուցումներում լայնորեն քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Իրանի արձագանքը Մերձավոր Արևելքի քաղաքական քարտեզի հնարավոր փոփոխությանը, արաբական աշխարհի արձագանքը Մերձավոր Արևելքի քաղաքական զարգացումներին և դրանց հնարավոր ազդեցությունը հայկական հարցի վրա, Հայկական հարցը՝ Թուրքիայի պետական, քաղաքական, հասարակական, մտավոր շրջանակների տեսանկյունից և այլն։ Զեկուցում է ներկայացրել նաև Դավիթ Իշխանյանը՝ ՙԱրցախի դերն ու նշանակությունը  Հայ Դատի համար տարվող պայքարում՚ թեմայով։ 
Իրազեկ աղբյուրների տեղեկություններն իսլամիստ ծայրահեղականների  Ադրբեջան մուտք գործելու մասին  չեն կարող չանհանգստացնել իրանական կողմին։ Ինչպե՞ս են դրան արձագանքել խորհրդաժողովի մասնակիցները։ Ի պատասխան հարցի՝ մեր զրուցակիցն ասաց, որ դա շոշափվել է հիմնականում իրանցիների կողմից։ Ամենևին էլ պատահական չէ, որ նրանք մեծ ուշադրություն են դարձրել հետխորհրդային Կովկասին։ Իրանցի պատմաբան Բայաթի ելույթն Ադրբեջանի ներկա կացությանը և տարածաշրջանային անցուդարձերին էր վերաբերում. նա մի կողմից ծայրահեղ իսլամի արմատավորման փաստն է շեշտել, մյուս կողմից՝ ներկայացրել  ադրբեջանական ամբողջատիրական համակարգի վերլուծությունը։ Այդ համատեքստում հատուկ հնչողություն տրվեց  ՙՈրտեղ կա նավթ, այնտեղ չկա ժողովրդավարություն՚ կարգախոսին։ Այս ազդանշանն անմիջականորեն ուղղված էր Ադրբեջանին։   
Կովկասի մասով Դ. Իշխանյանն առանձնացրեց Իրան-Ռուսաստան հարաբերությունները. հնչած ելույթներում անհանգստություն կար՝ կապված այդ հարաբերություններում նկատվող որոշ ոչ համարժեք քաղաքական զարգացումների հետ։ Նրա խոսքով՝ իրանական կողմը քաղաքական ու տնտեսական ակնկալիքներ ունի Արևմուտքից, նախևառաջ՝ Իրանի հետ տարվող բանակցությունների մասով։ Զգուշավոր մոտեցում կար նաև Իրան-Արևմուտք և Իրան-Ռուսաստան հարաբերություններին, բայց միանգամայն բաց տեքստով խոսվել է Կովկասին վերաբերող խնդիրներում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարվող քաղաքականությանը հակազդելու անհրաժեշտության մասին։ 
Ի՞նչ փոխակերպումներ արձանագրվեցին ԻԻՀ-ի արտաքին քաղաքականության մեջ  Ռոուհանիի կողմից նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, և ինչպե՞ս է դրան վերաբերվում իրանական հասարակությունը։ Հարցի առնչությամբ ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչն ասաց, որ Իրանի խորհրդարանում ներկայացված հայ պատգամավորների բնորոշմամբ՝ գնահատանքի են արժանի նախագահի քայլերը Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու, պատժամիջոցները թոթափելու, տնտեսական և սոցիալական վիճակը բարելավելու առումով։ Իրանի հասարակական-քաղաքական կյանքի բարեփոխումները, հայ պատգամավորների փոխանցմամբ, ողջունվում են երկրում՝ պահպանողական ռեժիմի բացասական ազդեցությունները հաղթահարելու իմաստով։  
Մի բան հստակ երևակվեց խորհրդաժողովի  ընթացքում. Իրանն առաջիկայում Կովկասի նկատմամբ իր քաղաքական գիծն ավելի է ուժեղացնելու և մտադիր է վերականգնել այն, ինչ  համարում է կորսված կովկասյան տարածաշրջանում։  Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացման անհրաժեշտություն այնտեղ չեն տեսնում, քանի որ այս հարթությունում առկա է երկու վտանգ. առաջին՝ թուրք-ադրբեջանական պատնեշը, և երկրորդ՝ Հյուսիսային Իրանի և Ադրբեջանի խնդիրը, որը ոսկոր է դարձել իրանական կողմի համար։ 
Թեթևակի անդրադարձ է եղել ղարաբաղյան հիմնախնդրին. իրանական կողմն արտահայտել է ղարաբաղա-իրանական սահմանային գծի նկատմամբ իր դրական վերաբերմունքը՝ ընդունելով այն որպես Հայաստանի տարածք։ 
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ