[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՆԱԴԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՂԹԵԼ Է ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՈՒՄ

Կանադական ՙJournal Pioneer՚ թերթի կայքում հրապարակվել է քաղաքագիտության պրոֆեսոր Հենրի Սրեբրնիկի` Հայաստանի, Իրանի և Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերություններին առնչվող հոդվածը, որտեղ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը ( 4400 քառ. կմ), որի ավելի քան երեք քառորդը բնակեցված է էթնիկ հայերով, Ադրբեջանի կազմի մեջ է մտել միայն նրա խորհրդայնացման շրջանում: 

1991թ. ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանի խորհրդարանը անվավեր է համարել տարածաշրջանի ինքնավար կարգավիճակը: Մինչդեռ հայ բնակչությունը, որը մեծամասնություն էր կազմում, հայտարարեց իր անկախության մասին, ինչի հետ կապված էլ բռնկվեց պատերազմ՝ մի կողմից Հայաստանի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի հայերի, մյուս կողմից` Ադրբեջանի միջև:

1994թ. հրադադարի ռեժիմի պահպանման մասին համաձայնագիր կնքելուց հետո նոր` Լեռնային Ղարաբաղի դե-ֆակտո պետությունը հաղթեց: Այդպիսով, 140 հազ. բնակչությամբ այդ տարածքը, որի 95 տոկոսը կազմում են էթնիկ հայերը, այժմ գտնվում է հայկական կողմի վերահսկողության տակ: Այդուհանդերձ, ադրբեջանական կողմը չի հաշտվում նման իրավիճակի հետ և հրաժարվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, գրում է Սրեբրնիկը: 
Ինչ վերաբերում է իրանա-ադրբեջանական հարաբերություններին, որոնք սկսվել են 1992թ., Իրանի կողմից Ադրբեջանի անկախության ճանաչմամբ, հեղինակը նկատում է, որ դրանք շատ չանցած վատթարացան: Պատճառն այն է, որ Ադրբեջանը, որի բնակչության 85 տոկոսը շիաներ են, չարդարացրեց առավելապես շիաներով բնակեցված Իրանի սպասումները` կապված իսլամական հեղափոխության տարածման հետ: Ադրբեջանն, իր հերթին, առաջ քաշեց ՙՀզոր Ադրբեջանի՚ գաղափարը, սկսեց հավակնել Իրանի հյուսիս-արևմուտքին, որտեղ 16 մլն ազերիներ են ապրում: 2012թ. փետրվարին ՙՆոր Ադրբեջան՚ իշխող կուսակցության անդամներից մեկը հանդես եկավ Ադրբեջանական Հանրապետությունը ՙՀյուսիսային Ադրբեջան՚ վերանվանելու առաջարկությամբ՝ ակնարկելով, որ Իրանի հյուսիսում ապրող ազերիները պետք է անկախ լինեն: 
Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանը բացահայտ մեղադրում է Իրանին՝ իր ներքին գործերին խառնվելու, Ադրբեջանի իսլամական կուսակցությանը սատարելու մեջ. վերջինս իշխանությունների կողմից արգելված իրանամետ կուսակցություն է: Իսկ կուսակցության ղեկավար Մովսում Սամադովը 2011թ. դատապարտվել է 12 տարի ազատազրկման` նախագահ Իլհամ Ալիևի կառավարությունը տապալելու կոչերի համար: Ավելի ուշ` ևս 22 ադրբեջանցիներ դատապարտվել են տևական ազատազրկման` Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով: 
Ադրբեջանի և նրա նավթի երկրորդ խոշոր սպառող Իսրայելի միջև ռազմավարական և տնտեսական երկկողմ հարաբերությունների հիմքում Սրեբրնիկը տեսնում է ընդհանուր նպատակ` Իրանի ազդեցության զսպումը: 
Այդ երկրների միջև հարաբերությունները բնութագրելու համար հեղինակը հիշեցնում է Իլհամ Ալիևի խոսքերը, ով նշել է, թե Իսրայելի հետ իր երկրի հարաբերությունները սառցալեռ են հիշեցնում, քանի որ ՙայդ հարաբերությունների 90 տոկոսը թաքնված է ջրի տակ՚: Այս խոսքերը մեջբերել է Բաքվում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Դոնալդ Լուն՝ 2009թ. Վաշինգտոն ուղարկած  դիվանագիտական ճեպագրում:
Սրեբրնիկն օրինակ է բերում Ադրբեջանի և Իրանի միջև 2012թ. փետրվարի` 1,6  մլրդ դոլարի  գործարքները ՀՕՊ համակարգի, հետախուզության և լրտեսության նպատակով օգտագործվող սարքավորումների, ինչպես նաև անօդաչու սարքերի գնման համար: 
Մեկ ամիս անց ՙForeign Policy՚ ամսագիրը հրապարակեց մի հոդված, որտեղ նշվում էր, որ Իսրայելին հնարավորություն է տրվել օգտվել Իրանի հյուսիսային սահմանին գտնվող Ադրբեջանի ռազմաօդային բազաներից` Իրանի վրա հնարավոր հարձակման համար: Իսկ դա կնշանակեր, որ իսրայելական կործանիչներն ու ռմբակոծիչները ստիպված չեն լինի լցավորվել կես ճանապարհին: