[ARM]     [RUS]     [ENG]

ՌՈՒՍԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Թուրքիայի նախագահին առայժմ չի հաջողվում ազատվել գյուլենականներից
Թուրքական իշխանությունները նոր հարձակում են ձեռնարկում երկրի գլխավոր ընդդիմադիր ուժի՝ գյուլենականության վրա. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ թուրքական ոստիկանությունը ձերբակալել է գյուլենականության գաղափարախոսության քարոզիչ՝ ՙԶաման՚ թերթի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլիին, ինչպես նաև ակտիվ հասարակական-քաղաքական գործունեություն ծավալած այլ գյուլենականների։ 
թուրքական ՙՀյուրիեթ՚ թերթը, իր հրապարակման մեջ նշեց, որ  ՙԶամանի՚ գլխավոր խմբագիրը մասնակցել է երկրի իշխանությունների դեմ կազմակերպված դավադրությանը։ Եթե նկատի ունենանք թուրքական հեղինակավոր թերթի ներկայացրած  տեղեկատվության հավաստիությունը, ստացվում է, որ թուրքական ընդդիմությունը  երկրի ղեկավարության հետ վաղեմի հաշիվները մաքրելու պատեհ ժամանակ է ընտրել։ Մյուս կողմից էլ՝ թուրքական ոստիկանության գործողությունները վկայում են, որ նախկին վարչապետ, այժմ նախագահ Էրդողանը մինչ այսօր սարսափում է գյուլենականների գործունեությունից և նրանց՝ հասարակության լայն խավերի վրա ունեցած ազդեցությունից։  
Քիչ է ասել, թե նախագահ Ռ. Էրդողանի վերաբերմունքը գյուլենականների հանդեպ  թշնամական է։ Բավական է ասել, որ Ֆ. Գյուլենի գաղափարախոսությունը երկիրը  նեոօսմանիզմից փրկելու նպատակ է հետապնդում։ Ժամանակ առ ժամանակ իրեն զգացնել տվող ներքին քաղաքական լարվածությունը վկայում է հասարակության ողջամիտ խավերի մտահոգությունների մասին. նրանք գիտակցում են, որ արտաքուստ դեպի Եվրամիություն ձգտող նախագահի վարած քաղաքականությունը չի կարող համադրվել եվրոպական արժեհամակարգին, այլ խոսքով՝ եվրոպական ընտանիքին անդամակցելու հույսերին պետք է հրաժեշտ տալ տևական ժամանակով։  
Թե ինչպես և ինչքան կհաջողվի Էրդողանին առաջնորդվել երբեմնի Օսմանյան կայսրության ավանդույթներով և, դրանով հանդերձ, հավակնել տարածաշրջանային գերիշխանության, ցույց կտա ապագան։ 
Մի կողմ թողնենք ներքաղաքական լարված իրադարձությունները և ուշադրություն դարձնենք Թուրքիայի արտաքին քաղաքական վայրիվերումներին։ Ուշագրավ, բայց ոչ անսպասելի զարգացում էր դեկտեմբերի սկզբներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Անկարա, որտեղ նա հայտարարեց, որ Մոսկվան հրաժարվում է ՙՀարավային հոսք՚ նախագծից և  մտադիր է կառուցվելիք նոր գազատարով Եվրոպային գազ մատակարարել Թուրքիայի և ոչ թե Բուլղարիայի տարածքով։ Գազատարի միջոցով հնարավոր կլինի Եվրոպային տարեկան կտրվածքով մատակարարել 63 մլրդ խոր. մետր գազ։ Պարզաբանելով ՙՀարավային հոսք՚ նախագծից հրաժարվելու պատճառները, Պուտինն ասել է, թե Բուլղարիան զրկված է որպես անկախ պետություն գործելու հնարավորությունից, և եթե ԵՄ-ն չի ցանկանում իրականություն դարձնել այդ խողովակաշարը, դա այդպես էլ կմնա անիրագործելի։ Ռուսաստանը չի կարող միլիոնավոր դոլարներ ներդնել նախագծի վրա և հետո կանգնել Բուլղարիայի սահմանին, հայտարարել է ՌԴ նախագահը։ Անկարայում ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ ՙՀարավային հոսքը՚ վերածվելու է ՙԹուրքական հոսքի՚։ ՌԴ նախագահի պետական այցից հետո ռուսաստանյան փորձագիտական շրջանակներում քննարկումներ սկսվեցին Եվրասիական տնտեսական միությանը Թուրքիայի դեռևս անորոշ ձևաչափով անդամակցելու մասին։
Ռուսական կողմը, ինչպես երևում է, հաշվարկներ է անում նաև Եվրասիական տնտեսական միության սահմաններն արևելյան ուղղությամբ ընդլայնելու մասին։ Ռուս-թուրքական մերձեցմամբ Վ. Պուտինը, թերևս, փորձում է իր  քաղաքական կուրսը պահել ինչպես եվրոպական, այնպես էլ մերձավորարևելյան ուղղությամբ։   
Նախագահ Էրդողանն իր կողմից հավաստիացրեց, որ չի միանա Ռուսաստանի դեմ Եվրոպայի ձեռնարկած պատժամիջոցներին։ Սա այն խոստումն էր, որն անչափ զայրացրեց Եվրոպային։ 
ՌԴ  նախագահի այցից հետո  Թուրքիա ժամանեց Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆ. Մոգերինին։ Եվ չնայած եվրոպական տեղեկատվական աղբյուրներն այդ այցի նպատակը կապեցին Սիրիայում և Իրաքում ծայրահեղ իսլամիստների գործողություններին հակադարձելու հետ, բայց իրականում, իրազեկ աղբյուրների տեղեկություններով, հանձնակատարը եկել էր երկրի ղեկավարությանը հետ պահելու Ռուսաստանի հետ նոր գազային նախագիծ իրականացնելու մտադրությունից։ Ու նաև համոզելու Թուրքիային՝ միանալ Ռուսաստանի դեմ ձեռնարկվող պատժամիջոցներին։ 
Դրա դիմաց եվրապաշտոնյան թուրքական կողմին ի՞նչ կարող էր խոստանալ։ Իհարկե, ամենացանկալին՝ արագացնել Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։ Մոգերինին, սակայն, այդքանն ասաց վերապահումով, այսինքն` անդամակցությունը տեղի կունենա, բայց ոչ մոտ ապագայում։ Թուրքիայի համար պարզ էր` ինչ է իրականում նշանակում այս պահի համար ոչ մի արժեք չներկայացնող եվրոպական խոստումը, ուրեմն, Բրյուսել-Անկարա հարաբերությունների հաստատումը մոտ ապագայի խնդիր չէ։ 
Արձանագրենք նաև, որ ՌԴ նախագահի`  Թուրքիա  կատարած այցից մի քանի օր անց  Շվեյցարիայի Բազել քաղաքում հրավիրվեց ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստ։ Թուրքիայի ներկայացուցիչն ուկրաինական ճգնաժամի հետ կապված քննարկումների ժամանակ հանդես եկավ Ուկրաինայի տարածքային ամբողջականության պաշտպանության դիրքերից։ Ասել է թե՝ հանդես եկավ Ղրիմում Ռուսաստանի արտաքին քաղաքականության դեմ։ 
Միանշանակ կարելի է պնդել, որ ռուս-թուրքական մերձեցումն այսօրվա դրությամբ հեղհեղուկ է, և միայն հետագա զարգացումները  ցույց կտան, թե ինչ արժեք ունեն նոր գազային նախագիծ իրականացնելու մասին ռուս-թուրքական պայմանավորվածությունը, ինչպես նաև թուրքական չեզոքությունը Ռուսաստանի նկատմամբ եվրոպական պատժամիջոցներ իրականացնելու հարցում։    
Մի հանգամանք ևս. Միջին ու Մերձավոր Արևելքում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացները դիտարկելիս չի կարելի անտեսել տարածաշրջանի գլխավոր խաղացողներից մեկի՝ Իրանի դերակատարությունը։ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառող Միացյալ Նահանգներն ու Եվրոպան՝ մի կողմից, մյուս կողմից՝ տարածաշրջանում Արևմուտքի ծրագրերը հակակշռելու նպատակ հետապնդող Ռուսաստանն ու Թուրքիան իրենց պլանները մշակելիս չեն կարող անտեսել Իրանի շահն ու ազդեցությունը։  
Ինչպիսի՞ն է Իրան-Ռուսաստան հարաբերությունների ներկա վիճակը։  Նախևառաջ մատնացույց անենք ռուս-իրանական հարաբերություններում առկա ճեղքվածքը։ Վերջինս իրեն զգացնել տվեց ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի՝ վերջերս Թեհրան կատարած այցի ընթացքում։ Այն փաստը, որ ռուսական խորհրդարանի խոսնակին չընդունեց ոչ Իրանի նախագահ Ռոուհանին և ոչ էլ հոգևոր առաջնորդ Ալի Համենեին, արդեն իսկ վկայում է երկկողմ հարաբերություններում առկա լարվածության մասին։ Ռուսաստանյան աղբյուրների տեղեկություններով՝ Նարիշկինի բոլոր առաջարկները մերժվել են Իրանի ղեկավարության կողմից։ Սա փաստ է, որի հետ չի կարող հաշվի չնստել Ռուսաստանը։ 
Իրանի դերակատարությունը և նրա քաղաքական հստակ ուղեգիծը տարածաշրջանային գործընթացներում վկայակոչելն ինքնանպատակ չէ. շատ բան կախված է Ռուսաստան-Իրան-Թուրքիա հարաբերությունների զարգացումից։ 
Թե ինչպես կծավալվեն իրադարձություններն այս հարթությունում, ցույց կտա մոտ ապագան։ Փաստն այն է, որ Թուրքիան հայտնվել է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական խնդիրների առաջ, իսկ Էրդողանը երկրի ապագան պատկերացնում է բռնապետական վարչակարգի խստացման և  նեոօսմանիզմի գաղափարախոսության մեջ։ Արտաքին քաղաքական խնդիրներն՝ ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան ուղղությամբ, գումարած ներքաղաքական կյանքում տեղի ունեցող ցնցումները, երկրի ղեկավարությանը դրել են ճակատագրական ընտրություն կատարելու հրամայականի առաջ։
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ