[ARM]     [RUS]     [ENG]

ՏԱՐԻՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԷՐ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՌՈՒՄՈՎ

10.06.11_3721.jpgԱԺ նախագահ Աշոտ ՂՈՒԼՅԱՆԻ հարցազրույցը  
-Պարոն Ղուլյան, ինչպես ընդունված է, տարեմուտին հանրագումարի ենք բերում նշանակալից իրադարձությունները, խոսում կարևորի, արձանագրված հաջողությունների և թերացումների մասին։ Կխնդրեինք Ձեզ՝ տարվա ամփոփ վերլուծությունում նախ կանգ առնել արտաքին քաղաքական ուղղությունում մեր խորհրդարանի ունեցած ձեռքբերումների վրա և մասնավորապես առանձնացնել ԱՄՆ կատարած Ձեր վերջին այցն ու կոնգրեսականների հետ ունեցած հանդիպումները։
- Կարծում եմ, ճիշտ սկիզբ եք ընտրել հարցազրույցի համար, քանի որ իմ տպավորությամբ նույնպես 2014 թվականը շատ ավելի արդյունավետ էր հենց միջխորհրդարանական կապերի հաստատման ու ամրապնդման առումով։
Մեր խորհրդարանի արտաքին կապերի մասին խոսելիս առաջին հերթին պետք է կարևորել ՀՀ Ազգային ժողովի հետ կապերի ընդլայնումը, որն այս տարի դրսևորվեց ՀՀ ԱԺ - ԼՂՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի երկու լիարժեք նիստով (հուլիսին՝ Ստեփանակերտում և նոյեմբերին՝ Երևանում) ու երկու խորհրդարանների մշտական հանձնաժողովների հաճախացած համատեղ նիստերով։   
Այլ երկրների խորհրդարանների հետ կապերի զարգացման շարքից ցանկանում եմ առանձնացնել տարբեր ձևաչափի հանդիպումները Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի խորհրդարանականների հետ։ Մենք բարեկամության խումբ ունենք Լիտվայի խորհրդարանում՝ Սեյմասում, բարեկամության շրջանակ՝ Ֆրանսիայում, իսկ այս տարվա հոկտեմբերին Բրյուսելում հայտարարեցինք Եվրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղի խումբ ստեղծելու մասին։ 
ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ արձանագրած տեղաշարժերից է ԱՄՆ նահանգային օրենսդիր մարմինների կողմից ԼՂՀ անկախությունը սատարող բանաձևերի ընդունումը և այդ շարքից վերջինը՝ Կալիֆոռնիայի Սենատի բանաձևը, որը կարևոր ուղերձներ է պարունակում գործընթացի հեռանկարը բացահայտելու տեսանկյունից։ Իսկ դեկտեմբերի սկզբին Վաշինգտոնում ունեցած հանդիպումների և միջոցառումների առնչությամբ կուզենայի ընդգծել այն հանգամանքը, որ արդեն ինը տարի է, ԱՄՆ Կոնգրեսում մենք նշում ենք ԼՂՀ անկախության տարեդարձը։ Իհարկե, կարևոր էին ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի և Միացյալ Նահանգների մի շարք կոնգրեսականների, այնպես էլ Վաշինգտոնում գործող հայկական կազմակերպությունների պատասխանատուների հետ հանդիպումները, բայց գլխավորն ավանդույթներ կուտակող հարաբերությունների մակարդակն է, որը լուրջ հիմքեր ունի ապագայի համար։ 
- Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման և ԼՂՀ միջազգային ճանաչման խնդիրները մշտապես եղել  և մնում են Ազգային ժողովի գործունեության առանցքում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք պետությունների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ Արցախի խորհրդարանն ունի համագործակցության բարի ավանդույթներ։ ԼՂՀ ԱԺ-ն հարաբերություններ է հաստատել նաև Եվրախորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերից մեկի՝ ՙԵվրոպական ազատ դաշինքի՚ հետ՝ դրանով իսկ ձեռք բերելով նոր հարթակ երկխոսության և կարծիքների փոխանակման համար։ Ինչպե՞ս կգնահատեիք խորհրդարանական դիվանագիտության ներկա մակարդակը նշված ուղղություններով աշխատանքի բարձր արդյունավետություն ապահովելու տեսանկյունից։ 
- Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծումն ու Արցախի միջազգային ճանաչման հարցերը  խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում իրականացվող աշխատանքի առանցքն են կազմում։ Այլ կերպ չի էլ կարող լինել, և մեր կողմից առանձին երկրների խորհրդարանների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքական տարբեր ուժերի հետ կապերի հաստատումն ու զարգացումը նպատակ ունեն օգտագործել բոլոր հնարավոր հարթակներն՝ Արցախի ժողովրդի իրավունքների ու շահերի պաշտպանության համար։  
ՙԵվրոպական ազատ դաշինք՚ կուսակցությունների միավորման հետ կապերի հաստատման փորձերը 2014թ. փետրվարին, որ արտահայտվեց Արցախի ժողովրդավարական կուսակցության կողմից ներկայացված համագործակցության հայտով, պետք է դիտել որպես այդօրինակ կապերի հաստատման հաջողված փորձ։
Վերադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող զարգացումներին՝ ստիպված եմ ափսոսանքով նշել, որ ոչ միայն դրական տեղաշարժ չի նկատվել, այլև  հետընթաց է արձանագրվել նախորդ տարիների միջնորդական գործունեության համեմատ։ Վստահ եմ, որ մեր հայրենակիցները լավ են հիշում 2014թ. սկզբին ադրբեջանական սադրանքների նոր փուլը, որն իր բարձրակետին հասավ հուլիս-օգոստոս ամիսներին և նոյեմբերին, երբ խոցվեց մեր ուղղաթիռը։
Իմ խորին համոզմամբ, Ադրբեջանն օգտվում է բանակցային գործընթացում այս պահին տեղ գտած բազմաթիվ թերություններից, որոնց մեծ մասն, ի դեպ, հենց ինքն է ստեղծել, և փորձում է հիմնական աշխարհաքաղաքական դերակատարների ուշադրությունը շեղել կարգավորման թեմատիկայից։ Նման իրավիճակում հրատապ խնդիր կարող է դիտվել միայն խաղաղության և կայունության պահպանումը տարածաշրջանում։ Անիմաստ է կառուցողական մոտեցում ակնկալել մի երկրից, որի ներքաղաքական կացությունը դանդաղ, բայց հետևողականորեն լրջագույն խնդիր է դառնում իրենց իսկ իշխանությունների համար։    
- Տարին հագեցած էր, անշուշտ, օրենսդրական գործունեության առումով. Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվեցին մեր հանրապետության բնականոն կենսագործունեությանը նպաստող օրենքների նախագծեր, կատարվեցին լրացումներ ու փոփոխություններ նախկինում մեր խորհրդարանի կողմից ընդունված օրենքներում։ Հերթական տարեմուտին ի՞նչ կուզենայիք փոխանցել արցախյան մամուլին օրենսդրական նախաձեռնությունների և խորհրդարանական քննարկումների վերաբերյալ։
- Ազգային ժողովի գլխավոր գործառույթն օրենսդրական աշխատանքն է, և  մեր հանրապետության կենսագործունեությանը վերաբերող օրենքների ընդունման, լիագումար ու մշտական հանձնաժողովների նիստերի, խորհրդարանական լսումների ու քննարկումների  ընթացքը լուսաբանվել է խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների կողմից։
Իմ տպավորությամբ, հինգերորդ գումարման Ազգային ժողովի վերջին ամբողջական աշխատանքային տարին, որոշ օբյեկտիվ պատճառներով, ամենաարդյունավետը չի կարելի համարել զուտ օրենսդրական գործունեության իմաստով (չնայած տարվա արդյունքները դեռ ամփոփված չեն)։  
Օրենքների հետ աշխատելու կտրվածքով երկու հանգամանք եմ ուզում ընդգծել. առաջին՝ տարին մենք ավարտել ենք նոր տարվա պետական բյուջեն ընդունած (համաշխարհային տնտեսության մեջ և արժութային շուկայում կատարվող տատանումների ֆոնին), ու նաև մեզ հաջողվել է նախկին խոստումը կատարել՝ մեկնարկել միջազգային կոնվենցիաների և պայմանագրերի վավերացման գործընթացը, ինչը  կարելի է 2014 թվականի հիմնական իրադարձություններից մեկը համարել։ 
- Ազգային ժողովի լիագումար նիստերին, ՙԱԺ կանոնակարգ՚ ԼՂՀ օրենքի համաձայն, պարբերաբար ներկայանում են կառավարության անդամները՝ պատասխանելու պատգամավորների հարցերին։ Անկեղծ լինենք, միշտ չէ, որ խորհրդարանականները բավարարված են լինում իրենց կողմից առաջադրված հարցերի պատասխաններով, իսկ որոշ դեպքերում նրանք դժգոհում են խնդիրների լուծման ժամկետների ձգձգումից։ Կուզենայինք իմանալ նաև Ձեր անձնական տեսակետը։ 
- Իմ անձնական տեսակետը շատ չի տարբերվում պատգամավորների կարծիքներից, և իմ գոհունակությունը պիտի հայտնեմ հարցին անդրադառնալու նախաձեռնության համար։ Իհարկե, օրենսդիր-գործադիր կապը մշտապես գործող հարթակ է, որի ձևաչափերից մեկն էլ կառավարությանը հարցերով դիմելն է։ Բայց, ինչպես իրավացիորեն նկատեցիք, այդ համագործակցության արդյունավետությունը ոչ բոլոր դեպքերում է զգացվել։ 
Ամեն դեպքում պետք է ընդունել իրողությունն այնպես, ինչպես կա, և աշխատել ապագայում այդօրինակ թերացումները շտկելու ուղղությամբ։  
- 2015 թվականը կլինի ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտի տարի։ Անկասկած, մեր ժողովրդին ասելու բան կունենաք այդ և Ամանորի տոնի կապակցությամբ։
- Իսկապես, հինգերորդ գումարման խորհրդարանի լիազորությունները մի քանի ամսից կավարտվեն, բայց այդ փաստը նաև նշանակում է, որ 2015թ. մայիսին տեղի ունենալիք հերթական խորհրդարանական ընտրություններով կձևավորվի հաջորդ՝ 6-րդ գումարման Ազգային ժողովը։ Իսկ այդ իրողությունն արդեն համոզիչ վկայությունն է այն բանի, որ մեր երկրի պետական համակարգն անընդմեջ ձևավորվում է միայն ընտրությունների միջոցով, համաձայն մեր հիմնական օրենքի։ Վստահ եմ, մեր քաղաքացիները տեղյակ են, որ ԼՂՀ Սահմանադրությամբ 2015 թվականից նախատեսվում է անցում մշտական հիմունքներով գործող խորհրդարանի։     
Այս թեմայով մենք դեռ առիթներ կունենանք զրուցելու, իսկ հիմա ուզում եմ շնորհավորել Արցախի, մայր Հայաստանի և Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել վստահություն, հավատ և խաղաղություն։ 
Թող մեր իմաստնությունն օգնի բարեկեցիկ երկիր ունենալու նպատակն իրականացնելու գործին, և թող այդ ճանապարհին Աստծո աջը հովանի լինի մեր ժողովրդին ու մեր Արցախին։  
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ