Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING

ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՆՈՒՄ Է ԻՐԱՎԻՃԱԿԸ՝ ԱՎԵԼԻ ՀՍՏԱԿԵՑՆԵԼՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՆ ԱՐՑԱԽԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական վարկանիշի համար տարեսկիզբը նշանավորվեց կարևոր ու հիշարժան իրադարձությամբ. Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոն  հունվարի 4-ի իր հայտարարությամբ կոչ արեց  միջազգային հանրությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
 Սա թերևս կարելի է համարել մեր երկրի միջազգային ճանաչման գործընթացի խոստումնալից սկիզբ։
Այդ օրն արտգործնախարարը հանդիպում է ունեցել Հայ Դատի հանձնախմբի անդամների հետ և իր մտահոգությունը հայտնել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ։ 
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ուրուգվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում, քննադատել Ադրբեջանին՝ հրադադարի ռեժիմը խախտելու համար, ինչպես նաև կարևորել ղարաբաղյան խնդրի հրատապ կարգավորումը ՝ հաշվի առնելով հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Այդ երկրի արտգործնախարարության պաշտոնական հայտարարության մեջ նաև ասվում է, որ հաշվի են առնվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը և նրա եզրակացությունները ԼՂՀ ճանաչման վերջնական որոշումն ընդունելու համար։  
Մենք պատրաստ ենք մեր բոլոր ջանքերն ուղղել էական հաջողությունների հասնելու համար և  Ուրուգվայի եղբայրական ժողովրդի հետ արդյունավետ փոխգործակցության հույս ենք հայտնում. այսպես է պաշտոնական Ստեփանակերտն արձագանքել արտգործնախարարի հայտարարությանը։ 
Ալմագրոն, ինչպես գիտենք, դեռևս 2011 թվականի սեպտեմբերին էր հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղը  Հայաստանի պատմական տարածքն է և պետք է լինի անկախ կամ էլ միավորվի Հայաստանի հետ։  
Այստեղ՝ Արցախում, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին արտահայտվել են ուրուգվայցի խորհրդարանականները։ 2012թ. նոյեմբերին խորհրդարանականների պատվիրակությունը՝ Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի գլխավորությամբ, այցելել էր մեր հանրապետություն։ Ազգային ժողովում ունեցած ելույթում բարձրաստիճան հյուրը հավաստիացրել էր, որ ուրուգվայցիներն ըմբռնումով և համակրանքով են ընդունել Արցախի ժողովրդի ազգային-ազատագրական ձգտումները։ Մենք մեր փոքրությամբ հանդերձ միշտ մեզ ազատ ենք զգացել, մշտապես նվիրված ենք եղել ազատությանը և մշտապես կողմնակից ենք դրան, ընդգծել է Խ. Օռիկոն։  
Դառնալով Լ. Ալմագրոյի վերջին հայտարարությանը՝ պետք է կարևորել այն մի քանի առումներով. նախ՝ վերստին հաստատում է ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքի գերակայությունը, մանավանդ որ մեր պարագայում այդ իրավունքը խարսխվում է արցախահայության  ազգային-ազատագրական երկարամյա պայքարի վրա, երկրորդ՝ զարգացման ժողովրդավարական ուղի ընտրած Արցախի՝ արտաքին աշխարհում ունեցած բարձր վարկանիշի վկայությունն է։ Սա էլ իր հերթին միջազգային մեծ հնչողություն է ստանում Ադրբեջանում ծավալվող ներքին քաղաքական իրադարձությունների ֆոնին։ Հատկապես վերջերս ալիևյան բռնապետական վարչակարգի՝ սեփական քաղաքացիների նկատմամբ գործադրվող բռնարարքները դատապարտող  հայտարարություններ հնչեցին Արևմուտքից ու միջազգային կառույցներից։ Իսկ եվրոպական պաշտոնյաների տեսակետներում պարբերաբար ընդգծվում է այն միտքը, որ ադրբեջանական ղեկավարությունը ճնշում է հայկական կողմի հետ երկխոսություն վարելու հասարակական սեկտորի բոլոր նախաձեռնությունները։ Միջազգային հանրությունը չի կարող աչք փակել այն իրողության վրա, որ հակամարտող կողմերի միջև երկխոսությունը բացառելով՝ ալիևյան կլանն ավելի է սրում լարվածությունը տարածաշրջանում և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում։ Հենց այս համատեքստում պետք է դիտարկել արտգործնախարար Լ. Ալմագրոյի հայտարարությունը, ինչը միանշանակ  իրականության օբյեկտիվ արտացոլումն էր։ 
Մենք գիտենք, թե ինչ արձագանք են ունենում նման հայտարարություններն ու նախաձեռնություններն Ադրբեջանում։ Պարզապես հիշեցնենք, որ Լ. Ալմագրոյի 2011թ. հայտարարությունից հետո ադրբեջանական մի պատվիրակություն շուտափույթ մեկնեց Մոնտեվիդեո և, ինչպես տեղեկացնում են Ուրուգվայի հայկական աղբյուրները, փորձեց կաշառել տեղի պաշտոնյաներին։ 
Կարծում ենք, հարկ է ուշադրություն դարձնել Մոնտեվիդեոյում  Ադրբեջանի դեսպանատան բացման փաստին։ Ավելորդ է մեկնաբանել, թե մեծ հաշվով ինչ է դա նշանակում. մեր հարևաններն առաջին հերթին նպատակ են ունեցել իրենց հակահայկական ձեռնարկներով խոչընդոտել հայկական կողմի հետ այդ երկրի հարաբերությունների խորացմանը և ոչ թե որակական նոր մակարդակի վրա դնել իրենց դիվանագիտական աշխատանքը։ Ուրուգվայում չկան թուրքամետ կազմակերպություններ կամ միություններ, չկա ադրբեջանական համայնք։ Ինչպես իրազեկում են տեղի հայկական աղբյուրները, ադրբեջանական լոբբինգի գլխավոր ուղղություններն են բիզնեսն ու խորհրդարանը։ Որ ադրբեջանական լոբբինգի ամենահարմար տեղը բիզնեսն է, ապացույցի կարիք չունի. այս ոլորտում են նավթադոլարները վերածվում  քաղաքականության ու դիվանագիտության, նման կեղտոտ ձևերով են նրանք փորձում լուծում տալ իրենց մտահոգող խնդիրներին։
Ադրբեջանում չեն հասկացել մի պարզ ճշմարտություն. Ուրուգվայն այն պետությունը չէ, որին կարելի է կաշառել։ Այդ երկիրը նույնպես անցել է ազգային-ազատագրական պայքարի փուլը և հենց այդ պատճառով էլ խորապես ըմբռնում է մեր ժողովրդի իղձերն ու ձգտումները։ Իլհամ Ալիևին կարելի է բացատրել, որ Ուրուգվայը Հունգարիա չէ, որի վարչապետն Ադրբեջանի խոստացած հսկայական գումարի դիմաց պատրաստ էր հանցավոր գործարքի՝ էքստրադիցիայի ենթարկել քնած հայ սպային կացնահարած Սաֆարովին՝ դրանով իսկ ոտնահարելով սեփական  պետության արդարադատությունը։ Մեր ժամանակներում, երբ ամեն ինչ գնվում ու վաճառվում է,  բարոյականությունն էլ տարբեր պետությունների իշխող վերնախավերի կողմից տարբեր կերպ է ընկալվում։ 
Երբեք չպիտի մոռանանք, որ Ուրուգվայն առաջինը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ օրինակ ցույց տալով ամբողջ աշխարհին։ Մեզ քաջ հայտնի է, որ հայկական համայնքն այդ երկրում բավականին հարգված է, խորհրդարանը մի շարք որոշումներ է կայացրել ի նպաստ հայ ժողովրդի, երկրի իշխանություններն էլ պարբերաբար մասնակցում են Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողություններին։ 
Այնպես որ՝ մեզ առավել քան հասկանալի է Ուրուգվայի արտգործնախարարի հայտարարության ադրբեջանական արձագանքը։ Դա իրեն զգացնել տվեց ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի կտրուկ սրմամբ, ինչը միանգամայն սպասելի էր։ 
Իսկ հունվարի 14-ին Ադրբեջանի և  Արցախի զինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ առաքելությունը հարկադրված է եղել ընդհատել պլանային դիտարկումը։ Այն պահին, երբ ղարաբաղյան կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս է բերել իր առաջապահ դիրքեր, ադրբեջանական կողմից արձակվել են  կրակոցներ, որի պատճառով գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները, անվտանգության նկատառումներից ելնելով,  նպատակահարմար են գտել ընդհատել դիտարկման անցկացումը։
Հավելենք, որ մինչ այս վերջին դեպքը ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսաքիի շուրթերով հայտարարություն էր հնչեցվել շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ։ Ադրբեջանն, ինչպես տեսնում ենք, շարունակում է քամահրանքով վերաբերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների՝ հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված  կոչերին ու հայտարարություններին։
Ինչ խոսք, Ադրբեջանի իշխանությունները խոր մտահոգության մեջ են, և քանի որ նրանց խորթ է քաղաքակիրթ աշխարհի հետ շփվելու լեզուն, մնում է միայն ապակայունացնել իրավիճակը շփման գծում՝ վտանգի տակ դնելով տարածաշրջանի խաղաղությունն ընդհանրապես։ Եվ քանի որ հարևան երկրի այս պահվածքին վաղուց արդեն ծանոթ է միջազգային հանրությունը, մնում է միայն մեր հարևաններին մաղթել մարդկային ըմբռնողականություն և համբերատարություն՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն առնչվող նախաձեռնություններին դիմանալու համար։  
            
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ