Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՀՅԴ ԱՐՑԱԽԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ՈՒԺԵՐԻՆ ՊԱՌԱԿՏԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԸ

 Հայ Հեղափոխական Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ ԻՇԽԱՆՅԱՆԸ հունվարի 30-ի երեկոյան մամլո ասուլիսի   հրավիրեց լրագրողներին՝ նպատակ ունենալով ներկայացնել ԿԿ-ի հայտարարությունը Դաշնակցությանն առնչվող վերջին զարգացումների վերաբերյալ։

Հայ հանրության շրջանում վերջերս ինտենսիվորեն լուրեր էին շրջանառվում, թե  Հայաստանում գործող ՙՀիմնադիր խորհրդարանի՚ (նախկին ՙՆախախորհրդարան՚) կողմից նախաձեռնվում է ավտոերթ դեպի Արցախ, ինչը հետապնդում է քաղաքական նպատակ։ Դ. Իշխանյանի խոսքով՝ Կենտրոնական կոմիտեն անհրաժեշտ է համարել հանդես գալ հայտարարությամբ։
Հայտարարությունում նշվում է, որ Արցախում որոշ շրջանակների կողմից հերթական քարոզչությունն է ծավալվել ՀՅԴ-ի դեմ. տարածվել են լուրեր, թե իբր  Նախախորհրդարանի կազմակերպած ավտոերթի նախաձեռնությունը պատկանում է Դաշնակցությանը։ Այդ տրամադրություններն էլ պարարտ հող հանդիսացան ՀՅԴ-ից վաղուց մերժված և նրանց շուրջը համախմբված, իրենց անձնական շահերի մեջ պարուրված մարկանց համար, որոնք ոչինչ չեն խնայում՝ փնովելու Դաշնակցությանը և ծուռ հայելու մեջ ներկայացնելու նրա կերպարը։
Ընդգծվում է այն միտքը, որ որևէ անհատի կամ կազմակերպության ՙքարոզչական հնարքը՚ չի կարող խարխլել ՀՅԴ կուռ շարքերը և ոչ էլ ապակողմնորոշել հայ հանրությանը՝ թե՜ Արցախում, թե՜ ՀՀ-ում և թե՜ Սփյուռքում։
ՀՅԴ Արցախի կառույցը վերահաստատում է իր հավատարմությունը  որդեգրած քաղաքական ուղեգծին։ Այն է՝ ամբողջությամբ պատասխանատու լինել Արցախի պետականաշինության գործընթացի համար, նպաստել ԼՂՀ միջազգային ճանաչմանը, պատասխանատվություն կրել  Արցախի անվտանգության և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հարցերում, առաջամարտիկը լինել Արցախին սպառնացող ներքին և արտաքին վտանգներին դիմակայելու գործընթացներում։ 
Կենտրոնական կոմիտեն նաև իր հաստատակամությունն է հայտնում առ այն, որ այդ ամենն ի զորու է իրականություն դարձնել  Դաշնակցության ողջ կառույցի և նրա համակիր շրջանակի ներգրավմամբ։ ՙՄենք արկածախնդիր տարրերին հիշեցնում ենք, որ ազգային միասնությունն այս բարդ ռազմաքաղաքական իրավիճակում գերխնդիր է՚. այս տողերով է ավարտվում ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի հայտարարությունը։
Տեքստն ընթերցելուց հետո Դ. Իշխանյանը լրագրողներին իրազեկեց, որ ստեղծված իրավիճակն  իրեն հարկադրել է հանրությանը ներկայանալ համապատասխան մեկնաբանությամբ կամ բացատրությամբ, մանավանդ որ նկատելի էր որոշ շրջանակների՝ առկա իրողությունների վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու և հասարակությանն ապակողմնորոշելու շահագրգռվածությունը։ 
ՀՅԴ Արցախի կառույցի ղեկավարն այնուհետև պատասխանեց լրագրողների հարցերին։
Հայ Հեղափոխական Դաշնակցությունն իր ստեղծման օրից մինչ այսօր եղել և մնում է մեր ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկը և իրեն լավագույնս է դրսևորել հատկապես Արցախյան գոյամարտի տարիներին։  Կուսակցությունն իր քարոզչական աշխատանքով ու հայրենասիրական նախաձեռնություններով առանձնացել է հայկական մյուս ավանդական կուսակցություններից։ Ինչո՞ւ հատկապես այս փուլում, երբ հակառակորդն իր գործողություններով սրել է լարվածությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում, երբ մենք կորցնում ենք Հայրենիքի սահմաններն անառիկ պահող մեր զինվորներին, Դաշնակցության ներսում տեղի են ունենում նման զարգացումներ։ Որո՞նք են պատճառները, ի՞նչ քաղաքական գնահատական կարելի է տալ այս իրադարձություններին, և ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչն անձամբ ինչպե՞ս է վերաբերվում այդ ամենին. ՙԱԱ՚-ի հարցն ուղղվեց Դ. Իշխանյանին։
Պատասխանելով հարցին՝ նա ասաց, որ քաղաքական ցանկացած իրադարձություն, բնականաբար, ունենում է իր պատճառներն ու հետևանքները։ Վերջին շրջանում, նրա խոսքով, նկատելի է կուսակցությանն անընդհատ թիրախ դարձնելու միտումը.  հատկապես ՀՅԴ-ի վերջին ընդհանուր ժողովից հետո ակնհայտ դարձան որոշակի նկրտումներ։ Ակներև էին Դաշնակցությանը ցեխ շպրտելուն միտված քայլերը, իսկ այդ ամենի հետևում քաղաքական նպատակն էր։ Նման գործողությունները միտված են կուսակցության պառակտմանը կամ էլ նրան ՙլուսանցք՚ մղելուն։ 
Շարունակելով միտքը՝ ՀՅԴ Արցախի կառույցի ղեկավարն ասաց, որ ինքը կուզենար նաև անդրադառնալ կուսակցության վերջին ընդհանուր ժողովին, բայց բավարար է համարում ՀՅԴ-ի որդեգրած ռազմավարական սկզբունքների և քաղաքական ուղեգծի վկայակոչումը, որոնք բխում են մեր ժողովրդի շահերից։ Դրանցում կուսակցության հավատարմությունն է իր անցյալին և վստահությունն ապագայի նկատմամբ։
Իսկ այսօրվա իրավիճակը, Դ. Իշխանյանի համոզմամբ, իրոք, ստիպում է մեզ աչքի առաջ ունենալ լարվածությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին, ամենօրյա տագնապները, ժամանակի լուրջ մարտահրավերները և արտաքին ուժերին դիմակայելու խնդիրը։ Հակառակ այդ ամենի, դժբախտաբար, ներքաղաքական դաշտում ի հայտ են գալիս պղտոր ջրում ձուկ որսալու տրամադրություններ՝ դատապարտելի մի երևույթ, որը չի բխում մեր ժողովրդի և Արցախի Հանրապետության շահերից։ ՙԱյդ իսկ առումով կարելի է մեր նկատմամբ որդեգրած քայլերը դիտարկել այստեղ ազգային ուժերին թուլացնելու և, չեմ վարանում ասել նաև, պառակտելու միտումներ՚,¬ եզրակացրեց Դ. Իշխանյանը։ 
ՀՅԴ Արցախի կառույցը մասնակցելո՞ւ է գալիք խորհրդարանական  ընտրություններին։ Եվ եթե մասնակցի, ապա ի՞նչ ձևաչափով։ Ըստ որոշ տեղեկությունների՝ հնարավոր է այլ ուժերի հետ քաղաքական դաշինք կազմելու տարբերակը։ Կուսակցությունն ինչպե՞ս է պատրաստվում գնալ առաջիկա ընտրություններին։ Լրագրողի հարցին ի պատասխան նշվեց, որ խորհրդարանական ընտրությունները պետք է դիտել որպես կարևոր քաղաքական գործընթաց, ինչից չի կարող անմասն մնալ ՀՅԴ Արցախի կառույցը։ ԿԿ ներկայացուցչի խոսքով՝ մասնակցության ձևաչափի մասին դեռ վաղ է խոսելը, մանավանդ եթե նկատի ունենանք Ընտրական օրենսգրքի փոփոխության հետ կապված մի շարք հարցերի առկայությունը։ Բոլոր հարցերը հստակեցնելուց հետո կուսակցությունը կիրազեկի խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության մասին։
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ