[ARM]     [RUS]     [ENG]

ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅԱՆ ՁԳՏՈՂ ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Հակահայկական քարոզչություն իրականացնելիս Ադրբեջանն ու Թուրքիան, որպես կանոն, հանդես են գալիս միասնական ճակատով ու համակարգված գործողություններով, և եթե թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում Հայոց ցեղասպանության հարցում միջազգային հանրության կարծիքի վրա ճնշում գործադրելու մարմաջն է, ապա ադրբեջանական կողմի  բարբաջանքների հիմքում  ղարաբաղյան հիմնախնդիրն է ու նրա լուծման ադրբեջանական տեսլականը։ 
Նկատենք նաև, որ եղբայրական պետությունների քարոզչական գործերին երբեմն՝ կամա թե ակամա, մասնակցում է նրանց ընդհանուր դաշնակից Պակիստանը, որին այս անգամ, չգիտես ինչու, սկսել են անհանգստացնել Արցախի Հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ 
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 17-ին աշխատանքային այցով Կարս քաղաքում էր։ Այնտեղ էլ Հեյդար Ալիևի անվան զբոսայգի կա, և հարկ է լինում երբեմն ծաղկեպսակ դնել ՙհամազգային առաջնորդի՚ հուշարձանին։ Այս այցի նպատակը միայն դա չէր. Կարսում նախատեսված էր Հեյդար Ալիևի անվան տեխնիկական լիցեյի բացման արարողություն, որի ժամանակ պետք է ելույթ ունենար Իլհամ Ալիևը։ Ինչ-ինչ պատճառներով Ադրբեջանի նախագահի սիրտը նեղված էր. ասաց, որ ինքը մեծ ցավ է ապրում, քանի որ ՙայսօր Ադրբեջանի և Թուրքիայի դեմ կեղտոտ արշավ է անցկացվում՚։ Նրա խոսքով՝ մի շարք արտասահմանյան շրջանակներ երկու պետությունների անցյալն արատավորելու, զրպարտելու և այսօրվա հաջող զարգացումը ժխտելու արշավ են անցկացնում։ Իսկ դրան, հավելել է մտահոգ նախագահը, եղբայրական պետությունները պատասխանում են միասնական գործունեությամբ։ 
Ինչպես տեսնում ենք, հարձակողական ոճն այս անգամ բացակայում է։ Ալիև-կրտսերը թուրք-ադրբեջանական անխախտ միասնությունը ցուցադրելու անհրաժեշտություն է զգացել, և իր խոսքում շեշտել է, թե շատ դժվար է աշխարհում գտնել երկու պետություններ, որոնք համագործակցում ու զարգանում են այնպես, ինչպես Թուրքիան և Ադրբեջանը։ Ադրբեջանի նախագահն այնուհետև խոսել է պատմությունից՝ ցուցադրելով իր՝ պատմություն չունեցող երկրի ղեկավարի բարդույթը։ Կարելի է վկայակոչել նրա մտքի գոհարներից մեկը. մենք մեր ապագան կառուցում ենք պատմական ճշմարտության հիման վրա, պատմությունը երիտասարդ սերնդին ենք հանձնում այնպես, ինչպես որ կա, ի տարբերություն մի շարք այլ պետությունների՝ մենք չենք աղավաղում այն։ Ի. Ալիևը, սովորության համաձայն, ՙօկուպանտ՚ բառն է նետել Հայաստանի ուղղությամբ՝ լավ գիտակցելով, որ ինքն այդ պահին գտնվում է թուրքական բարբարոսությանը զոհ գնացած հայկական քաղաքում։  
Իլհամ Ալիևը, բնականաբար, չպետք է սահմանափակվեր հայ-ադրբեջանական հարաբերությունները շոշափող ելույթով. նա խոսել է նաև ավագ եղբոր անունից՝ այս անգամ սրտացավություն հայտնելով հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ։ Նախ վկայակոչել է պատմությունը՝ անտեղյակ մարդկությանն ասես իրազեկելով Հայոց ցեղասպանության մասին։ Ըստ Ադրբեջանի նախագահի՝ պատմական փաստաթղթեր կան, որոնք ենթակա են ուսումնասիրման։     
Զարմանալու ոչինչ չկա. Ռեջեփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը հայտարարություններ անելու հարմար մի այնպիսի վայր են ընտրել, որտեղ կարելի է խոսել  պատմական թեմաներից։ Իհարկե, չէին կարող ասել, որ Կարսն Արևմտյան Հայաստանի ծաղկուն քաղաքաներից մեկն էր, որն իր բնակիչներով ու պատմամշակութային արժեքներով զոհ գնաց Ցեղասպանությանը։ Բացառիկ ցինիկ պետք է լինել՝ բարբարոսության հետքերը նման ձևով քողարկելու և պատմական ճշմարտությունը նման ձևով մատուցելու համար։ Բայց դա, մյուս կողմից, գաղափարաքարոզչական սով ապրող պետությունների ղեկավարների վարքագծի վկայությունն է։   
Պարզ է, միջազգային կառույցների կեցվածքը Հայոց ցեղասպանության հարցում, մասնավորապես վերջերս ընդունված բանաձևերն ափերից հանել են ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի նախագահներին։ Եվ ահա նրանք ձեռք ձեռքի՝ փորձում են ինչ-որ կերպ դիմակայել քաղաքակիրթ մարդկության՝ 20-րդ դարի սկզբի մեծ ոճրագործության նկատմամբ ցուցաբերած դիրքորոշմանը։        
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն ընդամենը ցուցադրեցին իրենց քարոզչական դատարկ զինանոցը. իմացեք, Թուրքիան ու Ադրբեջանն անարատ անցյալ ունեն, բայց միջազգային շրջանակներում արատավորվում է այդ անցյալը։  Ումի՞ց են նեղանում, եթե համաշխարհային պատմության մեջ իրենք հայտնի են որպես ավերող ու թալանող, հնագույն պատմություն ու մշակույթ ունեցող ժողովուրդների արժեքներին տիրացող ցեղեր։    
Համայն մարդկությանն է հայտնի, որ եղբայրական երկու պետությունները դրական ազդեցություն չեն ունեցել համաշխարհային քաղաքակրթության զարգացման վրա ու   այսօր էլ չեն ցանկանում առերեսվել իրենց անցյալին ու պատմությանը։ Նույնիսկ չեն ուզում լսել եվրոպական երկրների խորհուրդներն ու հորդորները Ցեղասպանությունը ճանաչելու, հատուցելու և առաջ շարժվելու մասին։ Նորագույն պատմության ժամանակաշրջանը չի զարգացրել և չի քաղաքակրթել նրանց, համամարդկային արժեքներին նրանք այդպես էլ մնացել են անհաղորդ։ Պատճառը թերևս այն է, որ առայսօր նրանց չի հաջողվել ստեղծել իրենց սեփական արժեքները։ Այդ երկրների դեգրադացիան ակնառու է. նույնիսկ մեր օրերում թուրքական իշխանություններին հաջողվում է մեկ միլիոն դոլար կաշառքի դիմաց ոչնչացնել Եգիպտոսի արխիվներում պահպանված՝ Հայոց ցեղասպանության մասին ապացույցներ պարունակող փաստաթղթեր։ 
Կարծում ենք՝ հարկ է ուշադրություն դարձնել նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի՝  մարտի 27-ին France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցին, որի ընթացքում  շոշափվել է Հայոց ցեղասպանության թեման։ Նա խոսել է Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներ անցկացնելու իր որոշման մասին, 2014 թվականին տարածած իր ապրիլքսանչորսյան ուղերձից և հայ-թուրքական հարաբերություններից։ Նրան հարց են ուղղել, թե ինչու է Թուրքիայում ապրիլի 24-ը ընտրվել Գալիպոլիի ճակատամարտի հիշատակի միջոցառումների օր, որին ի պատասխան՝ Էրդողանն ասել է, թե իրենք չեն պատրաստվում թույլտվություն վերցնել՝ այս կամ այն քայլին դիմելուց առաջ, և որ դա պատմության մեջ տեղ գտած իրադարձություն է։ Հենց հայկական կողմն է իր միջոցառումներն այնպես կազմակերպել, որ դրանք համընկնեն մեր օրերի հետ, հայտարարել է Էրդողանը։ 
Այդ խոսքերով Թուրքիայի նախագահն առանց որևէ մեկի օգնության վարկաբեկեց ինքն իրեն. իբր միջազգային հանրությունն անտեղյակ է, որ 100 տարի շարունակ հայ ժողովուրդն ապրիլի 24-ին հարգում է Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, որ Գալիպոլիի ճակատամարտը Թուրքիայում ամեն տարի հիշվում է մարտի 18-ին։ 
Նույն օրը, երբ Էրդողանը հարցազրույց էր տվել ֆրանսիական հեռուստաընկերությանը, վարչապետ Ա. Դավութօղլուի խորհրդական Է. Մահչուփյանը բելգիական Գենտ քաղաքի համալսարանում կազմակերպված ՙՆոր Թուրքիա՚ խորագրով համաժողովի ընթացքում ասաց, թե Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված տոնակատարություններն ապրիլի 24-ին կազմակերպելու որոշումն այնքան էլ լավը չէր։ 
Ի՞նչ է նշանակում  ՙայնքան էլ լավը չէր՚ արտահայտությունը։ Այսինքն՝ Թուրքիայի նախագահի ընդունած որոշումը մի քիչ լավն էր, մի քիչ էլ՝ վատը։ Ո՞րն է որոշման լավ կողմը և ո՞րը՝ վատը։ Այս մարդը մի քանի օր առաջ Թուրքիայով մեկ հայտարարեց, թե ինքն ավելի շատ իրեն օսմանցի է զգում, քան հայ։  
Եղբայրական պետություններն իրենց միասնական քարոզչության մեջ երբեմն ներքաշում են դաշնակից պետություններին։ Այսպես, ադրբեջանական աղբյուրը՝ վկայակոչելով Պակիստանում Ադրբեջանի դեսպանատունը, տեղեկատվություն է տարածել, որի համաձայն՝ Պակիստանի Սենատի պաշտպանության կոմիտեն քննադատել է ՙԼեռնային Ղարաբաղի անջատողական վարչակարգի կողմից մայիսի 3-ին ծրագրած խորհրդարանական ընտրությունները՚։ Սա էլ համարենք հետաքրքիր իրադարձություն, քանի որ Ադրբեջանի թեթև ձեռքով միջազգային ասպարեզում վարկաբեկվում է իսլամական մեկ այլ պետություն։ 
Թուրք-ադրբեջանական քարոզչությունը ոչ այլ ինչ է, քան անսահմանության ձգտող դատարկություն։ Դատարկությունն էլ գալիս է այդ երկրների ղեկավարների դատարկամտությունից։ Սա այն դեպքն է, երբ իրականությանը շիտակ նայելու և իրերն իրենց անուններով կոչելու համարձակության բացակայությունն իսկական փորձանք է դառնում տիրապետող վարչակարգի գլխին։    
 
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ