[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՐՑԱԽԻ ՇՈՒՐՋԸ ԿԿԵՆՏՐՈՆԱՑՆԵՆՔ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆԵՐՈՒԺԸ՚

Խոստանում են Արցախի դաշնակցականները
Մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ շարունակվում են Արցախի դաշնակցականների հանդիպումները ընտրողների հետ:  Օրերս կուսակցության համամասնական ցուցակի առաջատարները Մարտունու շրջանում էին: 
 

Ունենք անցյալ, ներկայից շատ չենք գոհ, առաջարկում ենք լուսավոր ապագա: Փաստերի ու խոստումների այս տրամաբանությամբ է ընտրողների հետ հանդիպումներին ներկայանում Դաշնակցությունը:

Խաղաղություն, արդարություն, աշխատանք. կուսակցության նախընտրական կարգախոսն է: Խոստանում են՝ նույնը կլինի նաեւ առաջիկա տարիների աշխատանքի ոճը: Արցախի դաշնակցականները խոսում են նաեւ կուսակցության աշխարհասփյուռ կառույցների անունից: Արցախն ու Դաշնակցությունը բնական դաշնակիցներ է համարում ԱրՊՀ դասախոս Վահրամ Բալայանը եւ վստահեցնում՝ Արցախյան հարցը Դաշնակցության առաջնահերթ խնդիրների շարքում է.ՙԵթե հաջողություն ունենանք այս ճակատում, դա կնպաստի նաեւ այլ ուղղություններում մեր հաջողություններին՚:

Եկել են հիմնավոր խոստումներով եւ գիտեն, թե որտեղից են գտնելու այդ խոստումները կյանքի կոչելու համար անհրաժեշտ միջոցները. ընտրողների հետ հանդիպումներում վստահեցնում են դաշնակցական գործիչները: Չեն թաքցնում՝ շատերի մոտ կարծրացած համոզմունք կա, թե Դաշնակցությունը պատերազմի կուսակցություն է: ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հակադարձում է՝ պարզապես պատմական զարգացումներն են կուսակցությանը ստիպել լինել այնտեղ, որտեղ ազգի ճակատագիրն է որոշվում: Այսօր էլ այդ խնդիրն Արցախում կա: Սակայն սահմաններն ամուր պահելուց ոչ պակաս կարեւոր են համարում երկրի բազմակողմանի զարգացումը: Այսօր երկու տասնամյակ առաջ ազատագրված հայրենիքը շենացնելու հարցն է օրակարգում: Դա միայն արցախցիների գերխնդիրը չի համարում Արթուր Աղաբեկյանը. ՙԱյսօր Արցախում 150 հազար բնակիչ ունենք: Սա ընդամենն այս հողի համար պատվո պահակ ենք համարում: Իսկ երկիրը զարգացնելու համար պետք է կարողանանք համահայկական ներուժը նպատակային օգտագործել՚: Դաշնակցական գործիչները կուսակցության նախընտրական ծրագրին են հղում կատարում: Այն կազմել են հենց այդ հաշվարկով: Կազմել են ոչ միայն Արցախի, այլեւ արտերկրի մասնագետների հետ խորհրդակցելով: Արցախի դաշնակցականները Արցախի ներքին եւ արտաքին մարտահրավերների դեմ պայքարում շուրջ երեք տասնյակ երկրներում ներկայացված կուսակցության ներուժի լիարժեք օգտագործում են խոստանում: Այդ համագործակցությունը կարող է լինել ամենատարբեր ոլորտներում: Արցախի ճանաչմանն ուղղված ջանքերն արդեն տալիս են իրենց արդյունքները. երկրում  իրականացված բազմաթիվ տնտեսական ծրագրերում իրենց նշանակալի կշիռն ունեն դաշնակցականները: Սակայն հնարավոր է անել ավելին: Վստահեցնում են, որ կանեն, եթե մայիսի 3-ին ստանան արցախցիների վստահության քվեն:
Այսօր առաջնահերթությունների հարցում կողմնորոշվելու խնդիր կա:  Մտահոգությունը ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը Աշանում կայացած հանդիպման ժամանակ է բարձրաձայնում եւ հիշեցնում՝ ժամանակին Դաշնակցությունը դա կարողացել է. ՙԵթե հիշում եք՝ հուսահատության մի պահ էլ 1990-ական թվականներին ենք ունեցել: Այն ժամանակ էլ Դաշնակցությունն ապացուցեց, որ ինքը դժվար պահերին կարողանում է ճիշտ կողմնորոշվել: Դա կարող ենք անել նաեւ այսօր՚:
Քարոզարշավը շարունակվում է: Արթուր Աղաբեկյանը կոչն ընտրողներին է ուղղում: Պատգամավորության թեկնածուների լիազրություններն է հիշեցնում եւ հորդորում՝ թեկնածուներին պահանջներ ներկայացրեք միայն այդ լիազորությունների շրջանակներում. ՙՊատգամավորը ՙհարց լուծող՚ չէ: Պատգամավորն առաջին հերթին պետք է ժողովրդի կապն ապահովի գործադիր իշխանության հետ, ժողովրդին հուզող հարցերը բարձրացնի համապատասխան մակարդակներում եւ հետամուտ լինի դրանց արդարացի լուծմանը: Դրանից ավելին խոստացողը կամ ժողովրդին է խաբում, կամ իր պատգամավորական լիազորությունները պետք է գերազանցի՝ իր խոստումները կատարելու համար՚:
 
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ