[ARM]     [RUS]     [ENG]

ՇԱՀԵԼՈՒ ԵՆ ԵՐԿԻՐՆ ՈՒ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

ԼՂՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ապրիլի 22-ին ՙՎալեքս արդեն՚ հյուրանոցային համալիրի կոնֆերենց դահլիճում  տեղի ունեցավ  Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ, պատգամավորության թեկնածու Աշոտ Ղուլյանի հանդիպումն Արցախի ազատամարտիկների միության Ստեփանակերտի տարածքային միավորումների ներկայացուցիչների հետ։ 
Ողջունելով ներկաներին, համամասնական  ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Ժաննա ալստյանը մոտալուտ ընտրությունները որակեց  որպես կարևորագույն պետական իրադարձություն։ Նրա բնորոշմամբ՝ յուրաքանչյուր համապետական ընտրություն մի նոր բարձունքի գրավում է ի հեճուկս այն հակառակորդի, որը բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով փորձում է չճանաչել, չընդունել մեր պետության գոյությունը։ 
Ելույթ ունենալով ընտրողների առջև՝ պատգամավորության թեկնածու Ա. Ղուլյանն իր համար մեծ պատիվ համարեց հանդիպումն ազատամարտիկների հետ և վստահություն հայտնեց, որ նրանք քաջ գիտակցում են կարևորագուն քաղաքական իրադարձության անհրաժեշտությունը։ Նա նաև վստահություն հայտնեց, որ հերթական ընտրություններն էլ անցնելու են ազատ, արդար, թափանցիկ, ներքին համերաշխության մթնոլորտում։ Ապա Ա. Ղուլյանը ներկայացրեց կուսակցության անցած ուղին, այն պատասխանատվությունը, որ կրել է օրենսդրական գործունեության ընթացքում՝ ստանձնելով պատասխանատվություն երկրի ու ժողովրդի հանդեպ։ Բանախոսի հավաստմամբ, միշտ ձգտել են երկրի նավը  հետ պահել ցնցումներից։ Նա խոսեց նաև  պրոֆեսիոնալ պառլամենտի առանձնահատկությունների  մասին։  Նրա խոսքերում ուրվագծվեցին խորհրդարանական օրենսդիր աշխատանքով զբաղվող պատգամավորների հիմնական առաքելությունը, իսկ այդ առաքելության հիմքը, ըստ նրան, պիտի կազմի ժողովրդավարական, ազատ, ինքնիշխան երկրի տեսլականը։
Այնուհետև Ա. Ղուլյանը ներկայացրեց իրենց կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթները և որպես կարևոր շեշտ հրապարակեց կուսակցության համամասնական ցուցակը, որոնք, ըստ Ա. Ղուլյանի՝ Արցախում ճանաչված, հարգված մարդիկ են ու խոստումնալից երիտասարդներ։ Իսկ ինչ վերաբերում է իր անձին, ապա ինքը ձգտել է ուժերի ներածին չափով օգտակար լինել օրենսդրական դաշտի ձևավորմանը։ Նա նշեց նաև, որ խորհրդարանական աշխատանքները կոլեկտիվ ջանքեր են պահանջում, իսկ իրենց թեկնածուները հենց միասնական, կոլեկտիվի աշխատանքի պատրաստ մարդիկ են։
Ներկայացնելով նախընտրական 7 բաժիններից կազմված ծրագրի բովանդակությունը՝ Ա. Ղուլյանն ասաց, որ իրենք միշտ ուշադրության կենտրոնում են պահել  ազատամարտիկների, զինծառայողների   և նրանց ընտանիքների հիմնախնդիրները, և ընտրվելու դեպքում էլ այն մնալու է իրենց համար որպես առանցքային հարց։ Նա անդրադարձավ նաև հակառակորդ երկրի պահվածքին, յուրաքանչյուր  հաջողված ընտրության ժամանակ նրա ջղաձգումներին և կոչ արեց ակտիվորեն  ու միաբանված մասնակցել հերթական ընտրություններին, քանզի ըստ նրա՝ կազմակերպված ընտրություններից շահելու են երկիրն ու ժողովուրդը։ Արցախի ազատամարտիկների կողմից հնչեցին տարաբնույթ հարցեր։ Հանդիպումն ավարտվեց հաճելի նորության ազդարարմամբ։ ԱԺԿ-ն վերջերս դարձել է Եվրոպայի ազատ դաշինքի ասոցիացիայի անդամ, որի համար կուսակցությունը շատ ջանքեր է թափել, իսկ վերջինս նոր փուլ է բացում կուսակցության գործունեության համար։
 
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ