[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ՝ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՎԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Ամեն անգամ, երբ Արևմուտքը  ժողովրդավարության դասեր է տալիս Ադրբեջանին՝ ի ցույց դնելով գործող իշխանությունների քաղաքականության հակաժողովրդական բնույթը, ալիևյան վարչակարգն իր հերթին ակտիվացնում է ռազմատենչ հռետորաբանությունը՝ բացելով ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու հոխորտանքների շարանը։ 
Ու չնայած միջազգային հանրության և, մասնավորապես, հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջնորդների վրա նման հռետորաբանությունը ոչ մի ազդեցություն չի ունենում, մեր հարևանները, այդուամենայնիվ, գտնում են, որ դա է երկրի ներքին խնդիրներից ժողովրդին շեղելու միակ ճանապարհը։ Կյանքը, սակայն, ցույց տվեց, որ քաղաքական նման հաշվարկն իրեն չի արդարացնում, և, բացի այդ, Ադրբեջանին պետք է զգաստության ու ողջախոհության կոչեն երկու տասնամյակ առաջ տեղի ունեցած իրադարձությունները։ Սեփական ապագան վտանգելն առհասարակ մեծ հիմարություն է, մանավանդ երբ հավակնում ես անհավանականին։ 
Վերոհիշյալ տրամաբանությունն անհասկանալի է Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովին։ Եվ քանի որ անհասկանալի է, նա իրեն թույլ է տվել միջազգային հանրությանն իրազեկել ուժի դիրքից ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու պաշտոնական Բաքվի ՙպատրաստակամության՚ մասին։ Մարդը մտածել է, որ այդ հանրության  քննադատությունից խուսափելու համար անհրաժեշտ է  նոր մոտեցումներ ցուցաբերել, և որոշել է օգնության կանչել միջազգային իրավունքին։ Այստեղից էլ սկիզբ են առել նրա զավեշտալի մտքերը։ Միջազգային իրավունքը, ասել է Հասանովը, Ադրբեջանին թույլ է տալիս ռազմական ճանապարհով ազատագրել իր հողերը, և եթե բոլորն անգործության մատնվեն, ապա Ադրբեջանը կարող է օգտվել իր այդ իրավունքից։ Մեզ ծանոթ հռետորաբանության մի նոր շեշտադրում. եթե նախկինում ադրբեջանական քաղաքական միտքն ասում էր, թե միջնորդները հավուր պատշաճի չեն զբաղվում հիմնախնդրի կարգավորմամբ, հետևաբար, իրենք պատրաստ են պատերազմի միջոցով լուծել այն, ապա այժմ գյուտ արածի պես հայտարարում են, թե միջազգային իրավունքը թույլ է տալիս իրենց գնալ նման քայլի։ Ընդունենք ի գիտություն. ադրբեջանական ՙբարձրակարգ՚ ուղեղները հանդես են գալիս նոր գաղափարներով։ 
Քանի որ ռազմատենչ հռետորաբանությունը թիմային աշխատանք է ենթադրում, ուրեմն, դրանում պետք է ներգրավված լինեն ադրբեջանական իշխանական հիերարխիայի բոլոր աստիճանների ներկայացուցիչները՝ ամենաբարձրից մինչև ցածրը։ Տեղեկատվական աղբյուրներն արդեն տարածել են նախագահ Իլհամ Ալիևի՝ հայկական կողմին ուղղած հերթական հոխորտանքը. եթե չեք ուզում սպանվել, հեռացե՜ք Ադրբեջանի հողերից։ Ադրբեջանի նախագահի կարծիքով՝ իր երկրի տնտեսական, քաղաքական, ռազմական հզորությունը հնարավորություն է տալիս հասնել բաղձալի նպատակին։ 
Նախագահն իր խոսքը փոխանցել է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին։ Վերջինս կրկնել է Ալիևի ծամծմած արտահայտությունները, և դեռ մի բան էլ ավել խոստացել. Ադրբեջանը պատրաստ է ոչ միայն հետ վերադարձնել տարածքները,  այլև դա անել կարճ ժամկետում։ Այս հայտարարությունը  նա արել է բանակի զորամասերից մեկում՝ համոզմունք հայտնելով, որ ադրբեջանական մարտական դրոշները ծածանվելու են Լեռնային Ղարաբաղի և ՙօկուպացիայից՚ ազատված այլ շրջանների վրա։  
Հայերը մեծ կորուստներ են կրում, նրանց ձեռնարկած գործողությունները ձախողվում են, բանակում կարգուկանոն չկա, իսկ դա թույլ կտա շատ շուտ ՙազատագրել՚ ադրբեջանական հողերը. սա  է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զ. Հասանովին այցելած վերջին տեսիլքը։    
Հասանովը սեփական երկրի ռազմական հզորությունը գովերգելուց հետո նաև քաղաքական հայտարարություն է արել՝ ասելով, թե իրենք երբեք թույլ չեն տա, որ ՙադրբեջանական հողերում՚ երկրորդ հայկական պետություն ստեղծվի։ Իբր առաջինին թույլ են տվել, իսկ երկրորդին կարող են թույլ չտալ։
Ադրբեջանի նախագահն իր փոխվարչապետի և պաշտպանության նախարարի հետ միասին իրականությանը նայում են վարդագույն ակնոցներով, խոսում այնպիսի բաների մասին, ինչից իրենք  զուրկ են։ Տեղին է, թերևս, հիշեցնել ՀՀ նախագահ և  հայկական զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի՝ ադրբեջանական ռազմատենչ հռետորաբանությանը տված գնահատականը, որը հնչեց ս.թ. հունվարին, Հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին։ Իր ելույթում նախագահը նշել է, որ պաշտոնական Բաքուն փորձում է բոլորին ցույց տալ, թե շատ բան կարող է անել, եթե չբավարարվեն իր քմահաճույքները, առանց հասկանալու, առանց լրջորեն վերլուծելու, թե ինչ  սարսափելի հետևանքներ կարող է ունենալ այդ ամենը հենց իր համար։ Երբեմն Ադրբեջանին թվում է, թե եկել է իր աստեղային ժամը, և նա անմիջապես իրեն ցույց է տալիս առաջին գծում։ Իզուր, շատ իզուր, շարունակել է ՀՀ նախագահը, քսանհինգ տարի առաջ ադրբեջանական ախորժակը մենք տեսել ենք. ինչպես էին նրանք սպառնում Ստեփանակերտում ադրբեջանական դրոշ ծածանել, իսկ Շուշիի ազատագրումից հետո ասում էին, թե կարճ ժամանակում այդ քաղաքում թեյ են խմելու։ Հայ ժողովուրդն այդ ամենը տեսել է, բայց չի հոխորտացել, պարզապես մարտի դաշտում իր գերազանցությունն է հակառակորդին պարտադրել։    
Ադրբեջանի նման վարքագծի նկատմամբ, անշուշտ, կարևոր է արտաքին աշխարհի վերաբերմունքը։ Այս առումով հարկ է նշել, որ միայն հայկական կողմը չէ, որ հակադարձում է ադրբեջանական հռետորաբանությանը. միջազգային հանրությունը ճգնում է համոզել այդ երկրի քաղաքական վերնախավին` փոխել ժամանակին ոչ համահունչ կեցվածքը։ 
Ադրբեջանական ՙԹուրան՚ գործակալությունն օրերս իրազեկեց մի ուշագրավ նորության մասին. ամերիկացի փորձագետների, քաղաքական գործիչների և ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների մի մեծ խումբ բաց նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին, որում տագնապ է արտահայտել Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացման կապակցությամբ։ Մասնավորապես նշվում  է, որ շարունակում են աճել լրագրողների, իրավապաշտպանների և ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները, որ Ադրբեջանում ներկա դրությամբ քաղբանտարկյալները երկու անգամ ավելի շատ են, քան Ռուսաստանում և Բելառուսում՝ միասին վերցրած։ Նամակի նախաձեռնողներին լուրջ անհանգստություն է պատճառում ադրբեջանական բարձրաստիճան կառավարական պաշտոնյաների հակաարևմտյան կեղտոտ արշավը, որը վտանգում է ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների ապագան, ինչպես նաև կասկածի տակ է դնում Ադրբեջանի հավատարմությունը միջազգային այն պարտավորություններին, որոնք նա ստանձնել է ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի և այլ կառույցների առջև։
Միաժամանակ, Պետքարտուղարության ուշադրությունը սևեռվում է Ադրբեջան պետության միջազգային վարկանիշի վրա, որն արտացոլում է ոչ թե նրա զարգացման մակարդակը, այլ պայմանավորված է բացառապես բնական ռեսուրսներով։ Երկար տարիներ Ադրբեջանի՝ որպես էներգառեսուրսներ մատակարարող և ահաբեկչության դեմ պայքարում գործընկերոջ նշանակությունը գերակշռել է այդ երկրում մարդու իրավունքների ողբերգական վիճակի նկատմամբ ուշադրությանը, ընդգծել են նամակագիրները և ավելացրել, որ ներկա դրությամբ նման մոտեցումն իրեն սպառել է։ Այս տարվա վերջին ակնկալվելիք խորհրդարանական ընտրություններին իրավիճակը միայն կվատթարանա, եթե Արևմուտքը վճռական քայլեր չձեռնարկի։ Իսկ այդ քայլերից մեկը Ադրբեջանին անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու կոչ անելն է։  
Նամակն ստորագրածների թվում են ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով նախկին օգնականներ,  Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպանը, Freedom House-ի ղեկավարը, Ժողովրդավարության և Արևելյան Եվրոպայի ինստիտուտի տնօրենը, ադրբեջանցի և ամերիկացի հայտնի գործիչներ։  
Նամակի հղումն, ինչ խոսք, քաղաքական նպատակ է հետապնդում։ Նախևառաջ, վկայում է, որ արտերկրում ապրող, բայց սեփական երկրի ճակատագրով մտահոգ  ադրբեջանցի մտավորականներն իրենց հուզող խնդիրների մասին կարողանում են բարձրաձայնել երկրի սահմաններից դուրս, և երկրորդ՝  Ադրբեջանում ամերիկյան ժողովրդավարության հաստատման ակնարկ է արվում։ Ակնարկ ասելը քիչ է, սա նույնիսկ ալիևյան վարչակարգին ուղղված մարտահրավեր է։
Եզրահանգումը պարզ է. նոր ազդանշաններ են հասնում Բաքու՝ տիրապետող կլանին հասկանալ տալու, որ քաղաքակիրթ  հանրությունն ալիևյան կլանից պահանջում է կատարել միջազգային կառույցների առջև ստանձնած պարտավորությունները, միաժամանակ լիովին սպառված է համարում Ադրբեջանի՝ որպես էներգակիր պետության դերակատարությամբ պայմանավորված քաղաքականությունը։ Նաև սպառված է համարում գործող վարչակարգի ռազմատենչ հռետորաբանությունը, որը, միջազգային ընկալմամբ, ոչ այլ ինչ է, քան այդ նույն վարչակարգի ինքնապաշտպանության մի յուրահատուկ ձև։
 
 
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ