[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 27 Դեկտեմբերի 2018

ՍՊԱՍԵԼՈՎ ՇԱԽՄԱՏԻ ՆՈՐ ԱՐՔԱՅԻՆ

Դեկտեմբերի 1-ին լրացավ շախմատի հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցի հիմնադրման 35 տարին: Արցախցիները վաղուց էին երազում նման դպրոց ունենալ: Սակայն Ադրբեջանի խտրական քաղաքականությունն այստեղ էլ իր սև գործն անում էր.   բոլոր շրջաններում ու քաղաքներում կային շախմատի դպրոցներ, բացի  Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզից:


 Թե ինչպիսին էր շախմատային կյանքն Արցախում և ինչպես հաջողվեց այստեղ բացել շախմատի դպրոց, մեզ պատմեց նրա հիմնադիր- տնօրեն, ԱՀ վաստակավոր մարզիչ Երվանդ  ՄԿՐՏՉՅԱՆԸ:Նրա խոսքով` Արցախում շախմատը միշտ եղել է սիրված մարզաձև: Խաղում էին տներում, ընկերական շրջապատում, հիմնարկ-ձեռնարկություններում, գործարաններում, շրջկենտրոններում, գյուղերում, խմբակներ էին գործում դպրոցներում, Պիոներների տանը: 1935թ. Անդրկովկասում ընտանիքների միջև անցկացված շախմատի առաջնությունում 1-ին տեղը գրավել է Ստեփանակերտից Կարաբեկովների ընտանիքը, որը համամիութենական առաջնությունում զբաղեցրել է 2-րդ տեղը: 

Անցյալ դարի 50-ական թվականներին, շնորհիվ Ստեփանակերտի պիոներների տանը գործող շախմատի խմբակի, շախմատը մարզում մեծ մասսականություն էր վայելում: Այն վարում էր քաղաքի առողջապահության բաժնի վարիչ Գրիգորի Գրիգորյանը: Նրա սաներից շատերը հետագայում դարձան կարգային շախմատիստներ, մարզի չեմպիոններ, որոնց մի մասն իր հիմնական զբաղմունքը զուգակցում էր  մարզչական աշխատանքի հետ: Հետաքրքիր է, որ մարզի ճանաչված մի շարք բժիշկներ, ինժեներներ, մանկավարժական ոլորտի պատասխանատուներ սիրով պարապում էին երեխաների հետ` այդ կերպ լրացնելով շախմատի դպրոցի բացակայությունը:  

Հատկապես Տիգրան Պետրոսյանի` աշխարհի չեմպիոն դառնալուց հետո, ողջ հայության շրջանում շախմատային բում էր սկսվել: Երվանդ Մկրտչյանը հիշում է, թե  Ստեփանակերտի շախմատի ակումբի հարակից տարածքում հավաքված շախմատասերներն ինչպես էին հետևում Տիգրան Պետրոսյանի խաղի ընթացքին: Մեծ խաղատախտակ էր տեղադրված,  որի վրա ցուցադրվում էին խաղացողների քայլերը: Այն ժամանակ տեխնիկապես հնարավոր չէր ուղիղ կապով հետևել խաղի ընթացքին: Շախմատասերները գնում էին Գորիս, իմանում, լուրը հասցնում Ստեփանակերտ: Նրանցից էր շախմատի մարզիչ Էռնեստ Պետրոսյանը: Ե. Մկրտչյանից առաջ էլ նա նույնպես պայքարում էր Ստեփանակերտում շախմատի դպրոց բացելու համար, բայց չէր կարողանում հանդիպել կուսակցության մարզկոմի 1-ին քարտուղար Բ. Կևորկովին, որպեսզի նրան ներկայացներ իր առաջարկությունները: 

Այդ կապակցությամբ մի այսպիսի զավեշտալի պատմություն կա: Կևորկովի հետ հանդիպելու անհաջող փորձերից հետո Պետրոսյանը որոշում է տանը ՙբռնացնել՚ նրան: Երեկոյան գնում, ծեծում է Կևորկովի տան դուռը: Դուռը բացում է մարզկոմի առաջին քարտուղարի կինը: Է. Պետրոսյանը նրան ասում է. ՙծՈՎ ՍՏՐՏսպՉՈ վպ վցՋվՈ, վՈՎ վցՋպվ ՍՏՐՏսՖ՚: Նման հանդգնություն համար Է.Պետրոսյանին մեկամսյա կալանք են նշանակում: 

Մեր զրույցի ընթացքում Երվանդ Մկրտչյանը պատմեց, թե ինչպես է իրեն հաջողվել Արցախում շախմատի դպրոց բացել: Ստեփանակերտի պրոֆտեխուսումնարանում, որտեղ ինքը վարպետ էր աշխատում և  հետագայում` հ. 5 դպրոցում, որտեղ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ էր,  նա շախմատ է պարապել սովորողների  հետ, մրցաշարեր անցկացրել սովորողների միջև: Նրա խումբն առաջին տեղն է գրավել մարզում և իրավունք ստացել մասնակցելու ՙՍպիտակ նավակ՚ համամիութենական փառատոնին, որն Ադրբեջանում է անցկացվել` այդ տարիներին մեծ ճանաչում ունեցող Գարի Կասպարովի պատվին:  

Փառատոնին նաև մարզիչներն էին մասնակցում: Առաջին տեղը գրավել էր Ե.Մկրտչյանը, բայց տվել էին երկրորդ տեղ, ինչպես հաճախ էին վարվում հայերի հետ Ադրբեջանում: Թիմային հաշվարկով առաջին տեղը գրավել էր Ուկրաինան,  երկրորդ տեղը` Հայաստանը, երրորդ տեղը` Ադրբեջանը: Ադրբեջանաբնակ մի լեզգի տեղեկացրել է, որ փառատոնի կազմակերպիչներն անարդար են վարվել. 1-ին տեղը զբաղեցրած թիմի անդամներին  պարգևատրել են  էժանագին  ռադիոյով, 2-րդ տեղ գրաված Հայաստան թիմին` ավելի էժան շախմատով, իսկ երրորդ  տեղում գտնվող Ադրբեջանին` թանկարժեք բյուրեղապակյա գավաթներով: 

1983թ. դեկտեմբերի 1-ին Ե. Մկրտչյանը նշանակվեց շախմատի դպրոցի  տնօրեն ու ձեռնամուխ եղավ  կազմակերպական աշխատանքներին. ՙՄարզկենտրոնում ու շրջաններում  ինչքան կարգային  շախմատիստներ կային, մոբիլիզացրինք: Վիրաբույժ  Սարգսյան էդիկն էր` մարզի չեմպիոնը, Բաղրյան Վարդգեսը, Կարմիր Շուկայից Մարատ Սահակյանը, Հադրութից Գեորգի Ավանեսյանը և ուրիշներ: Այդպես թիմ հավաքեցի, բայց, ցավոք, չհասցրինք շենքի նախագծումն իրականացնել. դեկտեմբերին քաղլուստան շենքը մեզ տրամադրեցին, իսկ ապրիլին հրահանգեցին ազատել շենքը` Ազիզբեկովի թանգարան բացելու նպատակադրությամբ: Քաղկոմի առաջին քարտուղարին խնդրեցի  թույլատրել մայիսյան տոներից հետո դուրս գալ,  չհամաձայնվեց, ասաց`վերևից եկած հրաման է՚: 

Դպրոցը սկզբում տեղափոխեցին Արմենավան թաղամաս` տրամադրելով մանկապարտեզի շենքի մի մասը, այնուհետև տեղ հատկացրին  ներկայիս քաղաքապետարանի շենքի դիմաց գտնվող գրախանութում, հետո` Պիոներների տանը: Անհրաժեշտություն առաջացավ ստեղծել շախմատի ֆեդերացիա: Ե. Մկրտչյանն առաջարկեց ֆեդերացիայի նախագահ նշանակել ԱՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանին: Ներկայիս Շախմատի տունն այն ժամանակ հանդիսանում էր էլեկտրատեխնիկական գործարանի ակումբը: Նրա տնօրենը` Ալբերտ Սեյրանյանը, լավ շախմատիստ էր, և գործարանի աշխատողները երեկոները հավաքվում էին այդտեղ շախմատ խաղալու: Ե. Մկրտչյանը շախմատի ֆեդերացիայի նախագահին առաջարկեց ակումբը դպրոց դարձնել: Դա 1991-92 թվականներին էր: Բացումն էլ արեցին, թեպետ Արցախի համար ծանր ժամանակներ էին: 

Բայց շուտով պարզվեց, որ ակումբը հարմար չէր դպրոցի համար, դասարաններ չկային: Այն ավելի շատ միջոցառում անցկացնելու տեղ էր: Ի՞նչ անել: Ստիպված էին պարապմունքներն անցկացնել հանրակրթական դպրոցներում:  

Պատերազմի տարիներին շախմատի դպրոցը չի դադարեցրել գործունեությունը: Ե. Մկրտչյանը հիշում է, երբ բացվեց ճանապարհը, դպրոցի սաները մասնակցեցին Երևանում անցկացվող մրցումներին: Այնտեղ զարմացել էին, որ արցախցի երեխաները հաղթում են  կարգային շախմատիստներին: 

Պատերազմի ժամանակ դպրոցը հանգրվանել էր ռմբակոծությունից ավերված  Պիոներների տանը: Ե. Մկրտչյանը պատմեց մեկ այլ դրվագ ևս.  1992թ. փետրվարին` Արցախյան պատերազմի դժվար օրերին, Բաքվի ռադիոն հաղորդում է, որ Ստեփանակերտում մարդ չի մնացել, բոլորը փախել են,  և կոչ է անում իրենց զինվորներին գնալ Ստեփանակերտը գրավել: Այդ մասին տեղեկանալով` Ե. Մկրտչյանը հայտնում է սպորտվարչության պետ Գեորգի Շահրամանյանին և խնդրում հանրապետության տղամարդկանց միջև շուտափույտ շախմատի անհատական առաջնություն անցկացնել, որպեսզի Բաքվում և, առհասարակ, ամենուր բոլորն իմանան, որ Ստեփանակերտում կյանքը  բնականոն հունով է ընթանում: Այդպես էլ անում են:

Խորհրդային տարիներին շախմատի դպրոցը 8 անգամ փոխել է հասցեն, մինչև որ   2003թ. պատանի շախմատիստներին տրամադրվեց նորակառույց շենք: Այսօր այստեղ հաճախում է 300-ից ավելի երեխա, պարբերաբար անց են կացվում մրցաշարեր, իսկ 2011-ից, երբ շախմատը մտցվեց հանրակրթական ծրագիր, ավելի մեծացավ դպրոցականների հետաքրքրրությունն այս մարզաձևի նկատմամբ: Շրջաններում գործում են նաև մասնաճյուղեր: Դպրոցն այսօր ղեկավարում է նրա շրջանավարտներից Հակոբ Ավագյանը: 35-ամյակի կապակցությամբ այս օրերին այստեղ անցկացվում է մրցաշար մինչև 10 տարեկան երեխաների միջև: 

 ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության շախմատի հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցը  տվել է լավագույն շրջանավարտներ, որոնք հետագայում դարձել են գրոսմայստերներ, որոնցից են միջազգային  մրցաշարերի հաղթող  Հովիկ Հայրապետյանը, մինչև  18 տարեկանների կատեգորիայում Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Մանուել Պետրոսյանը: Վերջինս այս օրերին Իսպանիայում մասնակցում է միջազգային մրցաշարի և առաջատարների շարքում է: 

Արցախը և ողջ հայ ժողովուրդը սպասում է շախմատի իր նոր արքային: 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

ՙԻՄ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՆՎԻՐՈՒՄ ԵՄ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ՚

Ստեփանակերտում  դիմավորել  են  Եվրոպայի  քառակի  չեմպիոն Արթուր  Առուշանյանին


 Ստեփանակերտի  Ստեփան   Շահումյանի    անվան  օղակաձև  պուրակում  դեկտեմբերի 12-ին հանդիսավորությամբ են  դիմավորել կիոկուշին կարատե դո մարզաձևի  սև գոտի երրորդ դան, աշխարհի  կրկնակի  և  Եվրոպայի  քառակի    չեմպիոն   Արթուր  Առուշանյանին։

Դեկտեմբերի   6-10-ը  Բուլղարիայի  Վառնա  քաղաքում  անցկացված    մեծահասակների  Եվրոպայի  առաջնությունից   վերադարձած   չեմպիոնին  դիմավորել  են  բուռն ծափահարություններով  և   ԱՀ   կիոկուշին կարատե դո  ֆեդերացիայի   կողմից   հանձնել     դափնեպսակ։

Ինչպես տեղեկացրեց Արթուր  Առուշանյանը,  Վառնայում,  մեծահասակների Եվրոպայի  առաջնությանը   զուգահեռ,   տեղի  է  ունեցել  նաև  Պատանիների  աշխարհի  առաջնություն, որին   Հայաստանի  հավաքականը   ներկայացրել  է   20  մարզիկ, այդ  թվում  9-ը՝  Արցախից։ ՙԵվրոպայի  առաջնությանը  մասնակցել է 27  երկրի  200  մարզիկ։    Ինքս  ունեցել  եմ  երեք  մենամարտ։ Առաջին  մրցակիցս   եղել  է     հունգարացի, երկրորդը՝  բուլղարացի,  իսկ    եզրափակչում  մենամարտել  եմ   վրացու  հետ։ Եզրափակչում   ՙպտույտ՚   հարվածով կարողացա  նոկդաունի  ենթարկել  վրացի  մարզիկին  և  զբաղեցնել  առաջին  մրցանակային  տեղը՝  արժանանալով ոսկե  մեդալի  և  գավաթի։  Առաջնությանը   պարգևատրվել  եմ  նաև  լավագույն  կամքի  ուժի  դրսևորման  համար։  Իմ  հաղթանակը  նվիրում  եմ  համայն  հայությանը՚: 

Նա նաև ավելացրել  է, որ   ինքն  անասելի հպարտություն է   ապրել, երբ   պատվոհարթակին  բարձրացվել  է  Հայոց եռագույնը և  հնչել  օրհներգը։ 

Խոսելով  առաջիկա  ծրագրերի  մասին՝  մեր  զրուցակիցն իրազեկել է, որ  պատրաստվում  է  2019  թվականի  ապրիլին  Հայաստանում  կայանալիք կիոկուշին   կարատե  դո  մարզաձևի   միջազգային   մրցաշարին։

Վեհանուշ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ՙՌՈՒՍ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՆԵՐԻ ՍԱԴՐԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ՚

ԼՂՀ ռուսական համայնքը


 Անդրկովկասում առաջին ռուս վերաբնակիչները հայտնվեցին 19-րդ դարի 30-ական թթ., երբ ցարիզմն այդ տարածքը դարձրել էր այն հիմնական շրջաններից մեկը, որտեղ աքսորվում էին գեղջուկ հերձվածողներն ու աղանդավորները։ Հենց այդ ժամանակ Կովկասյան կորպուսի հրամանատար գեներալ Ի. Ֆ. Պասկևիչ-Էրիվանցին հրաման է տալիս, որ Անդրկովկաս աքսորվող բոլոր ՙդուխոբորներին ու այլ աղանդավորներին՚ բնակեցնեն Ղարաբաղի գավառում։ Եվ ահա 19-րդ դարի 30-ական թվականների սկզբին Դոնից 40 ընտանիք բնակություն է հաստատում Ղարաբաղում։

1833թ. առաջին ռուս բնակավայրը դարձավ Կարյագինո (նախկին Կարաբուլաղ) գյուղը՝  213 բնակչով, նրանց թիվը ժամանակի ընթացքում հասավ 700-ի։

Սակայն Անդրկովկասում ռուսներին վերաբնակեցնելու հարցում ցարիզմի ինքնակալության  քաղաքականությունը զգալիորեն ձևափոխվեց։ 19-րդ դարի 50-ական թթ. վերաբնակեցման քաղաքականությունն սկսվեց իրականացվել համակայսերական մասշտաբով` ՙայնտեղ ռուսական տերության ամրապնդման և կայսրության հետ երկրամասի ձուլման՚ նկատառումներով։ Այսպես, Վրաստանում ռուսական զորքերի գլխավոր հրամանատարի պաշտոնն զբաղեցնող և Կովկասում ռազմական ու քաղաքացիական իշխանությունը ղեկավարող Ա.Պ. Երմոլովի կարգադրությամբ, ամենուրեք ստեղծվեցին շտաբ-կայաններ և դրանց կից տնտեսություններ, այդ թվում և Ղարաբաղում՝ Շուշիի մոտ։ Սակայն Ա.Պ. Երմոլովի նախագծի իրագործումը չէր կարող էական արդյունք տալ. ժամանակի հետ ոչ մեծ շտաբ-կայանների զինվորական և կիսազինվորական բնակչությունն անխուսափելիորեն պետք է ցրվեր, քանի որ, ծառայությունը վերջացնելուց հետո, նրանք մեկնում էին հայրենիք։ Միակ նման բնակավայրը պահպանվել էր ներկայիս Ստեփանակերտի տարածքում։ Ելիզավետպոլի նահանգում ռուսական բնակավայրերի բնութագրերը կազմող Ի. Լ. Սեգալն այս բնակավայրը հետևյալ կերպ է նկարագրում. ՙԲնակավայրը (ավելի շուտ՝ բնավայրը) ձևավորվել է պաշտոնաթող զինվորների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներից, ովքեր, ծառայության ավարտից հետո, չցանկացան վերադառնալ հայրենիք՚։ Այսպես, Արցախում ի հայտ եկան առաջին բնակավայրերը, որտեղ հայերն ու ռուսներն ապրում և աշխատում էին միասին, ստեղծում համատեղ ընտանիքներ։ Ռուսական մշակույթն ու ռուսերենը դարձան Արցախի հայերի կյանքի օրգանական մասը և` հակառակը։ Ու այդպես շարունակվեց ընդհուպ մինչև 20-րդ դարի 90-ական թթ.։ 

Սակայն, ԽՍՀՄ փլուզումից հետո, օբյեկտիվ պատճառներով ռուս բնակչության թվաքանակը նկատելիորեն կրճատվեց։ Արցախյան պատերազմը, ձեռնարկությունների մեծամասնության փակվելը, սոցիալական կյանքում անկայունությունը ռուս բնակչության արտագաղթի պատճառ դարձան։ Այդուհանդերձ, այսօր Արցախի Հանրապետությունում ռուսներն իրենց թվաքանակով երկրորդ տեղն են զբաղեցնում,  իսկ 1999թ. ստեղծվեց ՙՂարաբաղի ռուսական համայնք՚ ոչ կառավարական կազմակերպությունը։ Այն ղեկավարում է Գալինա Սոմովան։ 

-Գալինա՜ Միխայլովնա, մեր թերթը բազմիցս լուսաբանել է ռուսական համայնքի գործունեությունը։ Վերջերս նրա գործունեության մեջ որոշակի պասիվություն է նկատվում։ Ինչո՞վ է դա բացատրվում։ 

-Այո, նախկինում մենք կազմակերպում էինք տարաբնույթ միջոցառումներ, հիմնականում՝ կրթամշակութային բնույթի։ Դա և՜ շարադրությունների մրցույթներ էին, և՜ ստեղծագործական երեկոներ։ Միշտ նշում էինք ռուսական տոները, բայց հետո մտածեցինք, որ ժամանակն է անցնել, ինչպես ասում են, ուրիշ մակարդակ՝ սերունդների համար ինչ-որ ժառանգություն թողնել։ Որոշեցինք ստեղծել ռուս վերաբնակիչների պատմության թանգարան-արխիվ։ Սկսեցինք նյութեր հավաքել։ Իսկ համեմատաբար վերջերս Կենտրոնական պաշտպանական շրջանի ակումբի պատի վրա փակցրեցինք ցուցանակ` գրությամբ, որ այս վայրում 1861թ. ուղղափառ եկեղեցի է եղել։

-Ի դեպ, եկեղեցու մասին։ Ձեր հարցազրույցներից մեկում մի առիթով ասել էիք, որ համայնքի բոլոր անդամների նվիրական երազանքն է ունենալ սեփական ռուսական եկեղեցի...

-Այո, ռուսական եկեղեցի կար և՜ Շուշիում, և՜ Ստեփանակերտում՝ ԿՊՇ-ի ակումբի շենքի տարածքում։ Մենք՝ ռուսական համայնքի անդամներս, նամակով դիմել էինք այն ժամանակվա Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդին, որտեղ մեր ցանկությունն ենք հայտնել` ԼՂՀ-ում կառուցել ռուսական եկեղեցի։ Ալեքսի Երկրորդը տվեց իր օրհնությունը։ Դրանից հետո խնդրանքով դիմեցի ԼՂՀ Նախագահին։ Նա խոստացավ օգնել մեզ և խոստումը կատարեց։ Ստեփանակերտի քաղաքապետարանը ռուսական համայնքին տրամադրեց 6110քառ. մ տարածք և 2010թ. հունիսի 18-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Ռուսական ուղղափառ եկեղեցու հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը։ Սուրբ Աստվածամոր տաճարի օծման կարգը կատարվեց Մոսկվայի Պատրիարքի ներկայացուցիչ Հայր Ալեքսանդրի ձեռամբ։ Ապագա եկեղեցու տեղում տեղադրվեց խաչ։ Հիշում եմ՝ այն ժամանակ Հայր Ալեքսանդրը հետևյալ խոսքերն ասաց. ՙՌուսաստանից միշտ չեն լավ բաներ գալիս, այդ թվում և այս երկիր։ Բայց ահա այն, ինչ հիմա անում ենք այստեղ, այն ինչ այս օծմամբ և տաճարի հիմնարկեքով Ռուսաստանից բերվում է այստեղ, միայն բարին է սփռում Լեռնային Ղարաբաղում բոլոր ապրող ժողովուրդների վրա։ Աղոթում եմ Աստծուն, որ այս տաճարն ընդմիշտ ծառայի ոչ միայն որպես խորհրդանիշ, պարզապես երկու ժողովուրդների բարեկամության նշան, այլև իսկապես միաբանի մեր ժողովուրդներին, մեր հավատացյալներին՚։ 

-Եվ ինչո՞ւ մինչ օրս եկեղեցու շինարարական աշխատանքները չեն սկսվել։

-Նախագիծն ու անհրաժեշտ ամբողջ փաստաթղթավորումը պատրաստ է։ Մնում է ստանալ Կիրիլ Պատրիարքի օրհնությունը։

-Գալինա՜ Միխայլովնա, դեռևս 1999թ. ընդունվել էր ՙԱրտերկրում ապրող հայրենակիցների նկատմամբ Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականության մասին՚ օրենքը։ Օրենքի շրջանակներում Ղարաբաղի ռուսական համայնքը ՌԴ-ից որևէ օգնություն ստանո՞ւմ է։

-Բացարձակապես ոչ մի օգնություն։ Մեր հանրապետության չճանաչված լինելու պատճառով չենք կարող հարաբերություններ զարգացնել այլ պետությունների համանման կազմակերպությունների հետ։ Բայց, օգտվելով առիթից, ուզում եմ ասել, որ Արցախի հանրապետության ռուսական համայնքը բաց կազմակերպություն է, միշտ պատրաստ է համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր անկեղծորեն հետաքրքրված են մեզանով։

-Ինչպե՞ս և ինչո՞վ է այսօր ապրում ռուսական համայնքը։

-Շարունակում ենք մեր հայրենակիցներին օգնել նրանց հուզող խնդիրների լուծման հարցում։ Տոնական օրերի կապակցությամբ թոշակառուներին սննդամթերքով ծանրոցներ ենք պատրաստում։ Համայնքում գործում է կիրակնօրյա դպրոց, որտեղ դասավանդվում են ռուսաց լեզու և ռուս գրականություն։

-Գալինա՜ Միխայլովնա, այսօր Կովկասից ու Անդրկովկասից հեռացող ռուսների մասին ով ասես չի խոսում՝ քաղաքական գործիչներ, տնտեսագետներ, պատահական մարդիկ։ Իսկ ռուս ազգայնականներն ընդհանրապես հայտարարում են ռուսներին պլանաչափ կերպով դուրս մղելու մասին։ Գաղտնիք չէ, որ ռուսների թիվը վերջերս կրճատվել է և մեզ մոտ։ Ինչի՞ հետ է դա կապված։

-Ամեն դեպքում դա ոչ մի կերպ չի հաստատում ռուս ազգայնականների սադրիչ հայտարարությունները։ Գոնե այն պատճառով, որ ռուս կանանցից շատերը՝ մեր կազմակերպության անդամները, հայ ամուսիններ ունեն։ Բացի այդ, ռուսների և ռուսերենի հանդեպ հարգալից վերաբերմունքն ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում մինչ օրս պահպանվում է։ Ինչ վերաբերում է արտագաղթին, ապա տարածաշրջանից բնակչության հեռանալու խնդիրն առնչվում է բոլոր ժողովուրդներին, այդ թվում և հայերին։ Դրա համար կան բազմաթիվ պատճառներ՝ գործազրկությունը, քաղաքական անկայուն իրավիճակը։

Պատճառներից մեկն էլ այն է, որ վերջին տարիներին ռուս տատիկներից շատերը մահացան, ինչը, ինչպես հասկանում եք, նույնպես անդրադարձավ համայնքի անդամների կրճատման վրա։ Հոռետեսական այս նոտայի վրա էլ ավարտվեց մեր զրույցը ռուս համայնքի նախագահի հետ։ Ցանկալի կլիներ, որ Արցախի ռուսական համայնքն աշխուժանար ու ակտիվացներ իր գործունեությունը։

 

Էվիկա ԲԱԲԱՅԱՆ

 

 

 

 

 

 

 

ՏԱՐԵՄՈՒՏԻ ԱՅՑՈՎ՝ ԶՐԱՀԱՏԱՆԿԱՅԻՆՆԵՐԻ ՄՈՏ

Սատարում հարազատ բանակին՚ կոչի նախաձեռնող խմբի համար յուրատիպ  ավանդույթի է  վերածվել  տարվա յուրաքանչյուր տոն օրվա նախօրեին լինել Պաշտպանության բանակի որեւէ  զորամասում՝ մեր սպաների ու զինվորների համար օրն այդ կրկնակի՜ տոնական դարձնելու համար: Նվերները, որ տանում ենք մեզ հետ, մեծ լինեն թե փոքր՝  հատուկ  տրամադրություն են հաղորդում  զինվորներին, մի տեսակ ընտանեկան մթնոլորտ ստեղծում։ 


 Առջեւում Ամանորն է, եւ ահա օրերս նախաձեռնող խումբը եղավ Պաշտպանության բանակի   Առանձին զրահատանկային գումարտակում։

Խմբի կազմում էին զոհված ազատամարտիկների հարազատների միության ներկայացուցիչներ, հանրապետության առողջապահության նախարարությունից, Պաշտպանության բանակից,  Ստեփանակերտի մշակույթի օջախից, ՊԲ Առանձին զրահատանկային գումարտակի նախկին զինծառայողներ:

Հանդիպեցինք եւ զրույց ունեցանք զորամասի սպայական կազմի հետ։ 

Ինչպես միշտ՝ ջերմ էին զրույցները զինվորների հետ։ Տոների կապակցությամբ շնորհավորեցինք նրանց,  հանձնեցինք նվերներ:

Համերգից հետո Միության անունից ՙՀայրենիք եւ հավատ՚ մեդալով պարգեւատրվեց  գնդապետ Ս. Սուրենյանը: 

Բարձր գնահատելով ՙՍատարում հարազատ բանակին՚ կոչի  նախաձեռնող խմբի աշխատանքը, զորամասի հրամանատար,  գնդապետ Հունան Հայրումյանը խմբի անդամներին պարգեւատրեց զորամասի պատվոգրով։ 

 

Վերա  ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԱՀ ԱԿԱՀՄ նախագահ, նախաձեռնող խմբի ղեկավար

 

 

 

ԱԱՄ-Ը՝ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԵՆԱՍՅՈՒՆՆ ՈՒ ՈԳԻՆ

Արցախի ազատամարտիկների միության գործունեությունն, ինչպես միշտ, 2018 թվականին ևս նպատակաուղղված էր մեր նորանկախ հանրապետության կայացման գործում իրենց անմնացորդ ավանդը բերած երեկվա պատերազմի մասնակիցների համախմբմանն ու հայոց պետականակերտման ուղղությամբ վերջիններիս կատարածի արժանավայել գնահատմանը։


 Անցնող տարում, Միության վարչության կողմից հաստատված աշխատանքային պլանի շրջանակում, կյանքի են կոչվել համապետական ու տեղային նշանակության բազմաթիվ ծրագրեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել պետականաշինության տարբեր ոլորտներում կազմակերպության անդամների ակտիվ ներգրավմանը։ Նրանց մասնակցությամբ բանակային ստորաբաժանումներում և հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվել են ռազմահայրենասիրական տարաբնույթ միջոցառումներ։ Միայն Միության տարածքային և համայնքային միավորումներում նմանօրինակ միջոցառումներ կազմակերպելու համար ծախսվել է 4 մլն 380 հազ. դրամի գումար։

Այս և մյուս գործընթացներին զուգահեռ Միության գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկը շարունակել է մնալ պատերազմի մասնակիցների արժանապատիվ կենսագործունեության ապահովումը, ինչն արտահայտվել է նյութական ու բարոյական օժանդակությամբ։ Մասնավորապես, 2018թ. ընթացքում բուժման նպատակով թվով 860 ազատամարտիկի ցուցաբերվել է ավելի քան 66 մլն  դրամ ընդհանուր գումարով ֆինանսական օժանդակություն, ԱԱՄ միջնորդությունների արդյունքում իրականացվել են թվով 41 ազատամարտիկների անվճար բուժումներ Պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալում։ Արցախյան գոյամարտի 1-ին և 2-րդ կարգի թվով 987 հաշմանդամներ ստացել են 49 մլն դրամի գումար։

Նշանակալի աշխատանք է կատարվել նաև ազատամարտիկների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ։ ԱԱՄ մի շարք անդամների բնակարանները նորոգելու համար Միության վարչության որոշմամբ հատկացվել է 26 մլն 237 հազ. դրամի շինանյութ։

Այս ամենին զուգահեռ անհատական հանդիպումների միջոցով ներկայացվել և պաշտպանվել են ԱԱՄ տասնյակ անդամների իրավունքներն ու օրինական շահերը դատարաններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, այլ հասարակական կազմակերպություններում։ Ներկայացվել և պետական ամենաբարձր մակարդակում իրենց կատարածի համար արժանավայել կերպով գնահատվել են բազում ազատամարտիկներ։ Վկայությունը Արցախի

Հանրապետության Նախագահի հրամանագրով տարվա ընթացքում պարգևատրված ԱԱՄ 369 անդամներն են, որոնցից 365-ն արժանացել է ՙՄարտական ծառայություն՚, իսկ 4-ը՝ ՙՇուշիի ազատագրման համար՚ մեդալների։ Նույն ժամանակահատվածում Միության վարչության որոշմամբ 162 ազատամարտիկ պարգևատրվել է ՙՀայրենյաց պաշտպան՚ մեդալով, 171-ը՝ Միության պատվոգրով, 43-ը՝ արժեքավոր նվերներով (2 մլն 352 հազ. դրամի չափով), 18-ն արժանացել է դրամական խրախուսանքի։

Առանձնահատուկ հիշատակման է արժանի Արցախի հանրային ոլորտում Միության կողմից ծավալած գործունեությունը։ Թերևս այս ուղղությամբ ձեռնարկված ամենախոշոր ծրագիրը Ստեփանակերտի ազատամարտիկների անվան պուրակի կառուցապատումն է, որի ավարտական փուլի համար ընթացիկ տարում Միության բյուջեից ծախսվել է շուրջ 301,5 մլն դրամ։ Սա թերևս մեր մայրաքաղաքի կյանքում նախադեպը չունեցող ձեռնարկում է, որի ընձեռած հնարավորությունից հավասարապես օգտվելու են բոլոր քաղաքացիները։

Բացի վերոնշյալից, Միությունը հաշվետու ժամանակաշրջանում շարունակել է մշտական սերտ կապ ապահովել ԱՀ պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների հետ։ Հատկանշական է, որ այդ հարաբերությունների շրջանակում Միությունը հանդես է եկել ոչ թե օգնություն ակնկալողի դերում, այլև իր հնարավորության սահմանում փորձել է հանդես գալ աջակցողի դիրքերից։ Ապացույցն ԱԱՄ կողմից մի շարք պետական ու ոչ պետական կառույցներին հասցեագրված հետևյալ ֆինանսական աջակցությունն է`

ԱՀ պաշտպանության բանակին -7 386 000 դրամ

Հայ Առաքելական եկեղեցուն -1 500 000 դրամ

ՙՄայրություն՚ ՀԿ-ին -300 000 դրամ

Առաջաձոր համայնքի հուշարձանի կառուցման համար -2 000 000 դրամ

Բերդաշենի հուշարձանի նորոգման համար -200 000 դրամ

Վանք համայնքի դպրոցին-200 000 դրամ

Ազոխ համայնքի դպրոցին-400 000 դրամ

Նորագյուղ համայնքի ԱԱՄ գրասենյակի կահավորման համար-200 000 դրամ և այլն։

Միությունը Ստեփանակերտի ՙՄոր և մանկան առողջության կենտրոնին՚, Քաշաթաղի շրջանի մի շարք մանկապարտեզների, դպրոցների հատկացրել Է համապատասխան իրեր և խաղալիքներ, իսկ ազատամարտիկներին՝ հագուստեղեն։ Կանանց միամսյակին նվիրված միջոցառումների շրջանակում Միության երիտասարդական թևի միջոցով գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին մայրաքաղաքում բաժանվել են վարդեր։

ՙԱռողջ ոգի` առողջ մարմնում՚ կարգախոսին հավատարիմ Միության ֆինանսավորմամբ գործում է ՙԿարատե-դո՚մարզական խմբակ, որտեղ անվճար պարապմունքներ է անցկացնում մոտ 25 երեխա։ Ուրախությամբ պետք է արձանագրել, որ այդ մարզական խմբակի անդամներից ոմանք արդեն հաղթող են ճանաչվել համահայկական տարբեր մրցույթներում և այսօր էլ շարունակում են վայելել Միության վարչության հատուկ ուշադրությունը։

Արցախի պետական-հասարակական կյանքում ապահովելով իր ակտիվ դիրքը, այդուամենայնիվ. Արցախի ազատամարտիկների միությունը, որպես երեկվա պատերազմի մասնակիցներին միավորող հասարակական կազմակերպություն, իր գլխավոր խնդիրն է համարում Հայրենիքի պաշտպանությունը։ Հիմք ընդունելով այս առաջնահերթությունը, Միությունը ոչ թե խոսքով, այլ գործով է դա ապացուցում։ Վկայությունը 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ԱԱՄ-ին կից ստեղծված Արագ արձագանքման ստորաբաժանումն է, որն իր հաստիքապաշտոնային կառուցվածքով և նյութատեխնիկական բազայով մշտապես գտնվում է կազմ ու պատրաստ և հարկ եղած դեպքում ի զորու է կատարել իր առջև դրված ցանկացած մարտական խնդիր։

Ամփոփելով ԱԱՄ 2018 թվականի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները, կարելի է միանշանակ արձանագրել, որ տարվա կտրվածքով նախատեսված բոլոր միջոցառումները կյանքի են կոչվել լիարժեքորեն։

Միության վարչությունը հավաստիացնում է, որ ինչպես երեկ և այսօր, այնպես էլ այսուհետ, Արցախյան ազատամարտի մասնակիցներին համախմբող մեր հասարակական կազմակերպությունն իր ուժերն ու կարողությունները կներդնի Հայոց պետականակերտման կարևորագույն գործում և հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով կնպաստի Արցախի անվտանգության ամրապնդման, բանակի հզորացման և նոր սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության խթանման գործառույթներին։ Մենք այս ամենում լիահույս ենք, քանզի մեր շարքերը հարուստ են հայրենիքը սիրող արժանապատիվ զավակներով և այնպիսի անհատներով, որոնք իրենց բարեգործություններով ու հանգանակություններով մշտապես եղել ու մնում են Արցախի ազատամարտիկների միության կողքին։

 Հերմինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

ԱՊԱԳԱՅԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Հարցազրույց ֆիզիկոս, հինգ գյուտի հեղինակ, նախկինում ՀՀ հատուկ գնդի շտաբի պետ, փոխգնդապետ, այժմ դասախոս, մանկավարժ Սամվել ԲԵԿԹԱՇՅԱՆԻ հետ:


 -Պարոն Բեկթաշյան, այս տարի մեծ ու կարևոր իրադարձություններ տեղի ունեցան, ինչը զարթնեցնող դեր խաղաց մեր ժողովրդի համար, և ապագան կառուցելու փնտրտուքների առաջ կանգնեցրեց: Կարևորվում է նոր արժեհամակարգի ամրապնդումը: Ըստ Ձեզ, ո՞րն է ապագան կառուցելու ճանապարհը:

-Ցանկացած երկրում կայունությունը բնութագրվում է մարդկային հարաբերությունների բնույթով: Այսօր մարդկային հարբերություններում ունենք  մեզ բնորոշ սիրո և ջերմության պակաս: Պատճառաբանվում է ժողովրդի սոցիալական անբարենպաստ վիճակը: Բայց դա չէ ամենագլխավորը: Մեր աչքի առաջ են անցյալ դարի 60-70-ականները, Ղարաբաղյան պատերազմի տարիները, երբ հացի խնդիրը գրեթե դեր չէր խաղում մարդկային հարաբերություններում. այնքա՛ն սեր, ջերմություն, անկեղծություն, հանդուրժողականություն, օգնության հասնելու ավյուն... Գաղափարական պատերազմը, անշուշտ, համախմբում է՝ բացահայտելով մարդկային լավագույն որակները, բայց մարդասիրությունը միշտ բնորոշ էր մեր ազգին: Քաղաքակիրթ աշխարհը կայուն վիճակը փոխկապակցում է տնտեսական շահի հետ, ինչն առաջ է բերում մարդակենտրոն գաղափարախոսությունը: Դա երբեք մեզ բնորոշ չէր, մենք ապրում էինք մեկս մյուսի խնդիրներով: Եթե դառնանք մեզ հասած պատմության ակունքներին՝ Հայկ Նահապետին, կտեսնենք, որ հաջողությունների գրավականը մեզ համար աստվածատուր արժեհամակարգի պահպանությունն էր: Դարեր շարունակ տարբեր ազգեր մեր վզին էին փաթաթում իրենց արժեհամակարգը, անգամ թվում էր,  նրանց հաջողվել է: Բայց հենց նեղ վիճակի մեջ էինք ընկնում, միանգամից ի հայտ էր գալիս գենետիկան՝ սկսում էինք ապրել մեր նախնիներին բնորոշ արժեհամակարգով և, ի զարմանս շատ-շատերի, հասնում էինք ցանկալի արդյունքների: Այդ արժեհամակարգը վերակենդանացավ Հիսուսի գալուստով, Նրա ուսմունքն այնքան հոգեհարազատ էր մեր ժողովրդին, որ այն դարձավ ապրելակերպ: Եվ առ այսօր Առաքելական դավանանքի սկզբունքները պահպանվել են միայն ՀԱԵ-ի, մասամբ՝ ղպտի ու եթովպիական համայնքների մոտ: Այդ գենետիկան զարթնեց նաև Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, մենք ապրում, շնչում էինք այդ աստվածատուր արժեհամակարգով: Հետպատերազմյան տարիներին տարբեր քաղտեխնոլոգիաներով, տնտեսական ճնշումներով, այլ դավանաբանական խմբեր մուտք գործելով արեցին ամեն ինչ, որպեսզի պառակտեն մեր միաբանությունը: Բայց 2016-ի ապրիլյան իրադարձությունները, թավշյա հեղափոխությունը ցույց տվեցին, որ վտանգավոր ու կարևոր պահերին ի հայտ են գալիս մեր արժեհամակարգին բնորոշ որակներ, և ունենում ենք աշխարհի համար անբացատրելի արդյունքներ: Եվ այդ բոլորի առանցքում սերն էր՝ սերը առ Հայրենիք, սերը առ ընտանիք, առ մերձավորիդ… Ինչպես ստացվեց, որ աննկարագրելի դաժան պայմաններում Նժդեհը կարողացավ պահպանել հայրենիքի այդ հանգուցային կարևոր մասնիկը` Լեռնահայաստանը: Նման անկեղծ սերը կօգնի յուրաքանչյուր քաղաքական գործչի գտնել ապագայի տեսլականի ճանապարհը: 

-Աշխարհի զարգացումը գնում է տղամարդու դերի նվաստացման ճանապարհով, ինչը հակասում է մեր արժեհամակարգին: Սակայն երիտասարդությունը կարծես թե կուլ է տալիս այդ խայծը: Ինչո՞վ են հղի նման զարգացումները:

-Արարչագործությամբ կենդանի աշխարհն օժտված է զույգությամբ, ամենն էլ ունի իր դերակատարությունը: Ըստ Աստվածաշնչի, կինն ստեղծվել է որպես տղամարդու օգնական: Փաստացի իրական կյանքի բեռը տանում է կինը: Կնոջ համար ներկան է շատ կարևոր, նա ապրում է օրվա հոգսերով, այսինքն՝ ներկայի բեռնակիրն է: Դա սարսափելի մեծ բեռ է: Տղամարդը դա չի պատկերացնում ու չէր էլ կարող դրանով ապրել: Նա ապրում է անցյալով, ապագայով, տիեզերքով… Կինն ամենօրյա այդ ծանր բեռը պատրաստ է տանել, եթե դա նկատվի տղամարդու կողմից, բարձրաձայնվի: Զույգության այդ դերաբաշխումը, որի խորհրդանիշն է մեր հրաշք հուշարձանը, ժողովրդական լեզվով ասած` ՙՏատիկ, պապիկը՚ քիչ ժողովուրդների մոտ է մնացել: Կինը խոնարհությամբ տիրուհի է, տղամարդը տիրաբար ծառա է: Մենք՝ հայերս, շարունակում ենք հետևել այդ շատ հետաքրքիր համակարգին: Հիմա երիտասարդության մասին: Ունենք հրաշք երիտասարդություն, որի շնորհիվ 2016-ի ապրիլին փրկվեցինք մի ահռելի վտանգից: Ի դեպ, նշեմ, որ մեծամասնությունը սոցիալական անապահով ընտանիքներից էր, որտեղ մարդկային հարաբերություններն են կայուն, այլ ոչ թե նյութեղենը: Դրա հետ մեկտեղ, անշուշտ, կան երիտասարդներ, որոնք տրվում են այդ ահռելի քարոզչամեքենային: Դա չի գիտակցվում իրենց կողմից: Դրան դիմակայելու ձևը կրթելն է սեփական արժեհամակարգի ներքո և ի ցույց դնելն  այդ քարոզչամեքենայի վտանգները:

Էմմա ԲԱԼԱՅԱՆ

 

 

 

ԼՈՒՍԱՎԱՌՎԵՑ ԳԼԽԱՎՈՐ ՏՈՆԱԾԱՌԸ

Մայրաքաղաքի զարդարված տեսքը հաղորդում է տոնական տրամադրություն, Վերածննդի հրապարակում տեղակայված գլխավոր տոնածառի լույսերի միացմանն էլ անհամբեր սպասում էին երեխաները: Եվ դեկտեմբերի 19-ին տրվեց ամանորյա տոնակատարությունների մեկնարկը:


Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ գլխավոր տոնածառի լուսավառման հանդիսավոր  արարողությունը, ինչն ուղեկցվեց համերգային գեղեցիկ ծրագրով` Ստեփանակերտի մշակույթի տան սաների մասնակցությամբ: Այնուհետև ներկաները, որոնք սրտատրոփ սպասում էին Ամանորն ավետող  Ձմեռ պապի  ու Ձյունանուշի, ինչպես նաև գալիք` 2019-ը խորհրդանշող խոզուկի ժամանելուն, ծափողջույններով դիմավորեցին վերջիններիս:

Հրապարակում թնդում էին երգն ու պարը, ինչը ոգևորում էր ուրախ տրամադրությունն ապահովող Մշակույթի տան սաներին: Փոքրիկներն ուրախ տրամադրությամբ նկարվում էին տարվա խորհրդանիշ խոզուկի հետ: 

Հարկ է նշել, որ այդ զվարթ միջոցառումը կազմակերպվել է Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի և Ստեփանակերտի մշակույթի տան համատեղ ջանքերով: 

 

Էմմա ԲԱԼԱՅԱՆ

 

 

 

 

ԱՐՑԱԽԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է CONIFA -2019-ԻՆ

Դեկտեմբերի 24-ին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի ղեկավարությամբ և նախարարների ու շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել  կառավարական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որտեղ քննարկվել են Չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիայի` CONIFA-ի,  Արցախում ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացման նախապատրաստական փուլի աշխատանքները:


Նշենք, որ միջոցառումը նախատեսվում է անցկացնել հունիսի առաջին երկու շաբաթվա ընթացքում:

Պետնախարարը  կարևորել է   հեղինակավոր այդ մարզական միջոցառման` Արցախում անցկացումը, նշելով, որ այն Արցախը միջազգային հարթակներում  ներկայացնելու  լավ առիթ է, քանի որ սպասվում է մեծ  թվով օտարազգի զբոսաշրջիկների և լրագրողների այց: Ուստի  Գ. Մարտիրոսյանը կարևորում է  նախապատրաստական փուլի  նման ձևաչափով  քննարկումները` կատարված աշխատանքները գնահատելու և անելիքները ճիշտ պլանավորելու առումով:

Հանդիպման ընթացքում զեկույցով  հանդես են եկել ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Ն. Աղաբալյանը,  քաղաքաշինության նախարար Կ. Շահրամանյանը, պետական այլ գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաև ԱՀ ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչը: Ն. Աղաբալյանը որոշ տեղեկություններ հաղորդեց CONIFA-ի և մինչ 2019 թվականը նրա կողմից կազմակերպված միջոցառումների վերաբերյալ` պատկերացում տալու համար Արցախում նախատեսվող միջոցառման ծավալների, մասշտաբի, կազմակերպիչների առջև դրված խնդիրների  մասին, որպեսզի ապահովվի կազմակերպման համապատասխան մակարդակ: 

Նշվեց, որ կազմակերպությունը անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա է, հիմնադրվել է 2013 թվականին, պաշտոնական  գրասենյակը գտնվում է Շվեդիայում: 2014 թվականից նրա կողմից սկսել են կազմակերպվել Ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի առաջնություններ:  

Մայրաքաղաք Ստեփանակերտում, Մարտակերտ, Ասկերան և Մարտունի շրջկենտրոններում պետական և բարեգործական միջոցներով այս օրերին ակտիվ ընթանում են մարզադաշտերի կապիտալ վերակառուցման և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու աշխատանքները: Կ. Շահրամանյանը ներկայացրել է ինչպես այդ մարզադաշտերի նախագծերը, այնպես էլ ներկայումս ընթացող շինարարության ընթացքը:  Նա տեղեկացրեց, որ Ստեփանակերտի մարզադաշտում կառուցվում են նոր հանդերձարաններ` բոլոր հարմարություններով, էլեկտրամատակարարման համար տեղադրվում է նոր` հզոր ենթակայան, ընթանում են կոսմետիկ վերանորոգումներ: Այս մարզադաշտը 9000 հանդիսատես ընդունելու հնարավորություն կունենա: Մարտակերտի մարզադաշտը վերակառուցվում է հովանավորի միջոցներով, վերջնական տեսքի բերելուց հետո այն շուրջ 2745 նստատեղ կունենա:  Ասկերանի մարզադաշտում նախատեսվում է  ավելացնել 500 նստատեղ, արդյունքում այն կունենա ավելի քան 1000 հանդիսատես ընդունելու հնարավորություն: Կազմակերպական բնույթի այլ գործառույթների հետ կապված աշխատանքներն ընթանում են ըստ հաստատված ժամանակացույցի և CONIFA-ի առաջադրած տեխնիկական պահանջների:  Քննարկվել են առաջնության նպատակով տեղեկատվական նյութերի ու գովազդային տեսահոլովակների պատրաստման, այցելուների համար հյուրանոցների ու տրանսպորտային միջոցների ապահովման, ժամանցային միջոցառումների, առօրյայի կազմակերպման   և մի շարք այլ հարցեր: Ցուցադրվել են միջոցառման  համար պատվիրված գովազդային տեսահոլովակը, լոգոյի նախագիծը:  Քանի որ Արցախը նման միջոցառումների անցկացման համապատասխան փորձ դեռ չունի, առաջարկություններ են եղել նաև միջոցառման անցկացման ծրագրերի կազմման գործում  ներգրավել միջազգային մասնագիտացված կազմակերպությունների:

Նիստի ընթացքում նաև նշվել է, որ առաջնությանը մասնակցելու համար մոտ երկու տասնյակ ֆուտբոլային հավաքականներ արդեն հայտեր են ներկայացրել, որոնցից, սակայն, տարեսկզբին Լեհաստանում նախատեսված Չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիայի նիստում վիճակահանությամբ ընտրվելու են 12-ը:

Գրիգորի Մարտիրոսյանը  բավարար է գնահատել կատարված աշխատանքների ընթացքը՝,   միաժամանակ նշելով, որ ժամկետները սուղ են և կազմակերպական հարցերում որոշումներ կայացնելում պետք է շատ արագ  կողմնորոշվել:  Նա նաև նշել է, որ նույն ինտենսիվությամբ հանձնաժողովն  աշխատանքները կշարունակի նաև տոներից հետո` այդ  ոչ միայն մարզական, այլև քաղաքական  տեսակետից կարևոր միջոցառումը հավուր պատշաճի կազմակերպելու համար:  

 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 

 

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՎԻ

ԱՀ  գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային   խորհրդակցություն  է  անցկացրել  նաև  Ասկերանում, ներկայացվել  են   գյուղոլորտում իրականացվող   և  իրականացվելիք  աշխատանքները։


 Նախարարը  հիմնականում  անդրադարձել  է  գարնանացանի     նախապատրաստական,  սննդամթերքի  անվտանգության  պետական    ծառայության  կողմից  իրականացվող  աշխատանքներին,  անասնապահության  ոլորտին՝  այդ  թվում  ՙԱնասնաբուծության կանոնակարգում և արոտավայրերի կառավարում՚ ծրագրին,  ոռոգման  համակարգերին, գյուղատնտեսությանը հատկացվող պետական աջակցության  միջոցներին։ 

Խոսելով  գարնանացանի  մասին՝   նախարարը նշել է, որ կառավարության  որոշմամբ՝  պետական  աջակցություն  ստանալու  համար ցանքաշրջանառությունը  դարձվել   է   պարտադիր   պայման։ 

ՙԳարնանացանի  աշխատանքների  իրականացման գործում   լուրջ պետական    աջակցություն  է  իրականացվում։ Այս  տարի  այն  ևս  շարունակվելու  է։ Անցյալ  տարի  որոշ   մշակաբույսերի   սերմեր  հողօգտագործողներին ենք տրամադրել    50%  սուբսիդավորմամբ, իսկ  այս  տարի դրանք   լրիվությամբ  անհատույց ենք  տրամադրելու։  Ոռոգվող  տարածքների  գարնանացան  մշակաբույսերի    սերմերը,  բացառությամբ     ցորենի  և  գարու,    տրամադրվելու  է  անհատույց։  Այն  պայմանով, որ    պարտադիր   պետք  է   իրականացվի   ցանքաշրջանառություն, որն էլ   պետք  է  ունենա համապատասխան  գոտիական   առանձնահատկություններ։ Համայնքի   ղեկավարները   ցանքաշրջանառություն  իրականացնող  հողօգտագործողների    հայտերը պետք  է  ժամանակին ներկայացնեն  նախարարությանը։ Մեր  կողմից   կիրականացվի  մոնիթորինգ՝  պարզելու    ցանքաշրջանառության  պարտադիր  կիրառման  փաստը  և  գոտիական  համապատասխանությունը։ Գարնանացանի  համար   ստեղծվելու են  նպաստավոր  պայմաններ։ Այս  տարի   նախատեսում  ենք  նաև    դիզվառելիքի  սուբսիդավորում՚,-ասել է  Ժ.  Միրզոյանը  և  հավելել,  որ նախարարությունում գարնանացանի  մթերման  հետ  կապված     լուրջ  աշխատանքներ  են  իրականացվում։

 Պետական   աջակցության  արդյունավետ   օգտագործման   հարցի   շուրջ   խոսելիս   գյուղնախարարը մասնավորապես ասել է, որ  իրենք  ջերմոցային  տնտեսությունների   աջակցությունը   դիտարկում  են  բանջարանոցային  մշակաբույսերին  տրամադրվող   աջակցությունների  շարքում, որոշ   չափերի  վերանայումով։ Գալիք տարի   ջերմոցային  տնտեսությունների   համար     նոր  ծրագիր  է  մշակվելու։   Նա  ընդգծել  է, որ  յուրաքանչյուր  հոգօգտագործող  պետք  է  գիտակցի, որ   պետության  կողմից   տրամադրվող  պետական  աջակցությունը   պետք է   նպատակային   օգտագործի, ինչը գյուղատնտեսությունը զարգացնելու անհրաժեշտ պայման է։

Վեհանուշ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՇՆԱՆԱՑԱՆԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԱՎԱՐՏԻՆ

Տեղումների սակավությամբ պայմանավորված՝ այս տարի աշնանացանը հանրապետությունում սովորականից ուշ մեկնարկեց:


Հիմնական մասը, սակայն, հաջողվել է իրականացնել ագրոժամկետներում: Ոլորտի պատասխանատուները համամիտ են, որ բնության քմահաճություններն ազդել են ցանքսի ծավալների վրա, բայց ունեցած արդյունքներն էլ վատ չեն համարում: Մանավադ, որ որոշ տեղերում դեռ շարունակվում են ցանքսի աշխատանքները:

Արցախում 2019թ. բերքի տակ կատարված աշնանացանը մոտ 11 հազար հեկտարով զիջում է նախորդ տարվա ցուցանիշներին: Հիմնական մասը ցորենն ու գարին են կազմում: ՙԱյս պահին հանրապետությունում 61 հազար 250 հեկտար հերկ է կատարվել, 52 հազար 756 հեկտար ցանքս՚,- օպերատիվ տվյալներն է ամբողջացնում Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության բաժնի պետ Արամ Բադալյանը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 64 հազար 223 հեկտար ցանքս էր կատարվել: Գյուղոլորտի պատասխանատուները տարբերությունը նաեւ եղանակային անբարենպաստ պայմաններով են հիմնավորում: ՙՕգոստոս-սեպտեմբերին, երբ պետք է սկսեինք աշնանացանի նախապատրաստական աշխատանքները, տեղումները բավարար չէին: Ուշացման հիմնական պատճառը հենց դա էր: Աշխատանքների հիմնական մասը սկսեցինք հոկտեմբերին, երբ արդեն բավարար քանակի տեղումներ կային՚,- մանրամասնում է գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը: Ցորենի եւ գարու դաշտերի կողքին վերջին տարիներին հանրապետությունում քիչ քանակությամբ սկսել են նաեւ հլածուկ մշակել: Տարիներ շարունակ Գյուղնախարարությունը ձգտել է հարստացնել Արցախում տարածված մշակաբույսերի ցանկը՝ պարբերաբար այն համալրելով նոր անուններով: Զուգահեռ աշխատանքներ են տարվել նոր մշակաբույսերը հողօգտագործողներին ներկայացնելու հարցում: Այդ բազմազանությունն անհրաժեշտ էր իրական ցանքաշրջանառությունն ապահովելու համար: Եվ արդեն արդյունքները կան: Գյուղնախարարությունում իրավիճակը բավարար են գնահատում հենց այդ տրամաբանության մեջ. աշնանացանը գուցե դեռ զիջում է նախորդ տարվա ցուցանիշներին, բայց գարնանացանի հարցում հիմնավոր ակնկալիքներ կան: Արցախցի հողօգտագործողը, ավանդականը պահելով, սկսել է ավելի շատ տեղ տալ նաեւ նոր մշակաբույսերին: Դա է ապացուցում նաեւ այն փաստը, որ գարնանացան մշակաբույսերի սերմերի համար երկայացված հայտերն արդեն իսկ գերազանցել են նախորդ տարվա մակարդակը: ՙՄեր կողմից իրականացվող ծրագրերի շնորհիվ ավելանում են նաեւ բազմամյա տնկարկների տարածքները,- մանրամասնում է Վիլեն Ավետիսյանը,- սակայն փոփոխություններն ավելի շատ գարնանացանի տարածքներում են նկատելի: Որտեղ հնարավոր է՝ հողօգտագործողն ինքն է շահագրգռված ցանքաշրջանառություն իրականացնել՚:

Պետությունը հողօգտագործողին միայնակ չի թողնի նաեւ վնասատուների դեմ պայքարում: Պետությունը կրկին հողագործներին կաջակցի` անվճար թունանյութեր տրամադրելով մկնանման կրծողների դեմ պայքարի համար: Մորեխների դեմ պայքարը եւս իրականացվելու է պետական ծրագրերի շրջանակներում, տեղեկացնում է բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի պետը: Այս պահին մկնանմաններն ակտիվանում են: Նրանց դեմ պայքարը պետք է առավել արդյունավետ դարձնել:

Իսկ աշնանացանի ցուցանիշները ոլորտի պատասխանատուները դեռ չեն շտապում ամփոփել: Հանրապետության որոշ հատվածներում աշխատանքներն առայժմ շարունակվում են: Արդյունքները կամփոփեն տարեվերջին:

 

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

Subscribe to this RSS feed