[ARM]     [RUS]     [ENG]

ԿԵՆՍԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ

Ընդամենը օրեր անց` նոյեմբերի 26-ին, տեղի կունենա ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի հերթական` այս անգամ ՙՄեր տունը՚ խորագիրը կրող հեռուստամարաթոնը, որի նպատակը Արցախի և Հայաստանի զարգացման համար համազգային հանգանակության կազմակերպումն է:

Ավելորդ է նշել, որ աշխարհասփյուռ հայության ուժերով կյանքի կոչվող և միմյանց հաջորդող տարաբնույթ բոլոր ծրագրերը մեր հայրենիքի սոցիալ-տնտեսական և մշակութային վերելքի համար ռազմավարական և կենսական կարեւորություն ունեն: Հիմնադրամի օգնությամբ մեր հանրապետությունում մեկնարկող ծրագրերի, ինչպես նաև ընթացիկ տարում ավարտված և շարունակող աշխատանքների շուրջ զրուցեցինք Հիմնադրամի ԼՂՀ ծրագրերի ղեկավար Վալերի ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ: Մեր զրուցակցի տեղեկատվությամբ` ՙՀեռուստամարաթոն¬ 2015՚-ի գերակա ուղղություններից մեկն էլ հինգ և ավելի երեխաներ ունեցող բազմազավակ ընտանիքներին բնակարաններով ապահովելն է: Այս ծրագրում ընդգրկելու համար արդեն հանրապետության տարբեր շրջաններում բնակվող երկու տասնյակի չափ բազմազավակ և կարիքավոր ընտանիքներ են ընտրվել: Արդեն կապալառու կազմակերպությունների հետ կնքված են պայմանագրեր, մեկնարկել են շինարարական աշխատանքները: Հիմնադրամի ճանապարհաշինարարական ծրագրերի առանցքը վերջին տարիներին եղել և մնում է ՙՎարդենիս-Մարտակերտ՚ ավտոճանապարհի կառուցումը: Ինչպես հայտնի է, ծրագրի իրականացմանն են նպատակաուղղվել նաև 2013 և 2014թթ. հեռուստամարաթոնների հանգանակությունները: Ուղիղ կապ ապահովելով Հայաստանի եւ Արցախի հյուսիսային շրջանների միջեւ՝ նոր մայրուղին ոչ միայն զգալիորեն կկրճատի այն ժամանակահատվածը, որն այսօր անհրաժեշտ է Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհով մի հանրապետությունից մյուսն ուղեւորվելու համար, այլև կամրապնդի միջհամայնքային կապը, կնպաստի հարակից համայնքների տնտեսական զարգացմանը, կաշխուժացնի մեր երկու հանրապետությունների սոցիալ-տնտեսական կյանքը: Գալիք տարում ճանապարհի շինարարությունը կշարունակվի Հիմնադրամի ռազմավարական եւ նպատակային այլ ծրագրերին զուգահեռ եւ կավարտվի 2016թ. վերջին: 12 տեղամասով ընթացող՝ նախկինում դժվարանցանելի շուրջ 116 կմ երկարությամբ ավտոճանապարհն ունի 1,5-մետրանոց կողնակներ, 7 մետրը կկազմի ասֆալտապատ, երթևեկելի հատվածը: Նախորդ տարվա ընթացքում շարք են մտել արհեստական կառուցվածքներ` տեղադրվել են ջրահեռացման խողովակներ, ափապաշտպան կառույցներ, հենապատեր ու եզրաքարեր, վերանորոգվել են 7 կամուրջներ: Ներկայումս ընթանում են ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները: Նոյեմբերի 1-ի դրությամբ ողջ ճանապարհն ունի ավելի քան 49 կմ ասֆալտի երկշերտ ծածկույթ: Մնացած հատվածներում իրականացվում են ճանապարհի հիմնատակի կառուցման աշխատանքներ: Վ. Ղազարյանը նշեց, որ ներկա դրությամբ ավտոճանապարհի արցախյան հատվածում արդեն իրականացվել է շուրջ 40 կմ ասֆալտապատում: Շինարարության ողջ ընթացքում ճանապարհը երթեւեկելի է նաեւ մարդատար մեքենաների համար: Նախորդ տարիներին ճանապարհի մերձակա համայնքներում ուշադրություն է դարձվել նաև մի շարք ենթակառուցվածքների զարգացմանը. Քարվաճառն եւ Գետավանն ունեն կանոնավոր ջրամատակարարում, Չափարը, Վերին Հոռաթաղն ու Վաղուհասը` նորակառույց դպրոցներ: Բնակավայրերով անցնող հատվածներում` մասնավորապես Գետավանում եւ Եղեգնուտում, կառուցվում են մայթեր: Անդրադառնալով շինարարության որակի վերահսկողությանը` Վ. Ղազարյանը մանրամասնեց, որ ասֆալտի որակի ստուգման եւ վերահսկման նպատակով տարբեր տեղամասերից վերցված հանքային նյութերը (խիճ, ավազ և այլն), արտադրված ասֆալտի նմուշները, ինչպես նաեւ հանուկները պարբերաբար ուղարկվում են լաբորատոր ստուգման: Ըստ մեր զրուցակցի` շինարարությանը մասնակցող բոլոր կապալառու կազմակերպությունները ներկայումս աշխատում են այն գիտակցումով, որ անորակ շինարարության դեպքում ստիպված կլինեն սեփական միջոցներով վերացնել թերությունները կամ վերստին կատարել նույն աշխատանքները: Հանրապետության տարբեր համայնքներում ավարտված ծրագրերի թվում են Շոշ, Բադարա, Քարին տակ, Խաչմաչ, Թաղավարդ գյուղերում շահագործման հանձնված համայնքային կենտրոնները: Արդեն գործում է նաև Շուշիի Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանը: Շուրջ 4050 քառ.մ մակերեսով եռահարկ կրթօջախը կառուցվել է Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ և ֆրանսիական նմանատիպ մասնագիտական կրթօջախների օրինակով: 450 ուսանողի համար նախատեսված ուսումնական կենտրոնն ունի հանրակրթական առարկաների եւ շինարարական արհեստների ուսուցման համար անհրաժեշտ բոլոր հարմարությունները` կահավորված դասասենյակներ, համապատասխան սարքավորումներով ու պարագաներով հագեցած լաբորատորիաներ, արհեստանոցներ, գրադարան, օժանդակ սենյակ` նյութերի ու սարքերի պահեստավորման համար, ինչպես նաեւ կենտրոնական ջեռուցում: Շուշիում շարունակվում են աշխատանքները մեկ այլ` ոչ պակաս կարևոր հաստատություն ունենալու համար. խոսքը գիշերօթիկ դպրոցի մասին է: Ընթացքի մեջ է յոթ համայնքային կենտրոնների կառուցումը Գետավան, Կոճողոտ, Սարգսաշեն, Իվանյան, Քյուրաթաղ գյուղերում, մոտ ապագայում Մուշկապատում և Կարմիր Շուկայում աշխատանքները կավարտվեն: Մարտունու շրջանի Սոս գյուղում շարունակվում է դպրոցի շինարարությունը: Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի նորակառույց մանկապարտեզը: ՙՀայաստան՚ համահայական հիմնադրամը գալիք տարում ծրագրել է նախակրթարաններ կառուցել նաև Քարի տակ և Նորագյուղ համայնքներում: Հադրութում շարունակվում են քաղաքի ընդհանուր ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքները, որոնք կավարտվեն գալիք տարում: Ստեփանակերտում շարունակվում է Ուռուցքաբանական կենտրոնի կառուցումը: Արդեն ավարտվել են նկուղային հարկի աշխատանքները: Հանրապետական բժշկական կենտրոնի եւ պոլիկլինիկայի հարեւանությամբ կառուցվող Ուռուցքաբանական կենտրոնը բաղկացած կլինի նկուղային եւ վերգետնյա 3 հարկերից, այն ստորգետնյա անցումով կկապվի Հանրապետական բժշկական կենտրոնի հետ: Շենքն զբաղեցնում է շուրջ 2520 քառ. մ մակերես: Ընթանում են նաև մայրաքաղաքի իններորդ դպրոցի վերակառուցման աշխատանքները: Վ. Ղազարյանը նաև նշեց, որ աշխատանքների թափանցիկությունն ապահովելու նպատակով նվիրատվությունների շնորհիվ ընթացող ծրագրերը տարեկան երկու անգամ ենթարկվում են ֆինանսական և ֆիզիկական աուդիտի: Բացի դրանից, Հայաստանում և Արցախում իրականացվող ծրագրերին հետևելու նպատակով ամեն տարի Հայաստան և Արցախ են այցելում համեմատաբար մեծ գումարներ նվիրաբերած սփյուռքահայեր, ինչը ևս դառնում է յուրօրինակ հաշվետվության ձև: 

 Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ