[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԿԱՐԵՎՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱՇԽԱՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Արհմիությունների դերը միշտ էլ զգալի է եղել, ու այսօր էլ քաղաքակիրթ ու զարգացած երկրներում այն բավականին լուրջ ու կշիռ ունեցող կազմակերպություն է:

Մեր երկրում ևս գնալով ավելի է կարևորվում արհմիության դերը, և պետական աջակցությունն ու ուշադրությունը կազմակերպության գործունեության նկատմամբ տարեցտարի ավելանում են: Ինչպիսի՞ն է Մարտունու շրջանի արհեստակցական կազմակերպությունների միության վիճակը, և տարվա ընթացքում ի՞նչ աշխատանքներ են իրականացվել. փորձեցինք պարզել միության նախագահի պաշտոնակատար Աշոտ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ մեր զրույցում։

- Պարոն Մարտիրոսյան, ի՞նչ գործունեություն է իրականացնում արհմիությունը շրջանում, և, ընդհանրապես, ինչպե՞ս են կազմակերպվում աշխատանքները: 

- Շրջանի արհեստակցական կազմակերպությունների միությունը որոշակի աշխատանքներ է կատարել գործատու-աշխատող հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Արհմիությունները, հանդիսանալով աշխատանքային իրավունքի սուբյեկտ, իրականացնում են ոչ պետական վերահսկողություն և կոչված են պաշտպանելու գործատու-աշխատող հարաբերություններում աշխատողների՝ ԼՂՀ Սահմանադրությամբ, աշխատանքային օրենսդրությամբ և այլ իրավական նորմերով սահմանված, ինչպես նաև աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատանքային պայմանները, ապահովելու աշխատողների իրավունքները։ 

- Դուք այս համակարգում աշխատում եք մեկ տարուց էլ  պակաս ժամանակահատված և այս ուղղությամբ աշխատանքային փորձ չունեիք: Դժվար չէ՞ Ձեզ համար: 

- Բնական է, որ ցանկացած նոր աշխատանք համապատասխան փորձ է պահանջում և որոշակի դժվարություններ է առաջ բերում, բայց դա ժամանակավոր է: Ուշադրությամբ ուսումնասիրել եմ արհմիությունների կանոնադրությունը, ԼՂՀ Սահմանադրությունը, աշխատանքային օրենսգիրքը և իրավական այլ փաստաթղթեր: Շրջարհմիության նախագահի նախկին օգնական Է. Սերգեյանի հետ ճանաչողական այցեր  ենք կատարել գրեթե բոլոր սկզբնական կազմակերպություններ, լսել նրա անդամների մտահոգությունները և հնարավորության սահմաններում տվել պատասխան՝ կապված առանձնապես բուժման և հանգստյան ուղեգրերի ձեռքբերման հետ: Սկզբում, այո, որոշակի դժվարությունների էի առնչվում, բայց, ծանոթանալով աշխատանքի նրբություններին, ամեն ինչ կարգավորվեց: Մեր բնակչության մեծ մասը գիտակից վերաբերմունք է ցուցաբերում կազմակերպության գործունեության նկատմամբ, ու դա  ողջունելի է:

- Ի՞նչ աշխատանքներ եք իրականացրել:

- Մարտունու շրջարհմիության կողմից 2015թ.  ստուգվել է 95 աշխատանքային պայմանագրերի համապատասխանությունը աշխատանքային օրենսգրքի պահանջներին, իրականացվել են ստուգումներ` կապված աշխատավարձի և աշխատավարձին առնչվող հարցերի հետ, արհմիության անդամներին ինչպես կոլեկտիվներում, այնպես էլ ընդունելության ժամանակ տրվել են 70 իրավաբանական խորհրդատվություններ, աշխատողների առողջության պահպանման պայմանների ստուգման նպատակով կատարվել է 44 ստուգայց, 7 ստուգայց` աշխատողների արտադրական անվտանգության ապահովման ուղղությամբ, 11 ստուգայց` գործատուների կողմից աշխատողներին համապատասխան արտահագուստով ապահովման, 10-ը` բուժհիմնարկներում աշխատողների բուժապահովման, դեղորայքով ապահովման և բուժման գործընթացին առնչվող հարցերով, տարբեր ոլորտների ներկայացվել է 6 առաջարկ, հասարակական սննդի օբյեկտներում, դպրոցներում, մանկապարտեզներում իրականացվել է սննդի կազմակերպման վիճակի 22 ստուգում: Տարբեր ծառայություններ իրականացնող կազմակերպությունների կատարած աշխատանքի որակի ստուգման նպատակով իրականացվել է  ևս 4 ստուգայց: Ուսումնական տարվա պատրաստվածության նպատակով կազմակերպվել է 48 հանդիպում:

Մասնակցել ենք Մարտունու Մոնթե Մելքոնյանի անվան մանկապարտեզում կանանց միամսյակին նվիրված հանդեսին, արհմիության կողմից երեխաներին հանձնել նվերներ, կազմակերպել  հանդիպում Հացիի, Նորշենի համայնքապետարանների աշխատողների հետ, այցելել ենք Աշանի, Բերդաշենի  մանկապարտեզներ: Նպատակային այց ենք կատարել Սոսի նորակառույց մանկապարտեզ և շրջարհմիության կողմից հիմնարկին  հանձնել թանկարժեք նվեր: Նույն օրն այցելել ենք Մաճկալաշենի մեկ խմբանոց մանկապարտեզ: 

Հունիսի 13-ին Մարտունու Մոնթե Մելքոնյանի անվան մանկապարտեզի վարիչ Ի. Ղուկասյանի հրավերով  ընդունել ենք Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի հ. 3 մանկապարտեզի կոլեկտիվին: Նրանց ուղեկցել ենք Ստեփանակերտի տեսարժան վայրեր և Գանձասարի վանք: Իսկ օգոստոսի 8-ին փոխայցի ենք գնացել Սևան քաղաք:

Ապրիլ ամսում մասնակցել ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, Մայիսյան եռատոնի նախօրեին շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Էդ. Բարսեղյանի հետ այցելել ենք պաշտպանական շրջանների դիրքապահ զինվորներին, զրուցել նրանց հետ և նվերներ հանձնել: Մասնակցել ենք Մարտունու հ. 1 հոսքային ավագ դպրոցի բակում Խորհրդային Միության կրկնակի հերոս Ն. Ստեփանյանի կիսանդրու բացման արարողությանը: Մշտապես ներկայանում ենք  շրջանում կազմակերպվող մարզական միջոցառումներին, և  մրցանակային տեղեր գրաված թիմերին ու անհատ մասնակիցներին պարգևատրում  մեդալներով, դրամական և արԺեքավոր նվերներով։

- Ինչքա՞ն է շրջանում սկզբնական արհմիութենական կազմակերպությունների և արհմիության անդամների թիվը: Տարվա ընթացքում աճ գրանցվե՞լ է:

- 2015թ. սկզբին ունեինք 96 սկզբնական արհմիութենական կազմակերպություն` 2142 անդամով: Մարտ ամսին վերականգնվել է 2014թ. լուծարված երեք  սկզբնական կազմակերպություն, իսկ երկու կազմակերպություն նոր է ստեղծվել: Ներկայումս կազմակերպությունների թիվը 101 է, անդամներինը՝ 2235: Նոր կազմակերպությունների ստեղծման գործընթացը շարունակվում է: 

- Որքան  հասկացա` համագործակցում եք տարբեր կազմակերպությունների և հիմնարկ-ձեռնարկությունների հետ:

- Առանց համագործակցության  հնարավոր չէ մեր աշխատանքը  լիարժեք  իրականացնել: Շրջարհմիությունը համագործակցում է շրջվարչակազմի աշխատակազմի բաժինների,  ի մասնավորի՝ կրթության ու սպորտի բաժնի, ուսումնական հաստատությունների, գյուղական համայնքների, համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի և հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարների հետ: 

- Ի՞ նչ հարցերով են դիմում կազմակերպությանը, և որքանո՞ վ են լուծվում դրանք:

- Մեզ դիմում են տարբեր հարցերով, և մենք հնարավորինս ձգտում ենք աջակցել մեր քաղաքացիներին: 

Հաշվետու ժամանակահատվածում շրջանային միություն մուտք է գործել 180 դիմում-բողոք: Դրանք սահմանված ժամկետում քննարկվել են, և դիմումատուներին տրվել սպառիչ պատասխաններ, ինչը մեր ամենօրյա աշխատանքի կարևոր մասն է կազմում։  Արդյունքում բարձրանում է արհմիության նկատմամբ վստահությունը:

Տարեցտարի ավելանում է արհմիության այն անդամների քանակը, ովքեր ցանկանում են հանգստանալ և իրենց առողջությունը վերականգնել ՀՀ Ջերմուկ և Արզնի քաղաքների   առողջարաններում: 2015թ. արհմիության 44 անդամի համար ձեռք են բերվել առողջարանային ուղեգրեր: Արհմիության մի շարք անդամների ցուցաբերվել է նյութական օգնություն:

- Ի՞նչ դժվարությունների եք առնչվում, ի՞նչ խնդիրներ ունեք:

- Մենք մշտապես  զգում ենք ԼՂՀ  ԱՖ նախագահ Արա Ղահրամանյանի և շրջվարչակազմի ղեկավար Կարեն Թովմասյանի աջակցությունը, ինչի առթիվ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել նրանց: Ինքս երկու անգամ գործուղվել եմ Ծաղկաձոր՝  մասնակցելու այնտեղ կազմակերպված կոնֆերանսներին: Շրջարհմիությունն իր հերթին օգնում է նորընտիր սկզբնական կազմակերպությունների նախագահներին` իրենց պարտականությունները պատշաճ մակարդակով իրականացնելու համար:

Մեր ամենօրյա աշխատանքով փորձում ենք հնարավորինս իրականացնել մեր ծրագրերը, որում չենք հանդիպում լուրջ խնդիրների ու դժվարությունների։ 

 

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ

ք. Մարտունի