[ARM]     [RUS]     [ENG]

ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԱՅՈՒՆ Է։ ՉՆԱՅԱԾ ԴՐԱՆ՝ ՉՊԵՏՔ Է ԹՈՒԼԱՑՆԵԼ ԶԳՈՆՈՒԹՅՈՒՆԸ

Գրիպի և վերին շնչուղիների հիվանդությունների վարակի համաճարակաբանական իրավիճակի կայունացման նպատակով ԼՂՀ առողջապահության նախարարությունը շարունակում է ամենօրյա դիտարկումներն ու հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումները։

Շնորհիվ նախարարության լարված ռեժիմով աշխատանքի՝ ԼՂՀ¬ում նշված հիվանդությունների առումով իրավիճակը կայուն է ու վերջին օրերի ընթացքում ամբուլատոր, տնային և շտապօգնության կանչերի թիվն էապես չի ավելացել։ ԼՂՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանի տեղեկատվությամբ՝ նախարարությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով, համակարգի պատասխանատուներն ամեն օր այցելում են Ստեփանակերտի բուժհաստատություններ, իսկ տեղամասային բժիշկներն ու բուժքույրերը շարունակում են տնային և բակային համայցերը հատկապես հիվանդացության թվի աճ արձանագրված հասցեներում։ ԼՂՀ առողջապահության նախարարությունը շարունակում է համատեղ աշխատել Կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ, նախադպրոցական և հանրակրթական հաստատություններում վերահսկվում են սանիտարահակահամաճարակային աշխատանքները, պարզաբանվում բացակայությունների պատճառները։ Վերջին 2 օրվա տվյալներով՝ բացակաների թիվը մնացել է նույնը և, ընդհանուր առմամբ, կազմել 3-5%։ Ու եթե 2016թ. հունվարի 19-ի դրությամբ ԼՂՀ բուժհաստատությունների ստացիոնարներում բուժում էին ստանում 112 հիվանդ, ապա հունվարի 20-ին նրանց թիվը դարձել է 108, որից 45-ը՝ մինչև 18 տարեկաններ։ Բուժում ստացողներից 63-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որից 14-ը երեխաներ էին։ Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար, իսկ վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում ընդամենը 2 հոգի, որոնց վիճակը միջին ծանրության է։ Նշենք, որ վերջին 3 օրերի ընթացքում ՀՀ¬ում նույնպես կայունացել է գրիպի և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը և սկսվել է նվազում գրանցվել հիվանդանոցային, առողջության առաջնային պահպանման օղակների դիմելիության առումով։ ՀՀ առողջապահության նախարարության կայքէջի տվյալներով՝ նոր ծանր դեպքերի գրանցում գրեթե չկա։ ՀՀ հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 234 քաղաքացի, նրանցից 108-ը երեխաներ էին։ Շուրջ 30%¬ով իջել է հղիների շրջանում հիվանդացության մակարդակը։ ԼՂՀ¬ում և ՀՀ¬ում իրականացված լայնածավալ կանխարգելիչ միջոցառումների արդյունքում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակաբանական իրավիճակը կայուն է, սակայն հաշվի առնելով նաև վերջին շրջանում հարևան երկրներում հիվանդացության լայն տարածումը, բնակչության ակտիվ տեղաշարժը և այն հանգամանքը, որ դեռևս տիրում է գրիպի սեզոնայնություն, մասնագետները հորդորում են չթուլացնել զգոնությունը, վարակներից խուսափելու նպատակով պահպանել հիգիենայի տարրական կանոնները, նշված հիվանդությունների կանխարգելիչ պայմանները, չշփվել գրիպանման երևույթներով հիվանդների հետ, իսկ վարակի առաջին նշանների դեպքում դիմել բժշկի և հետևել նրա խորհուրդներին։