[ARM]     [RUS]     [ENG]

ՀԵՐԹԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ՝ ՇՐՋԱՆԻ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

Արմատներով մարտունեցի, ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Հայրապետյանը շարունակում է իր բարեգործական ծրագրերն` ուղղված Մարտունու շրջանի զարգացմանն ու բնակիչների ապրուստի բարելավմանը:

Բարերարի ներդրումներն օգտագործվել են եկեղեցաշինության ու դպրոցաշինության մեջ, և սա դեռ բոլորը չէ: Արդեն երկրորդ տարին է` Ռուբեն Հայրապետյանն օգնության ձեռք է մեկնում շրջանի բազմազավակ ընտանիքներին: Բարերարի առաջին աջակցությունը շրջանի բազմազավակ ընտանիքներին 2014 թվականին էր. 36 ընտանիք ստացավ 200¬հազարական դրամի աջակցություն, որից 140000 դրամ գումարի կենցաղային գույք, 60000 դրամ` կանխիկ ձևով: Անցյալ տարվա դեկտեմբերին տեղի ունեցավ բարերարի հերթական նվիրատվությունը: Հինգ և ավելի երեխա ունեցող 18 ընտանիք ստացավ 250¬հազարական դրամի աջակցություն (100000-ական դրամ գումար` կանխիկ ձևով, 150000 դրամի գույք. 14 ընտանիքի՝ համակարգիչ, 3 ընտանիքի՝ սառնարան, 1 ընտանիքի՝ հեռուստացույց): Սա նախաամանորյա հաճելի նվեր էր շրջանի բազմազավակ ընտանիքներին։ Բարերարը ներկա չէր միջոցառմանը, նվիրատվությունը շրջանի բազմազավակ ընտանիքներին հանձնեց Մարտունու քաղաքապետ Մ. Խաչատրյանը: Շնորհակալության ու երախտիքի խոսքեր հնչեցնելով բարերարի հասցեին` Մ. Խաչատրյանը նշեց, որ որոշ ընտանիքներ երկրորդ անգամ են օգտվում բարերարի ծրագրից։ Նա հավելեց, որ բարեգործական ծրագիրը լինելու է շարունակական: Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Էդ. Բարսեղյանը բազմազավակ ընտանիքներին ներկայացրեց ԼՂՀ կառավարության ներդրումներն` ուղղված ծնելիության աճի և բազմազավակության խթանմանը, բազմազավակ ընտանիքների բարեկեցության բարձրացմանը, նշելով, որ այդ նպատակով ընտանիքում ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի անվամբ բացվել են 118 ժամկետային նպատակային ավանդային հաշիվներ, որոնց փոխանցված գումարը կազմել է 42800 հազար դրամ: 2015թ. 6 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող 5 ընտանիքների համար ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն են ներկայացվել համապատասխան հայտեր` բնակելի տների կառուցման (կամ գնման) համար: Ներկա դրությամբ 11 բազմազավակ ընտանիքների համար բնակելի տների կառուցումն ընթացքի մեջ է: Համաձայն շրջվարչակազմի ղեկավարի կողմից հաստատված 2015թ. աշխատանքային ծրագրի` կատարվել է Կարմիր Շուկա, Շեխեր, Թաղավարդ համայնքների 6 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող՝ թվով 6 ընտանիքների սոցիալական պայմանների ուսումնասիրություն, կազմվել համապատասխան տեղեկանք և ներկայացվել շրջվարչակազմի ղեկավարին: Պետական աջակցությանը զուգահեռ՝ Էդ. Բարսեղյանն ընդգծեց մեր բարերարների ներդրումները շրջանի ծնելիության աճի խթանման գործում: Այս առումով նա կարևորեց Ռ. Հայրապետյանի ազգանվեր առաքելությունը: Օրհնանքի ու շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի փոխառաջնորդ տեր Սահակ վարդապետ Շաքարյանը: Հայր սուրբը նշեց, որ Ռուբեն Հայրապետյանն այն անձանցից է, ովքեր կանգնած են արցախցու կողքին, միշտ պատրաստակամ են իրենց օգնությունը բերելու հայրենակիցներին: Վերջում ՙՊահպանիչ՚ աղոթքով նա օրհնեց հայ ազգի բոլոր բարերարներին: 

 Արմինե ԴԱՆԻԵԼՅԱՆ ք. Մարտունի