[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Հունվարի սկզբներից ՀՀ¬ում և ԼՂՀ¬ում արձանագրված գրիպի և սուր շնչառական վարակներով սեզոնային ակտիվության, ինչպես նաև գրիպի Ա տիպի H1N1 ենթատեսակի գրանցված դեպքերի բարդություններով պայմանավորված՝ համաճարակային իրավիճակի թուլացման նպատակով երկու հայկական պետություններում արտակարգ ռեժիմով իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ։

Կատարված մի շարք աշխատանքների, ինչպես նաև բնակչության շրջանում նշված հիվանդությունների իրազեկվածության բարձրացման արդյունքում իրավիճակը կայունացել է և որոշ դեպքերում նկատվել հիվանդացությունների նվազում։ ՀՀ առողջապահության նախարարության կայքէջի տվյալներով՝ հունվարի 3-րդ շաբաթվա համեմատ, ներկայումս գրիպի և սուր շնչառական վարակներով հոսպիտալացումը կայուն է, և արձանագրվել է հիվանդացությունների նվազում 15,6 տոկոսով։ Ըստ համաճարակաբանական վերլուծությունների՝ 50 տոկոսով նվազել են նաև հղիների ստացիոնար դիմելիությունը, պոլիկլինիկական կազմակերպություններ այցելությունների հաճախականությունը։ ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հանձնարարությամբ Արցախում նույնպես պարբերաբար իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ։ Նախարարության մասնագետները վերջին օրերին այցելել են շրջանային բուժմիավորումներ։ Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը, համաճարակաբան Կարինե Բալայանը, բժշկական օգնության աշխատանքները համակարգող Կարինե Ալեքսանյանը և նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանը եղել են Մարտունու շրջանային բուժմիավորումում, տեղեկացել իրավիճակին։ Տեղում հրավիրվել է խորհրդակցություն և բուժանձնակազմի հետ քննարկվել նախարարության կողմից տրամադրված մեթոդական ցուցումների կատարման, վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների բուժման նրբությունների և հիգիենիկ հակահամաճարակային ռեժիմի հետ կապված մի շարք հարցեր։ Նախարարության մասնագետները եղել են նաև Մարտակերտի բուժմիավորումում, ուսումնասիրել հիվանդության դեպքերը, քննարկել վարակներին վերաբերող հարցեր։ Ընդհանուր առմամբ, շրջանային բժշկական հաստատություններում իրավիճակը գնահատվել է կայուն։ Առողջապահության նախարարությունը շարունակում է գրիպի և վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի վերահսկողությունը, արտակարգ ռեժիմով աշխատում են բոլոր բուժհաստատությունները, սահմանված է հերթապահություն շաբաթ նաև կիրակի օրերին։ Հունվարի 26-ի տվյալներով՝ հանրապետության բժշկական հաստատություններում ստացիոնար բուժում է ստանում 102 հիվանդ, որից 42-ը՝ մինչև 18 տարեկան։ Հոսպիտալացված 33 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որից 4-ը՝ մինչև 18 տարեկան։ Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար։ Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 2 հոգի։ Վերջին օրերին ամբուլատոր տնային և շտապօգնության կանչերի թիվը չի ավելացել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գրիպի և վերին շնչուղիների հիվանդություններով գրանցված դեպքերի 80 %¬ը մինչև 18 տարեկան երեխաներն են, մայրերը, հղի կանայք, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններով տառապողները, պետք է առավել զգույշ լինեն։ Նկատի առնելով առկա եղանակային ցածր ջերմաստիճանը և առաջիկայում դրա նվազման միտումը, ՀՀ և ԼՂՀ առողջապահության նախարարությունները հորդորում են լինել զգոն, հագնվել եղանակին համահունչ, պահպանել հիգիենայի տարրական և վարակից խուսափելու վարվելակերպի կանոնները։ Մասնագետները կրկին զգուշացնում են, որ գրիպի և վերին շնչուղիների հիվանդությունների առաջին իսկ նշանների ի հայտ գալուն պես չզբաղվել ինքնաբուժմամբ, այլ դիմել բժշկական հաստատություն և հետևել բժշկի խորհուրդներին։ 

 Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ