ՀԻՊՈԽՈՆԴՐԻԿԸ ՀԻՎԱՆԴ Է, ԲԱՅՑ ` ՄԻԱՅՆ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ
Պոլիկլինիկան լեցուն է այցելուներով:
Հոգնեցուցիչ հերթեր են հատկապես սրտաբանների և նյարդաբանների առանձնասենյակների մոտ: Առաջին հայացքից հնարավոր չէ տարբերել իրական ֆիզիոլոգիական խնդիրներ ունեցողներին` երևակայականից: Վերջիններս անկեղծ հավատում են, որ հիվանդություններ ունեն, որոնք լատենտային (թաքուն) շրջանում են, և որոնց բացահայտման համար ոչ մի արգելքի առաջ չեն կանգնում: Հաճախ, երբ երևակայական հիվանդությունը չի բացահայտվում, այս մարդիկ անիմացության մեջ են մեղադրում բժիշկներին, ուստի և հնարավորության դեպքում` ուղևորվում արտերկիր: Ախտանիշները նման են Ֆիզիոլոգիական հիվանդություններին` արագ սրտխփոց, գլխացավ, գլխապտույտ, բարձր ճնշում, սրտխառնոց, ընդհանուր թուլություն, երբեմն ջերմություն և այլն: Հիմնական գանգատը մշտական, ուժեղ և հոգեպես ճնշող ցավն է, որը չի բացատրվում ֆիզիոլոգիական խանգարումներով, արտահայտվում է հուզական բախումների կամ սոցիալ-հոգեբանական չլուծվող խնդիրների հետ զուգորդված: Երևակայական հիվանդություններով տառապող մարդկանց անվանում են հիպոխոնդրիկ: Սրանց մոտ մշտապես առկա են տարաբնույթ վախերն ու ֆոբիաները հիվանդություններից, մահից, անօգնականությունից: Երբեմն հիպոխոնդրիկներին շփոթում են նվնվացող բնավորությամբ մարդկանց հետ: Մինչդեռ այս համեմատությունը իրականությանը չի համապատասխանում: Հիպոխոնդրիկն, ի տարբերություն նվնվացողի, ում նպատակն իր վրա ուշադրություն սևեռելն է, բժշկվելու մեծ ցանկություն ունի: Նա բժշկից բողոքում է ոչ թե նրան նվաստացնելու կամ ինքնադրսևորման համար, այլ վախենում է սխալ ախտորոշումներից: Հիպոխոնդրիկի հետ խոսելիս թվում է թե նա հիվանդությունների հավաքածու ունի, որոնցից ձերբազատվելով, կարճ ժամանակում նորից է ՙհավաքում՚: Մարմնում ցանկացած նոր զգացողություն մեծ տագնապով է դիմավորում, համարելով դա նոր հիվանդության ազդանշան: Այսպես, օրինակ, գլխացավերն ու գլխապտույտները. նա ընկալում է որպես ինսուլտի կամ գլխուղեղի ուռուցքի նշան, կրծքավանդակում ցավերը` ինֆարկտի, հազը` տարածված H1N1-ի կամ թոքախտի և այլն, արհամարհելով մարդկանց հորդորներն այն մասին, որ հնարավոր է այդ ախտանիշերն ընդհամենը եղանակի փոփոխության, սխալ սնվելու, ալկոհոլային խմիչքների, հոգնածության կամ սթրեսների արդյունք են: Մշտական լարվածության պատճառով հիպոխոնդրիկի մոտ նկատվում են ոչ միայն վերոնշյալ ախտանիշերը, այլև ստամոքսի ցավ, փորկապություն, ախորժակի անկում, որոնք ևս ՙապացուցում՚ են նրանց պատրանքային ճշմարտացիությունը: Եվ քանի որ անընդհատ մտածում են շուտափույթ մահվան մասին, նրանց մոտ նկատվում է նաև դեպրեսիա: Սովորաբար հիպոխոնդրիկները կյանքում պասսիվ են, ունեն թույլ նյարդային համակարգ, խառնվածքով` մելամաղձոտ: Հաճախ հիպոխոնդրիան զարգանում է սուր սթրեսների արդյունքում. հարազատի կորուստ, նպատակների ձախողում և այլն: Եվ քանի որ այս մարդիկ թուլակամության պատճառով հակված չեն իրականացնելու իրենց նպատակները, հուզազգացմունքային էներգիան կուտակվում է` վերածվելով լարվածության, ինչն էլ սովորաբար փորձում են սպառել անիմաստ միջոցներով: Հիպոխոնդրիկի էներիգիայի սպառման դաշտը պայքարն է երևակայական թշնամու դեմ։ Եթե մարդ մանկությունից սովոր է թաքցնելու իր հույզերն ու զգացմունքները, ապա մտացածին հիվանդությունը թույլ է տալիս փոքրիշատե արտահայտվելու: Ոմանք հիպոխոնդրիայի հետևում թաքնվում են դժվար, անլուծելի իրավիճակներում, ՙհիվանդությամբ՚ արդարացնելով անգործությունը: Հիպոխոնդրիայից ազատվելու առաջին քայլը գիտակցելն է, որ այդ ամենը լարվածության արդյունք է: Այս մարդկանց խորհուրդ է տրվում համացանցում կամ այլ աղբյուրներում չկարդալ հիվանդությունների մասին, քանի որ ախտանիշերի մասին ամեն մի նոր տեղեկատվություն ստիպում է դրանք ՙհայտնաբերել՚ սեփական օրգանիզմում: Պետք է խուսափել մելոդրամային այն ֆիլմերից, որտեղ մարդիկ տառապում են անբուժելի հիվանդություններով: Չի կարելի հավատալ այն համոզումներին, իբր թե, եթե քո ազգականներից ոմանք տառապել են որևէ քրոնիկ հիվանդությամբ, ապա դա քեզ մոտ նույնպես անխուսափելի է: Անհրաժեշտ է ձգտել ամեն կերպ հեռու մնալ հիվանդությունների մասին զրույցներից ու քննարկումներից: Եթե գինեմոլին ու թմրամոլին բժշկելու համար հորդորում են հեռու մնալ հարբեցողների ու թմրամոլների հետ ընկերակցությունից, գիշերային ակումբներից, պանդոկներից, ապա հիպոխոնդրիկն էլ պետք է հեռու մնա հիվանդության թեմայից: Պետք է ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել, զբաղվել սպորտով, պարով, կամ թեկուզ տնային աշխատանքներով: Անհրաժեշտ է հնարավորության սահմաններում շփվել ոչ թե նվվնվացող մարդկանց, այլ կենսուրախ (սանգվինիկ) անձանց անձանց հետ:
ՍՈՖԻ ԲԱԲԱՅԱՆ
Հոգեբան