[ARM]     [RUS]     [ENG]

ՍՆՆԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ՝ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐ

Սննդի անվտանգության ապահովման ուղղությամբ տարբեր ծրագրերի շրջանակներում պետությունը միջոցառումներ է իրականացնում։

Չնայած դրան՝ առայժմ հարցը մնում է վերջնականապես չլուծված, բազմաթիվ մեր քաղաքացիներ անուշադրության հետևանքով գնում են ժամկետանց ապրանքներ՝ վտանգելով իրենց առողջությունն ու կյանքը։ Սննդի անվտանգության ապահովման և վերահսկողության իրականացման նպատակով մեզ մոտ ստեղծվել է շրջանային հանձնաժողով, որը, ղեկավարվելով սննդի անվտանգության ապահովման ԼՂՀ օրենսդրության և նորմատիվ ակտերի պահանջներով, ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ շրջանի տարածքում սննդի անվտանգության ապահովման և սպառողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ ՙՀամաճարակաբանության և հիգիենայի կենտրոն՚ ՊՈԱԿ-ի Մարտունու շրջբաժնի համապատասխան մասնագետների կողմից պարբերաբար ստուգվում են սննդի օբյեկտները, սրճարանները, խորտկարանները, կազմակերպվում են ստուգայցեր շրջանի հացաթխման կետեր, ստուգվում հանրախանութներում վաճառվող մթերքները։ Ստուգայցեր են կատարվում նաև շրջարհմիության նախագահի կողմից, համապատասխան մասնագետների ընդգրկմամբ` մի շարք մանկապարտեզներ, սակայն խնդիրն այդպես էլ լիարժեք լուծում չի ստացել։ Ինչու՞մ է խնդիրը, որ մեր առևտուր իրականացնող սուբյեկտները մնում են ամուր կառչած ժամկետանց ապրանքներին։ Մենք խանութներում հետաքրքրվեցինք. ժամկետանց ապրանքները հնարավո՞ր է հետ վերադարձնել։ Պատասխանը երկակի բնույթ է կրում. եթե առաքիչների կողմից է մատակարարվում, ապա այն խնդիր չի ներկայացնում։ Գործակատարները ցույց տվեցին խանութի մի անկյունում հավաքած ապրանքները, որոնք պետք է վերադարձվեն։ Ես ինքս իմ անուշադրության պատճառով գնել եմ այդպիսի ապրանք, որը, բնականաբար, վերադարձրել եմ, ինչը դժգոհության առիթ է դարձել վաճառողուհու կողմից։ Ստացվում է` խնդրի հիմնական լուծումը գտնվում է սպառողի ձեռքի՞ն։ Չեմ կարծում, որ ուշադիր և պահանջկոտ, իր շահերն ու անվտանգությունն ապահովող գնորդը կարող է խաբվել։ Բնականաբար, ժամանակի ընթացքում ժամկետանց ապրանքներն այլևս տեղ չեն ունենա վաճառասեղանին։ Կուզենայի անդրադառնալ ևս մեկ շատ կաևոր ու ցավոտ հարցի։ Ինչպե՞ս են հացաթխման կետերից հացը և հացամթերքն առաքվում վաճառքի կետեր և ինչպես է այնտեղից իրականացվում վաճառքը։ Կարծում եմ` հատուկ կրթություն և մասնագիտական առանձնակի ունակություններ պետք չէ ունենալ, որպեսզի մարդ հասկանա, թե ինչ է իրենից ներկայացնում հացը, ինչպիսի պահանջարկ ունի այն իբրև սննդատեսակ և ինչ պայմաններում ու կարգով պիտի հասցվի սպառողին։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում իրականում։ Այս ցավալի, ես կասեի՝ հանցավոր իրավիճակին ականատես ենք լինում ամեն օր. հացը խանութներ է հասցվում ինչով և ինչպես հնարավոր է։ ՙՀամաճարակաբանության և հիգիենայի կենտրոն՚ ՊՈԱԿ-ի Մարտունու շրջբաժնի պետից հետաքրքրվեցինք` ինչպիսի աշխատանք է տարվում հաց փոխադրող մեքենաների, խանութների սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման ուղղությամբ։ Ամեն ինչ պարզելու համար մասնագետի հետ ստուգայց կազմակերպեցինք հացաթխման կետեր ու ստուգեցինք ինչպես հացի արտադրամասերի վիճակը, պայմանները, աշխատողների սանիտարական գրքույկներն ու մի շարք հանգամանքներ, այնպես էլ փոխադրամիջոցների վիճակը։ Արդյունքում պարզվեց, որ խախտումներն ու թերությունները բավականաչափ են ու ամենուր։ Հասկանալի էր, որ հիմնական պատասխանատվությունը հացաթխման կետերի տնօրինության վրա է ընկնում։ Նման օբյեկտներում անհրաժեշտ առաջարկություններ, զգուշացումներ արեցինք։ Եվ ահա, օրեր անց, նկատեցինք, որ առաքիչներից մեկը, ով նաև հացաթխման կետի սեփականատերն էր, հացը խանութներ է առաքում արդեն համեմատաբար բարելավված պայմաններում։ Երևույթը հաճելի էր և հույս ներշնչեց, որ կարող են մյուսներն էլ ընդօրինակել։ Կարծում եմ` համատեղ ուժերով միայն կկարողանանք երաշխավորել մեր անվտանգությունը և նպաստել ապրանքների վաճառքի կազմակերպման ճիշտ մշակույթի ձևավորմանը։ 

 Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ ք. Մարտունի