[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵՐ ՀԱՎԱՏԸ ԱՄՈՒՐ ՊԱՀԵՆՔ

Մեզանից շատերն են փողոցում առնչվել Եհովայի վկաների հոգեորսություններին։

Դժբախտաբար, մեկ անգամ չէ, որ Եհովայի վկաներն ինձ էլ են փորձել փողոցում համոզել իրենց  ճշմարտության մեջ։ Ու միշտ նրանց բացատրում եմ, որ ես մկրտված եմ Հայ Առաքելական եկեղեցում ու հավատարիմ եմ մեր դավանանքին։ 

Դեռևս 1990-ականների սկզբին Ճարտարագիտական համալսարանի  ուսանողներից մեկը սև կազմով մի ՙԱվետարան՚ ձեռքին  փողոցում  մոտեցավ ինձ։ Ներողություն խնդրելով՝ նա հարցրեց՝ հավատո՞ւմ եմ Աստծուն։ Ես դրական պատասխան տվեցի։ Նա ինձ փորձեց ապացուցել, որ  Քրիստոսն Աստված չէ, այլ՝ Աստծո որդի։ Երիտասարդին բացատրեցի, որ համամիտ չեմ և ընդունում եմ Հոր, Որդու և Սբ Հոգու միասնությունն այնպես, ինչպես մեր եկեղեցին ու դավանանքն են։ Այն ժամանակ լավ չէի ուսումնասիրել Աստվածաշունչը, որ ապացույցներ բերեի, բայց տեսնում էի, որ գրքում ընդգծվածը ենթատեքստից հանված տողեր էին, որոնք էլ խեղաթյուրված ներկայացնում էր որպես միակ ճշմարտություն։ Եհովայի վկաններն այսօր դռնեդուռ ընկած՝ ջանում են մարդկանց վզին փաթաթել իրենց ուսմունքը։ Զարմանալի է, որ երիտասարդ տղամարդիկ գտնում են, որ պետք չէ ծառայել բանակում։ Նրանցից մեկին մի անգամ հարցրի, թե ինչու պետք է ուրիշները ծառայեն ու պաշտպանեն ձեր ընտանիքներին, իսկ դուք հանգիստ զբաղվեք Եհովայի քարոզչությամբ։ Իսկ եթե թշնամին ձեռք  բարձրացնի ձեր հարազատների վրա, ի՞նչ կանեք...

Որոշ աղջիկներ և կանայք, իրենց քարոզիչներ համարելով, ծեծում են դռներն ու առաջարկում գրքեր, բրոշյուրներ և փորձում մարդկանց ներգրավել իրենց շարքերը։ Ես ամոթանք եմ տալիս նրանց, որ փորձում են խարխլել հայոց հավատը։ Ճիշտ է, սփյուռքահայերից շատերը կամ կաթոլիկ են կամ հակվել են  Ավետարանական եկեղեցուն, բայց դա պայմանավորված է տվյալ երկրների հավատքից, սովորույթներից։ Այնուամենայնիվ, սփյուռքահայերը պահպանել են իրենց լեզուն ու հավատը և հնարավորության դեպքում կառուցել եկեղեցի։ Իսկ  Եհովայի վկաները շեղվում են ճշմարիտ հավատից։ Ակամայից հիշում եմ Կիլիկյան պետության մեջ ունիթորների և հակաունիթորների ընդհարումները։ Հասարակությունը բաժանված էր Արևմտյան եկեղեցու՝ կաթոլիկ և առաքելական լուսավորչական եկեղեցիների կողմնակիցների միջև։ Նրանց միջև իսկական մարտեր եղան։ Դա ներսից թուլացրեց Կիլիկյան պետությունը և պատճառ դարձավ մամլուկներից նրա կործանմանը։ 

Եհովայի վկաները պետք է դարձի գան՝ ապաշխարեն, մկրտվեն ու դառնան մեր Հայ Առաքելական եկեղեցու զավակներ։ Հայրս կոմունիստական կուսակցության անդամ էր (50 տարի), բայց միշտ ասում էր. ՙԱ՛յ, երկնային թագավոր-դատավոր Աստված, դու մեզ զորավիգ եղիր՚։ Երբ եկեղեցում ժամերգություն, պատարագ եմ լսում (ՙՀայր մեր՚, ՙԱռավոտ լուսո՚ և այլն), ասես ականջիս է հասնում հորս մեղմաձայն խոսքն՝ առանց բառերի։ Պետք է հետևել քրիստոնեական պատվիրաններին ու լինել առաքինի, խոնարհ,  եղբայրասեր, ողորմած, ժուժկալ, ողջախոհ ու հեռու մնալ յոթ մոլություններից՝ սնապարծությունից, նախանձից, բարկությունից, ծուլությունից, ագահությունից, որկրամոլությունից, բղջախոհությունից։ Սրանք նաև յոթ մահացու մեղքեր են, որոնցից պետք է զերծ մնալ։ 

Ինձ համար ծանր մեղք է նաև մարդուն զրպարտելը, սուտ հորինելը, վարկաբեկելը, անպատվելը։ Դրանք վատ կարծիք են ստեղծում մարդու մասին, նվաստացնում ու անարգում նրան, մեկուսացնում շրջապատից, ազդում տրամադրության, աշխատանքի ու առողջության վրա։

Մենք պետք է լավ հիշենք ու հետևենք քրիստոնեական պատվիրաններին։ Դրանք նաև մեզ  հայրենասիրական ու հերոսական գործերի են մղում։ Մեր հոգևոր հայրերը հերոսացել են Վարդանանց և Վահանանց պատերազմներում, իսկ Արցախյան գոյամարտում իր օրինակի ուժով, մարտերին իր անմիջական մասնակցությամբ ոգեշնչել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս  Մարտիրոսյանը, ով հիմա էլ անվարան ուղղորդում է մեզ դեպի աստվածային ճշմարիտ հավատը։ Ուրեմն՝  լինենք միասնական և հավատարիմ մեր ճշմարիտ դավանանքին։ Հիշենք  Խ. Աբովյանի պատվիրանը՝ ՙՄեր լեզուն, մեր հավատքը ղայիմ  պահենք՚։