Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱԺԱՆՈՐԴԻ ՄՈՏ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ՝ ԳԵՐԱԿԱ ՊԱՅՄԱՆ

Նշվեց ջրային համակարգի աշխատողի օրը   

 Մարտի 22-ին նշվեց ԼՂՀ  ջրի և ջրամատակարարման համակարգի աշխատողի մասնագիտական տոնը։ Օրվա առթիվ ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունը նախաձեռնեց միջոցառում, որի ընթացքում ոլորտի մի խումբ աշխատողներ պարգևատրվեցին: Նախարար Կ. Շահրամանյանը շնորհավորեց  մասնագիտական օրվա առթիվ, կարևորեց  նրանց վաստակը: Խոսվեց վերջին տարիների ձեռքբերումների, խնդիրների ու անելիքների մասին:

Կառավարությունը համակարգի զարգացմանն ուղղված մի շարք միջոցառումներ է իրականացնում. ստեղծվել է ՙՋրամատակարարում և ջրահեռացում՚ ՓԲԸ-ն, որն էլ կոչված է գործարկելու ներդրված համակարգերը, իրականացնելու գործադիրի կողմից նախանշվող միջոցառումները:

Ընկերության տնօրեն Սամվել Հարությունյանը ևս իր ելույթում շնորհավորեց բոլորին՝ նշելով, որ բաժանորդների սպասարկման մակարդակի բարձրացումը և վստահության ձեռքբերումն ընկերության առջև դրված գլխավոր խնդիրներից է, որին կհասնեն արհեստավարժ գործելակերպի ու նոր մոտեցումների միջոցով:

Այնուհետև տնօրենը ներկայացրեց նախորդ տարվա հաշվետվությունը: 2015 թվականը  ՙՋրամատակարարում և ջրահեռացում՚ ընկերության համար լարված ու իրադարձություններով հագեցած տարի էր: Այն եղել է  լուրջ մարտահրավերների տարի, որին դիմագրավեցին բոլոր օղակների  բարեխիղճ աշխատանքի շնորհիվ: Ընկերությունն իրականացրել է բազմաթիվ բարեփոխումներ՝ համակարգում կառուցվածքային փոփոխությունների, ջրամատակարարման տևողության ավելացման ու ջրի որակի բարելավման ուղղությամբ, տեխնիկական ու շահագործման ոլորտում, որոնք էլ իրենց հերթին դրական ազդեցություն են ունեցել ծառայության որակի վրա: Նման աշխատանքների շարունակական գործընթացը և բաժանորդների հետ անընդհատ շփումը նպաստել են վերջինների վստահության բարձրացմանը, ըստ այդմ էլ՝ կանոնավոր վճարումների ապահովմանը:

Համակարգում  աշխատում են բանիմաց, գործին նվիրված մասնագետներ, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում հասնել ավելի բարձր արդյունքների։ Տարվա ընթացքում տեխնիկական և գործառնական բազմաթիվ բարեփոխումները նպաստել են ծառայությունների որակի բարելավմանը, իսկ ԼՂՀ կառավարության, ԼՂՀ քաղաքաշինության նախարարության աջակցությամբ իրականացված շինաշխատանքները ջրամատակարարման համակարգում ավելի են բարձրացրել բաժանորդների վստահության մակարդակը:

Ընկերությունն իր մեջ ներառում է 5 տեղամաս, 5 ենթատեղամաս, սպասարկում է 65 համայնք, 69 բնակավայր: 2015թ. սպասարկել է 14562 բաժանորդների, 52589 բնակիչների: Համեմատության համար նշենք, որ 5 տարի առաջ սպասարկում էր ընդամենը 7817 բաժանորդների, 26400 բնակչության: 

2015թ. շուրջօրյա ջրամատակարարում է իրականացվել 37 համայնքներում:

Ջրային համակարգում ընդգրկված են 145 օրվա կարգավորիչ ջրամբարներ, որոնք սնուցվում են 112 ակունքներից, 59 արտեզյան և մխոցային պոմպերից: Ընկերության սպասարկման ցանկում ընդգրկված են 24 տրանսֆորմատորային կայաններ:

Բաժանորդների տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը զուգահեռ բարելավվում են նաև վճարումների ցուցանիշը, հաշվառման մակարդակը և այլն: 2016թ. պլանավորված է տեխնիկական վերազինման ծրագիր, որը կնպաստի խնայողությանն ուղղված աշխատանքների իրականացմանը:

Վերջում նախարար Կ. Շահրամանյանը շնորհավորեց նաև պարգևատրվածներին, նշելով, որ չնայած ձեռքբերումներին ու հաջողություններին, համակարգում անելիքները դեռ շատ են: Նա ընդգծեց, որ այս հարցում պետք է օժանդակի նաև հասարակությունը. բնակչության շրջանում բացատրական աշխատանքի կարիք ևս կա, քանի որ դեռևս ձևավորված չէ մշակույթը, որ օգտագործված ջրի դիմաց պիտի վճարել այնպես, ինչպես վճարում ենք էլեկտրաէներգիայի, գազի մատակարարման, մյուս ծառայությունների դիմաց:

Կ. Շահրամանյանը հանձնարարեց 2016թ. նախատեսված աշխատանքներին էլ հետամուտ լինել, պատասխանատվությամբ մոտենալ իրենց պարտականություններին՝ հաշվի առնելով ջրի կենսական նշանակության և երկրի տնտեսության համար ջրամատակարարման համակարգի զարգացման կարևորությունը։ 

 Սրբուհի ՎԱՆՅԱՆ