[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԿՍ ՄՅՈՒՍԻՑ ՈՒԺ ԵՆՔ ԱՌՆՈՒՄ

Այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում առաջնագիծն է, որտեղ մեր հայրենիքի ճակատագիրն է որոշվում, հանուն որի անհավասար մարտերում անօրինակ սխրանքներ է գործում հայ զինվորը, համախմբման փայլուն օրինակ ցույց տալիս հայ ժողովուրդը: 

 ժամանակակից սպառազինության պայմաններում Ղարաբաղի նման փոքր երկրի համար թիկունք հասկացությունը բնականաբար պայմանական է: Ոչ մեկը վստահ չի կարող ասել, թե որոշ գերտերությունների հովանավորությունից ոգևորված՝ արկածախնդիր հակառակորդը չի շարունակի  խաղաղ բնակչությանը հեռահար զենքի թիրախ դարձնել: Սակայն, ի հեճուկս թշնամու նկրտումների,  կյանքն Արցախում շարունակվում է բնականոն հունով. մարդիկ առավոտյան շտապում են աշխատանքի, գյուղերում գարնան դաշտային աշխատանքներն են ընթանում, շինարարությունն է շարունակվում, պատերազմական ժամանակների համար գուցե մանրուք թվացող` փողոցներն են մաքրվում, ճանապարհային ոստիկանները, ինչպես միշտ, երթևեկությունն են հսկում, առավելապես` ուսումնական հաստատություններին մերձ խաչմերուկներում, թեկուզ ճշմարտությունը պահանջում է ասել, որ առավոտյան ժամը 9-ի մոտերքում դպրոցամերձ տարածքներում առաջվա պես մեքենաների խցանումներ չկան: Կրտսեր դպրոցականներին ոտքով դպրոց են ուղեկցում հիմնականում մայրիկները, տատիկները: Պատճառը պարզ է. հայրերը դիրքերում են: 

Որպես Ստեփանակերտի կենտրոնական շուկայից ՙակտիվ՚  գնումներ կատարողներից  մեկը` կարող եմ վստահեցնել, որ դատարկ վաճառասեղաններ չկան, ինչպես միշտ` ամեն մեկն իր ՙդիրքում՚ է` նկատի ունեմ նրանց, ովքեր գյուղերից են գալիս: Թաղավարդցի հացավաճառ Իդան դարձյալ իր երեք տեսակի թոնրահացերն է շուկա բերում` մնացած բարիքների հետ միասին, Քարին տակի, Կարմիր շուկայի, Պատարայի հացավաճառները` նույնպես, մյուս գյուղերից, որտեղից միշտ ներկայանում են, դարձյալ տղամարդիկ ու կանայք կան: Ներքուստ ուրախանում ես. նշանակում է՝  միջհանրապետական երթուղին նորմալ գործում է, գյուղացիները կարողանում են իրենց ապրանքը հասցնել մայրաքաղաք, իրացնել շուկայում: Եվ, ի պատիվ նրանց, պետք է ասել, որ գյուղացիներն իրենց ապրանքների գները չեն բարձրացրել:

Շուկայից քիչ վերև՝ խաչմերուկի մոտ, մի փոքրիկ խանութ կա, որտեղ միշտ ժամը 9-ին ալյումինե տարայով կաթ են վաճառում: Մատակարարն Ասկերանի շրջանի Այգեստան գյուղից մի մենատնտես  է: Քանիցս ականատես եմ եղել, որ նա անձամբ իր փոքր մեքենայով այս վաճառակետին (ուրիշ խանութների՝ նույնպես) ամեն օր հանձնում է  20-25 լիտր կաթ, տարվա բոլոր եղանակներին էլ նույն գնով` լիտրը 250 դրամ: Ճիշտն ասած, նրա պարտաճանաչությունը, եռանդը տեսնելով, մտքում որոշել էի նրա մասին գրել, բայց ինչ-ինչ պատճառներով հետաձգում էի: Սովորական ժամին չտեսա ոչ նրան, ոչ էլ կաթը խանութում: Հարցուփորձ արի խանութի տիրոջը, ասաց, որ Դավիթը (այդպես է ֆերմերի անունը) որդու հետ դիրքերում է, բայց կաթն էլի բերում են, նրա հարևանն է հիմա մատակարարում,  ուղղակի ժամն է փոխվել, մի քիչ ուշ է բերում, մշտական գնորդներն արդեն գիտեն այդ մասին: Իսկ Դավիթն ամեն օր ՙպոստից՚ տեղեկանում է, հետաքրքրվում: 

Չհասցրի երկար մտորել մարդկային մեր տեսակի մասին, երբ տեսա մի երիտասարդ կնոջ՝ նույն խանութից սոխանման ինչ-որ բան գնելիս: Հետաքրքրվում եմ՝ ի՞նչ է: Ասում է՝ գլադիոլուս ծաղկի սոխուկ է, տանում է վարի իրենց  բակում: Բնականաբար, զրույցը շարունակություն ունեցավ: Տունը Խնձորեն  բաղ թաղամասում է: Փորձում եմ նրան, ասում եմ` պատերազմ է, այդքան լավատե՞ս ես, որ բակը գեղեցկացնելու մասին ես մտածում, ասում է. ՙԻսկ ինչո՞ւ լավատես չլինեմ, 91-ին պայմաններ չունեինք, էլի լավատես էինք, հիմա ամեն ինչ ունենք, ինչո՞ւ լավատես չլինենք՚: Ասաց ու արագ հեռացավ: Ընդամենը հասցրի անունն իմանալ` Հովակիմյան Տանյա: Այսպիսի օրինակները շատ են: Իսկ երբ փողոցում հղի կին ես տեսնում, ակամայից ուզում ես Նապոլեոնի նման վարվել. նա  գլխարկը հանում էր հղի կնոջ առաջ, ասելով՝ բանակիս համար զինվոր է բերում:

Էլ չենք խոսում դպրոց շտապող երեխաների մասին: Այս անգամ էլ հիշում ես մեր նախորդ  պատերազմում այն դպրոցականի՝ արդեն հանրահայտ դարձած խոսքը, որ ռմբակոծության տակ դպրոց էր գնում, և երբ նրան հարցրել են՝ չի՞ վախենում, պատասխանել էր. ՙՍրանք կարող է մի քսան տարի կռվեն, ինչ է, ես անգրագետ մնա՞մ՚: 

Իսկ ի՞նչ են անում Թալիշի, Մատաղիսի երեխաները: Հետաքրքրվում եմ ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարից:   Սլավա  Ասրյանի տեղեկացմամբ՝ առհասարակ պարապմունքներն ընթանում են բոլոր ուսումնական հաստատություններում՝ դպրոցներում, համալսարաններում, ուսումնարաններում: Հրետակոծության ենթարկված Մարտակերտի դպրոցում, կարգավորելուց հետո  պարապմունքները վերսկսվել են: Իսկ Թալիշի, Մատաղիսի, ինչպես նաև Մարտունու շրջանի Զորավանի (Ճարտարի հ. 5 դպրոց) և Հադրութի շրջանի Առաջամուղ սահմանային գյուղի դպրոցներն առայժմ չեն գործում, բայց այդ երեխաները հիմնականում ընդգրկված են Արցախի այլ կրթօջախներում: Մարտակերտի շրջվարչակազմի կրթության բաժնի վարիչ Ժասմեն Դավթյանը տեղեկացրեց, որ բոլոր աշակերտների տեղը գիտեն: Պարապմունքներն ընթանում են ծրագրին համապատասխան: Ավելին, մարտ-ապրիլ ամիսներին անցկացված դպրոցականների առարկայական օլիմպիադայի արդյունքներով՝ մրցանակակիր դպրոցականները մասնակցում են այս օրերին ՀՀ-ում ընթացող օլիմպիադաների եզրափակիչ փուլին: Մասնավորապես Հաթերքից Ալլա Խաչատրյանն այս պահին  մասնակցում է գրականության օլիմպիադային, Նոր Սեյսուլանից Լուսինե Սարգսյանը՝  պատմությունից: Նախարարությունում տեղեկացրին, որ մասնակից ունենք նաև Հադրութի շրջանի Մարիամաձորի դպրոցից. Հերմինե Արզումանյանը կմասնակցի երկու առարկայից՝ հայոց լեզվից և գրականությունից: 

Բոլորով հիանում ենք, մեկս մյուսից ուժ առնում:

Պատերազմը շարունակվում է, կյանքը՝ նույնպես: Այս օրերին եվրոպաներում, ռուսաստաններում, ամերիկաներում տաք-տաք Ղարաբաղի հարցն են քննարկում, աշխարհի լրատվամիջոցները թեժ կետից նյութեր են սփռում, բայց մեր հայացքն ուղղված է մեր սահմաններում կռվող տղաներին, մեր  ժողովրդի միասնականությանը:  

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ