Logo
Print this page

ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՐԵՑԻՆ ԱՐՑԱԽ

ՙԱզգը գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ տեսիլք ունի՚

Ապրիլի 13-14ը Արցախ են ժամանել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ  Ծայրագույն Պատրիարք և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ.Արամ Ա-ը և իրենց զորակցությունը բերել ԼՂՀ իշխանություններին, արցախահայությանը, հայրենյաց պաշտպան զինվորներին։ Այցի ընթացքում նրանց ուղեկցում էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Մուրադյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Միջեկեղեցական բաժանմունքի վարիչ Հոգեշնորհ Տ. Հուսիկ ծայրագույն վարդապետ Մարտիրոսյանը, մի շարք հոգևորականներ։ 

Ապրիլի 13-ին Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ուղեկցությամբ Հայոց Կաթողիկոսները եղան Գանձասարի վանքում։ Թեմի եկեղեցականներից և ՀՀ  ԶՈՒ հոգևոր առաջնորդության հոգևոր սպասավորներից կազմված թափորը Ամենայն Հայոց Հայրապետին և Կիլիկիո Կաթողիկոսին վանքի զանգերի հաղթական ղողանջների ուղեկցությամբ, ՙՀրաշափառ՚-ի երգեցողության ներքո առաջնորդեց Ս.Հովհաննես Մկրտիչ պատմական տաճարը, որտեղ կատարվեց միասնական աղոթք Արցախ աշխարհի խաղաղության համար։  

Ապրիլի 13-ին Հայոց  Կաթողիկոսներն այցելեցին Ստեփանակերտի Կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ տեղեկացան Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված ՊԲ զինծառայողների առողջական վիճակին ու նրանց բուժման ընթացքին։ Գարեգին Բ և Արամ Ա Հայրապետները շրջեցին հոսպիտալի հիվանդասենյակներով՝ վիրավոր զինվորներին բերելով իրենց օրհնությունն ու քաջալերանքի խոսքերը, մաղթելով շուտափույթ ապաքինում։

Նույն օրը  Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բ  Ծայրագույն Պատրիարքն ու Ն.Ս.Օ.Տ.Տ.Արամ Ա-ը ԼՂՀ  Նախագահ Բակո Սահակյանի հետ միասին շրջեցին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակով, ծանոթացան վերջին շրջանում կատարված քաղաքաշինական աշխատանքներին և բարձր գնահատեցին քաղաքի բարեկարգմանն ուղղված Արցախի իշխանությունների ջանքերը։     

Իսկ ապրիլի 14-ին Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքի և և Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք Արցախի ապահովության և խաղաղության համար: Արարողությանը ներկա էին ԼՂ Հ Նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ՊԲ հրամանատարական կազմը, պետական պաշտոնյաներ, զինծառայողներ, հավատավոր ժողովրդի հոծ բազմություն։ 

Մաղթանքի ընթացքում Հայոց Կաթողիկոսներն իրենց պատգամը փոխանցեցին Արցախի ժողովրդին։ Նրանք գովաբանական աղոթք բարձրացրին առ Աստված, որ հաղթանակով պսակեց հայրենյաց պաշտպան մեր զավակների պայքարը Արցախ ներխուժած թշնամու դեմ, որը խափանել էր մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքը, փորձել բռնանալ դավադիր խորհուրդներով: 

Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքով՝ այս դժվարին օրերին, երբ լարվածությունն ու պատերազմի սպառնալիքը դեռ չի փարատվել, մեր հոգևոր եղբոր՝ Արամ Ա  Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ մեկտեղ կամեցան այցելել Արցախի ժողովրդին, Հայրապետական օրհնությունը և գնահատանքը բերելու արցախցիներին, ովքեր առ Աստված հավատքով ու անկոտրում ոգով հաստատուն կանգնած են հայրենի հողին և անձնվիրաբար պաշտպանում են հայրենյաց սահմանները: 

ՙԱրդարև, չկա ավելի մեծ շնորհ ու մխիթարություն Հայրապետիս համար, քան լինել հարազատ ժողովրդի կողքին նրա պայքարի այս նվիրական պահին, քաջալերել նրան իր հավատարմությունը պահելու հայրենիքին, քրիստոնեական իր հոգուն, ազգի իղձերին ու լուսավոր գալիքի տեսիլքին: Ազգը գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ տեսիլք ունի և պայքարում է հանուն դրա իրագործման: Ասվածի լավագույն ապացույցը Արցախի Հանրապետությունն է, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր ժողովրդի ազատ ապրելու դարավոր երազանքի մարմնացումը։ Մեր հոգին լի է արդար հպարտությամբ, քանզի մեր բանակի սահմանապահ միավորումները, ինչպես և Արցախի մեր ժողովուրդը աներկյուղ դիմակայեցին ադրբեջանական զորքերի հարձակմանը, ետ մղեցին սպառազինությամբ գերազանցող հակառակորդին, որի մեջքին անսքող կանգնած է ցեղասպան Թուրքիան: Առաջին իսկ օրից դրսևորվեց մեր բանակի մարտունակությունն ու քաջարի ոգին, մեր զինվոր զավակները ցուցաբերեցին հերոսության բացառիկ օրինակներ: Նրանցից ոմանք իրենց ծաղկուն կյանքը, պայծառ երազները նվիրեցին հայրենիքին, մեզ՝ ապրողներիս, գալիք սերունդներին՚,- վկայակոչեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: 

Արցախի ժողովուրդը, որին միացած է նաև ողջ հայությունը, պիտի շարունակի արդար պայքարը մինչև վերջնական հաղթանակ։ Հոգևոր Հայրերը հորդորեցին ամուր ու անսասան մնալ հավատքի մեջ, պահպանել միաբանություն և զգոնություն, քանզի  մեր ուժը եղբայրության ու միասնության մեջ է։ Մեծի Տանն Կիլիկիո կարթողիկոս Արամ Ա-ն փառք տվեց Աստծուն ընծայված նման հոգեպարար առիթի համար, որ ինքը կանգնած է Սրբազան հողի վրա, հայ ժողովրդի սիրելի ու հզոր զավակների կողքին։ Նա հիշեց և փառք տվեց Աստծուն անցյալի և ներկայի այն հերոս տղաների համար, ովքեր իրենց կյանքը տվեցին Արցախի անկախությանը, հայրենիքին, հավատքին։ Կիլիկիո կաթողիկոսն  անդրադարձավ 5-րդ դարի պատմիչների տեղեկություններին և այն ժամանակների հերոս հայորդիներին, ովքեր նույնպես հայրենիք էին պաշտպանում՝ գիտակցելով, որ՝ ՙՄահ իմացյալ անմահություն է, մահ ոչ՝ իմացյալ՝ մահ՚։ 

ՙԱյսօր յուրաքանչյուր հայ արցախցի է՝ Արցախում թե Արցախից դուրս, քանի որ այս սրբազան հողը մեր ժողովրդի վավերական հայրենիքն է։ Հիշենք Հիսուս Քրիստոսի խոսքերը, երբ անակնկալ փոթորկի ժամանակ գոտեպնդեց իր աշակերտներին՝ հորդորելով չվախենալ։ Նույնը այսօր մեր ժողովրդին է Աստված պատվիրում. Հայո՜ց ժողովուրդ, մի՜ երկնչիր, միայն հավատա և պիտի ապրիս։ Եվ մեր ժողովուրդը հավատաց, խաչով ու զենքով հայրենիք պաշտպանեց։ Երբ 5-րդ դարում Սասանյան հսկա կայսրությունը մտադրվել էր նվաճել Հայաստանը, նրա ջանքերը  ի զորու չեղան կռվել ոգեպինդ, հավատքով լեցուն, արդարության, իրավունքի և հայրենիքի պաշտպանության համար պատրաստ նահատակվելու հայորդիների դեմ։ Նույն կերպ  Ադրբեջանն այս օրերին էլ չկարողացավ խլել մեր իրավունքն ու անկախությունը։ Ու այսօր մենք երկու Վեհափառներով եկել ենք ասելու, որ մենք ձեզ հետ ենք, մեր ազգը, մեր եկեղեցին ձեզ հետ է՚,- շեշտեց Արամ Ա-ն ։ Նա նույնպես իր հերթին ոգեկոչեց լինել միաբան, ու թեպետ մենք փոքր ազգ ենք, բայց հզոր ենք հարուցյալ գործերով ու համատեղ պետք է կերտենք մեր ժողովրդի ապյծառ ապագան։ Հայոց Կաթողիկոսները վերստին իրենց գնահատանքն ու օրհնությունը բերեցին սիրելի բարեպաշտ զավակներին, Հայոց բանակի քաջ մարտիկներին, զորակցությունը՝ Արցախի նախագահին, պետական այրերին, ողջ հայությանը։ Վերջում համատեղ ՙՀայր մեր՚ Տերունական աղոթքից հետո ներկաները միասնաբար կրկին հայցեցին Աստծուն երկրի խաղաղության, վիրավոր զավակների շուտափույթ ապաքինման, մարտերում զոհված զինվորների հոգիների լուսավորման և մարդկանց ոգու արիության ու մխիթարության համար։ 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.