ԲԱՆԱՀՅՈՒՍԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Քարոզչությունը և, առհասարակ, նրա հոգեբանական ողջ գործընթացը յուրօրինակ պաշտպանական ռազմավարություն է:
Բնավ կարևոր չհամարելով անդրադառնալ Ադրբեջանի գիտնականների, լրագրողների և քարոզչության ասպարեզում ծավալված հիմնականում ախտաբանական երանգների հասնող քարոզչությանը, նշենք միայն, որ այն, որպես այդպիսին, ունի կարծր նախահիմքեր ու նախասահմանումներ:
Ոչ վաղ անցյալում Մոսկվայի ՙԳեղարվեստական գրականություն՚ հրատարակչությամբ լույս է ընծայվել ՙԱստղային ողկույզ: Ադրբեջանի բանահյուսությունը և գրական հուշարձանները՚ (Звездная гроздь. Фольклор и литературные памятники Азербайджана) ժողովածուն, որում արտացոլված ստեղծագործությունների բովանդակությունը ոչ միայն հակագիտական են ու չփաստարկված, այլ ունեն պաթոլոգիկ երանգներ: Առհասարակ, ժողովրդական գրականության մեջ, մասնավորապես էպոսում, վեհացվում են ինչպես ազգը, այնպես էլ նրա առանձին անհատները: Որպես օրինակ, վերցնենք ՙԴեդե Քյորքութի՚ կամ ՙՔորքյութ Աթայի՚ մասին էպոսը: ՙԽվՌչՈ ՎՏպչՏ ՊպՊՈ ԽցՐՍցՑՈ՚ գիրքը խոսում է օղուզական ցեղերի վարած պատերազմների մասին: Ազգային մշակույթի արմատների բացահայտման համար թուրք գաղափարախոս Զիա Գեքալփը անդրադառնում է օղուզական էպոսին, որը սոսկ օղուզ թուրքերի պատմությունը և էթնիկ իսկությունը բացահայտող նյութ չէ: Այն պարունակում է ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հյուպատոսական, դիվանագիտական, քաղաքական տիրույթներում կատարվող քարոզչության զեղծարարությունները բացահայտող հրաշալի նյութ: Պատմագիտական բոլոր կեղծարարությունները հեշտությամբ մերկացվում են և դառնում չհաջողված հորինվածքներ, երբ ընթերցում ենք օղուզական էպոսը, որն, ի դեպ, համարվում է ադրբեջանցիների սուրբ գիրքը: Թուրք գաղափարախոս Գեքալփը օղուզական էպոսը համարում է ազգային մշակույթ և առհասարակ մշակույթը դիտում որպես ազգային երևույթ, իսկ քաղաքակրթությունն ըստ այս ՙմեծ՚ գաղափարախոսի՝ միջազգային է, և թուրքական մշակույթը պետք է փրկել ՙմիջազգային քաղաքակրթության ճիրաններից՚: Էթնոհոգեբանության մեջ կա տեսակետ, համաձայն որի մարդկությունն անցնում է զարգացման վայրենության, բարբարոսության և քաղաքակրթության փուլերով: Ինչպես տեսնում ենք, վերջին փուլը՝ որպես այդպիսին, հաղթահարված չէ:
Օղուզ խանը, որ գիտության
Համար դեռ մութ կմնա:
Այն դեռ կապրի, հարգված ու մեծ
Արյունիս մեջ:
Օղուզ խան...
Կներշնչի սիրտս նա
Թուրքիան չէ հայրենիքը թուրքերի
Թուրքստանն է՝ երկիրը մե՛ծ,
հավերժական
Թուրա՛ն...
Նախահայրերի և հերոսների կարիք օրինաչափորեն զգում են բոլոր ազգերն ու էթնիկական հանրույթները: Էպոսը մարդկանց ինչ-որ բան հաղորդելու կամ ներշնչելու, նրանց համախմբելու նպատակ ունի, որը պայմանականորեն կարելի է նաև համարել միսիոներական: Եվ այստեղ հարց է առաջանում. ինչպիսի՞ կերպար է մատուցվում երիտասարդ սերնդին: Արդյո՞ք էպոսը չի կերտվել ներկա սերնդի համար, որով անցյալի հետ ստեղծվում է անձնական սերտ կապ: Ինչևէ, Օղուզը պաշտվում է իբրև ազգային դյուցազն ու նախահայր: Էպոսի գլխավոր հերոսներից է Բայբուր Բեկը, ով շատ տարիներ զավակ չի ունենում, և ահա, երկար աղոթքներից հետո, ալլահը արու զավակ է պարգևում, բայց նրան անուն չեն տալիս: Եվ տղան անուն է ունենում միայն այն ժամանակ, երբ գլուխ է կտրում ու արյուն թափում: Եվ ահա Քորքյութ պապն ասում է.ՙԲարձրյալ Աստված քեզ տված որդի, թող նա էլ պահպանի նրան: Նա բարձրանալու է մեր առջև փռված ձյունածածկ սև սարը: Նա անցնելու է արյամբ տաքացած գետերով: Թող Աստված հեշտացնի նրա անցումը: Նա մխրճվելու է անհավատների խիտ ամբոխի մեջ, թող ամենաբարձրյալն Աստված պարգևի քո որդուն հաջողություն՚ (Թարգմանությունը՝ Հ. Միրզոյանի և Ն. Գոնչարի): Այստեղ Ղուրանից մեկ հատված մեջբերենք, որն, ինչպես կտեսնենք, ավելի արդյունավետ է դարձնում ոչ միայն անհավատների դեմ պայքարն ու ծավալած քարոզչությունը, այլ նպաստում ագրեսիվ, գերագրեսիվ հետերոկարծրատիպերի ամրապնդմանը: ՙԱհ գցեք Աստծո թշնամիների և ձեր թշնամիների սիրտը՚ (Սուրահ 8.60): ՙԿռվի ելեք նրանց (ոչ մահմեդականների) դեմ (իմա՝ սպանեցեք նրանց), և Աստված կպատժի (կտանջի) նրանց ձեր ձեռքով, ամոթահար արեք նրանց՚ (Սուրահ 9.14): ՙԱհ պիտի գցեմ անհավատների սիրտը, խփեցեք նրանց վզից վերև, ջարդեցեք նրանց բոլոր մատները: Խփողը դուք չեք, խփողն Աստված է՚ (Սուրահ 8.13-18): Կրոնական գաղափարախոսությունն այս իմաստով ավելի է ուժեղացնում թուրքերի ինքնապաշտպանական մոտիվացիան:
Էպոսը թուրք-ազերիների վրա շարունակում է կատարել ՙնախնիների փառահեղ անցյալի՚ ներգործությունը: Ավելին, այն այսօր վարքային մոդել է նրանց բանակի համար:
Էպոսի 4-րդ գլխում պատկերված է ճոխ խնջույքի տեսարան, որի ընթացքում նկարագրվում է Ղազան Բեկի մտահոգությունը: ՙՆայեցի աջ, տեսա եղբորս` Ղարա Գյունեին, նա կտրել է գլուխներ, հոսեցրել արյուն և հասել փառքի: Նայեցի ձախ, տեսա Արուզին: Նա կտրել է գլուխներ, հոսեցրել արյուն, հասել փառքի: Երբ նայեցի առաջ, տեսա քեզ, 16 տարի ապրել ես, կգա օրը, ես կընկնեմ, կմահանամ, կմնաս դու, դու դեռ աղեղ չես լարել, արյուն չես թափել, օղուզների մեջ պարգևներ չես ստացել: Վաղը կփոխվի ժամանակը, ես կմեռնեմ-կմնաս դու, ավաղ, իմ թագը, իմ թագը քեզ չեն տա, այդպես մտածելով՝ ես հիշեցի իմ վերջի մասին, լացեցի՚: Ի պատասխան հորը՝ որդին հանդիմանական տոնով հարցնում է. ՙԵրբ ես դու ինձ քեզ հետ վերցրել ու տարել անհավատների սահմանի մոտ, հարվածել սրով, կտրել գլուխներ, որ ես տեսնեի ու սովորեի՚: Եվ ահա հայրը խոստանում է որդուն տանել իր հետ հաջորդ արշավանքների ժամանակ: Սա սերունդների սխալ սոցիալականացմանը նպաստող նորմի մատուցում է, որում խնամքով ներկայացված է խրախույսը. այն է՝ գլուխ կտրելուց հետո լիարժեք կյանքի իրավունքի վաստակումը:
Էպոսի 10-րդ դաստանում կրկին գլուխ կտրելը համարվում է ճիշտ ապրելու իրավունքի ձեռքբերում: Այսպես, օղուզական էպոսը մատուցում է ընդօրինակման արդեն հայտնի մոդելներ: Եվ նույնացման հոգեբանական բազմագործառնական գործընթացը ևս հոգեբանական ինքնապաշտպանական ռազմավարություն է մշակում: Եվ թուրք երիտասարդի կամ դեռահասի առնականության ընդօրինակման մոդել է դառնում նույն Դեդե Քյորքյութի կերպարը՝ իր գաղափարախոսական ամբողջականության մեջ:
Ոչ վաղ անցյալում Քյորքյութի էպոսին նվիրվեց մեծ գիտաժողովը, որը համարում ենք թուրք ազգի համընդհանրական գաղափարախոսության կենսականացում: Դեդե Քյորքյութն իր հաստատուն տեղն ունի թուրքերի ազգային արժեքների` աքսեոլոգիայի համակարգում, քանի որ այն արդեն տարբեր թուրք գաղափարախոսների կողմից մշակված ազգային գաղափարախոսության կազմի մեջ է:
Հոգեվերլուծությունից հայտնի է, որ արգելափակված բացասական ապրումները բացառիկ ուժով հետագա գործողությունների են մղվում: Նման դեպքերում ապրումների ասոցիատիվ ՙվերակենդանացումն՚ առավել ինտենսիվություն և լայն ընդգրկում է դրսևորում: Սահմանում հակառակորդի պարբերաբար կատարվող վայրագությունները համարում ենք նման ենթագիտակցական ապրումների ասոցիատիվ ՙվերակենդանացման՚ կենդանի օրինակներ, որոնց ինտենսիվությանը մենք ականատես ենք լինում ամեն օր: Վերադարձը ադրբեջանական էպոսի հերոսների ՙգործելակերպին՚ կրում է շարունակական բնույթ: Էպոսը որպես դաստիարակության ու սոցիալականացման հզոր մեխանիզմ շարունակում է առանցքային դեր խաղալ ազերական հանրույթի ներկայի կերտման մեջ: Եվ պատահական չէ, որ առայսօր խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները, ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշմամբ, չի հասնում իր վերջնանպատակին: ԵԱՀԿ Մինսկի խմբի ղարաբաղյան կոնֆլիկտի խաղաղ կարգավորման գրեթե բոլոր փորձերը ադրբեջնական կողմը մատնում է ձախողման: Ինչու՞: Էնթոնի Սմիթի դիտարկմամբ՝ ամեն մի սերունդ իր հետ բերում է ազգային ինքնության սեփական մեկնաբանումները, ուստի դրանք երբեք ֆիքսված կամ ստատիկ չեն, այլ միշտ էլ վերակառուցվում են ի պատասխան նոր պահանջների, հետաքրքրությունների և պատկերացումների, չնայած միշտ էլ գտնվում են որոշակի շրջանակների մեջ: Էպոսի թեմատիկ կենսականացումն ավելի է ընդգծում թուրքի խորհրդապաշտական հավատը և դառնում արխայիկ, իռացիոնալ մտածողության արգասիք: Սա ազգային հիվանդագին ինքնավեհացման դրսևորումներ են, որոնք սովորաբար տեղի են ունենում լիարժեք էթնոգենեզ չանցած և սեփական հարուստ մշակույթ ու ավանդույթներ չունեցող էթնոսների վարքում: Այսօր ևս ադրբեջանական երգարվեստը, ներքաղաքական, ներազգային ռազմավարությունը, էթնիկական սոցիալականացման գործընթացը իրենց ակունքում փայփայում են ժողովրդական ստեղծագործությունը, Ղարաբաղը գովերգող բայաթիների օղուզական էպոսի արնախում կերպարներով: Եվ բնավ պատահական ու անսպասելի չէ սահմանում կատարվող դիվերսիոն և ոչ մի դեպք: Դրանք նույն Քյորքյութ պապի Բասում թոռան ազգային իդեալի պրոյեկտումներն են:
Էպոսը կարող է նպաստել թուրք-ազերիների՝ դեռ նոր ձևավորվող ազգային ինքնության խորքային հետազոտություններին, ինչպես նաև ունենալ կիրառական նշանակություն միջէթնիկական լարվածության մի շարք խնդիրների պարզաբանման, միջմշակութային հաղորդկացության և բանակցային գործընթացի հեռանկարը կանխատեսելու համար:
Կարծում ենք, էպոսը պետք է հոգեվերլուծության ենթարկվի և որպես քարոզչական նյութ ակտիվորեն շրջանառվի տեղեկատվական դաշտում, քանզի էպոսի բովանդակության մեջ են սովորաբար ճանաչում ազգային հոգեկերտվածքն ու ազգային ոգին:
Լուսինե ՂԱՐԱԽԱՆՅԱՆ
Հոգեբանական գիտ. թեկնածու,
դոցենտ