[ARM]     [RUS]     [ENG]

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԶՈՐԱՄԱՍԵՐԻՆ

Ապրիլյան չորսօրյա պատերազմը ոտքի հանեց նաև Քաշաթաղի  շրջանի բնակչությանը:

Հենց առաջին օրը հարյուրավոր քաշաթաղցիներ դիմեցին շրջանային զինկոմիսարիատ՝ առաջնագիծ մեկնելու և զինվորին սատարելու մտադրությամբ: Այժմ շփման գծի տարբեր հատվածներում քաշաթաղցի կամավորականներն առաջնագծում են: Որոշ խմբեր էլ զորամասերում են և օգնում են տնտեսական հարցերով: Մեր զինվորներին օժանդակում ենք նաև սննդով,   անհրաժեշտ այլ  պարագաներով: 

Ապրիլի 11-ին Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար  Սուրեն Խաչատրյանի հետ հանրապետության հարավային պաշտպանական շրջան հասցվեց նման օժանդակություն, որն ուղարկել էին  Երևանի պետական համալսարանը, Մալաթիա ¬Սեբաստիա  վարչական շրջանը, Վայոց Ձորի մարզը և քաշաթաղցիները: Մեր ժողովուրդը հավատում է իր զինվորին և պատրաստ է օժանդակել նրան հնարավոր բոլոր միջոցներով: Զորամասում պատասխանատու՝ գնդապետ Միքայելյանը շնորհակալ եղավ հատկապես դպրոցների երեխաներից, ովքեր իրենց ուղարկած քաղցրավենիքի արկղերին նաև ողջույնի ու զինվորին մեծարման խոսքեր էին գրել: Սուրեն Խաչատրյանը նշեց, որ նման ծանրոցներ արդեն մի քանի անգամ հասցվել են տարբեր զորամասեր, և հայտնեց շնորհակալություն ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին, Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Նոր Նորք վարչական շրջանների ղեկավարներ Արտակ Ալեքսանյանին, Արմեն Ուլիխանյանին, մեր  բոլոր  հայրենակիցներին, ովքեր իրենց ներդնումն են բերում հայրենիքի պաշտպանությանը: Այստեղ Քաշաթաղի շրջանի համայնքներից եկած կամավորականների մի ջոկատ զբաղված էր տնտեսական հարցերով, սակայն տղաները ցանկանում էին դիրքերում ծառայել: Զորամասի պատասխանատուն գոհ էր քաշաթաղցի կամավորականներից, ովքեր և դիրքերում են, և այստեղ նույնպես կարևոր աշխատանք են կատարում: Տեղեկացվեց նաև, որ գիշերը առաջնագծում համեմատաբար հանգիստ է եղել, իսկ մեր տղաներն ամուր են ու զգոն: Վերադարձին Սուրեն Խաչատրյանի և շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանի հետ շրջեցինք Թովմասարի ցանքատարածքներում, որտեղ այս տարի ևս լավ բերք է սպասվում: Լ. Սիմոնյանը տեղեկացրեց՝ մոտ 8000հա տարածքում գարու և ցորենի աշնանացան է կատարվել, իրականացվել է պայքար մկնանման կրծողների և այլ վնասատուների դեմ: Այժմ անհրաժեշտություն է վերացնել արտեզրյա փշաթփերը, որոնք չորանալով՝ դառնում են հրդեհի պատճառ: Իշխանաձորում, որտեղ նույնպես գործում է ՔՊ շտաբ տարածքի համայնքների ղեկավարների և գործող հիմնարկների աշխատակիցների մասնակցությամբ, Ս. Խաչատրյանը տվեց հանձնարարականներ և՜ գյուղատնտեսական աշխատանքների վերաբերյալ, և՜ սահմանային լարվածության հետ կապված: Որոշվեց մոտակա օրերին տարածքում գործող մեքենատրակտորային կայանի և հրշեջ-փրկարարական ծառայության հետ իրականացնել նման թփերի վերացման աշխատանքներ: Գետամեջ գյուղում, որտեղից դարձյալ շատ կամավորականներ են մեկնել առաջնագիծ, այցելեցինք դպրոց: Բոլոր աշակերտներն ու ուսուցիչները տեղում էին: Տնօրեն Նաթելլա Սարոյանը տեղեկացրեց, որ բոլոր օրերին դպրոցը գործել է անխափան, հավատում են հայ զիվորին և պատրաստ են օժանդակել: Երրորդ դասարանում երեխաները զինվորներին նվիրված նկարներ էին արել, գրել   ոտանավորներ: Այդ պահին շատերի հայրերն առաջնագծում էին,  տղաները ևս պատրաստ են զինվորագրվել հայրենիքի պաշտպանությանը  

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

ք. Բերձոր