[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՎԱՅՐԱԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԴԱՏԱՊԱՐՏՎԵՆ

Հարցազրույց ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ հետ

 - Պարոն Հայրապետյան, ինչպես արդեն նշվել է, ԼՂՀ և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանները ներկայացրել են Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում արցախյան քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացված հանցավոր ոտնձգությունների փաստեր, և դրանք  դատապարտելու պահանջով դիմել միջազգային տարբեր կազմակերպությունների: Ի՞նչ ուսումնասիրություններ եք իրականացրել այս ուղղությամբ և  ի՞նչ կառույցների եք դիմել: 

- Ինչպես հայտնի է, Ադրբեջանի զինված ուժերն իրենց հերթական ստոր սադրանքն սկսել են անսպասելիորեն, այն ժամերին, երբ քաղաքացիական բնակչությունը հանգիստ քնած էր: Այդ պատճառով մեզ համար գործնական քայլեր պլանավորելու ժամանակ չկար, պետք էր հնարավորինս արագ հավաքել գոնե նվազագույն փաստեր ու տեղեկություններ, գնահատել ստեղծված իրավիճակն ու որոշել այն կառույցների ցանկը, ում անհրաժեշտ էր դիմել: Առաջին տեղեկությունների ամենահավաստի աղբյուրն, իհարկե, ԼՂՀ  պաշտպանության նախարարության կողմից տարածվող նյութերն էին, որոնք առաջինը վկայեցին, որ Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Արցախի տարածքային ամբողջականությունը, շփման գծի ողջ երկայնքով հարձակողական գործողություններ են սկսել` օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ, թիրախ դարձնելով նաև խաղաղ ազգաբնակչությանը: Իրականացված հանցավոր ոտնձգությունների կապակցությամբ անհրաժեշտություն առաջացավ դիմել միջազգային հանրությանը, քանի որ Ադրբեջանը բազմակի խախտել է միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքները և ակտիվորեն օգտագործել ռազմական գործողությունների այնպիսի կեղտոտ մեթոդ, ինչպիսին քաղաքացիական օբյեկտների ու բնակավայրերի հրետակոծումն է, որի հետևանքով զոհվեցին ու վիրավորվեցին նաև երեխաներ: Ես՝ որպես մարդու իրավունքների պաշտպան, անհրաժեշտ համարեցի դիմել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային պաշտոնական մարմիններին ու հասարակական կազմակերպություններին, որոնցից են ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարը, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը, Human rights watch, Amnesty international, Cristian peacemaker և այլ կազմակերպություններ: Մարտական գործողությունների հետ որևէ առնչություն չունեցող մարդկանց, այդ  թվում` կանանց ու ծերերի սպանությունների, խոշտանգումների, անդամահատությունների և այլ վայրագությունների մասին վկայող փաստերի վերաբերյալ  տեղեկութուններ հավաքելուց հետո դիմել եմ նաև Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտին, որի անդամ ենք  հանդիսանում ինչպես ես, այնպես էլ Ադրբեջանի օմբուդսմենը: Նշեմ, որ համապատասխան հայտարարություններով հանդես է եկել նաև ՀՀ օմբուդսմենը, ով իմ հրավերով ժամանել էր Արցախ` ստեղծված իրավիճակը մեզ հետ  ուսումնասիրելու, գնահատելու և հետագա  համատեղ քայլերը համաձայնեցնելու համար:                                         

- Եղե՞լ են արդեն արձագանքներ միջազգային որևէ մասնագիտացված կազմակերպության կողմից:            

- Ես հեռու եմ այն մտքից, որ հիշատակված մարմինները պետք է գրավոր ինձ տեղեկացնեն  իրենց կողմից ձեռնարկված միջոցների մասին, մանավանդ որ նման հայտարարություններով և դիմումներով հանդես են եկել այլ կառույցներ ու պաշտոնատար անձինք ինչպես Արցախից, այնպես էլ ՀՀ-ից: Ստեղծված իրավիճակում, կարծում եմ, մեզ պետք է հետաքրքրի միայն մեկ արձագանք. որպեսզի միջազգային հանրությունն ստիպի Ադրբեջանին մեկընդմիշտ հրաժարվել ԼՂՀ-ի նկատմամբ  ցանկացած ոտնձգությունից: Այս առումով ափսոսանքով պետք է նշել, որ գերտերությունները, միջազգային հանրությունը ոչ միշտ են օգնում նրան, ով դրա կարիքն ունի: Երբեմն օգնությունն ստանում է ուժեղը. հենց որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը ցույց տվեց, որ ի վիճակի է ոչ միայն կանգնեցնել, այլև պատժել ագրեսորին` կատարելով մեր երկրի անվտանգությունն ապահովելու իր խնդիրը, իսկույն գտնվեցին ուժեր, որոնք զսպեցին հակամարտող կողմերին: Այս ընթացքում, իհարկե, եղել են ոչ պաշտոնական արձագանքներ, զանգեր ու հաղորդագրություններ տարբեր երկրների օմբուդսմեններից, որոնցում իրենց համակրանքն են արտահայտել մեր ժողովրդին և քննադատել Ադրբեջանի կողմից միջազգաին մարդասիրական իրավունքի և, ընդհանրապես, մարդու իրավունքների խախտումների դեպքերը: Սպասված արձագանքներից էր և այն, որ միջազգային հանրությանն ուղղված հայտարարություններն իրավապաշտպանների կողմից ոչ միայն ընթերցվել են, այլև տարածվել: Մասնավորապես, ՙԵվրոպական օմբուդսմեն՚ ինտերնետ-հրատարակությունը դեռևս ապրիլի 3-ին տեղադրել էր վերը նշված դիմումս:

- Հետագա ի՞նչ քայլերի անհրաժեշտություն կա այսօր,  քայլեր, որոնք իր իրավասությունների և կարողությունների շրջանակում պետք է ձեռնարկի օմբուդսմենի հաստատությունը:                                              

- Պետք է ասեմ, որ մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները նման իրավիճակներում կանոնակարգված չեն: Ստեղծված իրավիճակում Պաշտպանի իրավասության հարց կարելի է համարել ագրեսիայի հետևանքով մարդու կյանքի իրավունքը վտանգելու և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների մասին փաստերը միջազգային հանրությանը հասցնելը: Մյուս` ոչ պակաս կարևոր ուղղությունը, ռազմական գործողությունների հետևանքով նյութական, բարոյական ու ֆիզիկական վնաս կրած քաղաքացիներին պահանջվող իրավական օգնություն ցուցաբերելն է, որպեսզի նրանք հնարավորություն ունենան պաշտպանել իրենց իրավունքները միջազգային  համապատախան դատական մարմիններում:  Այդ նպատակով Պաշտպանի աշխատակազմի մասնագետները հանդիպումներ են ունեցել Թալիշ, Մատաղիս և այլ բնակավայրերի մի քանի տասնյակ ընտանիքների հետ, լսել և արձանագրել նրանց բողոքներն ու պահանջները: Այդ աշխատանքները ներկայումս շարւնակվում են: Ողջունելի է, որ ԼՂՀ-ում Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների մասին վկայող նյութերը ՀՀ-ն արդեն փոխանցել է ՄԱԿ-ին: Քայլեր են ձեռնարկվում  պատերազմական բազմաթիվ հանցագործություններ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու համար: Ապրիլի 2-5-ը Ադրբեջանի զինուժի` միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումների փաստերով ԼՂՀ քննչական մարմինների կողմից քրեական գործեր են հարուցվել,  և քննություն է իրականացվում: Այս գործընթացին միջամտելու որևէ իրավասություն Պաշտպանը չունի, բայց այն փուլում, երբ այդ գործերով հավաքված նյութերով որոշում ընդունվի դիմել միջազգային որևէ դատարան, օմբուդսմենը ևս պահանջվող մասնակցությունը կունենա:

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ