[ARM]     [RUS]     [ENG]

ՀԵՐՈՍ ԼԻՆԵԼԸ ՀԱՅ ՄԱՐԴՈՒ ԳԵՆԵՏԻԿԱՅԻ ՄԵՋ Է

Ապրիլյան չարաբաստիկ իրադարձություններն Արցախի սահմաններում ցնցեցին աշխարհի ողջ հայությանը: Չորսօրյա պատերազմի, միջազգային հանրության ու գերտերությունների անհոգության համապատկերի վրա կրկին փայլեց Հայ մարդու հերոսական ու անկոտրում ոգին: 

 Հերոսը մեկն է, ով, ի տարբերություն այլոց, իր արտակարգ ունակությունների շնորհիվ դիմում է ոչ ստանդարտ քայլերի և հասնում  հանրության համար դրական, բեկումնային արդյունքի: Բայց այն, ինչ անհնար է սովորական մահկանացուների համար և եզակի անձանց է հատուկ, զանգվածային բնույթ ստացավ կարճատև պատերազմի ժամանակ։ Եզրահանգումը մեկն է. ազգի համար բախտորոշ փուլերում հերոսությունն   ամրագրված է  հայ մարդու գենետիկայի մեջ: Դարեր շարունակ գտնվելով բարդ տարածաշրջանում, շրջապատված վայրագ թշնամիներով, հայը կարողացել է գոյատևել իր հայրենասիրության ու մեծ հավատքի շնորհիվ: Այսօր Ադրբեջանը փորձում է  աշխարհին ապացուցել, որ ունի հզոր բանակ, սակայն դրանով իսկ ակամայից  վկայակոչում է Հայի անպարտելի լինելու փաստը. չէ՞ որ չճանաչված ԼՂՀ-ն կարողացել է ոչ միայն դիմակայել ՙուժեղ՚ բանակին, այլև հաղթել: Անպարտելի ենք, որովհետև սովոր ենք  դժվարին պահին  համախմբվել, դառնալ մեկ բռունցք, իրար հավատ ու ուժ ներշնչել, լինել միասնական ու կռվել մինչև վերջ:

Ցավոք, մեր հակառակորդը պատմությունից այդպես էլ չկարողացավ դասեր քաղել: Դա նաև գալիս է նրանից, որ մինչև հիմա Թուրքիան չի դատապարտվել 1915թ. իրականացրած ցեղասպանության  համար: Նրա անպատժելիությունն ամեն անգամ արձակում է դիվանագիտությամբ ու կեղծ  քաղաքակրթությամբ քողարկված արյունոտ ու բարբարոս ձեռքերը: Եվրոպան այսօր նույնականների կողմից ամենուրեք ահաբեկչական գործողությունների թիրախում է հայտնվել, ինչը պետք է համաշխարհային հանրությանը ստիպի արթնանալ քնից ու փակել նրանց վայրագությունների բոլոր ճանապարհները: Այնուամենայնիվ, մեր հիշողությունները դեռ թարմ են, ուստի սովոր ենք մեր հույսը դնել սեփական  ուժերի վրա: Թշնամու հերթական ոտնձգությունը ստիպեց մեզ նորից  արթնացնել մեր հերոսական բարձր ոգին ու պաշտպանել Հայրենիքը: 

Հոգեբանությանը վաղուց հայտնի է, որ մարդու համար ամենաթանկ բանը սեփական կյանքն է, որի պաշտպանության համար մարդը պատրաստ է ամեն ինչի: Բայց արի ու տես, որ մեր պարագայում կան ավելի թանկ բաներ, որոնց պաշտպանության համար Հայը չի խնայում անգամ իր կյանքը: Հայ կամավորականները մեկը մյուսից առաջ անցնելով՝ ինքնամոռաց շտապում են առաջին գիծ, և այդ ուժը հաստատ սեփական կյանքի պաշտպանությունը չէ: 18-20 տարեկան զինվորը ոչ մի կերպ չէր ցանկանում իր տեղը զիջել նրանց, քանի որ ամեն մեկը պատրաստ էր զոհաբերել սեփական կյանքը ոչ միայն Հայրենիքի պաշտպանության, այլև դարավոր թշնամուց վրեժ լուծելու համար: 

Հոգեբանությունը պարզել է, որ հերոսությունը ոչ միայն անհատական, այլև ազգային¬էթնիկական որակ է: Ի տարբերություն թշնամու  զինվորների, հայ մարտիկը հայրենասեր է, ազգանվեր, հավատքով առաջնորդվող։  Նա  նաև կարգապահ է, բարձր հայրենասիրական ոգով դաստիարակված: Հենց  կազմակերպվածությունն ու համարձակությունն են թվով ու զինտեխնիկայով մեզ գերակշռող թշնամուն կարողացել ճնշել: Հայ զինվորը գիտի, ինչի և ում համար է կռվում, ինչը չես  ասի հակառակորդի մասին: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չկարողացավ իր ժողովրդին հստակ ներկայացնել մեզ պարտադրված պատերազմի նպատակը և բարձրացնել յուրայինների մարտական ոգին: Ինչպես ցույց տվեցին Արցախյան պատերազմի իրադարձությունները, հակառակորդի կենդանի ուժի և տեխնիկայի գերազանցությունը ոչինչ էր մեր մարտիկների բարոյական բարձր ոգու,  ամուր  կամքի դրսևորման դիմաց, որովհետև այդ ամենը մեր ժողովրդի ու մարտիկների համար պայմանավորված էր ոգու կանչով, պատմական հողերը ազատագրելու ու պաշտպանելու վճռականությամբ: Հերոսանալու ընդունակ մարդը կարողանում է անձնվիրաբար սիրել, օգնության շտապել` արհամարհելով վտանգները: 

Մեր զինվորներն այս կարճատև  պատերազմում լավագույնս  քննություն հանձնեցին, ստանալով  հայրենիքի ու հասարակության բարձր գնահատականը: Ամբողջ հայ ազգն է հպարտանում նրանցով:

Հայ  Մայրն ու Հայոց Բանակը կարողացել են դաստիարակել խիզախ մարտիկներ:

Փառք մեր Հերոսներին: 

Սոֆի ԲԱԲԱՅԱՆ

 Հոգեբան