[ARM]     [RUS]     [ENG]

ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԼՂՀ կառավարության որոշմամբ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ սոցիալական որոշ խմբերի տրամադրվում է միանվագ դրամական օգնություն։ 

 ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Իսրայելյանի տեղեկատվությամբ՝ վճարումների գործընթացն արդեն սկսված է։ Այդ նպատակով ԼՂՀ պետական բյուջեի միջոցներից նախատեսվել է  81 մլն 220 հազ. դրամ։ Ընդհանուր առմամբ, դրամական օգնություն կստանա  5128 հոգի։ 

Որոշման համաձայն՝ ԼՂՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքները կստանան 16-հազարական դրամ, արցախյան գոյամարտի հաշմանդամ  զինծառայողները՝ 10-հազարական դրամ։ Հայրենական մեծ պատերազմի մարտական գործողությունների մասնակիցներին կտրամադրվի 100-հազարական, իսկ նրանց հավասարեցված անձանց՝ 50-հազարական դրամ, նույն պատերազմում զոհվածների ընտանիքներին նույնպես կտրամադրվի 100-հազարական դրամ և այդ շրջանի ԽՍՀՄ մեդալակիրներին՝ 11-հազարական դրամ։ 

Սոցիալական աջակցության բաժնի պետի պարզաբանմամբ՝ Արցախյան ազատամարտում զոհված զինծառայողների և Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այն ընտանիքները, որոնք ունեցել են երկու զոհ՝ միանվագ դրամական  օգնության  իրավունք ունեն սահմանված չափի կրկնապատիկի, իսկ երեք զոհ ունեցողները՝ եռապատիկի չափով։ 

ԼՂՀ մշտական հաշվառում ունեցող անձանց  դրամական օժանդակությունը նշանակվում է հանրապետության շրջանների վարչակազմերի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) սոցիալական հարցերով զբաղվող համապատասխան ստորաբաժանումների կողմից՝ անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում։ Վճարումներն իրականացվում են ՙԱրցախփոստ՚ ՓԲԸ¬ի կապի  բաժանմունքներում, իսկ շրջաններում՝ համապատասխան շրջանային  մասնաճյուղերում։ Գործընթացը կշարունակվի մինչև տարեվերջ։

Դրամական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։ 

Զ. ՄԱՅԻԼՅԱՆ