ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
Ինչպես տեղեկացանք Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանից, վերջին շրջանում շրջկենտրոնը տարբեր օգնություններ է ստացել:
Այսպես, ապրիլի 9-ին Մարտունու համայնքը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի կողմից ստացավ 80 արկղ օգնություն` սննդամթերք, հագուստ, հիգիենայի և այլ անհրաժեշտ պարագաներ: Ապրիլի 16-ին ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից համայնքը ստացավ 352 պարկ (15,6 տոննա) կարտոֆիլ: Հաջորդ օրը երևանաբնակ արցախցի Էմիլ Պետրոսյանի աջակցությամբ ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքը տրամադրեց 1 տոննա ալյուր, 150կգ շաքարավազ, 200կգ մակարոնեղեն, 20 տուփ պահածո, խառը սննդամթերք, 30կգ պանիր և այլն: Նույն օրը ԼՂՀ ներդրումային հիմնադրամի կողմից ստացվեց 33 պարկ և 40 տուփ մակարոն, 1 պարկ բրինձ, 66 տոպրակ հնդկացորեն, 35 տոպրակ շաքարավազ, 7 տուփ վերմիշել:
Ինչպես նշեց Մ. Խաչատրյանը, հաշվի առնելով վերոնշյալ ապրանքների քանակը և որոշ հանգամանքներ` մթերքներից ծանրոցներ են պատրաստվել և բաժանվել կամավոր հիմունքներով դիրքեր մեկնած տղաների ընտանիքներին:
Նշված մթերքներից տրամադրվել է նաև շրջանում տեղակայված զորամասերի զինծառայողներին, ինչպես նաև մի քանի ծայրաստիճան անապահով ընտանիքների:
Մարտունու քաղաքապետը հավելեց, որ ունեն պահածոյացված մթերք, մոմեր, լամպեր, ծխախոտ, որոնք հետագայում կբաժանվեն ապաստարաններին` իբրև օժանդակություն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Քաղաքի բնակչությանն ուղղված օժանդակությունը շարունակական կլինի:
Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ
ք. Մարտունի