ԻՐ ԳՈՐԾԻ ՆՎԻՐՅԱԼԸ
Կրթե մանուկն իր ճամփուն համեմատ, որ բոլոր օրերուդ մեջ չափսոսաս...՚։ Աստվածաշնչյան հայտնի տողերը լավ է սերտել Հայ օգնության միության Ստեփանակերտի ՙՍոսե՚ մանկապարտեզի դաստիարակչուհի Նունե Ծատրյանը։
Սերտել է, որ իր սաների հոգում սերմանի բարի ու առողջ սերմեր, որ իր ցանած հունդերը բարիք բերեն ոչ միայն սեփական ընտանիքին, անձնական կյանքում, այլև որ սաները դառնան պիտանի մարդիկ ու շենացնեն երկիրն հայրենի։ Սա Նունեի համար հավատամքի ուժ ունի։
Մանկուց երազել է մանկավարժ դառնալ ու դպրոցն ավարտելուց հետո իրականացնել իր երազանքը։ 1990թ. ավարտել է Էջմիածնի ակումբագրադարանային տեխնիկումի Ստեփանակերտի մասնաճյուղը՝ ՙԿուլտուր-լուսավորական աշխատանք՚ մասնագիտությամբ։ 1991թ. Ասկերանի շրջանի Շոշ գյուղի մանկապարտեզի տնօրենի պաշտոնակատարն էր, ապա նույն մանկապարտեզի դաստիարակչուհի։ Աշխատանքին զուգահեռ սովորել և ավարտել է Ստեփանակերտի ՙԳրիգոր Նարեկացի՚ պետհավատարմագրված համալսարանի ՙՏարրական կրթություն և մեթոդիկա՚ բաժինը։ 2000-ից Ն. Ծատրյանն աշխատում է ՙՍոսե՚ մանկապարտեզում։ Քսանմեկ տարվա մանկավարժական փորձ ունեցող դաստիարակչուհին 2009-2010 ուսումնական տարում մասնակցել է ԼՂՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված ՙԼավագույն դաստիարակ՚ մրցույթին և արժանացել հաղթողի կոչման՝ ՙՄանկավարժական վարպետության համար՚ անվանակարգում։
Տարիների հետ հղկվել ու կայացել է դաստիարակչուհին, իսկ այսօր արդեն շատերի համար որպես օրինակ է ծառայում։ ՙՍոսե՚ մանկապարտեզի տնօրեն Նելլի Ղուլյանի հավաստմամբ՝ Նունե Ծատրյանի միտքը միշտ էլ բոլորից առաջ է ընկնում։ Նա ոչ միայն ստեղծող, այլև ստեղծագործող անհատականություն է։ Անընդհատ պրպտումների մեջ է և միշտ մի նորություն է գտնում, ստեղծագործում ու ստեղծագործելու մղում երեխաներին։ Նաև մեծ հոգեբան է, կարողանում է գրավել երեխաներին, նրանցից ամենադժվարն անգամ իսկույն հարմարվում է նրա դրվածքին։ Ընկեր Նունեի անունը միշտ երեխաների շուրթերին է, շատերն ասում են՝ որ մեծանանք, ընկեր Նունե ենք դառնալու։
ՙՍոսե՚ մանկապարտեզի նոր շենքի կառուցման պատճառով մանկապարտեզն այսօր քաղաքի արվարձաններից մեկում է տեղակայված, սակայն դա չի խանգարում, որ նախկին սաները առիթով թե անառիթ՝ գան ընկեր Նունեին տեսության։
ՙԸնկեր Նունեն ծնվել է դաստիարակելու համար՚,- ասում է տիկին Ղուլյանը։ ՙԱմանորյա տոներ՚, ՙԳարնանամուտ՚, ՙԶատիկ՚, մեկը մեկից ուշագրավ միջոցառումներ, որ նախաձեռնել և իրականացրել է դաստիարակչուհի Ն. Ծատրյանը։ Իսկ ներկայումս ամենայն պատրաստակամությամբ ՙՀրաժեշտ մանկապարտեզին՚ միջոցառմանն է նախապատրաստվում։ Դա մի յուրատեսակ քննություն է։ Մանկապարտեզի տնօրենի կարծիքով՝ յուրաքանչյուր դաստիարակչուհի մի ուղղությամբ է զարգացած, իսկ ընկեր Նունեն իր մեջ սինթեզում է բոլոր ուղղությունները։ Նրա խմբասենյակի դասավորվածությունը նույնպես մյուսներից տարբերվում է։ Մի խոսքով՝ նա իր գործի գիտակն է բոլոր առումներով։ Այնպես նրբորեն է ընկալում երեխաների ցանկությունները, հաճախ ըմբռնումով մոտենում նրանց կամակորություններին, որ երբ ծնողները գալիս են տուն տանելու, սանիկները դժվարությամբ են բաժանվում ընկեր Նունեից։ Ոչ միայն սիրում է իր գործը, այլև հոգի է դնում իր բոլոր ձեռնարկումներում մեջ, նրա նմանների մասին է ասված. ՙԻր գործի նվիրյալ՚։
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ