[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԿ ՕՐ ՈՒ ԳԻՇԵՐ ՍՊԻՏԱԿԱՎՈՐՈՒՄ

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքից 10կմ հեռավորության վրա  է  գտնվում 13-րդ դարում կառուցված Սպիտակավոր եկեղեցին, որը, ճարտարապետության առումով,  հայոց հոգևոր տաճարների շարքում լինելով բավականին համեստ՝  արժանացել է բացառիկ ճակատագրի. 1987թ. այստեղ ամփոփվել է մեծն Գարեգին Նժդեհի աճյունը։

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ և Նժդեհյան գաղափարակիր երիտասարդության նախաձեռնությամբ հունիսի 16-ին ուխտավորներս ճանապարհվեցինք Սպիտակավոր։ 

1987թ., Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժումից ընդամենը մեկ տարի առաջ, ԽՍՀՄ բռնատիրության պայմաններում, ուր արգելվում էր Նժդեհի անգամ անունն արտաբերել, մի խումբ խիզախ մտավորականներ հղանում են Սպարապետի սուրբ մասունքները Մոսկվայի Վլադիմիրի  գերեզմանոցից հայրենիք տեղափոխելու խիզախ գաղափարը, որը մեծ դժվարություններով իրագործվում է։ Մի քանի տարի դրանք  գաղտնի պահվում են ընկերներից մեկի նկուղում։ 1987-ին նույն մտավորականների խումբը Սպարապետի մասունքների մի մասն ամփոփում է Սպիտակավոր եկեղեցու բակում։ Ամեն տարի՝ 1987-ից ցայսօր, հունիսի 17-ին հայ մտավորականների հայտնի խումբը, որոնց թվում էին երջանկահիշատակ Արցախ Բունիաթյանը և Գարեգին Մխիթարյանն ու գեղանկարիչ Ժորա Բարսեղյանը, այցելում է Սպիտակավոր։ ՙԻնչո՞ւ հունիսի 17-ին, երբ աճյունը 1987-ի մայիսի 8-ին են ամփոփել Սպիտակավորում՚  հարցին այս տարի ևս ուխտին մասնակցած Գարեգին Մխիթարյանը և Ժորա Բարսեղյանը պատասխանեցին. 

ՙՆախ, մայիսի 8-ն ընտրեցինք, որովհետև այդ օրը, մայիսի 9-ի տոնակատարության շեմին, ՊԱԿ-ի աշխատակիցները գերզբաղված էին։ Ուխտագնացությունը հունիսի 17-ին՝ Պարույր Սևակի վախճանի օրն ընտրեցինք, որպեսզի շեղենք նրանց ուշադրությունը. Սևակի գերեզմանին այցելելը թույլատրելի էր, և այնտեղից աննկատ ուղևորվում ենք Սպիտակավոր, արդեն 29 տարի՚։ 

Հայոց աշխարհի ամենաբարձր վայրերից մեկում է հանգրվանել Սպարապետ Նժդեհը։ Սպիտակավոր տանող ճանապարհը Եղեգնաձորից 10 կմ է, ոլորապտույտ և գրեթե անանցանելի։ Վերելքը, խոստովանենք, դժվարությամբ հաղթահարեցինք։ Ապավինած նժդեհյան ՙԽիզախը մեռնում է մեկ անգամ, վախկոտը՝ հազար՚ մտքին, ձգտում էինք հանգիստ լինել։ Այս ուխտագնացությունը բաղձալի է ինձ համար, առաջարկեցի ոտքով կտրել տարածությունը մինչև Սպիտակավոր։ Գիշերվա ժամը 12-ին ղողանջեց Սուրբ Սպիտակավորի զանգը, ուխտավորներիս խումբը, բաղկացած հիմնականում երիտասարդներից, մոմավառություն սկսեց։ 

Առավոտյան ծաղիկներ խոնարհեցինք Սպարապետի հուշախաչքարին և տապանաքարին, համբուրեցինք այն և երդվեցինք՝ ՙԵթե չգանք, նշանակում է՝ չկանք՚։ Հին կարգախոս է, 1987-ից է գալիս։ 

Արտահայտվեցին  Գարեգին Մխիթարյանն ու Ժորա  Հարությունյանը՝ երիտասարդներին ներկայացնելով Սպարապետի ՙվերադարձի՚ հետ կապված չարչարանաց պատմությունը, և հորդորեցին հավատարիմ մնալ նժդեհյան գաղափարախոսությանը։ Ոգեղեն օրեր էին։ Ուխտավորների խումբը 17-ի կեսօրին ոտքով իջավ Սպիտակավորից՝ ըմբոշխնելով Վայոց ձորի անպատմելի գեղեցկությունները։

Ճանապարհի կեսին հանդիպեցինք նոր ուխտավորների. 200-ից ավելի  ուսանողներ, ծածանելով հայոց եռագույնը, բարձրանում էին Սպիտակավոր՝ սիրո և երախտագիտության տուրք մատուցելու հայոց պետականությանն ու փրկությանն իր կյանքը նվիրաբերած հերոս սպարապետ Գարեգին Նժդեհին։ Պայծառ, կրակոտ երիտասարդների մի ամբողջ բանակ, ճշմարիտ նժդեհականներ...

Սպարապետի աճյունն ամփոփող Սպիտակավորն արդեն ազգային գաղափարախոսության դարբնոց է,   այստեղ ճախրում է Գարեգին Նժդեհի բոցաշունչ ոգին։ 

Սիլվա ԽԱՉԱՏՐՅԱՆ