[ARM]     [RUS]     [ENG]

ՀՐԱՇՔ ՔԱՂԱՔ ԻՄ՝ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ

Հավատացեք՝ մեզ համար աշխարհի ամենաչքնաղ ու գեղեցիկ քաղաքը Ստեփանակերտն է, որը դարձել է արցախահայության հույսի, հավատի, ամուր կամքի, հպարտության  և ազատության խորհրդանիշը։ 

 Շուշիից իջնելիս Ստեփանակերտն ասես ափիդ մեջ է՝ իր համայնապատկերով՝ արվարձաններով, շրջակա  գյուղերով, անտառներով, ծաղկավետ հովիտներով, բարձրաբերձ  բլուրներով, սարերով, որոնց մեջ գլխավորը վեհատեսիլ  Քիրսն է, որը ղեկավարում է բարձունքների շուրջպարը։

Լեռնային գեղեցկուհի է Ստեփանակերտը՝ ամբողջովին  կորած թուփ ու ծաղկի, դեկորատիվ և սաղարթախիտ ծառերի մեջ։ Քաղաքի աջ կողմով հոսում է Կարկառ լեռնային գետը, որի վճիտ ջրերի մեջ կարելի է հաշվել անգամ ավազահատիկները։ Գարնան հորդառատ անձրևներից հետո գետը՝ պղտոր և ահեղաձայն, ծեծում է առափնյա ողորկ սալաքարերն ու ժայռերը՝ ասես ազդարարելով իր հրաժեշտը, որ շտապում է դեպի ծովի անհունություն։

Ստեփանակերտում բոլորը՝ մեծից փոքրը, հանապազօրյա հացի պես սրբացնում են մայրենի լեզուն։ Եթե անհրաժեշտ է, նրանք խոսում են մաքուր գրական հայերենով՝ զարմացնելով հյուրերին։ Բայց մի առանձին երկյուղածությամբ են նրանք վերաբերվում Ղարաբաղի բարբառին, որն ապրելու և հաղորդակցվելու ձև ու կերպ է ստեփանակերտցիների համար։ Այն թթվածին է, քաղցր մի երաժշտություն, որն ուղեկցում է նրանց։ Պատմում են, որ քաղաքի գլխավոր հրապարակում երկու կին, չնկատելով իրենց մոտ նստած օտարական կնոջը, նստարանին հանգիստ զրուցում են։ Նա ուշադիր լսում է նրանց՝ չհասկանալով և ոչ մի բառ։ Քիչ անց, երբ կնոջն է մոտենում իրեն ուղեկցող թարգմանչուհին, հարցնում է զրուցողներին, թե ինչ լեզվով էին խոսում։ 

- Մեր բարբառով։

- Իսկ դուք գիտե՞ք , թե որքան անուշիկ ու քաղցր լեզու ունեք,- հիանում է  հյուրը։

- Իհարկե, դրա համար էլ մենք ոչ թե սիրում, այլ պաշտում ենք մեր բարբառը...

Տարվա բոլոր եղանակներին քաղաքի փողոցներն ու զբոսայգիները  մարդաշատ են։ Հատկապես ամռանը կարծես բոլորը բակերում, զբոսայգիներում, քաղաքի կենտրոնում են։ Ուշ երեկոյան մարդիկ տուն են վերադառնում ոտքով՝ մեկ անգամ ևս ըմբոշխնելով մաքուր և անարատ լեռնային օդը։ Մարդիկ  վստահ են, որ պայուսակ, բջջային հեռախոս, ոսկե շղթա թռցնող չի լինի. խաղաղությունը, ապահովությունն է իշխում շուրջբոլորը, որի համար էլ  անկրկնելի է քաղաքի անդորրը...

Ստեփանակերտցին լավ հիշողություն ունի.  ավերածություններ, պատերազմներ է տեսել։ Պատահել է, որ նա կասկածանքով հարցրել է. ՙՄի՞թե  արդարություն չկա, ո՞ւր է Աստված՚։ Սակայն նա այնքան բարեպաշտ է, այնքան է հավատում իր ներկային և ապագային, որ միևնույնն է, Աստծո անունը գիշեր-ցերեկ շուրթերին է...

Ստեփանակերտում մայրերն աղջիկներին դաստիարակում են հայկական ավանդույթներին համապատասխան՝ նախապատրաստելով  ապագա ընտանեկան կյանքի համար։ Եվ եթե աղջիկն ամուսնանալով լավ հարս է դառնում, տանտիկին, մայր և կին, ոչ մեկը չի զարմանում։ Զարմանում են, երբ որևէ մեկը շեղվում է ընդհանուր օրենքից՝ անպարկեշտ է, սկեսուրին չի ընդունում ինչպես հարկն է, ծույլ է և այլն։

Երթուղային տաքսու ուղևորներն  այս քաղաքում միմյանց հանդեպ սիրալիր են ու քաղաքավարի այնքան, որ կանգնածի պայուսակը վերցնում են, դնում իրենց ծնկներին, իսկ եթե փոքր երեխա կա՝ նստեցնում են ծնկներին՝ առանց հարցնելու՝ ո՞վ է, ո՞ւր է գնում, այդ օգնությունը պե՞տք է, թե՝ ոչ...

Քաղաքում երեխաների ամենասիրելի վայրն իրենց բակն է, ուր հավաքվում են, խաղում տարբեր խաղեր։ Երբեմն կռիվ ու  վեճ է ծագում։ Նման դեպքերում ամեն ծնող իր երեխային է կարգի հրավիրում՝ հորդորելով զիջող և բարի լինել ընկերների հանդեպ։ Եթե պատահում  է, որևէ մեկը, առանց իմանալու՝ ով է մեղավորը, սկսում է պաշտպանել իր երեխային, զարմանում են.

-Սա որտեղացի՞ է...

Ստեփանակերտում մարդիկ շատ հյուրասեր են։ Հնուց եկած ավանդույթին համաձայն՝ տան ամենալավ պատառը հյուրի առաջ կդնեն։ Մեր տանտիկինները տարվա բոլոր եղանակներին ՙհոգեպահուստ՚ ունեն հյուրերի համար։ Դա է պատճառը, որ հյուրերի մեծ մասը, տեսնելով իրենց համար բացած սեղանները, զարմանում են.

-Օ՛, ինչքան լավ են ապրում արցախցիները, իսկ մենք կարծում էինք...

Ստեփանակերտցիները ոչ միայն հյուրասեր են, այլև ավանդապաշտ, արժանապատիվ կեցվածքով մարդիկ։ Նրանք վստահելի ընկերներ են, հուսալի հարևաններ ու նվիրված բարեկամներ, բայց ամենից շատ սիրում են ազատությունը։ Վտանգի պահին նրանք բռունցքվում են և գլխներում միմիայն  մի միտք է լինում մեխված.

-Մեր հողը մերն է, ուրիշ ոչ մեկին չենք թողնի տիրանա  նրան...

Եվ հողը, Արցախի հողը քառապատկում, տասնապատկում է նրանց ուժը, որից սարսում է ոսոխը...

 

 

Սիրուն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ