[ARM]     [RUS]     [ENG]

ՀԵՐԹԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱԿՑԻԱՅՈՎ՝ ԱՐՑԱԽՈՒՄ

ԼՂՀ առողջապահության նախարարության հրավերով՝ հուլիսի 15-ին երկօրյա այցով Արցախ են ժամանել ՀՀ ՙՆորք Մարաշ՚ բժշկական կենտրոնի մի խումբ սրտաբաններ, ովքեր Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունքում և ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորումում կատարում են հիվանդների ընդունելություն և խորհրդատվություն։ 

 Սա ՙՆորք Մարաշ՚ բժշկական կենտրոնի սրտաբանների 4-րդ նմանատիպ՝ բարեգործական այցն է Արցախ։ Կենտրոնի ինտերվենցիոն սրտաբան Դավիթ Բաղդասարյանի խոսքով՝ արդեն հետազոտված շուրջ երկու տասնյակ հիվանդների մոտ հիմնականում սրտի իշեմիկ և հիպերտոնիկ հիվանդություններ են հայտնաբերվել, մեկ հիվանդ ունեցել է կոգունաստոգրաֆիկ հիվանդության աշխտորոշում։ Առաջին օգնությունը բժիշկ-մասնագետների կողմից լիարժեք ապահովվում է։ Այցելուների թվում են նաև ՙՆորք Մարաշ՚-ում ավելի վաղ վիրահատվածները։ 

Նույն օրը ՀՀ-ից Արցախ են ժամանել նաև Երևանի ՙՍուրբ Աստվածամայր՚ և ՙՇենգավիթ՚ բժշկական կենտրոնների մի խումբ առաջատար մասնագետներ, ովքեր ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորումում խորհրդատվություններ են իրականացնում (նյարդաբան, վիրաբույժ, գաստրոէնտերոլոգ), իսկ ՙՄոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում՚ կատարում են սոնոգրաֆիկ հետազոտություններ և լապորոսկոպիկ վիրահատություններ։

Երևանի ՙՇենգավիթ՚ բժշկական կենտրոնի ախտորոշման ծառայության տնօրեն Դավիթ Քոչարյանը ՙՄոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում՚ ժամը 11-ի դրությամբ հասցրել էր 7 հաճախորդի սոնոգրաֆիկ հետազոտություն կատարել։ Նրա խոսքով՝ հերթագրվածների թիվն անցնում է 40-ից, բայց քանի որ նախատեսված է աշխատել նաև հաջորդ օրը, բնականաբար, կհասցնեն հետազոտել բոլորին։ 

ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորում՚ ՓԲԸ գործադիր տնօրեն Մեսրոպ Մարգարյանի իրազեկմամբ՝ մինչև օրվա առաջին կեսը հայաստանյան բժիշկները հասցրել են որոշակի քանակությամբ հիվանդներ ընդունել և խորհրդատվություններ  իրականացնել։ Ընդ որում՝ նյարդաբանը կատարել է 26 ընդունելություն, գաստրոէնտերոլոգը՝ 15, վիրաբույժը՝ 18, սրտաբանը՝ 20։ 

Բարեգործական ակցիայով ՀՀ-ից ժամանած բժիշկները հուլիսի 16-ին վերոնշյալ բժշկական կենտրոններում կշարունակեն հիվանդների ընդունելությունն ու հետազոտությունը։    

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ