Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՐԱԳԼՈՒԽ՝ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԳՅՈՒՂ

Մենք բազմիցս գրել ենք, որ Հադրութի շրջանի հարավային մասում գտնվող՝ 1991-ին ավերված Քարագլուխ գյուղը վերականգնման գործընթացի մեջ է։ Հիշեցնենք, որ գործընթացն այդ ապահովում է ծննդով նույն այդ գյուղից Բորիս Աթայանցի և նրա որդի՝ պետերբուրգաբնակ ճարտարապետ Մաքսիմ Աթայանցի կողմից:

2012-ին սկիզբ առավ գյուղի վերևում նոր եկեղեցու կառուցումը, իսկ երկու տարի անց, չնայած չափազանց դժվար տեղանքին, այն ավարտին հասցվեց։ 2014-ին Աստծո նորակառույց տաճարը օծվեց, առաջին պատարագը մատուցվեց, ու այն դարձավ Արցախի թեմի գործող եկեղեցիներից մեկը:

Անցյալ  տարի Մաքսիմ Աթայանցի ֆինանսավորմամբ դրվեցին հինգ բնակելի տների և մեկ արտադրամասի հիմքերը, ինչպես և սկսվեցին գյուղում գտնվող հին եկեղեցու վերանորոգման աշխատանքները: Արտադրամասի և տներից երկուսի կառուցման, ինչպես և հին եկեղեցու վերանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին: Գործընթացի մանրամասների և բարերարի այլ մտահղացումների մասին պատմում է բոլոր այդ շինությունների նախագծերի հեղինակ, ՙՔարագլուխ՚ բարեգործական հիմնադրամի տնօրեն, ճարտարապետ Մանուշակ ՏԻՏԱՆՅԱՆԸ:-  Քարագլխում, ինչպես գիտենք, անցյալ տարի բնակելի տներ սկսեցին կառուցվել, հին եկեղեցին էլ վերանորոգվել: Պատմեք, խնդրեմ, ի՞նչ փուլում են այդ աշխատանքները:

- Այո, նախորդ  տարվանից սկսեցինք տների կառուցման աշխատանքները, արվել է եկեղեցու վերականգնման նախագիծը, որը հաստատվել է համապատասխան ատյանների կողմից։ Այս տարի շարունակվել է առանձնատների շինարարությունը: Ներկա դրությամբ կառուցում ենք հինգ տներից երկուսը, չնայած նախատեսված էր հինգը: Եվ նպատակ ունենք այդ երկուսն այս տարի ավարտել:

- Ի՞նչ տներ են դրանք` գյուղական-ավանդակա՞ն, թե՞ ինչ-որ նոր նախագծով նախատեսված:

- Երկհարկանի տներ են, բավականին մեծ մակերեսով: Առաջին հարկում ունեն ամառային խոհանոց, ցախանոց և մառան, երկրորդ հարկում՝ խոհանոց, ընդհանուր սենյակ, երկու ննջասենյակ և սանհանգույց ու լողասենյակ, նաեւ մեծ պատշգամբներ երկու հարկերում: Պայմանները շատ լավն են. քարե տներ են՝ ավանդական ձևով կառուցված, 50-60սմ լայնությամբ պատերով, ջրամեկուսացմամբ, բարձր հարկերով, կղմինդրածածկ տանիքով: Տների ներսում կլինի տաք եւ սառը ջուր, կոյուղի…

- Ջուրը մշտակա՞ն է լինելու:

- Գյուղի մոտակայքում ջրամբար կար, մենք պարզապես մաքրել ենք այն: Աղբյուրի ջուրը կբերվի մինչև այդ ջրամբարը, որտեղից խողովակներով՝ տները, և բնակիչները կունենան մշտական ջուր: Զուգարանների համար կփորվեն արտաքնոցներ, որտեղ և կհոսի զուգարանում, բաղնիքում օգտագործված ջուրը: Դուռ-պատուհաններն արվելու են փայտից: Մի խոսքով՝ բավականին լավ պայմաններով տներ են կառուցվում: Համենայն դեպս, ով տեսել է դրանք, ասում է՝ այո, նման տներում մենք էլ հաճույքով կապրենք: 

Ինչ վերաբերում է եկեղեցուն, արդեն զանգակատունն ենք ավարտում, որից հետո այն կծածկվի կղմինդրով, և կկատարվի դռան ու հատակի տեղադրումը: Բանն այն է, որ դռան մուտքը ժամանակին քանդել-մեծացրել են, հետո   ընդհանրապես փակել, հիմա էլ նախկին չափերին պետք է հասնի: Հիմնականում սրանք են աշխատանքները, որոնք  օրինականացնելու համար բացել ենք ՙՔարագլուխ՚ բարեգործական հիմնադրամ։ Եվ այդ տները փաստորեն հիմնադրամի կողմից են կառուցվում: Ավարտելուց հետո կդառնան հիմնադրամի սեփականությունը, որն իր հերթին կփոխանցվի պետությանը, վերջինն էլ կտա այն իր կողմից որոշված քաղաքացիներին: Ճիշտն ասած, մտադրություն կա տներից երկուսը հատկացնել սիրիահայերին: Նախ` այն պատճառով, որ ունենք Արցախ եկած սիրիահայեր, որոնց ուզում ենք բարեկարգ տներով ապահովել: Եվ երկրորդ. գիտենք, որ սիրիահայերն ունեն աշխատելու շատ բարձր մակարդակ: Կարծում եմ, նրանց ներկայությունը շրջանում կբարձրացնի նշաձողը՝ անհատական աշխատանքի, գործի հանդեպ վերաբերմունքի առումով: Իհարկե, այսօրվա դրությամբ գյուղաբնակների՝ ընդհանրապես գործի հանդեպ վերաբերմունքը գոհացուցիչ չէ։ Գյուղացիներից շատերն աշխատում են կամ նախընտրում են աշխատել պետական ինչ-որ կառույցներում: Իսկ նրանք, ովքեր գյուղատնտեսության մեջ են, այնպես չեն աշխատում, որ կերակրեն ոչ միայն իրենց, այլև շրջանին, քաղաքին: Այո, իրականում այդ գյուղացիները գյուղապրանքները շատ քիչ քանակով են արտադրում: Տները կառուցելու համար բանվորական ուժ է պահանջվում, իսկ այս ոլորտում չկան աշխատել ցանկացողներ:

- Այդ դեպքում բանվորական ուժը որտեղի՞ց եք լրացնում:

- Մեր թե՜ բանվորները, թե՜ վարպետները Հայաստանից են:

- Բացի հենց գյուղում տարվող աշխատանքներից ի՞նչ այլ մտահղացումներ կան համայնքը վերակենդանացնելու համար:

- Այո, Մաքսիմ Աթայանցն ունի մեկ այլ նպատակ` մաքրել գերեզմանատունը: Մաքրման այդ աշխատանքների հետ մեկտեղ գրանցել գերեզմանաքարերի բոլոր վիմագրերը և հրատարակել առանձին գրքույկով: Ճիշտ է, դեռ տուն չկա, որտեղ մասնագետներն ապրեն ու զբաղվեն այդ գործով, բայց և չկան բանվորներ, որոնք կարող են խոտը հարել, մաքրել տարածքը: Ընդհանրապես, ցավով եմ ասում, պասիվություն կա մեծ` անձնական նախաձեռնությամբ աշխատանքով վաստակելու: Այո, բոլորն էլ աշխատում են ինչ-որ տեղերում, բայց դա ոչ թե իրենց նախաձեռնությամբ գործ է (որը շատ տեղին և ողջունելի կլիներ, եթե իրոք լիներ գյուղում), այլ այն աշխատանքը, որը կարող է անել ցանկացած մարդ, այսինքն՝ գյուղի հետ  կապ չունեցող: Այն հողը, որ ունեն նրանք, այնպես չի օգտագործվում, ինչպես կարգն է, ինչպես հողն է պահանջում: Տարբեր են պատճառները, չեմ կարող ասել ինչու, բայց կարող եմ ասել՝ սխալ երևույթ է:

- Այս տարի այդ երկու տների կառուցումը կավարտվի, մյուս երեքն էլ` մյո՞ւս տարի:

- Չեմ կարող ասել: Շինանյութերն են շատ թանկացել, բայց ուզում ենք ևս երեքը կառուցել, ինչպես և մի փոքր արտադրամաս մրգերի, հատապտուղների նախնական մշակումն իրականացնելու համար:

- Տիկին Տիտանյան, այս բոլոր կառույցների շինարարության մեջ ո՞րն է Ձեր դերը: Աշխատանքի մեջ ի՞նչ խնդիրներ են առաջանում, և ինչպե՞ս եք լուծում դրանք։

- Երբ Մաքսիմը նոր էր եկել և ուզում էր գյուղում նոր եկեղեցի կառուցել ու նրան մասնագետ էր պետք, նրան խորհուրդ տվեցին դիմել ինձ՝ որպես պատմական հուշարձանների վերականգնման մասնագետ: Այն ժամանակ իրականացրի բոլոր աշխատանքային գծագրերը։ Շինարարական աշխատանքների ողջ ընթացքում հեղինակային հսկողությունն եմ իրականացնել: Փաստորեն շինարարի, ճարտարապետի ու պատվիրատուի միջև կապը ես եմ պահել: Երկու տարի այդպես աշխատեցինք նոր եկեղեցու շինարարության վրա, երբ չափազանց դժվար էր ամեն ինչն անել. ճանապարհներն էին շատ վատ, էլեկտրականություն չկար: Ընթացքում շինարարության հետ մեկտեղ էլէկտրականությունը բերվեց մինչև եկեղեցի, ճանապարհները փոքր-ինչ բարելավեցին: Եվ մեր համագործակցությունը ընկերության վերածվեց: Գործերը շատ լավ էին ընթանում. վարպետները, բանվորները շատ լավն էին, իրար լավ էին հասկանում: Բոլորն էլ իրարից շատ գոհ մնացին: Ինքն էլ շատ ոգևորվորվեց դրանից: Հետո հարց եղավ տները կառուցելու, և դարձյալ մեր հիմնարկն արեց աշխատանքային նախագծերը: Շինարարներից մեկն էլ մեր հին վարպետներից է: Հսկողությունը կրկին ես եմ տանում, և ամբողջ աշխատանքը` թե՜ թղթաբանությանը, թե՜ շինարարությանը վերաբերող, ես եմ համակարգում: Պետության՝ հողի հետ կապված հարցերը բավականին հեշտությամբ լուծվում են: Կառավարությունը բավականին բարյացակամ վերաբերմունք է ցուցաբերում: Բուն շինարարության մեջ բարդություններ չկան: Ամենամեծ խնդիրը մինչ այսօր մնում են վատ ճանապարհը եւ մնացած ենթակառուցվածքները: Մեքենաները չեն դիմանում, շուտ են շարքից դուրս գալիս: Ապրիլյան իրադարձություններից մի պահ աշխատանքը  կանգ առավ, բայց դա տևեց շատ կարճ ժամանակ: Աշխատանքները շարունակվում են, դա Մաքսիմ Աթայանցի համոզմունքն է. ինչ էլ որ լինի, դրանք պետք է ավարտին հասցվեն։ Կարծում եմ՝ մենք կհասնենք մեր նպատակին, և բոլոր կառույցները ժամանակին շահագործման կհանձնենք ու կվերապրեցնենք մեր ավերակ գյուղերը։ Մաքսիմ Աթայանցը հույս ունի, որ նախաձեռնությունը կլինի վարակիչ եւ կնպաստի մեր մյուս գյուղերի վերածննդին:

 

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ