[ARM]     [RUS]     [ENG]

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Ապրիլյան իրադարձություններից ցնցված սփյուռքահայության օգնությունը, կարելի է ասել, դարձել է շարունակական գործընթաց:

Հուլիսի սկզբներին Հայ օգնության միություն (ՀՕՄ) Արցախի միավորն աշխատում էր ուժգին կարգով. պետք էր զուգահեռաբար կազմակերպել սփյուռքահայության տարբեր հատվածների կողմից ցուցաբերված օգնության ծրագրերի իրականացումը:

ՀՕՄ-ի Արցախի միավորի դրամատան հաշվին ՀՕՄ-ի կենտրոնական վարչությունը փոխանցել է 16.400 ԱՄՆ դոլար և գրություն, որում նշված է, որ գումարը փոխանցված է ավստրալիահայ բարերարի կողմից, ով չի ցանկացել բացահայտել իր անունը՝ գտնելով, որ նյութական օգնությունն այն անհրաժեշտ նվազագույնն է, ինչը պարտավոր է ցուցաբերել յուրաքանչյուր հայ: Նա շատ մտահոգված է առաջնագծում ծառայող զինվորների, նրանց ընտանիքների կեցության հարցերով, և նրա ցանկությամբ գումարը հատկացվեց այդ կարգավիճակն ունեցողներին:

Ծրագիրը կյանքի կոչվեց 3 փուլով` ԼՂՀ պաշտպանության բանակի հետ համագործակցությամբ:

ՀՕՄ¬ի Արցախի միավորի վարչությունը որոշել է օգնության այդ գումարը հատկացնել մարտակերտցի, թալիշցի, տոնաշենցի և մատաղիսցի ժամկետային զինծառայողների ընտանիքներին: Այդ նպատակով վարչության անդամները` ատենապետուհի Կարինե Դադայանը, փոխատենապետուհի Ռուզաննա Աբրահամյանը և գրասենյակի տնօրեն Սվետլանա Պողոսյանը,  մեկնել էին Մարտակերտ ու շրջկենտրոնի մշակույթի և երիտասարդության կենտրոնում հանդիպել վերը նշված զինծառայողների ընտանիքների հարազատների հետ: Նրանք զրուցեցին ներկա գտնվող ծնողների հետ, տեղեկացան ծագած խնդիրներին` հնարավորության դեպքում օգնելու նպատակով: ՀՕՄ-ականները շնորհակալություն հայտնեցին վերջիններիս` ընդգծելով հերոսներին տրված այն դաստիրակությունը,  որի շնորհիվ Հայրենիքին անձնվեր ծառայող որդիներն առաջնագծում  հրաշքներ են գործում: ՀՕՄ-ի վարչության  անդամները վերոնշյալ բնակավայրերի բնակիչներին, ժամկետային զինծառայողների յուրաքանչյուր ընտանիքի հատկացված 100 ԱՄՆ դոլարից 40-ը ծախսել են դիրքերում կանգնած զինվորների հիգիենայի պարագաների, քաղցրավենիքի և այլ անհրաժեշտ իրերի ձեռքբերման համար, որը և անհատական պարունակությամբ պայուսակներով առաջնագծում հանձնվել է զինվորներին: Զինվորների ծնողներին տրվեց 60 -ական ԱՄՆ դոլար:

Նման ուշադրության համար հարազատներն իրենց երախտագիտությունը հայտնեցին թե՜ անհայտ այդ բարերարին, թե՜ ՀՕՄ-ուհիներին: Ծնողների անունից շնորհակալություն հայտնեց Մարտակերտի շրջհիվանդանոցի բժշկուհի, զինվորի տատիկ Միլիետա Հովհաննիսյանը, ով մեծ ներդրում ունի Հայրենիքի ազատագրման գործում` դեռ Արցախյան պատերազմից:

Այդ նույն ծրագրի շրջանակներում (ավստրալիահայ բարերարի տրամադրած գումարով) ՀՕՄ-ի Արցախի միավորի կողմից հիգիենայի պարագաներ, սնունդ տրամադրվեցին N զորամասի 150 ժամկետային զինծառայողների:

Ծրագիրը եզրափակվեց  ՀՕՄ-ի Արցախի միավորի գրասենյակում, որտեղ բացվել էր անուշեղենի սեղան և հրավիրվել թալիշցի զինծառայողների (սպաներ, պայմանագրային զինծառայողներ), որոնց բնակարանները, ինչպես գիտենք, տուժել են ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում: Զինծառայողները զրուցել են, փոքր-ինչ լիցքաթափվել և բարեկամական մթնոլորտում ստացել  200¬ական ԱՄՆ դոլարի դրամական օժանդակություն: Ընդհանուր առմամբ, նման դրամական օգնություն տրվեց 48 հոգու:

Աջակցություն ցուցաբերվեց նաև Արևմտյան Ամերիկայի ՙՏարոն՚ հայրենակցական միության անդամ, դաշնակցական Ռաֆֆի Մարտիրոսյանի կողմից, ով ցանկացավ գալ Արցախ, տեսնել այդ հերոսներին, զրուցել նրանց հետ և անձամբ հատկացնել դրամական օգնությունը: Նա եկավ իր դուստր Թալինի և 16-ամյա որդի Ադրուշանի հետ: ՀՕՄ-ի Արցախի միավորի գրասենյակում կրկին բացվեց անուշեղենի սեղան, հրավիրվեցին 9 զոհվածների և 2 ծանր վիրավորվածների ընտանիքների հարազատներ: Բարերարը և իր զավակները կարողացան ստեղծել ջերմ մթնոլորտ, գտնել սփոփանքի, գոտեպնդման կարևոր խոսքեր, ինչը փոքր-ինչ մեղմեց հարազատների վիշտն ու ցավը:

Մասնավորապես, հուզիչ ելույթ ունեցավ դուստրը՝ Թալինը: Նա վերհիշեց այն հուզական պահերը, որոնք ապրեցին Լոս-Անջելեսի հայերը ապրիլյան իրադարձությունների ժամանակ:

-Ինչո՞վ սատարել, ինչպե՞ս զգալ մեր հերոս տղաների ոգին, ապրել նրանց զգացումներով: Այս մտորումներն անընդհատ ինձ հետ էին: Եվ միտքս եկան մեր խրոխտ պարերը: Հայտարարություն տվեցի, որ հավաքվեն բոլոր նրանք, ում հոգեվիճակն անդորր չունի: Հավաքվեցին այնքան մարդիկ (և ոչ միայն հայեր), որ 200-տեղանոց  դահլիճը չէր տեղավորում բոլորին: Մեծ հուզմունքով պարեցինք մեր հինավուրց  խրոխտ պարերը ու զգացինք, որ հոգով միացանք հերոս տղաներին: Ոգևորվեցինք, այլազգիները՝ ևս: Նրանք զգացին այդ պարերի մարտական ոգին: Հետաքրքրվեցին պարերի պատճառներով: Պատմեցինք ղարաբաղյան հակամարտության պատճառների, գործընթացի, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների վերսկսման մասին: Եվ հպարտությամբ նշեցինք մեր 18-ամյա զինվորների խիզախության, անձնվեր պահվածքի մասին: Նրանք միացան մեր առաջ քաշած պահանջներին և մեզ հետ միասին դուրս եկան կազմակերպված ցույցերին` հօգուտ ղարաբաղյան հակամարտության արդար ու խաղաղ, ինքնորոշման սկզբունքով առաջնորդվելու պահանջի:

Թալինի հուզումնալից այս ելույթը տեղ գտավ վշտահար մարդկանց սրտերում. նրանք զգացին, որ հայության բոլոր հատվածները հոգով իրենց հետ են: Զոհվածների և վիրավորվածների հարազատներն ընդգծեցին, որ նման շփումներն ավելին են, քան դրամական օգնությունը, որի կարիքը, անշուշտ, մեծ է:

Հատկանշենք, որ վերջում յուրաքանչյուրին տրվեց 300 ԱՄՆ դոլար: