[ARM]     [RUS]     [ENG]

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳՆԵՐԸ

Նոր հազարամյակի դառը ճշմարտություններից են լրատվական-տեղեկատվական պատերազմները:

Հակամարտող կողմերը (ազգեր, կրոններ, պետություններ, քաղաքական կուսակցություններ, դասակարգեր եւ այլն), բացի ռազմականից ու գաղափարականից, հաճախ  ընդհարվում են տեղեկատվական հարթությունում: 21-րդ դարը տեղեկատվական հասարակության դարաշրջան է: ՙՈվ տիրապետում է տեղեկատվությանը, նա տիրում է աշխարհին՚ հայտնի սկզբունքով ԶԼՄ-ները տարածում են ՙանհրաժեշտ՚ ինֆորմացիա, ինչի շնորհիվ նրանց դերը նշանակալիորեն մեծանում է հասարակության զարգացման փուլային կամ ճգնաժամային շրջաններում: 

Պատերազմը մարտի դաշտից տեղափոխվում է տեղեկատվական հարթակ, որտեղ պայքար է գնում զանգվածային գիտակցության վրա ներգործելու իշխանություն ձեռք բերելու, հակառակորդին հոգեպես կոտրելու կամ ոչնչացնելու համար: Տեղեկատվական պատերազմում անհրաժեշտ չէ ավելորդ եռանդ գործադրել հակառակորդին ոչնչացնելու համար: Խնդիրն այն է,  որ   հակառակորդին  դրդես իր ունեցած միջոցներն ուղղել հենց իր դեմ: Տեղեկատվական-հոգեբանական պատերազմների միջոցով տեղի է ունենում զանգվածների հոգեբանական մշակում, ինչը հասարակական գիտակցության մեջ նպատակաուղղված ձևով ստեղծում է նոր պատկերացումներ, դիրքորոշումներ, աշխարհայացք, հասարակական կարծիք: Տեղեկատվական պատերազմների հիմնական թիրախը քարոզչության միջոցով հարևան-թշնամի, ոչ դաշնակից պետությանը կամ քաղաքական ուժին վնաս հասցնելն ու սեփական քաղաքական առաջնահերթություններն իրականացնելն է: Կերտվում է հակառակորդի բացասական կերպար, ինչից հետո նրան բարոյահոգեբանական տեսանկյունից ոչնչացնելը դառնում է ընդունելի: 

Չին փիլիսոփա Սուն Ցզին (մ.թ.ա. 6-րդ դար) ներկայացրել է դասական դարձած մարտավարությունը՝ քայքայել այն լավը, որ գոյություն ունի թշնամու մոտ, նրա ներկայացուցիչներին ներքաշել հանցավոր արարքների մեջ, նրանց խեղկատակ  դարձնել հասարակության առաջ, համագործակցության համար օգտագործել բարոյական տեսանկյունից ոչ այնքան աչքի ընկնող մարդկանց: 

Այսօր բոլոր լրատվամիջոցներից  հասարակության գիտակցության ձևավորման վրա առավել մեծ ազդեցություն է գործում համացանցը: Սա այն հարթակն է, որն անսահմանափակ հնարավորություն է տալիս անմիջական շփման միջոցով ներգործել հասարակական կարծիքի ձևավորման վրա: Համացանցի շնորհիվ յուրաքանչյուրը կարող է հաղորդակից ու մասնակից դառնալ այլ երկրների կյանքին, ներքաղաքական դրությանն ու արտաքին քաղաքական գործողություններին: Տարբեր խորհրդանիշերի, գույների, ինֆորմացիայի մատուցման ձևերի ու մեկնաբանությունների միջոցով համացանցն ազդում է մարդկանց ենթագիտակցության վրա: Այստեղ ավելի դյուրին է արտահայտվել, քանի որ մեծ մասամբ գործում է անդեմության սկզբունքը: 

Առավել սուր, վարկաբեկող, կեղտոտ մեղադրանքները սովորաբար ներկայացվում են անդեմ, անանուն  օգտատերերի կողմից: Քարոզչության ազդեցությամբ կարող են տեղի ունենալ լուրջ խեղաթյուրումներ, երբ բոլոր իրադարձությունները դիտարկվում են սև կամ սպիտակ տեսանկյունից: Զարմանալի չէ, որ դեղին մամուլում կամ սոցցանցերում կան որոշ մարդիկ, ովքեր ցանկացած բացասական երևույթ փորձում են կապել իշխանությունների հետ: Երևույթն աբսուրդային է միայն առողջ հոգեբանություն ունեցող մարդու համար, իսկ նա, ով ունի նախապես ՙմշակված՚ ենթագիտակցություն և գիտակցություն, այդ ամենը ոչ թե անհեթեթություն է համարում, այլ` ճշմարտություն:

 Եթե ինչ-որ տեղ հասկանալի ու ընդունելի է տեղեկատվական պատերազմը հակամարտող պետությունների միջև, ապա Հայաստանում  այսաստիճան լայն թափը, մեղմ ասած, անընդունելի է: Կարճատև, բայց հետևանքներով ծանր  քառօրյա պատերազմից դեռևս չապաքինված հայ մարդն այսօր կրկին  ընկել է նոր խնդիրների ու սթրեսների մեջ: Ոմանք, օգտագործելով վերոնշյալ հնարքները, սոցցանցերում ու դեղին մամուլում փորձում են մեր արտաքին թշնամու ջրաղացին ջուր լցնել: Ամենուրեք հնչում են մեղադրանքներ, սադրանքներ, հասարակ բնակչության որոշ մասն էլ  խաբվելով սենսացիաներով՝ մեծ հաճույքով ոչ միայն ընթերցում է դրանք, այլեւ չափազանցված ձեւով տարածում ծանոթ-բարեկամների շրջանում: Արդյունքում՝ տուժում ենք բոլորս: Կիսաճշմարտությունն ու կեղծիքը բարդացնում են առանց այն էլ ոչ հեշտ ժամանակներում հայտնված մարդկանց կյանքը: Ասվածից չի հետևում, թե հասարակության, երկրի մեջ վերհանված արատների մասին պետք է լռել: Անհրաժեշտ է դրանք նախքան  լուսաբանելը հետազոտել, ունենալ անհերքելի  փաստեր, որոնք կարող են հենվել օբյետիվ իրականության, փաստաթղթերի, հասարակական կարծիքի վրա: Չի կարելի առաջնորդվել ինդուկտիվ մտածողությամբ, իմա` մեկ կամ երկու օրինակով որպես հասարակության մեջ ծավալված բացասական իրողություն մատնացույց անել որեւէ երեւույթ: Ասեկոսեները ճշմարիտ տեղեկատվությունից տարբերելու համար պետք է ուշադրություն դարձնել մի շարք մանրուքների վրա, որոնցից են. 

- ասեկոսեները ներկայացվում են կրճատ, առանց մանրամասների,

- դրանք բևեռացվում են. նրանցում ընդգծվում են որոշակի կետեր, ընթերցողի ուշադրությունը կենտրոնացվում առանձին դրույթների վրա: Տվյալ տեղեկատվությունից հոգեբանական վարակ է ստեղծվում, հատկապես  երբ մարդկանց ներքաշում են  հոգեբանական ծուղակի մեջ,  

- ասեկոսեները սովորաբար հենվում են գերհույզերի վրա: Տեղեկատվությունը ներկայացվում է հուզական տարրերով հագեցած, ինչն էլ մարդկանց հիպնոսացնում է: Այսինքն՝ հուզական վիճակում շատ քչերին է հաջողվում սառը կշռադատել. ավելի շատ հապշտապ որոշումներ են կայացվում, ինչից  օգուտ է քաղում հմուտ ու խելացի հռետորը: 

Ժողովրդավարությունը ազատ արտահայտվելու լայն հնարավորություն է ընձեռում: Ազատության պայմաններում մարդիկ երբեմն  ամենաթողություն եւ սանձարձակություն են ակնկալում: Իրավիճակը մշտապես իրենց օգտին են օգտագործում սոցիալական  փսիխոպաթները, որոնց հոգեկանի արատներն անզեն աչքի համար տեսանելի չեն: Սրանց համար բնականոն են համարվում չարությունը, էմպաթիայի բացակայությունը (չեն կարողանում մտնել ուրիշների դրության մեջ, ապրումակցել), կարեկցելու անընդունակությունը: Հակառակը, ամեն գնով փորձում են խախտել հասարակության անդորրը, արհեստականորեն ընդհարումներ ստեղծել այնտեղ, որտեղ դրանք ի սկզբանե չկան, հրահրել խռովություններ, տարածել ագրեսիա, դիմել վանդալիստական գործողությունների: 

Ապատեղեկատվության զոհը չդառնալու համար ամեն ոք պարտավոր է  ինքնակատարելագործվել ու ենթարկվել կատարսիսի (կեղծ, անընդունելի, տհաճ, ցավալի մտքերից եւ հույզերից ինքնամաքրում): Մարդիկ պետք է աշխատեն իրենց մտածողության, հոգեբանական աճի վրա եւ վերջապես՝ խուսափեն կեղծիքից: Ոչ ոք արժանի չէ տառապելու սուտ տեղեկատվության պատճառով: Հասարակության արատները, ցավոք, ամենուր են եւ կախված չեն առանձին մարդկանցից: Դա  բոլորի՜ս խնդիրն է, ինչը պետք է լուծում ստանա ռացիոնալ ճանապարհով: Ժամանակակից տեղեկատվական դաշտը բոլոր հարմարությունները  ստեղծել է՝ կեղծելու լրատվությունը: Սա հատկապես լուրջ հետևանքներ է ունենում պատերազմական, հետպատերազմական կամ սոցիալական լարված վիճակներում: Այն ուժերը, որոնք փորձում են մեր երկրի համար դժվարին այս իրավիճակներում ներքին խժդժություններ ստեղծել, կամա թե ակամա գործում են արտաքին թշնամու օգտին: Արժե գոնե այստեղ մտորել՝ ո՜ւմ է սա ձեռնտու: 

 

Սոֆի ԲԱԲԱՅԱՆ