[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՃԵԼԻ ՎԱՅՐ ՊՈԵԶԻԱՅԻ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ստեփանակերտն օրեցօր բարեկարգվում ու հաճելի տեսք է ստանում։ Քաղաքային իշխանությունների տեսադաշտից դուրս չի մնում ոչ մի պուրակ և զբոսայգի։

Ներկայում ուշադրության կենտրոնում մայրաքաղաքի գողտրիկ անկյուններից մեկն է՝Պոեզիայի զբոսայգին (Անդրանիկի փողոց): 

Ծառերի և թփերի ձևավորմանն այստեղ հաջորդել են հողային աշխատանքները, այունհետև տնկվել ու աճեցվել են դալար տնկիներ և բազմատեսակ ծաղիկների սածիլներ: Ընդարձակվում են սիզամարգերը, կանաչ տարածքները։

Ստեփանակերտի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման բաժնի պետ Վալերի Միքայելյանի տեղեկացմամբ` Պոեզիայի զբոսայգու բարեկարգման աշխատանքներն ստանձնել են ՙԱնդրիանա՚ ընկերության շինարարները, ովքեր այս օրերին փորձում են նոր գույներ ու երանգներ հաղորդել տարածքին՝ ավելացնելով խորհրդանշական բաղադրիչներ: Ըստ մասնագետների՝ այն կամբողջանա ճարտարապետական օժանդակ շինություններով ու արձանիկներով, ցայտաղբյուրներով ու իր գիրկը կձգի պոեզիայի և արվեստի սիրահարներին:

Զբոսայգու բարեկարգման աշխատանքների շրջանակում մեկնարկել է նաև արտաքին լուսավորման գործընթացը, որն ուղեկցվում է գեղարվեստական յուրօրինակ հնարքներով։

Վերոնշյալ բաժնի պատասխանատուների հավաստմամբ՝ նրբաճաշակ ձևավորումները ևս կնպաստեն պոեզիայի մթնոլորտի կայացմանը։

 Լաուրա Գրիգորյան