[ARM]     [RUS]     [ENG]

ԱԶԳԱՅԻՆ ՆԿԱՐԱԳՐԻ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉԸ

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի նախահարձակ գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների և կամավորների ընտանիքները շարունակում են մնալ ոչ միայն պետության, այլև առանձին անհատների ուշադրության կենտրոնում։ 

 Քիչ է ասել, թե ապրիլյան քառօրյա պատերազմը խուճապի չմատնեց արցախահայությանը։ Այն, ընդհակառակն, ապացուցեց հայության բացառիկ կազմակերպվածությունը, միասնականությունն ու համախմբվածությունը, որը դրսևորվեց ոչ միայն սահմանին ռազմական գործողությունների ընթացքում, այլև թիկունքում՝ այդ իրադարձություններին հաջորդած օրերին։ Դրա մասին է վկայում աշխարհասփյուռ հայության պատրաստակամությունը՝ աջակից լինելու հող-հայրենիի պաշտպանության ժամանակ հերոսաբար ընկած քաջորդիների ընտանիքներին։

Ստավրոպոլի երկրամասում բնակվող Արշակ Անդրանիկի Միրզաբեկյանը, ով  ծննդով արցախցի է (Արցախյան գոյամարտի մասնակից է՝ Արցախի ազատամարտիկների միության անդամ, ՙԱրիության համար՚ մեդալակիր), օրերս հանդես եկավ հերթական բարեգործական նախաձեռնությամբ։ Նորաստեղծ ՙԶորավիգ՚ հասարակական կազմակերպության միջոցով նա դրամական օգնություն է ցուցաբերել ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ զոհված և վիրավորված 25 զինծառայողների ընտանիքների Մարտակերտի շրջանից և Ստեփանակերտ քաղաքից։ Շարքային, սպայական կազմի, պայմանագրային և զորային ռեսուրսի զոհված զինծառայողների ընտանիքներին որպես դրամական աջակցություն տրամադրվել է 10.000-ական ռուբլի։ 

ՙԶորավիգ՚ հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Միկինյանի խոսքով՝ նախաձեռնությունը նպատակ ունի փոքր-ինչ թեթևացնել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների ընտանիքների հոգսը։ Նա կազմակերպության և բարերար Ա. Միրզաբեկյանի անունից զորակցություն է հայտնել տուժած ընտանիքներին, արիություն ու կորով մաղթել նրանց։ 

Հավելենք, որ Ա. Միրզաբեկյանը մասնակցել է նաև Չեչնիայի պատերազմին և ցուցաբերած արիության համար պարգևատրվել ՌԴ նախագահ Վ. Պուտինի կողմից։

Անուշ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ