[ARM]     [RUS]     [ENG]

ԱԿՆԱԲՈՒՅԺՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ

ԼՂՀ առողջապահության նախարարության հրավերով հուլիսի 22-23-ը Արցախում էին Հայաստանի Հանրապետության ՙՔանաքեռ - Զեյթուն՚ բժշկական կենտրոնի ակնաբույժները՝՝տնօրեն Հայկ Պետրոսյանի գլախավորությամբ։ 

 Երկու օր շարունակ հայաստանյան մասնագետները, որոնց թվում էին ՙՔանաքեռ-Զեյթուն՚ բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Տիգրան Դովլաթյանը, ակնաբուժական անոթային բաժանմունքի վարիչ, բժիշկ-ակնաբույժ Գևորգ Բարաղամյանը, վիրահատական բլոկի պատասխանատու, բժիշկ-ակնաբույժ Անդրե Ամիրխանյանը, Հանրապետական  բժշկական կենտրոնում  կազմակերպելով բաց դռների օր՝ կատարել են  հիվանդների ընդունելություն և  խորհրդատվություն, ինչպես նաև անվճար վիրահատություններ՝ գլաուկոմա և կատարակտ հիվանդություններով տառապող անձանց: Արդյունքում հետազոտվել է 70 քաղաքացի, որոնցից 28-ը ստացել է վիրահատական միջամտություն։ Նշենք, որ հիվանդները նախապես հետազոտվել ու հերթագրվել էին Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունքի ակնաբուժական կաբինետում։

Այցի շրջանակներում ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը հանդիպել է Հայկ Պետրոսյանին։ Զրույցի ընթացքում քննարկվել են ԼՂՀ առողջապահության համակարգի հետ հետագա համագործակցության ընդլայնման ուղիները։ Նախարարը երախտագիտություն է հայտնել հայաստանյան գործընկերներին և համոզմունք հայտնել, որ նման այցերը շարունակական բնույթ կկրեն։ 

Լուրա Գրիգորյան