[ARM]     [RUS]     [ENG]

ՙՁԳՏՈՒՄ ԵՆՔ ՎԱՂ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՊԱՀՈՎԵԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՚

- Պարոն Մարգարյան, ԼՂՀ առողջապահության նախարարության հրավերով վերջերս Հայաստանից բժիշկ-մասնագետների խումբ էր այցելել հանրապետական մանկական հիվանդանոց։ Ասացեք, խնդրեմ, հաճա՞խ են լինում նման այցելություններ և ի՞նչ նպատակ են հետապնդում։

 - Նախ ասեմ, որ ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորումը սերտ կապեր ունի Հայաստանի մանկական բուժհիմնարկների հետ։ Համագործակցության շրջանակներում փոխայցելություններ են կազմակերպվում, բժիշկների վերապատրաստման ծրագրեր իրագործվում, հիվանդներ ենք ուղեգրում, մասնագետներ հրավիրում և այլն։ Բժիշկ-մասնագետների հերթական այցը տեղի է ունեցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ Ստեփանակերտ կատարած այցի ծրագրի շրջանակներում. Երևանի ՙՍուրբ Աստվածամայր՚ բժշկական կենտրոնի և ՙՆորք-Մարաշ՚ սրտաբանականի  մասնագետները երկու օր մեր հիվանդանոցում բաց դռների օրեր են կազմակերպել՝ իրականացնելով խորհրդատվություններ, բուժզննում, անհրաժեշտության դեպքում՝ վիրահատություններ։ Խմբում ընդգրկված էին վիրաբույժ, սրտաբան, գաստրոէնտերոլոգ, նյարդաբան։ Նյարդաբանը կատարել է 26 հիվանդ երեխայի ընդունելություն, գաստրոէնտերոլոգը՝ 17, սրտաբանը՝ 25 և վիրաբույժը՝ 10։ Բացի այդ, զուտ մասնագիտական թեմաներով խորհրդատվություն-զրույցներ են անցկացվել հիվանդանոցի բուժանձնակազմի մասնակցությամբ։ Այցի երկրորդ օրը սրտաբանը դասախոսություն է վարել ՙՍրտի բնածին արատները՝ պրակտիկ մանկական հասակում՚ թեմայով, պարզաբանել, թե ինչ մոտեցումներ են ցուցաբերվում այդ պաթոլոգիաների ժամանակ։ 

- Արցախում սրտի արատով երեխաներ շա՞տ կան։

- Նման պաթոլոգիայով երեխաներ շատ ենք ունենում։ Մեր հիվանդանոցում առկա են համապատասխան բուժսարքավորումները՝ հետազոտելու և հիվանդությունը ժամանակին ախտորոշելու համար՝ սկսած ծննդատնից։ Ուստի ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորման մասնագետն ամեն անգամ այցելում է ՙՄոր և մանկան առողջության պահպանման կենտրոն՚, և կասկած լինելու դեպքում մեզ մոտ անմիջապես հետազոտում է իրականացվում։ Հպարտությամբ ասեմ, որ մեր կատարած ախտորոշումը Երևանում 99,9 տոկոսով հաստատվում է։

- Ժամանած մասնագետներն ի՞նչ կարծիքի են ՙԱրևիկ՚ բուժմիավորման մասին…

- Երևանի ՙՍուրբ Աստվածամայր՚ բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը բարձր է գնահատել հիվանդանոցի վիրաբուժական ծառայության մակարդակը։ Վերջին տարիներին մեր վիրաբույժները կատարել են հատկապես նորածնային հասակի երեխաների մի շարք բարդ ու ծանր վիրահատություններ։ Իհարկե, գովազդի համար չեմ ասում, բայց բավականին լուրջ վիրահատություններ ենք կատարում տեղում, որոնց արդյունքները գոհացուցիչ  են լինում։ Նման մի քանի հիվանդների՝ մասնավորապես կրծքավանդակի և որովայնի շրջանի պաթոլոգիաներ ունեցողների (ծնվել են դիաֆրագմալ ճողվածքներով, աղիների բնածին արատներով ու անանցանելիությամբ) տեղում վիրահատելուց հետո ուղեգրել ենք Երևանի ՙՍուրբ Աստվածամայր՚ բժշկական կենտրոն, որտեղ, կարելի է ասել, զարմացել են արդյունքից։ Բայց սրտի հետ կապված հիվանդություններ ունեցող երեխաներին, ովքեր կյանքի առաջին իսկ օրից կարիք ունեն վիրաբուժական միջամտության, ուղեգրում ենք Երևանի ՙՆորք-Մարաշ՚ բժշկական կենտրոն։ Այնտեղ կատարվում է վիրահատությունը, հիվանդ երեխան հաշվառվում և մշտապես անցնում է ինչպես մեր, այնպես էլ հիշյալ կենտրոնի բժիշկների վերահսկողության տակ։

Երևանից ժամանած գաստրոէնտերոլոգն  ընդունելության ժամանակ պարզեց, որ չկա գաստրոէնտերոլոգիական շեղում ունեցող առաջնային հիվանդ։ Այսինքն՝ հիվանդներ կային, բայց  բոլորն էլ կորեկցիայի ենթարկված ու վերահսկողության տակ էին, շտկված էին շեղումները։ 

Բավականին մեծ աշխատանք է կատարել նյարդաբանը։ Նյարդաբանական խնդիրները երեխաների մոտ, ցավոք, շատ են, իսկ մենք ունենք ընդամենը մեկ նյարդաբան, որի հետ միասին  համագործակցում ենք Երևանի ՙԱրաբկիր՚ բժշկական համալիրի  էպիլեպտիկ կենտրոնի հետ։ Մեր հիվանդանոցն ունի էլեկտրաէնցեֆալոգրաֆիկ սարք, որը չի զիջում Երևանի  կենտրոնի համանման սարքին։ Մեզ մոտ հաշվառված՝ նյարդաբանական խնդիրներ ունեցող հիվանդները հրավիրվել են՝ մեկ անգամ ևս հետազոտվելու Երևանից ժամանած մասնագետի մոտ։ Վերջինս գոհ է եղել մինչ այդ իրականացված բուժման արդյունքներից։

- Այսինքն՝ դրսի մասնագետների այցերն ամենևին ձևական բնույթ չեն կրում… 

- Այդ մասնագետները մեծ ծավալի աշխատանք են կատարում, ինչը տալիս է դրական արդյունք։ 

- Քանի որ առիթ է ստեղծվել խոսելու, անդրադառնանք մանկական հիվանդանոցի ներկայիս վիճակին։ Շուրջ 9 տարի է անցել հիմնանորոգումից ու վերաբացումից հետո։ Որքանո՞վ է պահպանվել այն։ Հիշում եմ՝ հովանավոր պարոն Ռապոպորտի մասնակցությամբ տեղի ունեցած պաշտոնական բացմանը խոսք եղավ կառուցածը, ստեղծածը պահելու-պահպանելու մասին…

-   Ռապոպորտի հետ մեր համագործակցությունը շարունակվել է բոլոր առումներով՝ շենքային պայմանների շարունակական բարելավում (հատկապես՝ նկուղային հարկի), նոր սարքավորումների ձեռքբերում… Առանց ժամանակակից սարքավորումների ներկայումս հնարավոր չեն ճշգրիտ ախտորոշումն ու բուժումը։ Ուստի ձգտում ենք ինչպես մեր, այնպես էլ բարերարների միջոցներով համալրել, վերազինել բուժմիավորման նյութատեխնիկական բազան։ Նույն Ռապոպորտի աջակցությամբ ստեղծվել է էնդոսկոպիկ կաբինետը, իսկ ապրիլյան պատերազմի օրերին նա զանգեց և իր օգնությունն առաջարկեց՝ իմանալով, որ երեխաների շրջանում կան վիրավորներ, կա զոհված... Մենք թոքերի արհեստական շնչառության համար սարքավորում խնդրեցինք, չնայած ունեինք երկուսը, բայց անհրաժեշտություն կար լրացուցիչ ևս ունենալ։

Ինչ վերաբերում է ներկա վիճակին, պայմանները վատ չեն, բավարարում են։ Պետք է փոխվի մեր քաղաքացիների հոգեբանությունը։ Երբեմն անհիմն կերպով պահանջում են երեխային ուղեգրել Երևան։ Հարցնում ես՝ ինչո՞ւ, պատասխանում են՝ այդպես ենք ուզում։ Անգամ բժշկի ընդունելության ժամանակ չեն համբերում, չեն ուզում սպասել։ Այնինչ բժիշկը, կոնկրետ նյարդաբանը, ում մոտ անցյալ օրը մի քանի տասնյակ հիվանդներ էին սպասում, պետք է հասցնի յուրաքանչյուրին առանձին զննել, ծնողի պատմածը լսել, ցուցումներ տալ։ Արդյունավետություն ակնկալելու համար համբերություն պետք է ունենալ սպասելու։ 

- Կադրերի խնդիր՝ հատկապես նեղ մասնագիտությունների գծով, կա՞։

- Խնդիրը ոչ միայն կադրերն են։ Ունենք նաև հաստիքների վերանայման խնդիր։ Վաղուց այդ հարցը հասունացել է։ Վերակենդանացնող բժշկի (ռեանիմատոլոգի), նյարդաբանի պահանջ ունենք։  

2014-2015թթ. Ռապոպորտի աջակցությամբ և ծրագրով մեր բժիշկներից 20 հոգի, այդ թվում նաև ես, վերապատրաստում ենք անցել Մոսկվայի առաջատար կլինիկաներում։ Սա բավական մեծ առաջընթաց է հիվանդանոցի համար։ Այսպես, օրինակ, վիրաբույժի վերապատրաստվելուց հետո մեզ մոտ լրիվ ծավալով կատարում ենք լապորոսկոպիկ վիրահատություն։ Նույն ձևով նաև՝ էնդոսկոպիկ ծառայությունը. նման խնդիրներ ունեցողներին այլևս չենք ուղեգրում Երևան, քանզի բժիշկը վերապատրաստվել և հրաշալի կատարում է այդ գործը։

Խնդիրներ ընդհանրապես կան։ Առողջապահությունն անընդհատ զարգացող համակարգ է, և այդ առումով մշտապես տարատեսակ հարցեր են ծագում ինչպես կադրերի, այնպես էլ արդիական սարքավորումների ձեռքբերման առումով։ Ներկա դրությամբ կոմպյուտերային տոմոգրաֆ կա միայն Հանրապետական բժշկական կենտրոնում, որի հետ համագործակցում ենք։

Հիվանդանոցը 45 մահճակալանոց է, բայց քանի որ մեր հիվանդները մշտապես շատ են, տեղադրվել են ևս 25 նոր մահճակալներ։

- Ամռան այս օրերին ո՞ր հիվանդություններն են գերակշռում ստացիոնար բուժում ստացող երեխաների մոտ։

- Չնայած ամառ է, բայց գերակշռում են բրոնխաթոքային հիվանդությունները։  Կան նաև  վիրաբուժական խնդիրներ ունեցող երեխաներ ու դեռահասներ, ովքեր այս պահի դրությամբ համապատասխան բուժում են ստանում։ Արտառոց ծանր դեպքեր չունենք։ Ապրիլյան պատերազմական գործողություններից հետո նկուղը կարգի է բերվել, քաղպաշտպանության բաժինը հոգ է տարել ամեն ինչի մասին. մահճակալները տեղադրված են, վիրահատարանը՝ պատրաստ…  Պատերազմ, իհարկե, չենք ուզում, բայց սկսվելու դեպքում որպեսզի կարողանանք դիմակայել, հաղթահարել դժվարությունները։

Մենք երեխայամետ ազգ ենք։ Վաղ մանկությունից պետք է ապահովենք նրանց առողջությունը, ոչ թե  գնահատենք՝ կորցնելու դեպքում։ Պետության կողմից իրականացվող սկրինինգային ծրագրերն ուղղված են հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը։  

Մանուկներին մաղթում եմ առողջություն և խաղաղ երկինք, իսկ ծնողներին կոչ եմ անում գնահատել առողջ ապրելակերպը։ 

 

Հարցազրույց ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորում՚ 

ՓԲԸ գործադիր տնօրեն Մեսրոպ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ