Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱՐԴԻ ՄԵԹՈԴՆԵՐԸ

 

 

 

Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի կողմից Ստեփանակերտում օրերս կազմակերպված գիտաժողովին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, քննարկվել են քաղցկեղի տարածվածության ռիսկի գործոնների, բուժման արդի մեթոդների և դրան հարակից հիվանդությունների վերաբերյալ թեմաներ։

Վիճակագրական տվյալներով՝ ոչ վարակիչ հիվանդությունների շրջանում մահվան պատճառներից առաջինը սիրտ-անոթային հիվանդություններն են, երկրորդը՝ քաղցկեղը։ Չարորակ նորագոյացություններն աշխարհի առողջապահական համակարգերում մեծ խնդիր են հանդիսանում։ Վերջին 30 տարվա ընթացքում ՀՀ բնակչության շրջանում չարորակ նորագոյացություններով հիվանդացությունը կտրուկ աճել է՝ գրեթե կրկնակի։ Այդ աճը ոչ միայն Հայաստանում է նկատվել, այլև  ողջ աշխարհում։ Սակայն ուռուցքների որոշ տեսակներ ՀՀ-ում ավելի հաճախ են արձանագրվում, քան մյուս երկրներում։ 

Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ, ուռուցքաբան, քիմիաթերապևտ Դավիթ Զոհրաբյանը արցախցի մասնագետներին ներկայացրեց ՀՀ-ում հաճախակի հանդիպող քաղցկեղի առանձին տեսակներ, առանձնակի կանգ առավ հիվանդության ախտորոշման, չարորակ նորագոյացությունների բուժման արդի մոտեցումների վրա։ Ուռուցքաբանի խոսքով՝ ներկայումս չարորակ նորագոյացություններով առավել շատ ախտահարվում են 45-54 տարեկան մարդիկ՝ կյանքի ամենաակտիվ փուլում։ 2013թ. տվյալներով՝ ՀՀ-ում քաղցկեղով հիվանդների թիվը կազմել է 7911, ընդ որում, մահացությունը՝ 5589։ Կանանց մոտ ամենահաճախ պատահող այս հիվանդություններից առաջին հորիզոնականը զբաղեցնում է կրծքագեղձի քաղցկեղը՝ 1086 դեպք (27%), և ըստ հերթականության՝ արգանդի վզիկի՝ 299 (8%), հաստ աղիի՝ 263 (7%), ստամոքսի՝ 226 (6%), ձվարանի՝ 211 (5%), արգանդի՝ 209 (5%) և թոքի՝ 189 (5%)։ Զարգացած երկրներում քաղցկեղով հիվանդացությունների վիճակագրությունն այլ պատկեր ունի։ ՀՀ-ում կանանց շրջանում հաճախակի հանդիպող քաղցկեղի վերոնշյալ տեսակները զարգացած երկրներում զբաղեցնում են վերջին տեղերը՝ շնորհիվ իրենց մոտ զարգացած սկրինինգային արդյունավետ ծրագրերի, որոնց օգնությամբ վաղ հայտնաբերվում են նախաքաղցկեղային հիվանդությունները, և  անց է կացվում համապատասխան բուժում։ Ասոցիացիան բնակչության շրջանում կազմակերպում է չարորակ նորագոյացությունների վերաբերյալ իրազեկվածության ծրագրեր, որպեսզի ժամանակին հայտնաբերվեն նախաքաղցկեղային հիվանդությունները՝ արդյունավետ բուժման համար։ 

Դիտարկման տվյալներով՝ տղամարդկանց շրջանում առաջին տեղը զբաղեցնում է թոքի քաղցկեղը, ինչը, բնականաբար, կապված է ծխելու վնասակար սովորության հետ։ Ըստ հերթականության՝ ավելի շատ հանդիպում են ստամոքսի, միզապարկի, պրոստատի, հաստ աղիի, լյարդի և կոկորդի քաղցկեղները։ Վիճակագրական այս տվյալների հիման վրա մասնագետներն արծարծեցին դրանց վերաբերող թեմաներ։ Խոսելով չարորակ նորագոյացությունների ժամանակակից բուժման մեթոդներից՝  Դ. Զոհրաբյանն առանձնացրեց քիմիաթերապիան։ Բացի դրանից, կիրառում են նաև ճառագայթային բուժում, վիրահատություն։ Ընդհանրապես, քիմիաթերապիան որոշ ուռուցքների դեպքում ամենաարդյունավետ դեղորայքային բուժման մեթոդն է կամ էլ մյուս մեթոդների հետ կանխում է ուռուցքի կրկնման հավանականությունը։ Այն լինում է համակարգային (ներերակային, պերօրալ), տեղամասային (ներզարկերակային՝ լյարդի առաջնակի ուռուցքի դեպքում) և տեղային (խոռոչային)։ Ուռուցքաբանի հավաստմամբ՝ քիմիաթերապիայի նպատակը մարդուն առողջացնելն է, որոշ դեպքերում՝ կյանքը երկարացնելը։ Նա խոսեց բարդությունների, ներարկման ձևերի և մասնագիտական նրբությունների մասին։ Քանի որ գիտությունն անընդհատ զարգանում է, ստեղծվում են նոր դեղեր, որոնց կողմնակի ազդեցությունն  ավելի քիչ է, ուստի ուռուցքաբաններն իրենց հերթին պետք է տեղյակ լինեն դրանց կիրառմանը և գրագետ մոտեցում ցուցաբերեն կոնկրետ դեպքի նկատմամբ։ Դ. Զոհրաբյանը խոսեց նաև հիվանդների բուժման համար մշակվող ճիշտ տակտիկայի, ռիսկային գործոնների, վիրահատությունների ծավալի և բուժման ժամանակ առողջացման հավանականությունն առավելագույնս բարձրացնելու ձևերի մասին։ Քիմիաթերապիայի խնդիրներից մեկը դրա կիրառումից հետո ծագած բարդություններից ձերբազատվելն է։ Հիվանդը նույնպես պետք է տեղեկացված լինի կիրառվող դեղորայքի արդյունավետության, առողջացման հավանականության տոկոսների,  բարդությունների մասին։ Մասնագետն անդրադարձավ նաև ուռուցքով հիվանդների բուժման ժամանակ հաճախ հանդիպող սխալներին, ինչպես նաև հիվանդի և նրա հարազատների հետ տարվող հոգեբանական աշխատանքներին։

Ներկայացնելով ՀՀ-ում չարորակ նորագոյացությունների շարքում առաջին տեղն զբաղեցնող կրծքագեղձի քաղցկեղի տարածվածությունը, Դ. Զոհրաբյանը նշեց, որ ՀՀ-ում հիվանդացած կանանց 21%-ի մոտ այն ախտորոշվել է 4-րդ փուլում։ ԱՄՆ-ում 8 կանանցից մեկի մոտ քաղցկեղ է հայտնաբերվում, բայց վաղ ախտորոշման արդյունքում առողջացման տոկոսայնությունն ավելի բարձր է։ Մասնագետը խոսեց կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման մասին.  կանայք պետք է ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ, հետևեն առաջարկվող սկրինինգային ծրագրերին, որովհետև նախաքաղցկեղային շրջանում արդյունավետ բուժման շնորհիվ կանխվում է հիվանդությունը։ Կանանց համար ռիսկային գործոններ են տարիքը,  գիրությունը, մենարխեի վաղ տարիքը, չծննդաբերած լինելը կամ քիչ ծննդաբերություններ ունենալը, առաջին ծննդաբերության ուշ տարիքը (30տ), ուշ մենոպաուզան, ալկոհոլի չարաշահումը, ժառանգական և այլ գործոններ։ Քաղցկեղով հիվանդանալու ռիսկը փոքրանում է ֆիզիկական ակտիվության, քաշի կարգավորման, կրծքով կերակրելու դեպքում։ Պետք է հետևել առողջ ապրելակերպին, ինչպես նաև ունենալ բավարար տեղեկատվություն քաղցկեղի մասին, որովհետև հենց կրծքագեղձի քաղցկեղը ամենալավ և արդյունավետ բուժման ենթարկվող չարորակ ուռուցքների տեսակներից է։ Բժշկին ուշ դիմելը նվազեցնում է բուժման արդյունավետությունը, մեծացնում ծախսատարությունը։ 

Հայ-ամերիկյան կենտրոնի վիրաբուժական գինեկոլոգիայի բաժնի վարիչ Վահե Տեր-Մինասյանն իր հերթին հանդես եկավ կանանց շրջանում հատկապես նախաքաղցկեղային փոփոխություններին վերաբերող թեմաներին, որովհետև շատ ավելի հեշտ է քաղցկեղը կանխարգելել այդ շրջանում։  Պարզապես կանայք պետք է տարին գոնե մեկ անգամ այցելեն գինեկոլոգի մոտ. գործում են անվճար հետազոտությունների պետական ծրագրեր։ Ցավոք, ՀՀ-ում կանանց շրջանում արձանագրված  արգանդի վզիկի քաղցկեղի ավելի քան 60%-ը հայտնաբերվել է 3-4-րդ փուլում։ Իսկ նախաքաղցկեղային շրջանը տևում է 10-20 տարի։ Այդ ժամանակաընթացքում հնարավոր է ոչ միայն բուժել հիվանդին, այլև պահպանել վերարտադրողական օրգանները։ ՙՈւնենք կոնկրետ դեպքեր, երբ ավելի քան 10 կին բուժվել և երեխա է ունեցել։ Պարզապես պետք է տարին մեկ անգամ հետազոտվել,   բժիշկն էլ իր հերթին քաջատեղյակ լինելով բուժման արդի մեթոդներին, նոր տեխնոլոգիաներին, պետք է ճիշտ ուղղորդի կնոջը, անհրաժեշտության դեպքում ուղեգրի առաջատար հիվանդանոց, որտեղ կան տեխնիկական լայն հնարավորություններ, երբեմն նաև առանց վիրահատության լուծել առկա խնդիրը։ Հենց վերջին տեխնիկական հնարավորությունները ներկայացնում ենք արցախցի մասնագետներին՚,- իր խոսքն ընդհանրացրեց Վահե Տեր-Մինասյանը։ 

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ