Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՎԵՐԸ ՏՈՆԻՆ

Աղավնո գետի աջափնյա բարձրադիր ձորակներից մեկում ծվարել է Հերիկ գյուղը:

Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեճք-Քաշաթաղ գավառի պատմական գյուղը հիշատակվում է Ստեփանոս Օրբելյանի ՙՍյունիքի պատմություն՚ գրքում՝ Հայրի անունով: Ինչպես տարածքի շատ բնակավայրեր, Հերիկ-Հայրին ևս 18-19-րդ դարերի ընթացքում հայաթափ է եղել և բնակեցվել մուսուլմաններով: Խորհրդային տարիներին գյուղն անվանափոխվել է Ահմեդլի: Եկեղեցին քրդաթրքերն օգտագործել են որպես խոտանոց: 1993 թվականի գարնանը տարածքն ազատագրվեց, և մեկ տարի անց Քաշաթաղի նորաստեղծ շրջանի մի շարք բնակավայրերի հետ Հերիկը ևս վերահայացավ: 

1996 թվականին այստեղ՝ փոքր հարմարեցված շենքում սկսեց գործել հանրակրթական դպրոցը: 1997թ. կրթօջախում  մոտ 20 աշակերտ էր սովորում: Հետագայում ինչ-ինչ պատճառներով (հիմնականում հոսանքի բացակայություն, ճանապարհների վատ վիճակ) մի պահ գյուղը գրեթե դատարկվեց, փակվեց դպրոցը: 2010թ. ձմռանը շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, լինելով Հերիկում, ծանոթանալով գյուղի պայմաններին, տեսնելով հնադարյան հայոց եկեղեցին՝ ջանքեր գործադրեց՝ կրկին իրականություն դարձնելու գյուղի վերստին կայացումը: Եվ Մոշաթաղի գյուղական համայնքի կազմում մեկ տարի անց էլեկտրիֆիկացվեց Հերիկը, նոր բնակիչներ եկան: Սկսեց գործել դպրոցը, սակայն՝ նախկին հարմարեցված շենքում։ Անցյալ տարի՝ սեպտեմբերի 1-ին, աշակերտները Գիտելիքի օրվան նվիրված հանդեսը դարձյալ հին շենքի բակում նշեցին: Ներկա էին շրջվարչակազմի ղեկավարը, ԱՄՆ-ում գործող ՙՀայրենասեր՚ կազմակերպության համահիմնադիր ամուսիններ Նելլի-Շուշի Մարտիրոսյանը և Ստեփան Սարգսյանը: Հանդեսի ժամանակ ՙՀայրենասեր՚-ի համահիմնադիրները, որոնց օժանդակությամբ շրջանում կառուցվել էին Լեռնահովիտի և Վուրգավանի դպրոցները, խոստացան կառուցել նաև դպրոց Հերիկի մանուկների համար՝ վստահեցնելով, որ 2016թ. սեպտեմբերի 1-ին արդեն այլ շենքում կհնչի դպրոցի առաջին զանգը: Նույն օրվա ընթացքում որոշվեց նոր կառուցվող դպրոցի տեղը, և շուտով սկսվեց շինարարությունը: Ապրիլյան պատերազմական իրադարձություններն իրենց բացասական ազդեցությունը թողեցին շինարարության ընթացքի վրա. շինարար Արման Մեջլումյանը, վարպետ-բանվորների մեծ մասը (հիմնականում Հերիկի բնակիչներ), նույնպես առաջնագիծ մեկնեցին, սակայն աշխատանքները չդադարեցին: 

Շինարարները վստահ էին, որ կհասցնեն սեպտեմբերի 1-ին շահագործման հանձնել կառուցված դպրոցը: Նախկին շենքն էլ համայնքի ավագանու որոշմամբ հատկացվել է գյուղի բազմազավակ ընտանիքի: 

 2016թ. սեպտեմբերի 1-ին արդեն նորակառույց գեղեցիկ ու լուսավոր դպրոցի մուտքի մոտ էին հավաքվել գյուղի 18 դպրոցականները, և նրանց տոնական հանդեսը լի էր ուրախությամբ: Հոկտեմբերի 4-ին կայացավ դպրոցի պաշտոնական բացումը, որին ներկա էին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, Քաշաթաղի շրջվարչակազմի և Բերձորում գործող այլ կառույցների ղեկավարներ, աշխատակիցներ՝ շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ, ՙՀայրենասեր՚-ի համահիմնադիրները, հյուրեր, Աղավնո գետի ավազանի համայնքների ղեկավարներ, դպրոցների ուսուցիչներ, տնօրեններ, Հերիկի ողջ բնակչությունը, լրագրողներ: 

Ընթերցվեց շրջվարչակազմի ղեկավարի կարգադրությունը՝ Հերիկի հիմնական դպրոցն անվանակոչել  Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով: Հնչեց Արցախի օրհներգը, եղավ լռության րոպե՝ ի հիշատակ Արցախյան գոյամարտում և հետագայում Հայոց սահմանը պաշտպանելիս մարտիրոսված քաջորդիների: ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանն իր ելույթում շնորհավորեց Հերիկի բնակիչներին՝ նշելով, որ դպրոցական նոր շենքն լավագույն նվերն է Ուսուցչի տոնական օրվա առթիվ: 

Շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ-ում գործող ՙՊողոսյան՚ բարեգործական հիմնադրամին, որի նվիրատվության շնորհիվ իրականացավ դպրոցական շենքի շինարարությունը,  Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ս. Խաչատրյանին մշտական աջակցության համար. շրջվարչակազմի կողմից է հատկացվել տանիքի շինանյութը: 

Ռոբերտ Աբաջյանի անունը կրող հուշատախտակի բացման և դպրոցի մուտքի կարմիր ժապավենը  կտրելու պատիվը տրվեց Մոշաթաղի գյուղական համայնքի ղեկավար Սիրակ Սողոմոնյանին, Նելլի Մարտիրոսյանին ու նրա փոքրիկ դուստր Շուշիին: ԼՂՀ կառավարության նախագահը գոհ մնաց շինարարների աշխատանքից: Համայնքի ղեկավար Սիրակ Սողոմոնյանը տեղեկացրեց, որ գյուղն ունի 11 ընտանիք՝ 62 բնակչով: 3 ընտանիք բազմազավակ է: Դպրոցում սովորում են 18 աշակերտ, նույնքան էլ նախադպրոցական երեխա կա: 

Մայրամուտին հրաժեշտ տվեցինք Հերիկին՝ հավատով, որ այսուհետ ավելի շատ աշակերտներ են սովորելու դպրոցում:

 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

ք. Բերձոր