[ARM]     [RUS]     [ENG]

ԱՅՍՏԵՂ ԿՀՅՈՒՍՎԻ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԵՔԻԱԹԸ

Հոկտեմբերի 4-ին տոնական օր էր Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի բնակիչների համար։ Հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ մանկապարտեզի բացման արարողությունը, որին ներկա էին շրջանի վարչակազմի պատասխանատուներ, հյուրեր։ 

 Մանկապարտեզը կառուցվել է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական հանձնախմբի և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ և շահագործման է հանձնվել շուրջ երեք ամիս առաջ։ Շահագործման պաշտոնական արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, Հիմնադրամի տնօրինությունն ու բարերարները։ Իսկ այսօր նախադպրոցական այդ հաստատությունն իր դռները բացեց փոքրիկ  բնակիչների համար, ովքեր եկել են այստեղ հյուսելու իրենց մանկության հեքիաթը։ Գեղեցիկ ու հարմարավետ մանկապարտեզը համապատասխանում է ժամանակակից չափանիշներին, ինչը մեծ երջանկություն է ոչ միայն երեխաների, այլև նրանց ծնողների համար:

Օրվա առիթով ներկաներին շնորհավորեց մանկապարտեզի վարիչ Արևիկ Թովմասյանը։ Նա երախտագիտություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել մանկանց օջախի կառուցման գործում և իրականացրել իվանյանցիների նվիրական երազանքներից մեկը։ Փոխարենը խոստացավ օգտագործել ընձեռված հնարավորությունները, ջանքեր չխնայել առողջ ու երջանիկ, հայենասեր  սերունդ դաստիարակելու գործում։  ՙՆախակրթարան ունենալն այսօր ժամանակի հրամայական է,-ասաց տնօրենը։- Այն շարունակական կրթության առաջին օղակն է, և, կարծում ենք, մեր երեխաներն անցնելով այդ օղակով՝ կզարգանա նրանց աշխարհայացքը, կձևավորվեն որոշակի կարողություններ, և նրանք դպրոց կհաճախեն որոշակի տեղեկացված շրջապատի, բնության, կյանքի մասին։ Ապրիլյան պատերազմը կրկին ապացուցեց, որ մենք անպարտելի ենք մեր հերոս տղաների անկոտրում ոգով, ազգի միասնությամբ ու համախմբվածությամբ։ Ամեն անգամ, երբ թշնամին փորձում է ընկճել մեր դիմադրությունը, մենք ավելի ենք բռունցքվում և արժանի հակահարված տալիս՚։ 

Իվանյանցիների անունից շնորհավորանքի ու երախտագիտության խոսք ասաց համայնքի ղեկավար Բորիս Ղահրամանյանը։ ՙՍերմը, որ ջրվում ու խնամվում է, կմեծանա ու կզորանա։ Այս երեխաներն էլ, վստահ եմ, լավ մարդիկ կդառնան, քանզի մանկապարտեզը գտնվում է հենց այն տան դիմաց, որում ապրել է ապրիլյան պատերազմի հերոսներից մեկը՝ Օնիկ Գրիգորյանը՚,- ասաց Բ. Ղահրամանյանը։ Նա երախտագիտություն հայտնեց կանադահայ բարերաներին, բոլոր նրանց, ովքեր ձեռնարկել են այս հայրենանվեր գործը:

 

Սեփ. լրատվություն