[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՐԵՎՈՐՆ ԱՅՍՏԵՂ ԱՊՐԵԼՆ ՈՒ ԱՇԽԱՏԵԼՆ Է

Հադրութի շրջանի հարավային թևում գտնվող Քարագլուխ գյուղը, որ 1991-ին տխրահռչակ ՙԿոլցո՚ ռազմագործողության ժամանակ ամբողջովին ավերվել էր, 2011թ.-ից վերածնունդ է ապրում:

Արմատներով քարագլուխցի, ռուսաստանաբնակ Բորիս Աթայանցի և նրա որդի Մաքսիմ Աթայանցի  ֆինանսավորմամբ գյուղի գերեզմանատան բարձունքում կառուցվեց Սուրբ Հովհաննես Մկրտիչ նոր եկեղեցին, որը դարձավ Արցախի հոգևոր թեմի գործող եկեղեցիներից մեկը:  Միաժամանակ դրվեցին հինգ նոր բնակելի տների և գյուղմթերքների վերամշակման փոքր ձեռնարկության հիմքերը: 

Հոկտեմբերի 11-ին Քարագլխում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն. վերաօծվեց գյուղի վերականգնված Սուրբ Աստվածածին հին եկեղեցին, մատուցվեց պատարագ, և շահագործման հանձնվեցին երկու բնակելի տներ: 

Հանդիսավոր արարողության ժամանակ բարերար Մաքսիմ Աթայանցն իր ելույթում խոստովանեց` այս ամենը հայրենիքում ապրող բնակիչների համար է, եթե նրանք չլինեին, չէր լինի հայրենիքի սահմանները պահպանելու, բնակելի տներ կառուցելու անհրաժեշտությունը: 

Իրենց պլաններով ու տպավորություններով կիսվում են բարերարներ՝ ճարտարապետ Մաքսիմ ԱԹԱՅԱՆՑԸ և նրա հայրը՝ ճարտարագետ-գիտնական Բորիս ԱԹԱՅԱՆՑԸ: 

 - Մաքսի՜մ, ի՞նչ է Ձեզ համար խորհրդանշում Քարագլուխը:

- Դժվար է միանշանակ ասել: Դա մի լեռ է, որի մասին լսել եմ մանկուց: 45 տարեկան էի, երբ առաջին անգամ հայտնվեցի այստեղ: Դա մի վայր է, որին ձգտում եմ ինչ-որ բան վերադարձնել:

- Կարծում եք՝ պարտավո՞ր եք վերադարձնել:

- Ոչ: Դա պարտավորություն չէ: Ինչպես ասեմ... երբ Աստծո կամոք քեզ հաջողվում է ինչ-որ բան վաստակել, երևի նրա համար է, որ այն ծախսես մարդկանց համար: Իսկ դա բնական է այստե՜ղ անել, քանի որ այստեղ ամեն ինչ իմն է: Հենց որ ես այստեղ հայտնվեցի, հասկացա, որ սա իմ տեղն է, և  վերջ:

- Իսկ ապագայի պլանները... 

- Ես այսօր իմ ելույթում ասացի: Իմ հաշվարկներով՝ այն նվազագույնը, որից գյուղը կարող է նորից ապրել, դա հինգ մեծ, ընդարձակ տներն են, հինգ ընտանիք, այսինքն, մի երեսուն մարդ, որոնք միասին կարող են համայնք կազմել:

 - Եվ որոնք աշխատատեղ ունեն…

- Ասեմ ինչպես է լինելու: Այս տարի շահագործման հանձնեցինք երկու բնակելի տուն: Այս պահին ամենայն հստակությամբ ուզում եմ ասել. այն խնդրին` թե ով է ապրելու այս տներում, ոչ մի առնչություն չեմ ուզում ունենալ: Դա շատ մեծ պատասխանատվություն է: Մեկին տալիս ես այսպիսի հիանալի բնակարան, մնացած քսան, երեսուն մարդիկ նայում են քեզ որպես թշնամու։ Այդ տները փոխանցվում են պետությանը: Ինձ Բակո Սահակովիչն անձամբ վստահեցրեց, որ կկազմակերպվի բաց մրցույթ՝ հստակ պահանջներով: Այդ բնակարաններ մտնողները պետք է լինեն երիտասարդ ընտանիքներ երկու-երեք, գուցե և ավելի երեխաներով, որոնք պատրաստ են ապրել ու աշխատել այստեղ: Աստված մի արասցե՝ դրանք ինչ-որ մեկի ամառանոց դառնան: Գյուղապետը խոստացավ, որ համայնքն այդ երիտասարդ ընտանիքներին հող կտրամադրի: Այստեղ կաշխատի իմ կողմից ԱՄՆ-ից հրավիրված մասնագետը, որը մեկ տարվա ուսումնասիրություններ է կատարել` որոշելու, թե այստեղ լավագույն բերք ստանալու համար ինչ բույսեր են պետք աճեցնել: Հաջորդ տարի կկառուցենք ևս մեկ բնակելի տուն և արտադրամաս` գյուղատնտեսական հումքի առաջին վերամշակման հնարավորությամբ: Արտադրամասը հնարավորություն կտա դրամ վաստակել նաև հարևան գյուղերի բնակիչներին: Բացի այդ, քանի որ պատմական տներն այստեղ շատ են ու խիտ, որոշեցինք, որ այդ հինգ ընտանիքների համար գյուղից քիչ հեռու ընդհանուր գոմ կառուցել: Այդքանը՝ հաջորդ տարվա ընթացքում: Հետո կկառուցենք ևս երկու բնակելի տուն: Այսքանը՝ մի երեք տարվա ընթացքում, հավանաբար, կկարողանանք ավարտին  հասցնել: Կարծում եմ, գործը շահում է, երբ ճիշտ է ընտրվում քայլերի հաջորդականությունը։ Մի կարևոր բան ևս: Գիտեմ, որ ինձ անպայման կհարցնեն` ինչո՞ւ ընդարձակ ու հարմարավետ այս տների փոխարեն ավելի քիչ ծախս պահանջող, ուրեմն և, ավելի շատ տներ չկառուցեցինք: Կարծես արդարացի է ասվում: Բայց ինձ հետաքրքրում է ինքը՝ գյուղը: Գյուղի արժեքը նաև նրանում է, որ այն պետք է ուրախացնի, աչք շոյի: Այստեղ ոչ մի այլ ներուժ չկա։ Բացի զբոսաշրջության ճյուղից, այլ բան հնարավոր չէ զարգացնել: Չի կարելի վատ, բայց էժան շինություններով փչացնել գյուղի տեսքը: Այս տների օրինակներով ցանկացա երկրի ղեկավությանը ցույց տալ, որ կարելի է կառուցել այնպես, որ դա էլ ավելի գեղեցկացնի լանդշաֆտը, բնությունը: Այո, այս տները կառուցվել են այնպես, ինչպես կառուցվել են նախկինում: Ասեմ ձեզ` գյուղն այս հուրուստ ու ապահով էր այն ժամանակներում: Անգամ կղմինդրն ենք պատվիրել այստեղ գտած կղմինդրի բեկորների բաղադրությամբ: Ու տեսեք, թե ինչպես են կղմինդրապատ այդ տանիքները վերափոխել գյուղի տեսքը:

- Դուք, լինելով ճարտարապետ ու բազմաթիվ կառույցների հեղինակ, գո՞հ եք արված շինարարական աշխատանքների որակից:

- Լիովին: Շատ ղեկավար մարդկանց հետ եմ շփվել ու աշխատել: Բարձր մակարդակի ղեկավարի ամենակարևոր որակը` կարողանալ գտնել ճիշտ մարդկանց տվյալ աշխատանքի համար: Այստեղ իմ բախտը բերեց: Ես գտա շատ լավ մասնագետ, ճարտարապես Մանուշակ Տիտանյանին, նրա ամուսին Վալերի Բալայանին, որ իր ուժերի և հնարավորությունների չափ օգնում է մեզ: Իմիջիալոց, տների նախագծի հեղինակը Մանուշակն է: Անչափ ուրախ եմ, որ շինարարական աշխատանքներն իրականացնում է հրաշալի մի անձնավորություն, հիանալի մասնագետ Մարատ Պետրոսյանը: Նա դեռ լուսահոգի մեր վարպետ Գրիգորի ղեկավարության տակ էր աշխատում, երբ նոր եկեղեցին էր կառուցվում: Ես նրան ասացի` ժամանակն է, որ ինքդ ղեկավարես աշխատանքները: Խնդիր չի առաջանում նրա հետ աշխատելուց: Կապը նրա հետ  միայն հեռախոսով է: Բացառիկ որակներով մարդ է` ազնիվ, աշխատասեր, սրտացավ, բարձր պատասխանատվությամբ ու հրաշալի կազմակերպչական ջիղով: Ես երջանիկ եմ, որ կարողանում ենք   ստեղծել այստեղ ապրող մարդկանց համար զարգանալու հնարավորություն: Գոհ եմ և՜ մարդկանցից, և՜ աշխատանքից:

 - Պարոն Աթայանց, իսկ Ձեզ համար ի՞նչ է Քարագլուխը:

- Քարագլուխն իմ պապերի հայրենիքն է, այն գյուղը, որտեղ ծնվել և մեծացել են իմ հայրն ու մայրը: Նրանց խոսքերից ես գիտեի, որ սա շատ գեղեցիկ վայր է: Այո, մանկության տարիներին եղել եմ այստեղ: Գիտեք, այստեղ ապրել են շատ աշխատասեր, անձնազոհ, պատվի մեծ զգացումով մարդիկ: Այստեղ աղքատ, գոյությունը քարշ տվող մարդիկ չեն եղել, որովհետև բոլորը ջանադիր մշակներ էին: Հետպատերազմյան տարիներն էին: Գյուղում հիմնականում կանայք էին, քանի որ ճակատ մեկնած տղամարդկանց մեծ մասը չէր վերադարձել: Զարմանալի ավանդույթներ էին: Շատ դժվար էին ապրում, բայց բոլորը ձգտում էին ինչ-որ մի համով բանով, որ իրենք չէին ուտում, պահում էին, ինձ հյուրասիրել: Ու ասում էին` գիտես, սա ձեր բաղերն են, սա ձեր թթի այգիներն են, սա ձեր խաղողի այգիներն են: Այո, մեր տոհմի մարդիկ շատ աշխատասեր ու ունևոր էին: Այդ հարգանքն ու սերը ներծծվել է իմ մեջ: Ես ինձ միշտ համարում էի ղարաբաղցի, քարագլուխցի:

- Ի՞նչ զգացումներ են պատում Ձեր հոգին Ձեր պապերի գյուղում այսպիսի շինություններ տեսնելով` նոր եկեղեցի, հինը նորոգված, նոր բնակելի տներ… Ավերված մի գյուղ, որ կարող է նորից ապրել:

- Բարդ է պատասխանել այդ հարցին ու չծավալվել: Բայց կփորձեմ հակիրճ լինել: Ես շատ ուրախ եմ, որ մեծ հոգևոր հայ ժողովրդի մի մասնիկն եմ, հատկապես Ղարաբաղ հատվածի: Հավատը, հույսը, սերը կանխորոշում են մարդու գիտակցությունը: Գտնում եմ, որ ոգեղենի վերածնունդը, նկատի ունեմ նոր եկեղեցու կառուցումը և հնի վերականգնումը, շատ կարևոր է ժողովրդի հոգևոր վերածնման, երկրի ընդհանուր զարգացման համար: Տների առումով ասեմ, որ որպես Աթայանց՝ անչափ ուրախ եմ միայն այն պատճառով, որ այս ավերակների մեջ այնքան պատվով են դրանք կառուցված, այնքան լավ, որ ցանկացած պատվով մարդու կարելի է հրավիրել ապրելու: Դա համապատասխանում է նրան, ինչը միշտ իմ հայրն էր սովորեցնում: Նա ասում էր` գործդ արա այնպես, որ կարծես քո վերջին գործն է, և դրանից կախված է ամեն ինչ: Նա նաև ասում էր` այնպես սովորեք, որ անգամ թշնամիդ չկարողանա քեզ ցածր գնահատական դնել:

- Հավատո՞ւմ եք, որ գյուղը նորից կապրի:

- Լիովին: Ավելին, ինքս այդ գործընթացին կաջակցեմ իմ կարողությունների չափով:

Աշխղեկ, ճարտարագետ-շինարար Մարատ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք, թե ինչպես են ընթացել շինարարական աշխատանքները:

- Մարա՜տ, Ձեր աշխատանքը թե՜ բարերարի և թե՜ ճարտարապետի կողմից շատ բարձր գնահատվեց: Եվ ասում են, որ առանց Ձեզ այսպիսի որակ չէր լինի: Ի՞նչ կասեք:

- Չեմ կարող ասել, եթե մեկ ուրիշը լիներ, չէր կարող լավ որակ ապահովել: Անփոխարինելի մարդ չկա: Բայց գործն իսկապես դժվար էր իրականացնել: Բազմաթիվ խոչընդոտներ, դժվարություններ` կապված տեղանքի, շինարարության դժվար լուծվող խնդիրների հետ: Սակայն ձգտել ենք լավագույն որակ  ապահովել յուրաքանչուր փուլում:

- Որքան տեղյակ եմ, դեռ նոր եկեղեցին կառուցելիս աշխատում էիք այստեղ: Ձեզ համար ի՞նչ է Քարագլուխը, հերթական շինարարական հարթա՞կ, թե՞…

- Ինձ համար Քարագլուխն այս պահին, այս վիճակում շատ հարազատ մի վայր է: Իմ ելույթի ժամանակ ակնարկեցի, որ կուզենայի այս գյուղում տեսնել այն մարդկանց, որոնք արժանի կլինեն ապրել այսպիսի տներում: Այստեղ ամեն մի քար դնելուց հոգի եմ դրել: Կարճ ու հստակ ասեմ` փողի համար չեմ այստեղ: Արել եմ այն բանի համար, որ լավ լինի, ճիշտ լինի, մի խոսքով՝ արդյո՜ւնքը լավ լինի:

- Ասում են՝ գործը հաջող անելու համար պետք է գտնես ճիշտ մարդկանց: Ինչպե՞ս իրար գտաք` պատվիրատուն ու կատարողը:

- 2010 թվականից աշխատել եմ քեռուս հետ, ով մասնագիտությամբ հուշարձանների ռեստավրատոր է: Ճակատագրի բերումով հայտնվեցի իր թիմում և սկսեցի ես էլ ռեստավրացիայով զբաղվել: Բայց ասեմ, որ դեռ ինստիտուտում ինձ միշտ ձգել է ավելի շատ վերականգնողական աշխատանքը: Հետո մեզ առաջարկեցին եկեղեցու շինարարությունն իրականացնել, որն էլ և կառուցեցինք: Ընթացքում խոսակցություն էր գնում բնակելի տների կառուցման շուրջ, բայց կոնկրետ ծրագիր, նախագիծ չկային: Երբ 2013-ին հանձնեցինք Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, մեկնեցի Սանկտ Պետերբուրգ, մոտ երկու տարի մնացի այնտեղ, հետո ստացա առաջարկ այդ տների կառուցման մասին: Քննարկեցինք, ու ես համաձայնվեցի՝ թեկուզ ծանր պայմաններում պետք է աշխատեինք: Ջուր չկար, հոսանք չկար, բոլոր կողմերից գյուղ տանող ճանապարհները վատն են: Սկսեցինք զրոյից: Կառուցեցինք, ջուրն էլ անցկացրինք, ամեն ինչ արեցինք, որ ավարտին հասցնենք ամենաբարձր մակարդակով: Թե ինչպես ստացվեց, թող մյուսները դատեն: Ես արել եմ այնպես, ինչպես ինձ համար կանեի:

- Պլանավորված է էլի շինություններ կառուցել: Կմնա՞ք այս ծրագրում, այս թիմում, չնայած բոլոր դժվարություններին:

- Անշո՜ւշտ, կմնամ: Հատկապես որ մյուս շինությունների սկիզբն էլ ես դրեցի: Բոլոր կառույցների հիմքերը պատրաստ են: Ունենք վերամշակող ձեռնարկության և ևս երեք տների հիմքեր: Ունենք երկու պատրաստ տներ, վերակառուցված եկեղեցի, վերակառուցված ջրամբար, աղբյուրից բերած ջրագիծ։ Ինչպե՛ս կարող եմ չշարունակել այս ամենը: Ի դեպ, ասեմ, բրիգադում աշխատող մարդիկ կամավոր են եկել այստեղ: Ոչ մեկին չես կարող ստիպել նման դժվար պայմաններում աշխատել: Բայց բոլորն էլ հասկանում են, որ իրողությունը սա է` պետք է ապրելու, աշխատելու գոնե նվազագույն, բայց որակով, պայմաններ ստեղծել, թեկուզ և զրոյից:

Հերթական մեր զրուցակիցը ճարտարապետ, կառուցված տների նախագծի հեղինակ Մանուշակ ՏԻՏԱՆՅԱՆՆ է։ 

- Տիկին Տիտանյան, բոլորը հիացած են տների թե՜ արտաքին տեսքով և թե՜ ներքին աշխատանքների որակով, հիանալի պայմաններով: Բայց նաև կարծիք հնչեց, որ կարելի էր ավելի փոքր, քիչ ծախս պահանջող, այսինքն՝ ծախսված գումարով ավելի շատ տներ կառուցել: Որպես կառուցված տների նախագծի հեղինակ՝ ի՞նչ կասեք:

- Երբ գյուղի վերականգնման խնդիրն էինք քննարկում, հարցը դրվում էր ոչ թե տների քանակի, այլ ընդհանրապես արցախյան գյուղի մասին` իր ավանդական տներով, նյութով, շինարարական տեխնիկայով: Իրականում այդ տները մեծ չեն. վերևում խոհանոցն է, երկու ննջասենյակ, հյուրասենյակ, բաղնիք-զուգարանը, իսկ ներքևում ցախատունն է, մառանը, ջեռատունը: Արել ենք ամեն ինչ, որպեսզի հետագայում ինչ-որ կառույց կցելու հարկ չլինի: Ապահովել ենք նվազագույն պայմաններ: Հիմա էլ Հադրութի հին թաղամասերում կան նմանատիպ տներ: Այսինքն՝ մեր  կառուցածները հարազատ են Հադրութի շրջանի գյուղերի ավանդական տներին: Օգտագործել ենք քանդված տների քարերը, բերվել են միայն ավազն ու ցեմենտը: Մեծ Թաղերից էլ բերել ենք փայտը: Տողում գտել ենք 1892թ. դրոշմով կղմինդր: Այդ նմուշից սարքեցինք կաղապար ու այդ կաղապարով սարքած կղմինդրով ծածկեցինք տանիքները: Այսինքն, տեղի նյութն օգտագործվեց: Ով տեսնում է, ասում է` ինչ լավ տուն է, կապրեմ այստեղ: Կարևոր հանգամանքն այն է, որ այստեղ եկողն օտար բան չի տեսնում: Մաքսիմը պնդեց, որ ոչինչ չխայնենք այս հարմարություններն ստեղծելու համար:

-Փաստորեն ոռոգման, խմելու ջուր, էլէկտրականություն արդեն կան գյուղում: Չլուծված դեռ ի՞նչ  խնդիրներ կան, և ո՞րն է ամենակարևորը:

- Խնդիրներ, իհարկե, կան: Լավ, գլուխ չպահող արհեստավորների կարիքը մեծ է: Բրիգադում աշխատող բոլոր արհեստավորները Հայաստանից են: Բայց ամենացավոտ խնդիրը ճանապարհն է: Շատ վատն են ճանապարհները, մեքենաները շուտ են շարքից դուրս գալիս։ Բազմիցս բարձրացրել ենք հարցը: Խոստացան լուծել:

- Պլաններն ինչպիսի՞ն են:

- Այս տներում դեռ փոքր աշխատանքներ կան: Եղանակը խոնավ էր, սպասում էինք պատերը լավ չորանան: Բայց նաև ուզում ենք գործարանի շինարարությունն էլ սկսել: Մինչև ցրտերն ընկնելն  աշխատանքները կընթանան և կշարունակվեն ձմեռվա շրջանից հետո։ 

 

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ