Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՄՐՈՑ - ԱՊԱՐԱՆՔ ՙՄՈԽՐԱԹԱՂ՚

Գտնվում է Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղից 2,2 կմ հարավ - արեւմուտք, համանուն գյուղատեղիի անտառապատ ձորալանջին, ծովի մակերեւույթից 919 մ բարձրության վրա: 

 Ամրոց - ապարանքին անդրադարձել են տեղագրողներ Ս. Ջալալեանցը, Մ. Բարխուտարեանցը, Եղիշե ավագ քահանա Գեղամյանցը (Հայկունի), ավելի ուշ` Րաֆֆին, Լեոն, իսկ մեր օրերում` Ս. Բարխուդարյանը, Ա. Ղուլյանը` տեղում իրականացնելով մանրակրկիտ հետազոտական ուսումնասիրություն: Տեղեկություններ են պահպանվել նաեւ ռուսական աղբյուրներում: 

Մոխրաթաղի ամրոց - ապարանքը եղել է Ջրաբերդի մելիքության կենտրոնավայրերից մեկը, պատկանում էր Մելիք – Իսրայելյաններին: Ըստ գլխատան մուտքի բարավորի վրայի արձանագրության, որ ներկայումս տեղում չի պահպանվում, այն կառուցվել է 1771թ., Մելիք Ադամի (Մելիք Հաթամ) կողմից: Արձանագրության մեջ հիշատակվող Մելիք Իսրայելի որդի Մելիք Ադամը Շուշիում հաստատված Փանահ խանի կողմից դավադրաբար սպանված Ջրաբերդի նշանավոր Մելիք-Ալլահղուլի Սուլթանի եղբայրն էր` պատմությանը հայտնի պարսից եւ թուրք բռնակալների դեմ մղված հերոսական մարտերով (XVIII դ. երկրորդ կես): Ամրոց-ապարանքը՝ կամ Մելիք Ադամի դղյակ-ամրոցը, ըստ վերը նշված արձանագրության, կառուցվել է խիստ տագնապալի ժամանակներում, երբ Արցախում ընթանում էր պայքարը Փանահի հաջորդ Իբրահիմ խանի դեմ: Պայքարելով վերջինիս բռնատիրության դեմ, Մելիք Ադամը Գյուլիստանի Մելիք Հովսեփի հետ մեծ ներդրում է ունեցել օտար տարրերից Արցախի ազատագրման գործում: 1805թ. ամռանը՝ ռուս¬պարսկական պատերազմի ժամանակ, ամրոց - ապարանքում հաստատվել է գնդապետ Կարյագինի զորաջոկատը, որը, դիմակայելով պարսից թագաժառանգ Աբաս Միրզայի 30-հազարանոց բանակին, Մելիք Վանու առաջնորդությամբ նախ ամրացել է ՙՇահբուլաղի բերդում՚, ապա պաշտպանվել ՙՄոխրաթաղի քարաշեն դղյակում՚: 

Մելիք Ադամի ամրոց-ապարանքը դեռեւս XIX դ. կեսերի տվյալներով ամբողջությամբ կանգուն էր, որտեղ, ըստ ստույգ տեղեկությունների, բնակվում էին այդ մելիքական տոհմի ժառանգները: Դարավերջին, մասնավորապես, 1890-ական թվականների տվյալներով եւ հետագայում` XX դ. սկզբներին, այն անբնակ էր, գտնվում էր մասամբ կիսաքանդ վիճակում: 

Համակառույցի համառոտ նկարագրությունը. Մոխրաթաղի ամրոց - ապարանքը ձգվում է հյուսիս – հարավ ուղղությամբ (արտաքուստ միջին չափերը` 51 x 36մ): Շրջափակված է պարսպապատերով` չորս անկյուններում կիսաշրջան բրգաձեւ ելուստներով: Պատերը կառուցված են սպիտակ որձաքարի կոպտատաշ շարվածքով: Սրբատաշ են մուտքերի կամարների, խորշերի եւ բուխարիների եզրամասերը, պատերի անկյունները: Ըստ պահպանվող բեկորների, սրբատաշ են եղել նաեւ նախասրահների սյունակամարները: Գլխավոր մուտքը բացվում է պարսպի հյուսիս-արեւելյան եզրից եւ դեպի բակ է բացվում թաղածածկ սենյակով: Մուտքին մերձ, արեւելակողմ պարսպապատին կից է մի երկարավուն, երեք մասից բաղկացած շինություն: Ըստ Մ. Բարխուտարեանցի, ամրոց- ապարանքը բաղկացած է տարբեր չափերի 12 սենյակներից, որոնք ծառայել են որպես ընտանեկան սենյակ, ննջարան, ընդունարան, դատարան, թոնրատուն, խոհանոց, սպասավորանոց, գոմ: Դրանք դասավորված են ներքին բակի արեւմտյան` երկայնական եւ հարավային` լայնական հատվածները ներառող երկու շարքով` անջատված միմյանց նկատմամբ ուղիղ անկյուն կազմող նեղլիկ միջանցքով: Ներսը հիմնականում եղել է սվաղված:  Արեւմտակողմ սենյակները հետնամասով խորանում են լանջի մեջ եւ խմբավորված են երեք նախասրահների շուրջ: Սենյակների այս շարքում ուշագրավ է գլխատունը` ծածկված երդիկավոր ութանիստ - բրգաձեւ թաղով, ինչպես նաեւ` նրա երկու կողմերի դահլիճները: 

Ուշագրավ շինություններից է արեւմտյան սենյակաշարի դիմացի վերը նշված եռամաս կառույցը` բաղկացած բակի նկատմամբ երկայնական կողմով տեղադրված կենտրոնական երեսբաց սրահից եւ երկու միանման եզրային դահլիճներից (չափերը` 5,2x6,5մ): Հատկանշական է նաեւ այն, որ բնակելի մասում բուխարիներ կան ոչ բոլոր սենյակներում: Ինչպես վկայում է տեղագրող Մ. Բարխուտարեանցը, Մելիք Ադամի ապարանքը ծառայել է որպես ամառանոց: 

Մոխրաթաղի համակառույցը, նախնական հորինվածքի համեմատաբար ամբողջական պահպանվածությամբ, բազմաբնույթ սենյակների ընդարձակ կազմով ու հատակագծային համադրվածքով, գլխատան անխաթար  գմբեթով, 1771թ. բովանդակալից շինարարական արձանագրությամբ ներհատուկ այլ կողմերով ուշ միջնադարյան պալատական ճարտարապետության բարձրարժեք հուշարձան է եւ լույս է սփռում բնագավառի ուսումնասիրության շատ խնդիրների վրա: 

Սլավա  ՍԱՐԳՍՅԱՆ

Պատմաբան, ԼՂՀ մշակույթի 

վաստակավոր գործիչ