Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՙՄԻԱՍԻՆ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԴԱՐՁՆԵՆՔ ՄԵՐ ՔԱՂԱՔԸ՚

 

 

 

Մեկ տարի և ինն ամիս է՝ Ճարտարը քաղաքի կարգավիճակ ունի։ 

 

Համայնքում գործում է 5 միջնակարգ դպրոց (1-ը տարրական դասարաններով մասնաճյուղ ունի), որտեղ սովորում է 721 աշակերտ, աշխատում՝ 200 ուսուցիչ, մարզամշակութային պալատ, ուր աշխատում է 18 մարդ, 2 մանկապարտեզ, ուր հաճախում է 152 երեխա, աշխատում՝ 47 դաստիարակ, հիվանդանոց՝ 34 աշխատողով, արվեստի դպրոց՝ 42 աշխատողով և 126 աշակերտով, ՙՂարաբաղ կարպետ՚ ՓԲԸ՝ 26, փոստի բաժանմունք՝ 6, ՙՋրամատակարարում և ջրահեռացում՚ ՓԲԸ  ենթատեղամաս՝ 17 աշխատողով, հանդիսությունների տուն և 55 խանութ, կրպակ։ 

Ի ՞նչ է արվել վերոնշյալ ժամանակահատվածում, դեռևս ի՞նչ խնդիրներ ունի գյուղից քաղաքի վերածվող համայնքը։ Այս և այլ հարցերի շուրջ է մեր հարցազրույցը Ճարտարի քաղաքապետ Արթուր ԱՂԱԲԵԿՅԱՆԻ հետ։ 

-Պարոն Աղաբեկյան, նախ ներկայացրեք, թե ապրիլյան պատերազմից հետո ինչպե՞ս է ապրում ճարտարեցին։

-Ճարտարեցին շարունակում է ապրել վաստակ կյանքով՝ արարելով իր հանապազօրյա հացը։ Ապրիլյան պատերազմից հետո կարճ ժամանակաընթացքում նա իրեն բնականոն կյանք վերադարձրեց, շարունակեց ապրել օրվա հաջողություններով ու խնդիրներով, վաղվա օրվա հանդեպ մեծ հույսով ու հավատով առլեցուն, այն լավատեսությամբ, որ լուսապայծառ մի օր այս հարաբերական խաղաղությունն արցախցու համար կդառնա հարատև…։

- Այժմ փորձեք ներկայացնել 2015թ. Ճարտար քաղաքում կատարված աշխատանքների վերլուծականը։ Ինչպիսի ՞ն էր անցած տարին համայնքի համար։

-2015 թվականին Ճարտարի համայնքապետարանն արձանագրել է որոշակի հաջողություններ։ Կատարվել են բարեկարգման աշխատանքներ, հատկապես  ճանապարհաշինության և լուսավորման բնագավառներում։ Լուսավորման աշխատանքներ են կատարվել Մոնթե Մելքոնյանի անվան փողոցի 1-ին և Ազատամարտիկների  փողոցի 3-րդ նրբանցքներում։

 ՙՂարաբաղի գյուղերի զարգացման հիմնադրամ՚-ի միջոցներով՝ ի դեմս Վոլոդյա Ավագյանի, սալապատվել է 9482 քառ.մետր ճանապարհահատված, վերանորոգվել է հիվանդանոցի շենքը և ձեռք  բերվել համապատասխան գույք, ընդհանուր գումարը կազմել է 160մլն դրամ։ 

Ավարտվել և շահագործման է հանձնվել մանկապարտեզի շենքը, սկսվել են բնակելի շենքի կառուցումը, հանդիսությունների տան շենքի կառուցման աշխատանքները։ Շարունակվել են եկեղեցու կառուցման աշխատանքները։ Վլադիմիր Ավագյանի կողմից կատարվող աշխատանքները շարունակական են, քաղաքի զարգացման ու բարգավաճման համար նա մեծ ծրագրեր ունի նախատեսած։ Ոչ անձրևային եղանակի դեպքում  կշարունակվեն բնակելի շենքի կառուցման ու ճանապարհների սալապատման աշխատանքները։ Ավարտին է հասցվել բարերար Աշոտ Ջիվանյանի հովանավորությամբ Ճարտարի  հ.1 հոսքային միջնակարգ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները։ Նրա հովանավորությամբ Ճարտարում գործող բոլոր դպրոցներն ապահովվել են համապատասխան գույքով։ Հովանավորությունը Աշոտ Ջիվանյանի կողմից Ճարտարի բոլոր դպրոցներին  շարունակական է։ 

Մհեր Գաբրիելյանի ֆինանսական միջոցներով ընթանում են և շուտով ավարտին կհասցվեն Ճարտարի մեծ ֆուտբոլային դաշտի կառուցման աշխատանքները։ 

Մ. Գաբրիելյանի միջոցներով կատարվում են նաև Գյունե թաղամասի գերեզմանոցի ճամփուղիների  սալապատման աշխատանքները, իսկ վերահսկման ֆինանսավորումը իրականացվում է Էդիկ Գրիգորյանի կողմից, ով միաժամանակ  ակտիվ մասնակցություն ունի ՙՂարաբաղի գյուղերի զարգացման հիմնադրամ՚-ի գործունեության մեջ։ 

Մեծերի և փոքրերի համար նախատեսված զբոսայգին կառուցվել է Սերգեյ Ավետիսյանի բարերարությամբ։ Նրա ֆինանսավորմամբ հոսքային միջնակարգ դպրոցի կողքին կառուցվել է նաև փոքր ֆուտբոլային դաշտ՝ մարզագույքով։ Նա աջակցություն է ցուցաբերում ՙՂարաբաղի գյուղերի զարգացման հիմնադրամ՚-ի գործունեությանը։ 

Կատարված և կատարվող բոլոր աշխատանքների համար իմ և Ճարտար քաղաքի ողջ բնակչության անունից խորին շնորհակալություն ենք հայտնում ծննդով ճարտարեցիներ, ռուսաստանաբնակ բարերարներին, ովքեր ամեն ինչ անում են քաղաքի զարգացման ու բարգավաճման համար։

Ճանապարհների սալապատման համար երախտապարտ ենք ԼՂՀ կառավարությանը՝ քարի մատակարարումը ժամանակին իրականացնելու համար։

Անցած տարում որոշակի հաջողություններ ենք ունեցել նաև գյուղատնտեսության ոլորտում։ 

Ճարտար համայնքի հողային ֆոնդը կազմում է 7834հա, որից վարելահողեր՝ 2306.0հա, այդ թվում սեփական՝ 1979.0հա, վարձակալած՝ 326.0հա, բազմամյա տնկարկ՝ 830.0հա, արոտավայր՝ 2030.0հա։

2016թ. բերքի տակ կատարվել է 1250.0հա հերկ։ Կատարվել է ցանքս՝ 1203.0հա, այդ թվում ցորեն՝ 962.0հա, գարի՝ 241.0հա, կատարվել  է 186.0հա գարնանացան մշակաբույսերի ցանքս։

2015թ. երաշտի պատճառով չի հնձվել սորգո՝ 11.0հա, սոյա՝ 85.23հա։ Բարձր էր խաղողի բերքատվությունը՝ մնացած տարիների համեմատությամբ։ 258.05հա խաղողայգուց միջին բերքատվությունը կազմել է 122.7ցենտներ։ Հրդեհից տուժել են 72.0հա խաղողայգի (30.0հա բերքատու էր)  և 30.0հա նռան այգի։ 

-Անդրադառնանք ընթացիկ տարվա գյուղատնտեսությանը։ Ի ՞նչ վիճակում է գտնվում այն։

-Ընթացիկ տարին բարենպաստ էր գյուղատնտեսության բնագավառում։ Հնձվել է 1190.0հա հացահատիկ, որից ցորեն՝ 951.0հա, գարի՝ 239.0հա, կտավատ՝ 60.0հա, եգիպտացորեն՝ 2.0հա, խաղող՝ 280.0հա։ Ցորենի միջին բերքատվությունը կազմել է 34ց, գարունը՝ 24ց, կտավատինը՝ 13ց, եգիպտացորենինը՝ 30ց, խաղողինը՝ 50ց։

2016թ. հոկտեմբերի 19-ի դրությամբ՝ կատարվել է 300.0հա աշնանացան մշակաբույսերի ցանքս, որից 150.0հա ցորեն, 150.0հա գարի։

Համայնքն ապահովված է գյուղտեխնիկայով, կա գործող 13 կոմբայն, 32 տրակտոր, 10 շարքացան, 53 բեռնատար ավտոմեքենա։

Համայնքի գյուղատնտեսության կարևոր ճյուղերից է անասնապահությունը, որի զարգացումը համարվում է կարևոր խնդիր։ 

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս որոշակի աշխատանքներ են կատարվել գյուղատնտեսական կենդանիների և թռչունների պահվածքի, կերակրման, խնամքի, հիվանդությունների ախտորոշման և կանխարգելիչ միջոցառումների ժամանակին ու որակով անցկացման ուղղությամբ։ Հատուկ ուշադրություն է դարձվել սիբիրախտ, բրյուցելոզ հիվանդությունների կանխարգելմանը։ Աշխատանքները կատարվել են Մարտունու անասնաբուժական սպասարկման կայանի մասնագետների կողմից։ 

-Ի ՞նչ կասեք բնակչության զբաղվածության մասին։

-2016թ. հունվարի 1-ի դրությամբ՝ համայնքում հաշվառված բնակչությունը Ներքին Ճարտարի հետ միասին կազմում է 4620 մարդ։ Կենսաթոշակառուները կազմում են 705, մինչև 14 տարեկանները՝ 872։ 

Հիմնարկ-ձեռնարկություններում աշխատում է 474, ԼՂՀ ՊԲ-ի շարքերում ծառայում է 161 բնակիչ։ Գյուղատնտեսության ոլորտում աշխատում է 160, շինարարության ոլորտում՝ 100 մարդ։ Այլ բնույթի  աշխատանքներով զբաղվում է 54 մարդ։ Զբաղվածության ընդհանուր թիվը հասնում է  949-ի։

2016թ. առայսօր համայնքում նշանակվել է պետական նպաստի 60 գործ, որից օգտվում է  279 ընտանիք։ Նրանցում ընդգրկված երեխաների քանակը 581 է։

Նոր ծնված 52 երեխայի անվամբ նշանակվել է միանվագ ծննդյան նպաստ՝ 17500 դրամ։

33 անձի նշանակվել է ամուսնության միանվագ նպաստ, յուրաքանչյուրին 150.000 դրամ, ընդհանուր՝ 49500.000 դրամ։

26 ընտանինքների համար 3-րդ և հաջորդ ծնված երեխաների կապակցությամբ ՙԱրցախբանկ՚ ՓԲԸ-ում բացվել են ժամկետային նպատակային ավանդային հաշիվներ։

Համայնքի 13 բնակիչների շրջվարչակազմի համապատասխան ֆոնդից հատկացվել է դրամական օգնություն  250.000 դրամ։

-Ի ՞նչ խնդիրներ ունի Ճարտար քաղաքը։

-Նախքան խնդիրներին անդրադառնալը՝ նշեմ, որ բնակչությունն ապահովված է խմելու ջրով, բացառությամբ վերին թաղամասերի։ Գործում է 7 արտեզյան ջրհոր, կա 8 աղբյուր։ Համարյա լրիվությամբ գազաֆիկացված է, գործող օբյեկտներն ապահովված են անլար հեռախոսակապով, հեռուստատեսային կապով, ավելի քան 450 ընտանիք օգտվում է համացանցից, ավտոերթուղով կապված է շրջկենտրոնի և Ստեփանակերտ քաղաքի հետ։ 

Համայնքի ջրամատակարարման ցանցը գտնվում է անմխիթար վիճակում։ Խողովակները հաճախակի շարքից դուրս են գալիս։ Սա համայնքի ցավոտ ու հրատապ լուծում պահանջող խնդիրն է։ Հարցում աջակցում է ՙՋրամատակարարում և ջրահեռացում՚ ՓԲԸ  ենթատեղամասը, որի աշխատողներն ամեն ինչ անում են ժամանակին անսարքությունները վերացնելու համար։

-Ի ՞նչ հաջողություններ է ունեցել համայնքը 2016թ. հունվարից մինչ այսօր։

-2016թ. սալապատման աշխատանքներ են կատարվել Գյունե թաղամասի գերեզմանոցի տարածքում։ Ավարտվել են երեխաների և մեծերի համար նախատեսված զբոսայգու, հանդիսությունների տան կառուցման և կահավորման, Մոնթե Մելքոնյանի անվան մարզահամալիրի վերակառուցման  և կահավորման աշխատանքները։ Հոկտեմբերի 1-ից մարզահամալիրում դպրոցականների հետ անցկացվում են սամբոյի, բռնցքամարտի, ազատ ըմբշամարտի և մարզասարքերի վրա մարզումների պարապմունքներ։ Մասնագետները Ճարտարից ու Ստեփանակերտից են։ 

Զգալի աշխատանքներ են կատարվել եկեղեցու, որոշակի աշխատանքներ՝ բնակելի շենքի կառուցման ուղղությամբ։

-Ձեր առաջիկա ծրագրերի մասին։

-Ավարտին հասցնել քաղաքի փողոցների սալապատման, լուսավորման աշխատանքները։ Շուտով համայնքում կստեղծվի կոմունալ տնտեսություն և պատշաճ ուշադրություն կդարձվի աղբահանման գործընթացին, այլապես շատ տհաճ վիճակ է տիրում քաղաքում։ Համայնքի վերին թաղամասերի ջրի, մաքրության և աղբահանման հարցերն անհրաժեշտ է հնարավորինս շուտ լուծել։  

Քաղաքում կգործի հրշեջ ծառայություն։ Նախատեսված է բանկի մասնաճյուղի բացում։ 

Մեկ ամսից գործելու է ներքաղաքային ավտոբուս մանկապարտեզի երեխաների համար։ Ավտոբուսը համայնքին տրամադրվել է բարերար Վոլոդյա Ավագյանի կողմից։

Ճարտարեցիներին կոչ եմ անում՝ լինել միաբան, գործել ձեռք ձեռքի տված, վերականգնել Ճարտարի, ճարտարեցու փառքն ու համբավը։

Հավատացնում եմ՝ միշտ չէ, որ ֆինանսական միջոցներն են հանդիսանում բարեկարգման աշխատանքների երաշխիքը։ Երբեմն միաբանությունը, հետևողականությունը, կամքը, հավատն ավելի կարևոր են հաջողության հասնելու համար։ Եկեք միասին մեր համայնքը դարձնենք առավել բարեկեցիկ։

Միայն  համատեղ ուժերով կարող ենք հասնել  մեր իղձերի իրականացմանը։

 

Արմինե ԴԱՆԻԵԼՅԱՆ

ք. Մարտունի