[ARM]     [RUS]     [ENG]

ՙՄԱՄՈՒԼՆ ԻՐ ԲԱՐԻ, ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԿԱՏԱՐԱԾ ԿԸԼԼԱ…՚

Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովում հնչած բազմաթեմա զեկուցումներից բացի, ամփոփիչ քննարկումների ժամանակ, հնչել են նաև հետաքրքիր տեսակետներ ու առաջարկներ, որոնք, կարելի է ասել, խտացնում են սփյուռքահայ մեր հայրենակիցների մտահոգությունները հանդեպ Արցախի, Հայաստանի ու Սփյուռքի:

Դրանցից մի քանիսը նպատակահարմար ենք գտնում ներկայացնել ՙԱզատ Արցախ՚-ի ընթերցողներին:

Գաբրիել ՓԱՆՈՍՅԱՆ (ՙԱզդակ՚ օրաթերթի լուսանկարիչ).- Երևանեն Արցախ ուղևորության ճանապարհին մթնոլորտ ստեղծեցինք, որ ամեն մարդ իր կարոտի պատկերը ներկայացնե: Եվ շատ անկեղծ ձևով մարդիկ իրենց ներկայացրին: Չեմ ըսեր ողբերգական, բայց շատ տխուր էր պատկերը: Թե՜ հին գաղութներու, թե՜ նոր սկսած գաղութներու պատկերը տխուր էր, շատ տխուր: Ես կը տեսնեմ, որ Սփյուռքի մեջ ժամը հնչած է Սարդարապատի զանգերուն: Սարդարապատի զանգերը պետք է նորեն հնչեն, որ Սփյուռքը սկսի նորեն արթնանալ: Առջի օրը մեր արտաքին գործոց նախարարը շատ դիպուկ բան մը ըսավ` որ երբ Հայաստան անկախացավ, Սփյուռքը սկսավ տկարանալ: Պատճառն այն է, որ Սփյուռքը սկսավ իր հույսերը դնել Հայաստանի վրա, բայց Հայաստանը այդ կարողությունը կամ այդ իրավունքը չունի, որ կրնա Սփյուռքի ամեն հարցերու պատասխան տալ: Շատ Ճիշտ բան մը ըսավ: Հիմա ես իմ աջակցությունը կհայտնեմ բոլոր թերթերուն, բոլոր կայքերուն և որևէ նյութական ակնկալություն չեմ սպասեր. ես իմ լուսանկարները բոլորին կտրամադրեմ: Եվ պիտի խնդրեմ, որ այս հայտարարությունը ըլլա: Եվ բոլորը բացահայտորեն հայտարարեն իրենց աջակցությունը թերթերուն, որովհետև զանգը հնչված է:

Ահարոն ՇԽՐՏՄՅԱՆ (Լիբանան, ՙԷրեբունի՚ լրատվական կայքի գլխավոր խմբագիր),- Կազմակերպչական, բովանդակության, հյուրասիրության և հովանավորության տեսակետով ամեն մարզերու մեջ շատ հաջող համաժողով մըն է: Համաժողովին ընթացքին առիթ ունեցանք ծանոթանալու և լսելու Հայաստանի արտաքին գործոց նախարարին, վարչապետին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, ստանալու ինչպիսի տագնապներ կանցնին մեր հայրենիքը` Հայաստանը և Արցախը: Մենք այստեղ չենք հավաքված հայրենասիրական ճառեր արտասանելու և ցույց տալու համար, թե ով ավելի հայրենասեր է: Ամենևի՜ն: Մենք եկած ենք այստեղ պարտականություն ստանձնելու։ Երբ մարդիկ Հայաստանի ու Ղարաբաղի մեջ կպայքարեն գոյության համար, պետականություն կառուցելու համար, մեզի չարտոնվիլ հայրենասիրական ճառեր արտասանել, հայրենասիրությունը, հակառակը մենք իրմենց պիտի սորվինք: Հետևաբար, որպես լրագրողներ մեր սահմաններու մեջ մնալով` կառաջարկեմ.  մեր լրագրության առաջնային պարտականությունը այսուհետ պետք է ըլլա մեր պետականության հզորացումը: Շատ կարևոր հանգամանք է ասիկա: Հսկայական քարոզչական պայքար կա Ադրբեջանի և թուրքական ղեկավարության հովանավորությամբ: Մեր Սփյուռքի լրագրողներու պարտականությունը պիտի ըլլա իրարու հետ համախորհուրդ կապ պահպանելը, այդ արշավին դեմ ամեն մեկս իր զենքով կապ պահելը: Այսօրվանեն սկսած, յուրաքանչյուրս մեր մամուլին մեջ և կայքերուն մեջ քարոզչական արշավ պիտի մղենք, որպեսզի մարդիկ գիտնան, որ պարտականություն ունեն: Հայրենասիրությունը ճառախոսություն չէ: Մենք եկած ենք այստեղ պարտականություն շալկելու, հայ ժողովրդի տառապանքը շալկելու, որպեսզի տարիներ ի վեր ինչպես Արևմտյան Հայաստանում մարդիկ կասեն` հայ են, բայց հայախոս չեն, այսպիսի վիճակի չմատնվինք: Այս դժվարությունները մենք իրապես գիտնանք և բոլորս միասին աշխատանքի լծվինք: 

Զավեն ԳՐԻԳՈՐՅԱՆ (Աթենք, ՙՆոր աշխարհ՚ թերթի խմբագիր),- Հարկ է շնորհակալություն հայտնել Սփյուռքի նախարարությանը` ի դեմս նախարարի, որ այսպիսի ձեռնարկներ կընե: Մենք հավաքվեցանք այստեղ, բոլորս օգտվեցանք զեկուցներեն, բոլոր կարծիքներեն, քննարկումներեն, և այս բոլոր կարծիքները պետք է ազգային դաստիարակության անունին տակ բարոյական հիմք ունենան: ճշմարտության մասին եթե կխոսինք` ինչ է ճշմարտությունը, արդյո՞ք բարոյական առաքինություններե մեկը չէ, մամուլը եթե հիմնված ըլլա ճշմարտության կամ բարոյականության սկզբունքներուն վրա, արդեն իր բարի, կառուցողական գործը կատարած կըլլա: Մենք` մամուլի գործիչներս, կկարծիմ բոլոր այդ պարտականությունների հետ միասին կարևոր գործ մը ունինք կատարելու. մենք` Հունաստանի մեջ, մյուսը` Ֆրանսիայի կամ Անգլիայի մեջ, հարաբերություններ հաստատել տեղական մարմիններուն, թերթերուն, խմբագիրներուն հետ, անոնց սիրաշահել, բացատրել` ինչ կնշանակե հայոց պատմություն, Հայոց ցեղասպանություն, Հայաստան, Արցախ: Ատիկա շատ կարևոր պարտականություն մըն է: Որպես օրինակ կբերեմ. ասկե մի քանի ամիս առաջ 60 արաբ լրագրողներ եգիպտահայ գաղութը Հայաստան բերավ: Մեր գործը ատիկա պետք է ըլլա, չեմ ըսեր, թե 60 արաբ լրագրող բերենք, երկու ֆրանսիացի բերենք,  անգլիացի, ամերիկացի: Ատիկա պիտի տպավորվի. եթե ճանչնան մեր ցավերը, ողբերգությունները, ուրախությունները, մեր ստեղծագործությունները, ճանչնան Արցախը, առիթով մի պիտի անդրադառնան այս հարցերուն: 

Գրի առավ 

Սվետլանա  ԽԱՉԱՏՐՅԱՆԸ