[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ, ԲՈՒԺԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԸՆԹԱՑՔԱՎՈՐՎԱԾ Է

Ինսուլտի դեմ պայքարի միջազգային կազմակերպության (World Stroke Day)  2006թ. որոշման համաձայն՝ հոկտեմբերի 29-ը  համարվում է Գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի միջազգային օր։

Այն նշում են աշխարհի ավելի քան 40 երկրներում: Ինսուլտը ոչ միայն բժշկական, այլև սոցիալական խնդիր է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ 2005թ. ինսուլտը խլելէ գրեթե 6 մլն մարդու կյանք,  ինչը կազմում է ամբողջ աշխարհում գրանցված մահերի ընդհանուր թվի 9,9 %-ը: Ինսուլտ տարած մարդկանց 41 %-ը մահանում է, 52%-ը դառնում է հաշմանդամ և միայն 7 %-ն է լիովին ապաքինվում: 

ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ Հայաստանում ամեն տարի գրանցվում է ուղեղի անոթային հիվանդությունների ավելի քան 5 հազար դեպք, որից կեսն ավարտվում է մահվան ելքով, մյուս դեպքերում հիվանդները դառնում են հաշմանդամ։ Հիվանդացության աճը պայմանավորված է բնակչության շրջանում զարկերակային գերճնշման բարձր տարածվածությամբ, որը հաճախ թաքնված է լինում կամ ուշ է ախտորոշվում: ԼՂՀ առողջապահության նախարարության  վիճակագրական վերլուծական բաժնի տվլալներով՝ 2016թ. 9 ամսվա կտրվածքով մեր հանրապետությունում արձանագրվել են ինսուլտի 160, իսկ ինֆարկտի՝ 101 նոր դեպքեր։ Եթե ինֆարկտի ժամանակ մահանում է սրտամկանի մի մասը, ինսուլտի ժամանակ մահանում է ուղեղի մի մասը: 

Ինսուլտն ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումն է՝ գլխուղեղի անոթներից մեկի պատռվածքը, սեղմումը կամ խցանումը: Կաթվածի հնարավոր հետևանք է գիտակցության, շարժվելու, խոսելու, կուլ տալու, շնչառության, սրտի գործունեության և կենսական այլ կարևոր գործառույթների կորուստը:

Մասնագետների պարզաբանմամբ՝ ինսուլտի առաջացմանն ու զարգացմանը նպաստում են  20-ից ավելի գործոններ: Դրանք լինում են փոփոխական՝ զարկերակային գերճնշումը (հիմնական գործոն), աթերոսկլերոզը, սրտամկանի ինֆարկտը, առիթմիան, շաքարային դիաբետը, ճարպակալումը, արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացումը, ծխելը, քրոնիկ բորբոքային հիվանդությունները, թմրամոլությունը և անփոփոխ՝ տարիքը, սեռը, ռասայական պատկանելությունը,  ժառանգականությունը: Բնականաբար, այն մարդիկ, ովքեր ունեն բազմաթիվ ռիսկի գործոններ, առավել վտանգված են ինսուլտով ախտահարվելու, քան մեկ, բայց վաղ արտահայտված ռիսկի գործոն ունեցողները: Հիմնական ախտանշանները տարբերվում են՝ կախված ուղեղի ախտահարված հատվածից: Ընդհանուր գանգուղեղային նշաններից ամենաշատը դիտվում են գլխացավը, գլխապտույտը, գիտակցության կարճատև կորուստը, օջախայինից՝ տեսողության ժամանակավոր կորուստը, խոսքի խանգարումը, մարմնի մի կեսի թուլությունը, թմրածությունը և ծակծկոցները մարմնի մյուս  կեսում: Մեր ուղեղը, ինչպես մնացած բոլոր օրգանները, սնվում են թթվածնով հարուստ զարկերակային արյունով: Անոթների խցանման կամ վնասման դեպքում ուղեղը մնում է առանց սնուցման: Հետևող արձագանքը լինում է տվյալ հատվածի մահը: Ուղեղի մահացած հատվածի հետ մարդը կորցնում է որոշակի ֆունկցիաներ։ 

Ինսուլտի դեպքում անհապաղ բուժօգնության և հիվանդին առաջին երեք ժամվա ընթացքում  հիվանդանոց հասցնելու դեպքում, ապաքինման հնարավորությունները կտրուկ աճում են: Ճիշտ կազմակերպված բուժօգնության դեպքում գլխուղեղի կաթվածի բոլոր ձևերն էլ բուժվող են: Եվ որքան բուժումը շուտ սկսվի, այնքան քիչ կլինեն անդառնալի վիճակները: 

Մասնագետները կարևորում են բուժման բոլոր փուլերը՝ ընդհուպ  մինչև հիվանդի բուժհաստատությունում գտնվելու առաջին րոպեները: Ինսուլտի բուժումը պետք է կազմակերպվի բարձրակարգ, մասնագիտացված և բարձր տեխնոլոգիական միջոցներ ունեցող կենտրոններում, որոնք Ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության որոշմամբ բացվում են տարբեր երկրներում:

ԼՂՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկություններով՝ 2014-ից մշակման փուլում են հանրապետությունում ինսուլտով հիվանդների կանխարգելիչ, բուժական և վերականգնողական օգնության կազմակերպման ծրագրի ներդրումն ու կիրառումը Հայաստանի, Կանադայի առաջատար մասնագետների համագործակցությամբ։ Ծրագիրն ընթացքավորման փուլում է։ 

Ամեն դեպքում ինսուլտի գլխավոր կանխարգելումն առողջ ապրելակերպն է: Պետք է հետևել մարմնի զանգվածին, հրաժարվել ծխելուց, սահմանափակել ոգելից խմիչքի օգտագործումը, բացառել ճարպոտ և աղի սնունդը: ԱՄՆ-ի և Ճապոնիայի համալսարաններում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ լավատես, կենսուրախ մարդկանց մոտ ինսուլտի հավանականությունն շատ ավելի փոքր է, քան մյուսների մոտ: Դրական հույզերն ու լավ երաժշտությունն ազդում են սրտի աշխատանքի վրա և նպաստում առողջության արագ վերականգմանը:  

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ