Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԾՆՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԵԽԱՅԻՆ ԵՎ ԶԱՎԱԿԻ ԿՈՂՄԻՑ՝ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿ ԾՆՈՂԻՆ ՊԱՀԵԼՈՒՑ ՉԱՐԱՄՏՈՐԵՆ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Հարցերին պատասխանում է ԼՂՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Նարինե  ՍԱՐԳՍՅԱՆԸ 

 - Ի՞նչ պարտականություններ ունեն ծնողները երեխաների ապրուստը հոգալու համար:

- ԼՂՀ  ընտանեկան օրենսգիրքը կարգավորում է երեխաներին պահելու ծնողների պարտականությունների հետ կապված հարցերը: Նույն օրենսգրքի 68-րդ հոդվածին համապատասխան՝ ծնողները պարտավոր են պահել իրենց երեխաներին. նրանք ինքնուրույն են որոշում երեխաներին ապրուստի միջոց տրամադրելու կարգն ու պայմանները: Ծնողները կարող են համաձայնություն կնքել իրենց երեխաներին պահելու մասին (ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն): Եթե ծնողներն ապրուստի միջոց չեն տրամադրում իրենց երեխաներին, ապա վերջիններիս պահելու համար միջոցները (ալիմենտը) ծնողներից բռնագանձվում են դատական կարգով: Նույն օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն՝ ծնողները պարտավոր են ապրուստի միջոցներ տրամադրել իրենց օգնության կարիքն ունեցող անաշխատունակ չափահաս զավակներին: Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում անաշխատունակ չափահաս զավակների համար ալիմենտի չափը՝ կայուն դրամական գումարով, որոշում է դատարանը: Ընդ որում, ալիմենտ բռնագանձելու պահանջով ստացողը դատարան կարող է դիմել ցանկացած ժամանակ`  ապրուստի միջոց վճարելու պարտականություն ունեցող անձի կողմից նշված պարտականությունը կատարելուց խուսափելու հանգամանքով պայմանավորված:

- Ի՞նչ պարտականություններ ունեն զավակները ծնողների ապրուստը հոգալու համար:

- ԼՂՀ ընտանեկան օրենսգիրքը կարգավորում է նաև չափահաս զավակների կողմից ծնողների ապրուստը հոգալու պարտականությունների հետ կապված հարցերը: Որպես կանոն` չափահաս զավակներն իրենց կարիքավոր անաշխատունակ ծնողներին պահում և նրանց ապրուստը հոգում են կամավոր, անկախ նրանից, թե ծնողների հետ ապրում են համատեղ, նույն հարկի տակ, թե առանձին: Եվ եթե չափահաս աշխատունակ զավակները չեն կատարում այս պարտականությունը, չափահաս աշխատունակ զավակներից ծնողներին պահելու համար ալիմենտը բռնագանձվում է դատական կարգով: Նույն կարգով ալիմենտը բռնագանձվում է նաև օգնության կարիք ունեցող ծնողների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում: Անաշխատունակ և օգնության կարիք ունեցող ծնողներն առանձին դեպքերում իրենց չափահաս զավակներից  ապրուստի միջոց վճարելու պահանջով կարող են չդիմել դատարան` իրենց զավակներին խղճալու, նրանցից ամաչելու, ծնողական ինքնազոհության և այլ պատճառներով, սակայն այն դեպքում, երբ դիմեն դատարան, դատարանը զավակներից յուրաքանչյուրից բռնագանձվող ալիմենտի չափը՝ կայուն դրամական գումարով, որոշում է` ելնելով ծնողների և զավակների գույքային ու ընտանեկան դրությունից և ուշադրության արժանի շահերից: Դա ենթակա է վճարման յուրաքանչյուր ամիս: 

-Ո՞ր դեպքերում են երեխաներն ազատվում ծնողների ապրուստը հոգալու պարտականություններից:

- ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 75-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ զավակները կարող են ազատվել իրենց անաշխատունակ և օգնության կարիք ունեցող ծնողների ապրուստը հոգալու պարտականությունից, եթե դատարանի վճռով հաստատվի, որ ծնողները ժամանակին խուսափել են իրենց ծնողական պարտականությունները կատարելուց: Զավակներն ազատվում են ծնողական իրավունքներից զրկված ծնողներին ալիմենտ վճարելու պարտականությունից: 

- Ո՞ր դեպքերում են ծնողները զրկվում ծնողական իրավունքներից կամ ո՞ր դեպքերում են  սահմանափակվում ծնողական իրավունքները, ի՞նչ կարգով:

- ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 59-րդ հոդվածում սպառիչ թվարկված են այն հիմքերը, որոնց առկայության դեպքում ծնողները կամ նրանցից մեկը կարող է զրկվել ծնողական իրավունքներից: Նշված հոդվածի համաձայն՝ ծնողները կամ նրանցից մեկը կարող է զրկվել ծնողական իրավունքներից, եթե նրանք`

ա) չարամտորեն խուսափում են ծնողական պարտականությունները կատարելուց, ընդ որում`   ալիմենտ վճարելուց,

բ) առանց հարգելի պատճառների հրաժարվում են վերցնել իրենց երեխային ծննդատնից կամ բժշկական այլ կազմակերպությունից, ինչպես նաև դաստիարակչական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից,

գ) չարաշահում են իրենց ծնողական իրավունքները, ընդ որում` իրենց հակաբարոյական վարքագծով վնասակար ազդեցություն են գործում երեխաների վրա,

դ) դաժանաբար են վարվում երեխաների հետ, ընդ որում` ֆիզիկական կամ հոգեկան բռնություն են գործադրում նրանց նկատմամբ, ոտնձգություն են կատարում  նրանց սեռական անձեռնմխելիությանը,

ե) տառապում են քրոնիկ ալկոհոլամոլությամբ կամ թմրամոլությամբ, թունամոլությամբ,

զ) կատարել են իրենց երեխաների դեմ դիտավորյալ հանցագործություն:

Նույն օրենսգրքի 63-րդ հոդվածի համաձայն` երեխայի շահերից ելնելով՝ դատարանը կարող է առանց ծնողական իրավունքներից զրկելու վճիռ կայացնել ծնողներից կամ ծնողներից մեկից երեխային վերցնելու մասին, այսինքն` սահմանափակել ծնողական իրավունքները: Ծնողական իրավունքների սահմանափակում թույլատրվում է, եթե երեխային ծնողների կամ նրանցից մեկի հետ թողնելը նրա համար վտանգավոր է ծնողներից կամ նրանցից մեկից անկախ հանգամանքներից (հոգեկան կամ այլ քրոնիկ հիվանդություն, ծանր հանգամանքների առկայություն և այլն): Ծնողական իրավունքների սահմանափակում թույլատրվում է նաև այն դեպքերում, երբ թեև երեխային ծնողների կամ նրանցից մեկի մոտ թողնելը վերջիններիս վարքագծի հետևանքով վտանգավոր է երեխայի համար, սակայն բավարար հիմքեր չկան ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու համար: Ծնողական իրավունքներից զրկելը և ծնողական իրավունքների սահմանափակումը կատարվում են դատական կարգով:

- Ո՞ր դեպքերում կարող են վերականգնվել ծնողական իրավունքները կամ վերացվել ծնողական իրավունքների սահմանափակումները և ի՞նչ կարգով:

- Այն դեպքում, եթե ծնողները կամ նրանցից մեկը փոխել է իր վարքագիծը, կենսաձևը և (կամ) երեխայի դաստիարակության նկատմամբ վերաբերմունքը, ապա դատական կարգով, ծնողական իրավունքներից զրկված ծնողի դիմումի հիման վրա ծնողական իրավունքները կարող են վերականգնվել, ընդ որում` խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ: Տասը տարին լրացած երեխայի նկատմամբ ծնողական իրավունքների վերականգնումը կատարվում է` հաշվի առնելով նրա կարծիքը, և դատարանը, նրա կարծիքը հաշվի առնելով, իրավունք ունի մերժել ծնողական իրավունքների վերականգնման հայցը, եթե ծնողական իրավունքների վերականգնումը հակասում է երեխայի շահերին: Իսկ եթե երեխան որդեգրված է, և որդեգրումը սահմանված կարգով չի վերացվել, ծնողական իրավունքների վերականգնում չի թույլատրվում:

Դատարանը ծնողների կամ նրանցից մեկի հայցի հիման վրա կարող է վճիռ կայացնել երեխային իր ծնողներին կամ նրանցից մեկին վերադարձնելու և սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները վերացնելու մասին, եթե վերացել են այն հանգամանքները, որոնց հիման վրա սահմանափակվել են ծնողների կամ նրանցից մեկի ծնողական իրավունքները: Տասը տարին լրացած երեխայի կարծիքը հաշվի առնելով` դատարանը կարող է մերժել հայցի բավարարումը, եթե երեխային իր ծնողներին կամ նրանցից մեկին վերադարձնելը հակասում է նրա շահերին:

- Կարո՞ղ է ծնողական իրավունքներից զրկելը ծնողի կողմից երեխայի ապրուստը հոգալու պարտականությունից ծնողին ազատելու հիմք լինել:

- ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 61-րդ և 64-րդ հոդվածների 2-րդ կետերի համաձայն՝ ծնողական իրավունքներից զրկելը և ծնողական իրավունքների սահմանափակումը ծնողներին չի ազատում իրենց երեխայի ապրուստը հոգալու պարտականությունից: Թեև պրակտիկայում հաճախ կարելի է հանդիպել դեպքերի, երբ անձը, զրկված լինելով ծնողական իրավունքներից, նրա մոտ կարծիք է ձևավորվում, որ  ազատվել է նաև երեխայի ապրուստը հոգալու պարտականությունից:

- Ո՞ր դեպքերում է ծագում քրեական պատասխանատվությունը ծնողի կողմից երեխային և զավակի կողմից՝ անաշխատունակ ծնողին պահելու պարտականությունները չկատարելու համար:

- ԼՂՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու համար, այսինքն` ծնողի կողմից երեխային կամ տասնութ տարին լրացած անաշխատունակ զավակին դատարանի վճռով ապրուստի միջոցներ վճարելուց երեք ամսից ավելի չարամտորեն խուսափելու համար: Միևնույն ժամանակ ԼՂՀ քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում զավակի կողմից անաշխատունակ ծնողին պահելուց չարամտորեն խուսափելու, այսինքն` անաշխատունակ կամ նյութական օգնության կարիք ունեցող ծնողին դատարանի վճռով ապրուստի միջոցներ վճարելուց երեք ամսից ավելի չարամտորեն խուսափելու համար: Ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու և զավակի կողմից անաշխատունակ ծնողին պահելուց չարամտորեն խուսափելու հանցակազմի առկայության համար անհրաժեշտ է, որ ծնողը կամ զավակը չարամտորեն, այսինքն` պարբերաբար, տևականորեն, առանց օբյեկտիվ հիմքերի խուսափի դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ապրուստի միջոց վճարելուց և ապրուստի միջոց վճարելու պարտականությունը կատարելուց չարամտորեն խուսափի երեք ամսից ավելի ժամկետով:

- Ի՞նչ պատիժ է նախատեսված ծնողի կողմից երեխային և զավակի կողմից անաշխատունակ ծնողին պահելու պարտականությունները կատարելուց չարամտորեն խուսափելու համար:

- Ներկայացված երկու հանցագործություններն ըստ բնույթի և ծանրության աստիճանի ոչ մեծ ծանրության հանցագործություններ են, և դրանց համար նախատեսված է պատիժ` տուգանք   նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, ինչն, իմ կարծիքով, մեղմ պատժատեսակ է: Բացի այդ, անձին տուգանքի դատապարտելով, ապրուստի միջոց վճարելու պարտականությունը դատապարտյալի համար մղվում է երկրորդական պլան, և նա սկսում է հոգ տանել տուգանքի գումարները ձեռք բերելու և վճարելու մասին, կանխելով դրանից բխող հետևանքները:

- Կարո՞ղ է ալիմենտ վճարելու պարտականությունը դրվել այլ անձանց վրա կամ ալիմենտ ստանալու իրավունքը փոխանցվել այլ անձանց:

- Ոչ, քանի որ ալիմենտային պարտավորություններն ունեն զուտ անձնական բնույթ, ինչից  ելնելով էլ, չի կարող ո՜չ ալիմենտ վճարելու պարտականությունը դրվել այլ անձանց վրա, ո՜չ էլ  ալիմենտ ստանալու իրավունքը փոխանցվել այլ անձանց: Ալիմենտային պարտավորություններում պարտքի փոխանցման և իրավունքի զիջման վերաբերյալ ԼՂՀ քաղաքացիական օրենսգրքի 39-407¬րդ հոդվածների կանոնները կիրառելի չեն:

- Իսկ ո՞ր դեպքերում են դադարում ալիմենտային պարտավորությունները:

- ԼՂՀ  ընտանեկան օրենսգրքի 108-րդ հոդվածում թվարկված են այն ընդհանուր հիմքերը, որոնց առկայության դեպքում ալիմենտային պարտավորությունները դադարում են: Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ սահմանված ալիմենտային պարտավորությունները դադարում են կողմերից մեկի մահվան դեպքում` այդ համաձայնության գործողության ժամկետի լրանալով կամ այդ համաձայնությամբ նախատեսված այլ հիմքերով:

Դատական կարգով բռնագանձվող ալիմենտի վճարումը դադարում է` 

ա) երեխայի չափահաս դառնալով կամ մինչև չափահասության հասնելը երեխայի լրիվ գործունակություն ձեռք բերելով,

բ) երեխային որդեգրելիս, որի ապրուստի համար բռնագանձվում էր ալիմենտը.

գ) ալիմենտ ստացողի աշխատունակությունը վերականգնվելիս կամ կարիքավորությունը դադարելիս,

դ) անաշխատունակ, օգնության կարիք ունեցող և ալիմենտ ստացող նախկին ամուսնու նոր ամուսնություն կնքելիս,

ե) ալիմենտ ստացող անձի կամ ալիմենտ վճարելու պարտավոր անձի մահվամբ:

- Ընտանիքի մյուս անդամների միջև ալիմենտային պարտավորություններ առաջանո՞ւմ են, թե՞ ոչ, և արդյո՞ք դրանց կատարումից չարամտորեն խուսափելու համար քրեական պատասխանատվություն է առաջանում:

- ԼՂՀ ընտանեկան օրենսդրության համաձայն` ալիմենտային պարտավորություններ կարող են առաջանալ ոչ միայն ծնողների ու զավակների միջև, այլ նաև ամուսինների և նախկին ամուսինների, պապի, տատի և թոռների, եղբայրների և քույրերի, փաստացի խնամողների ու սաների, խորթ ծնողների և խորթ զավակների միջև: Այն դեպքում, երբ ընտանիքի նշված անդամներն ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն ձեռք չեն բերում, ալիմենտ բռնագանձելու պահանջով կարող են դիմել դատարան: Ամուսինների և նախկին ամուսինների, պապի, տատի և թոռների, եղբայրների և քույրերի, փաստացի խնամողների ու սաների, խորթ ծնողների և խորթ զավակների միջև ալիմենտային պարտավորությունները կատարելուց չարամտորեն խուսափելու դեպքում քրեական պատասխանատվության վրա հասնելու հարց չի ծագում, քանի որ գործող ԼՂՀ քրեական օրենսգրքով այդ առթիվ քրեական պատասխանատվություն նախատեսված չէ:

 

Հարցազրույցը վարեց 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆԸ