[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոկտեմբերի 25-ին մեկնարկեց  ԼՂՀ հանրակրթական դպրոցների պատանի փրկարարների հանրապետական 2-րդ հավաք-մրցույթը, որին մասնակցում էին  Ստեփանակերտի և հանրապետության 7 շրջանների այն թիմերը, որոնք մինչ այդ հաղթող են ճանաչվել քաղաքային և շրջանային մրցույթներում: 

 Հավաք-մրցույթը կազմակերպել էր ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը՝ ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աջակցությամբ:  Հանրապետական մրցույթի հիմնական նպատակը սովորողների մոտ անձնական և հասարակական անվտանգության հարցերի նկատմամբ գիտակցական վերաբերմունքի, արտակարգ իրավիճակներում՝ ճշգրիտ  վարվելակերպի, գործնական հմտությունների ու կարողությունների ձևավորումն է, ինչպես նաև՝ մատաղ սերնդի բարոյահոգեբանական վիճակի և ֆիզիկական զարգացման կատարելագործումը:

Նախքան մրցույթը մեկնարկելը՝ տեղի ունեցավ վիճակահանություն, ըստ որի առաջինը ելույթ ունեցավ Ստեփանակերտի հ. 12 դպրոցի պատանի փրկարարների թիմը: 

Մրցույթի մասնակիցներին ողջունեցին և հաջողություններ մաղթեցին ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը և ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը: 

Եռօրյա մրցույթը բաղկացած է 4 փուլից, այցեքարտ, ըստ որի պատանի փրկարարները ցուցադրեցին իրենց ունակությունները. ստեղծագործական ու երաժշտա-թատերական ներկայացում, պատի թերթ, հրշեջ-կիրառական արգելագոտու հաղթահարում և ամենաընդգրկուն փուլը՝ խոչընդոտներով տարածության հաղթահարում, որն անց է կացվել նախկին Կարկառ ճամբարի տարածքում: Յուրաքանչյուր թիմում ընդգրկված էին 5 հոգի` 4 տղա և մեկ աղջիկ: 

ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը կարևորեց նման միջոցառումների կազմակերպումը՝ նշելով, որ առաջին հերթին այն ուսուցողական է և նպաստում է երիտասարդ սերնդի արտակարգ իրավիճակներում գործելու ունակությունների զարգացմանը։  Ա. Հարությունյանի խոսքով՝  հ. 12 դպրոցի պատանի փրկարարների ելույթը շատ տպավորիչ էր, և, ի սկզբանե, կազմակերպիչները զգացին, որ մրցույթի մասնակիցների պատրաստվածությունը բարձր է, և չի բացառվում, որ թեժ պայքար է լինելու: 

Հոկտեմբերի 28-ին ամփոփվեցին մրցույթի արդյունքները։ Արդյունքներն՝ ըստ փուլերի, այսպիսին էր. 1-ին փուլի (լավագույն այցեքարտ) հաղթող է ճանաչվել Ստեփանակերտ քաղաքի թիմը, 2-րդ փուլի (լավագույն պատի թերթ)՝ Ստեփանակերտի թիմը, կախովի անցում՝ Շահումյանի շրջանի թիմը, հրշեջ կիրառական սպորտի արգելագոտու հաղթահարման և առաջին օգնության ցուցաբերման փուլում՝ Ստեփանակերտի թիմը։ Լավագույն պատանի փրկարար ճանաչվեց Ռոմա Հայրիյանը (Շահումյանի շրջանի թիմ), ամենակրտսեր փրկարար՝ Արսեն Գրիգորյանը (Մարտակերտի շրջանի թիմ), լավագույն ասմունքող՝ Լինա Միրզոյանը (Շուշիի շրջանի թիմ)։ Մրցանակային տեղեր գրաված թիմերն ու լավագույնը ճանաչված մասնակիցները պարգևատրվեցին գավաթով, պատվոգրերով ու արժեքավոր նվերներով։

ՙԱյս միջոցառման հաղթողները բոլոր մասնակիցներն են, քանզի նման ձևով նրանք փրկարարական հնարքներ են սովորում, որոնք պիտանի կլինեն իրենց կյանքում: Սա հիրավի անհրաժեշտ է, հատկապես հաշվի առնելով մեր տարածաշրջանին սպառնացող վտանգներն ու դրանց ռիսկերը։ Կարծում եմ՝ նման վարժանքները յուրաքանչյուրին կօգնեն ճիշտ գործել ինչպես սեփական անձի, այնպես էլ մերձավորների՝ արտակարգ իրավիճակներում հայտնվելու դեպքում։ Այս տեսակետից ամեն մի պատանի փրկարարի մասնակցությունն արդեն իսկ  կարևոր է՚,-ասաց Ա. Հարությունյանը։

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ