[ARM]     [RUS]     [ENG]

ՙՀԱՅԱՍՏԱՆ՚ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՈՐՈՆՏՈՅԻ ՏԵՂԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ-ՃԱՇԿԵՐՈՒՅԹՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՐԴՅՈՒՆՔ Է ԱՐՁԱՆԱԳՐԵԼ՝ 1 ՄԻԼԻՈՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ

Հիմնադրամը հոկտեմբերի 23-ին իր ամենամյա դրամահավաք-ճաշկերույթն է անցկացրել ՀԲԸՄ Մանուկյան կենտրոնում՝ արձանագրելով աննախադեպ արդյունք՝ 1.300.000 կանադական դոլարի (1 միլիոն ԱՄՆ դոլար) նվիրատվություն։

Միջոցառումը, որն անցկացվում էր Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Եգանյանի հովանու ներքո, նվիրված էր հայկական երկու հանրապետությունների անկախության 25-ամյակին։ Ճաշկերույթին ներկա էին կառույցի ավելի քան 300 աջակիցներ, այդ թվում՝ ուսանողներ։

Կանադահայ երգչուհի Արմենիա Սարկիսյանի կատարմամբ հնչեցին Կանադայի, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի օրհներգերը, ինչից հետո միջոցառման խոսնակ Թենի Նիկողոսյանը եւ դեսպան Արմեն Եգանյանը հանդես եկան բացման խոսքով։

Դեսպանը, բարձր գնահատելով ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի  դերն անկախ Հայաստանի եւ Արցախի 25-ամյա պատմության կերտման գործում, կոչ արեց ներկաներին ակտիվորեն մասնակցել Հիմնադրամի հայանպաստ ծրագրերին եւ գերազանցել նախորդ դրամահավաքի արդյունքը:

Հայ Առաքելական եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդ Տեր Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի օրհնությունից հետո Հիմնադրամի տեղական մարմնի  ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը ներկայացրեց տորոնտոհայերի ջանքերով կյանքի կոչված 54 ձեռնարկներից վերջին ութը` Արցախի Իվանյան գյուղում մանկապարտեզի կառուցումը, Մատաղիս գյուղի դպրոցի վերանորոգումը, նույն համայնքին շտապօգնության մեքենայի նվիրաբերումը, Ճարտար, Քռասնի եւ Վանք գյուղերում չորս ընտանիքի համար առանձնատների կառուցումն ու կահավորումը եւ Հայաստանի Նալբանդյան գյուղի դպրոցի վերակառուցումը, որն անվանակոչվել է ի պատիվ բարերարներ Պերճուհի եւ Արմեն Նալբանդյանների:

Երեկոյի ընթացքում ՙԲարերար՚ մեդալով պարգեւատրվեցին Հիմնադրամի նվիրատուներ Նորա Նալբանդյան-Գյուլեսերյանը եւ Րաֆֆի Նալբանդյանը Արցախի երկու բազմազավակ անապահով ընտանքիներին տներով ապահովելու համար:

Միջոցառման պատվո հյուրն էր ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, ով հատուկ այդ առիթով էր եկել Տորոնտո։ Նա իր խոսքում բարձր գնահատեց Հիմնադրամի դերը հայրենիքի զարգացման գործում եւ շնորհակալություն հայտնեց ներկաներին ազգաշեն առաքելությանն առատաձեռնորեն մասնակցելու համար:

Շորհիվ Հիմնադրամի վաղեմի բարեկամ ու աջակից Սարգիս Յակուբյանի նվիրատվության՝ երկույթին հրավիրված ուսանողները մասնակցեցին վիճակահանությանը, որի երկու հաղթողներին հնարավորություն ընձեռվեց այցելել Հայաստան։ Նախաձեռնությունը մեծ խանդավառությամբ ողջունեցին ներկաները:

Երեկոյի ավարտին տեղի ունեցավ ավանդույթ դարձած աճուրդը։ Այս անգամ աճուրդի հանվեց Էվերեստի բարձունքը հաղթահարած առաջին հայազգի լեռնագնաց Արա Խաչատուրյանի մարզաշապիկն իր ստորագրությամբ։

Ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը հայտարարեց, որ դրամահավաք-ճաշկերույթի արձանագրած նվիրատվությունները ներառում են նաեւ տարվա ընթացքում ստացված հանգանակությունները։ Նա նշեց, որ նվիրաբերված գումարներով Հիմնադրամը կստանձնի առնվազն ինը ծրագիր՝ Խնձրիստան գյուղում կկառուցվեն  համայնքային կենտրոն եւ բուժկետ, ավարտին կհասցվեն Իվանյան գյուղի համայնքային կենտրոնի կառուցումը, Շուշիի, Ամարասի եւ Դադիվանքի վանական համալիրներին կից կկառուցի սանհանգույցները, երեք բազմազավակ ընտանիքների համար կկառուցվեն  առանձնատներ եւ Ուխտաձոր գյուղում՝ դպրոց. այդպիսով՝  ծրագրերը հասցնելով 63-ի:

Դրամահավաքը շարունակվում է։ Ատենապետը հույս է հայտնում, որ հանգանակությունների թիվը կավելանա: